ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-ի 2022 թվականի N -Ն
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. -ի
Երևան
Հավելված ՀՀ կառավարության |
ԿԱՐԳ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ` Հայտատու) որակավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), սույն կարգով, և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:
- Հայաստանի Հանրապետությունում Օրենքով սահմանված գործունեության բնագավառում հայտատուների որակավորումը կազմակերպում և իրականացնում է Կադաստրի կոմիտեն (այսուհետ` Կոմիտե)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող որակավորման քննությունների միջոցով:
- Որակավորման քննություններին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի և ստացել համապատասխան հավաստագիր։
- Որակավորման քննության անցկացման նպատակը` հայտատուի՝ Օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների ստուգումն է: Որակավորման քննություն անցկացվում է առնվազն մեկ անգամ` յուրաքանչյուր 3 ամսվա ընթացքում:
- ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
- Որակավորման քննություններն ընդունում է Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):
- Հանձնաժողովը ձևավորվում է Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և կազմված է նվազագույնը 5 անձից` նախագահից, քարտուղարից և 3 անդամներից: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հանդիսանում են Կոմիտեի ներկայացուցիչները:
- 7. Հանձնաժողովը`
1) կազմակերպում է հայտատուների մասնագիտական որակավորման քննությունների անցկացման աշխատանքները.
2) որոշում է հայտատուների մասնագիտական որակավորման անցկացման վայրը, օրը, ժամը և դրա մասին հայտարարությունը տրամադրում է Կոմիտեին՝ վերջինիս պաշտոնական կայքում (www.cadastre.am) հրապարակելու համար.
3) Նախապատրաստում է քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերն ու խնդիրները և դրանք ներկայացնում է Կոմիտեի ղեկավարի հաստատմանը,
4) ամփոփում է որակավորման քննության արդյունքները, կազմում և Կոմիտեի ղեկավարին է ներկայացնում արդյունքների վերաբերյալ եզրակացություն պարունակող արձանագրություն: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները.
5) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
- 8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների կեսից ավելին:
- 9. Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին նշանակում և ազատում է Կոմիտեի ղեկավարը:
- Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի քարտուղարը: Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի միաժամանակյա բացակայության դեպքում նիստը հետաձգվում է:
III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Որակավորման քննության անցկացման մասին հայտարարությունը (այսուհետ` Հայտարարություն) հրապարակում է Կոմիտեն:
- Հայտարարությունը հրապարակվում է որակավորման քննությունն անցկացվելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` Կոմիտեի պաշտոնական կայքում: Հայտարարությունը պաշտոնական կայքից կարող է հանվել որակավորման քննության անցկացման օրվանից ոչ շուտ:
- Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունը.
1) օրենքով սահմանված գործունեության որակավորում ստանալու համար մասնագիտական գիտելիքների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
2) Հայտատուների կողմից հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վերջնաժամկետը: Հայտատուները դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացնել որակավորման մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում.
3) մասնագիտական որակավորման քննության օրը, ժամը և վայրը.
4) դիմումի և դրան կից փաստաթղթերի ներկայացման հասցեն, Կոմիտեի իրավասու ստորաբաժանման հեռախոսահամարը,
5) որակավորման քննության պատշաճ անցկացման հետ կապված այլ տեղեկություններ:
- Օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական վերաորակավորում ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ: Հայտատուները չեն կարող դիմել որակավորման վկայական ստանալու համար, եթե դիմումատուի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ: Գնահատման որակավորման նոր վկայական ստանալու հետ միաժամանակ դադարում է նախկին վկայականի գործողությունը:
- ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
- Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուները ներկայացնում են`
1) գրավոր դիմում (տրվում է կոմիտեի ղեկավարի անունով).
2) բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը.
3) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
4) անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը.
5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով.
6) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցության վերաբերյալ ստացված համապատասխան հավաստագրի պատճենը:
- Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով՝ նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
- Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը Հայտատուների ներկայացրած` սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերը թերի լինելու դեպքում տեղեկացնում է այդ մասին Հայտատուին` առաջարկելով մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը շտկել թերությունները կամ համալրել փաստաթղթերի ցանկը:
- Որակավորման քննությանը մասնակցելու համար Հայտատուների ներկայացրած դիմումների և կից փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը և սույն կարգին ստուգում է Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը, որից հետո որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր հայտատուին վերաբերող փաստաթղթերի փաթեթը (համարակալված և կարված) և այդ փաստաթղթերի՝ գործող օրենսդրության համապատասխանության և ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է Հանձնաժողովին փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետի ավարտից մեկ օր հետո:
- Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված տեղեկանքի և փաստաթղթերի հիման վրա Հայտատուին որակավորման քննությանը մասնակցելու թույլտվությունը տրամադրում է Հանձնաժողովը: Որակավորման քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած և չստացած Հայտատուների վերաբերյալ տղեկատվությունը Հանձնաժողովը ներկայացնում է Կոմիտեի իրավասու ստորաբաժանման որակավորման քննության անցկացման օրվանիցառնվազն 7 աշխատանքային օր առաջ, որի մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Հայտատուներին:
- Կոմիտեում վարվում է որակավորման անցկացման համար դիմած Հայտատուների տվյալների գրառման համարակալված մատյան: Մատյանում նշվում են յուրաքանչյուր Հայտատուի անձը նույնականացնող տվյալները, որակավորման քննության օրը, ժամը, քննության արդյունքը, որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, ինչպես նաև կարող են ներառվել այլ տեղեկություններ: Հայտատուի տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման օրը: Հայտատուների տվյալների գրառման մատյանի ձևը և վարման առանձնահատկությունները սահմանում է Կոմիտեի ղեկավարը:
- Եթե մինչ որակավորման քննությանը մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտման պահը ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կարգով ներկայացնում է կոմիտեի ղեկավարին և Հանձնաժողովին:
- Սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքում որակավորման քննությունը համարվում է չկայացած 2 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի պաշտոնական կայքից հեռացվում է Հայտարարությունը:
- Որակավորման քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած հայտատուն որակավորման քննությանը ներկայանում է սույն կարգի 15-րդ կետի 2-6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակներով: Հանձնաժողովը մինչև որակավորման քննության սկիզբը գումարած նիստում ևս մեկ անգամ ուսումնասիրում է Հայտատուների ներկայացրած փաստաթղթերը՝ դրանք համեմատելով բնօրինակների հետ: Ներկայացված փաստաթղթերում հակասություններ արձանագրելու դեպքում Հանձնաժողովը արձանագրային որոշմամբ չի թույլատրում Հայտատուին մասնակցելու տվյալ որակավորման քննությանը, իսկ հակասություններ չլինելու դեպքում արձանագրային որոշմամբ Հայտատուին թույլատրում է մասնակցելու որակավորման քննությանը: Հայտատուների մուտքը սենյակ դադարեցվում է որակավորումը սկսելուց 10 րոպե առաջ: Ուշ ներկայացած Հայտատուները չեն կարող մասնակցել որակավորման քննությանը:
- Եթե Հանձնաժողովը Հայտատուներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել որակավորման քննությանը, ինչպես նաև, եթե Հայտատուներից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից ընդունվում է արձանագրային որոշում որակավորման քննությունը չկայացած համարելու մասին:
- Որակավորման քննության հարցաշարը պետք է ներառի նվազագույնը 1000 հարց` ընդգրկելով «Գնահատման գործունեության մասին» օրենքը, Հայաստանի Հանրապետությունում գույքի գնահատման ստանդարտները, «Մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին», «Հաշվետվությունների ուսումնասիրման կարգը հաստատելու մասին» և «Որակավորման քննությունների կարգը հաստատելու մասին» կառավարության որոշումները, ինչպես նաև Հանձնաժողովի անդամների կողմից կազմված մասնագիտական խնդիրներ։
- ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
- 26. Որակավորման քննությունն անցկացվում է տեխնիկական (համակարգչային) միջոցներով, Հանձնաժողովի դռնբաց նիստում: Նիստի ընթացքը տեսագրվում է, ինչպես նաև կարող է առցանց հեռարձակվել քննության նկատմամբ շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ:
- 27. Որակավորման քննությունը անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան տեխնիկական միջոցներով:
- 28. Որակավորման քննության մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, որակավորման հարցերի լուծման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, բացառությամբ հաշվիչների (calculator):
- 29. Հանձնաժողովի քարտուղարը հայտատուներին նախօրոք ծանոթացնում է տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին, պարզաբանում է որակավորման քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Հանձնաժողովի անդամները պատասխանում են մասնակիցների բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են որակավորման քննության անցկացման ընթացակարգերին և չեն բացահայտում հարցերի լուծումները:
- 30. Հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր հարց ենթադրում է մեկ ճիշտ պատասխան` առաջարկված երեք կամ չորս տարբերակներից: Հայտատուն նշում է կատարում՝ ընտրելով մեկ ճիշտ պատասխան: Յուրաքանչյուր սխալ պատասխան Հանձնաժողովը գնահատվում է զրո միավոր, իսկ ճիշտ պատասխանը՝ 1-ից 5 միավոր՝ ըստ հարցի բարդության: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը կամ որևէ պատասխան չնշելը:
- 31. Որակավորման քննության ընթացքում Հայտատուներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, որակավորման հարցերի լուծման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին: Հայտատուի կողմից սույն պայմանների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
- 32. Սույն կարգի 28-րդ և 31-րդ կետերում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ Հայտատուի հետագա մասնակցությունը որակավորման քննությանը դադարեցվում է, նրա աշխատանքը համարվում է ոչ լիարժեք և ծրագրում գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովն արձանագրում է:
- 33. Անհատական հարցաշարը բաղկացած է 80 հարցից, որից 40-ը մասնագիտական օրենսդրությունից (մեկ միավոր) և 40-ը` մասնագիտական խնդիրներ (30 խնդիր երկու միավոր, տաս խնդիր հինգ միավոր):
- Հանձնաժողովի քարտուղարի կողմից որակավորման քննության սկիզբը հայտարարելուց հետո, համակարգչում նախապես զետեղված հարցաշարից, համակարգչային գեներացման ծրագրի միջոցով, Հայտատուին առաջադրվում է անհատական հարցաշար` բաղկացած 80 հարցից:
- 34. Որակավորման քննությանը Հայտատուներին տրվում է 180 րոպե:
- 35. Հայտատուն համարվում է որակավորումն անցած որակավորման առաջադրանքից առնվազն 120 միավոր ստանալու դեպքում:
- Հայտատուի կողմից որակավորման քննության առաջադրանքն ավարտելուց, ինչպես նաև` որակավորման քննության առաջադրանքը կատարելու համար նախատեսված ժամանակը սպառվելուց հետո, համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով կատարվում է առաջադրանքի ամփոփում, որից անմիջապես պարզ է դառնում հայտատուն որակավորման քննությունը անցել է, թե` ոչ:
- Մասնակցի պահանջի դեպքում եռօրյա ժամկետում տրամադրվում է մասնակցի լրացրած հարցաթերթիկի թղթային տարբերակը:
- 38. Եթե Հայտատուներից ոչ ոք որակավորման առաջադրանքի համար 35-րդ կետով սահմանված նվազագույն շեմը չի հաղթահարել, կամ դադարեցվել է միակ Հայտատուի կամ բոլոր Հայտւատուների մասնակցությունը որակավորման քննությանը սույն կարգով սահմանված կարգով, ապա Հանձնաժողովն ընդունում է արձանագրային որոշում` որակավորման քննության արդյունքում որակավորում չստանալու մասին և այն ներկայացնում է Կոմիտեի ղեկավարին:
- 39. Որակավորման քննության առաջադրանքի որևէ հարցի կամ դրա պատասխանի ճշտության վերաբերյալ Հայտատուն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել վերադասության կարգով՝ Կոմիտեի ղեկավարին, ինչպես նաև` դատական կարգով:
- ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
- Որակավորման քննությունների արդյունքները հրապարակվում են որակավորումն անցկացվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի պաշտոնական կայքում: Որակավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է որակավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը հաստատվում է Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
- Որակավորման քննության արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`
1) որակավորման քննության անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
2) որակավորման քննությունը անցած մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:
3) որակավորման արդյունքների հրապարակման աղբյուրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:
- Որակավորման քննության արդյունքները Հայտատուները կարող են գրավոր բողոքարկել Հանձնաժողովին` առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա պատասխանի ճշտության մասով, որակավորման ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքի հիման վրա Հանձնաժողովը արձանագրային որոշմամբ մերժում է բողոքը կամ բավարարում՝ սույն կարգի 35-րդ կետում նշված միավորները հավաքելու դեպքում Հայտատուին համարելով որակավորման քննությունը հաղթահարած:
- Որակավորման քննության արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Հայտատուի կողմից` որակավորման քննության առաջադրանքի որևէ հարցի կամ դրա պատասխանի ճշտության (իր արդյունքների մասով) և ընթացակարգային խախտումների մասով: Գրավոր բողոքը քննության է առնվում վերադասության կարգով՝ Կոմիտեի ղեկավարի կողմից: Գրավոր բողոքը պետք է տրվի որակավորման քննության արդյունքները հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` Կոմիտեի իրավասու ստորաբաժանմանը, որն այն ստանալուց հետո անմիջապես ներկայացնում է Կոմիտեի ղեկավարին:
- Կոմիտեն որակավորման քննության ավարտից հինգ աշխատանքային օր հետո պարտավոր է Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակել գրավոր բողոքի առկայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվեն այն Հայտատուի անունը, ազգանունը և հայրանունը, ում որակավորման քննության արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:
- Գրավոր բողոքը քննության է առնում այն Կոմիտեում մուտքագրվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում` Կոմիտեի ղեկավարի համապատասխան կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից (այսուհետ` աշխատանքային խումբ), որի կազմում կարող են ընդգրկվել նաև գնահատողի գործող որակավորման վկայական ունեցող անձինք: Հայտատուի չներկայանալը աշխատանքային խմբի նիստին չի խոչընդոտում աշխատանքային խմբին` եզրակացություն տալուն:
- 46. Բողոքարկման արդյունքում Կոմիտեի ղեկավարը, աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայտատուի որակավորման վերաբերյալ հանձնաժողովի հրապարակած արդյունքն անփոփոխ թողնելու մասին.
2) հայտատուի որակավորման վերաբերյալ հանձնաժողովի հրապարակած արդյունքը փոփոխելու վերաբերյալ.
3) բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի ժամկետը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներով երկարաձգելու մասին:
- 47. Բողոքարկման արդյունքում Կոմիտեի ղեկավարի ընդունած որոշումը նույն օրը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքում:
- 48. Սույն կարգի 46-րդ կետով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
VII. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- 49. Հանձնաժողովի դրական եզրակացությունը հիմք է Հայտատուին որակավորման վկայական տրամադրելու համար:
- 50. Որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովից ստացված արձանագրությունը, սույն կարգի 53-րդ կետում նշված անդորրագիրը և որակավորման քննությունը հաղթահարած Հայտատուներին որակավորման վկայականներ տրամադրելու վերաբերյալ Կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծը Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը ներկայացնում է Կոմիտեի ղեկավարին:
- 51. Հանձնաժողովի արձանագրության հիման վրա, այն ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի ղեկավարն ընդունում է որոշում Հայտատուին որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:
- 52. Հանձնաժողովը Կոմիտեի իրավասու ստորաբաժանմանն է փոխանցում որակավորման անցկացման փաթեթը, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը`
1) որակավորման անցկացման ընթացքի մասին արձանագրությունը.
2) Հանձնաժողովի` իրավազոր չլինելու մասին արձանագրությունը՝ այդպիսի հանգամանքի առկայության դեպքում.
3) որակավորման քննության արդյունքների հրապարակման թերթիկը.
4) Հանձնաժողովին ներկայացրած գրավոր բողոքները.
5) անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
- 53. Որակավորման քննությունն անցած Հայտատուն` որակավորման վկայական ստանալու համար, պետք է որակավորման քննության արդյունքները հրապարակելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտե ներկայացնի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով գնահատողի որակավորման վկայական տալու համար պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը կամ օրենսդրությամբ դրան հավասարեցված այլ ապացույց:
- 54. Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը Հայտատուին որակավորման վկայական տրամադրելու մասին որոշումը ստորագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում որակավորման քննությունն անցած Հայտատուին տրամադրում է գնահատողի մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է Կոմիտեի ղեկավարը:
- 55. Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը սույն կարգին համապատասխան հավաքագրված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- 2022 թվականի հուլիսի մեկից հետո վեց ամսվա ընթացքում անցկացվող որակավորման քննություններին մասնակցելու համար դիմած և գործող անշարժ գույքի գնահատման որակավորման վկայականներ ունեցող անձանց վրա չի տարածվում սույն Կարգի 3-րդ կետով նախատեսված վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ունենալու պահանջը։
-
Քննարկվել է
05.05.2022 - 20.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 4093
Տպել