Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, կվերացվեն օրենսդրական որոշակի բացերն ու Օրենսգրքի ներքին հակասությունները, կհստակեցվեն տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, կբացառվի կամ նվազագույնի կհասցվի իրավակիրառ պրակտիկայում նախկինում ի հայտ եկած մի շարք խնդիրների հետագա առաջացումը, կներդրվեն աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաև աշխատողների և գործատուների օրինական շահերի պաշտպանության և դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ:

Նախագծով առաջարկվող իրավական լուծումները հնարավորություն կընձեռեն առավել մանրամասն կարգավորել Օրենսգրքով նախատեսված հարաբերությունների մի շարք առանձնահատկություններ, վերացնել Օրենսգրքի գործողության ոլորտում իրավական որոշակիության սկզբունքի խաթարման որոշակի դեպքերը:

 

  • Քննարկվել է

    21.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14845

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

06.04.2022

Նախագծի 65-րդ հոդվածով Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, փորձ է կատարվել էապես համապատասխանեցնել նախատեսված կարգավորումները Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի հետևությունների հաշվառմամբ: Այնուամենայնիվ, Նախագիծը շարունակում է էական հակասության մեջ գտնվել Խարտիայի պահանջների հետ՝ առանձին տարիքային կատեգորիաների երեխաների համար սահմաված աշխատաժամանակի պահանջների տեսանկյունից: Աշխատաժամանակի առավելագույն չափի սահմանման համար այստեղ առանցքային կարևորություն ունի պարտադիր կրթության ենթակա երեխաների առավելագույն տարիքը, որն էլ պետք է դիտարկվի այս իրավակարգավորման ելակետը: ՀՀ-ում սահմանված է պարտադիր 12-ամյա կրթության համակարգ, հետևաբար, սույն դեպքում 15 տարին որպես կարգավորման ելակետ դիտարկելը իրավաչափ չէ: Արձանագրենք նաև, որ Կոմիտեն իր 2015 թվականի հետևություններով (http://hudoc.esc.coe.int/eng?i=2015/def/ARM/7/3/EN) անդրադարձել է Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված՝ երեխաների համար աշխատաժամանակի տևողության հարցին: 14 տարեկան երեխաների համար սահմանված աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական մինչև 24 ժամ, գնահատվել է Խարտիայի պահանջներին հակասող, քանի որ նման տևողությամբ աշխատանքը չի համարվել թեթև բնույթի աշխատանք: 2019 թվականի հետևություններով անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2015 թվականին կատարված փոփոխություններին՝ Կոմիտեն (http://hudoc.esc.coe.int/eng?i=2019/def/ARM/7/1/EN) արձանագրել է, որ 15-ից ցածր տարիքի և պարտադիր կրթության ենթակա երեխաները կարող են կատարել միայն թեթև աշխատանք, աշխատանքի բնույթը դադարում է թեթև լինելուց, եթե դրա տևողությունը չափազանց երկար է: Կոմիտեն գտել է, որ այն իրավիճակները, երբ երեխաները թեթև բնույթի աշխատանք են կատարում երկու ժամ տևողությամբ՝ դպրոցական օրվա ընթացքում և 12 ժամ՝ շաբաթական՝ դպրոց հաճախելու ժամանակահատվածից դուրս, համապատասխանում է Խարտիայի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Կոմիտեն արձանագրել է նաև, որ այն իրավիճակները, երբ 15 տարեկանից ցածր երեխան աշխատում է շաբաթական 20-25 ժամ դպրոցական կիսամյակի ընթացքում կամ երեքական ժամ դպրոցական օրվա ընթացքում կամ վեցից ութ ժամ շաբաթվա այն օրերին, երբ չի հաճախում դպրոց, հակասում է Խարտիայի պահանջներին: Հաշվի առնելով 12-14 տարեկան երեխաների աշխատաժամանակի օրական տևողությունը և շաբաթական տևողությունը 14-16 տարեկան երեխաների համար՝ Կոմիտեն արձանագրել է անհամապատասխանություն Խարտիայի պահանջների հետ: Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Կոմիտեն իր 2015 թվականի հետևություններով (https://hudoc.esc.coe.int/eng?i=2015/def/ARM/7/3/EN) հստակ հարցադրումներ էր կատարել կառավարությանը՝ պարտադիր կրթությունը ավարտելու տարիքի առնչությամբ՝ ՀՀ-ում համապատասխան ժամանահատվածում գործող կրթական համակարգի համատեքստում, պայմանավորելով առավելագույն աշխատաժամանակի իրավաչափությունը պարտադիր կրթության տարիքի հետ, իսկ հետևություններով Խարտիայի պահանջների հետ աշխատանքային օրենսգրքի անհամապատասխանությունը արձանագրվել էր պարտադիր կրթության ենթակա երեխայի ելակետային հիմքով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

06.04.2022

Նախագծի նույն հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 265-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու կամ աշխատանքային պայմանագրով սահմանված իր իրավունքների առերևույթ խախտման այլ դեպքերում, աշխատողն իրավունք ունի դիմելու դատարան՝ (…): Նախագծով հիմնավորված չէ, թե աշխատողի դատարան դիմելու իրավունքն ինչու՞ է պայմանավորվել աշխատանքային իրավունքների առերևույթ խախտումով: Ավելին, Նախագծով չեն սահմանվում, թե որո՞նք են աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատողի իրավունքների առերևույթ և ոչ առերևույթ խախտումնեը. աշխատողի կողմից իր աշխատանքային իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքը որևէ հիմնավորմամբ չի կարող պայմանավորվել խախտման՝ առերևույթ կամ ոչ առերևույթ լինելու հանգամանքից: Ուստի, առաջարկում ենք լրացնել Նախագծի 124-րդ հոդվածը՝ աշխատողի համար դատարան դիմելու հնարավորություն սահմանելով նաև միջազգային պայմանագրերով, աշխատանքային օրենսդրությամբ, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրով սահմանված իր իրավունքների խախտման այլ դեպքերում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

06.04.2022

Նախագծի 124-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 265-րդ հոդվածում։ Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հոդվածի վերնագիրը դարձյալ փոփոխության չի ենթարկվել՝ «Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը», ինչի արդյունքում շարունակվելու է պրակտիկայում առկա այն իրավիճակը, երբ աշխատողն իր աշխատանքային իրավունքների խախտման ոչ բոլոր դեպքերում է հնարավորություն ունենալու դիմել դատական պաշտպանության, սահմանափակվելով միայն դատարանում վիճարկել աշխատանքային այն իրավունքների խախտումները, որոնք վերաբերում են կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրում սահմանված պայմաններին։ Հետևաբար, առաջարկում ենք Օրենսգրքի 265-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ կերպ․ «Աշխատանքային վեճերի կարգավորումը»։

Տեսնել ավելին