Լրամշակման փուլում է
«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1.1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում համայնքային թափոնների կառավարման ոլորտում աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման և ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ:
Գործող օրենսդրական դաշտը
«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում: «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված են տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները թափոնների գործածության ոլորտում: ՀՀ Նախագահի ՆՀ-728 հրամանագրով, ինչպես նաև «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տարածքային կառավարման մարմինների լիազորություններն ու իրավասությունները այդ բնագավառում:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի /Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում/ համաձայն` աղբահանության կազմակերպումը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է: Նույն օրենքի 95-րդ հոդվածի 8-րդ համաձայն` պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ
մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:
Սակայն հաշվի առնելով ներկայումս հանրապետությունում առկա համայնքային թափոնների կառավարման ոլորտի ոչ բավարար իրավիճակը, անհրաժեշտություն է առաջանում պետական միասնական քաղաքականության մշակման և իրագործման:
1.3 Ընթացիկ իրավիճակը
Հանրապետության 793 համայնքներից կազմակերպված աղբահանություն իրականացվում է միայն 45 քաղաքներում և մի քանի քաղաքամերձ գյուղական բնակավայրերում:
Ըստ հանրապետության 49 քաղաքային համայնքների աղբահանություն աշխատանքներով զբաղվող կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2016 թվականին այդ քաղաքների աղբահանություն աշխատանքներում ներգրավված է եղել հատուկ նշանակության 524 մեքենա, որից միայն 236-ը կամ 45.0%-ը` աղբատար:
Դրա հետ մեկտեղ, անմխիթար վիճակ է տիրում նաև աղբի հեռացման վայերում` աղբավայրերում և աղբանոցներում: Խորհրդային տարիներին պաշտոնապես կառուցվել են 60 կոմունալ աղբավայրեր (շուրջ 250 հեկտար տարածքով) հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերի պահանջներին: Բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբավայրեր և աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: Պրակտիկայում կենցաղային աղբը թափվում է աղբի համար նախատեսված վայրերից դուրս` պատահական վայրերում` բակային տարածքներում, այգիներում, բանջարանոցներում, ավտոճանապարհների եզրերին, ձորերում, գետափերին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից 2017 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գույքագրվել և անձնագրավորվել ու Google Earth-ի հենքի վրա ստեղծված համակարգում տեղադրվել են թվով 2029 աղբանոց, որոնք զբաղեցնում են մոտ 500 հա հողատարածք:
Աղբահանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ԿԿԹ առաջացնող բոլոր սուբյեկտների ընդգրկվածության, պայմանագրերի կնքման, վարձավճարների հավաքագրման գործընթացների նկատմամբ ընդհանուր և կենտրոնացված հսկողություն չի իրականացվում: Գործնականում աղբահանության ծառայությունների մատուցման չափորոշիչները նորմավորված չեն, այդ իսկ պատճառով դրանք շատ տարբերեր են և տեղերում սահմանվում են ըստ տեղական պատկերացման:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով հանրապետությունում թափոնների կառավարման ցածր մակարդակը, դրա հետ կապված սոցիալական, բնապահպանական և ընդհանուր սանիտարական խնդիրները, անհրաժեշտություն է առաջանում ՀՀ բնակավայրերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական և համակարգված քաղաքականության գերակայությունների ձևավորման, հիմնական սկզբունքների և ուղղությունների սահմանման և ոլորտում պետական-տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման:
Անարդյունավետ ինստիտուցիոնալ դաշտի, ֆինանսական հոսքերի և ներդրումների ոչ համակարգված կիրառումը հանգեցրել են թափոնների կառավարման անարդյունավետ համակարգի:
Հաշվի առնելով, որ համաձայն գործող օրենսդրության`
-տեղական ինքնակառավարման մարմիններն են սահմանում աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը.
- աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը.
- համայնքի տարածքում համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը կամ օպերատորները.
- աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով,
ապա «Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի կանոնակարգել նորմատիվա-իրավական դաշտը, մշակել միասնական աղբահանության կառավարման մոդելներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ, բարելավել պայմանագրային դաշտը, սահմանել և վերահսկել բնագավառում ներգրավված անձնաց գործունեության պայմանները և ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև ձևավորել մշտադիտարկման միասնական համակարգ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ, նվազեցնել համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը համայնքային թափոնների կառավարման համակարգում, ինչպես նաև կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի միասնական համակարգ:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել ուժը կորցրած նաև կատարել լրացում «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Համայնքային թափոնների կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
24.08.2017 - 08.09.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 13382
Տպել