«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1153-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի
N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումը պայմանավորված է Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը բարելավելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ պլանային ստուգումները իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության հիման վրա ընտրված և տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված տնտեսավարող սուբյեկտների մոտ: ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1153-Ն որոշմամբ հաստատվել է Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, որի հիման վրա 2020 և 2021 թվականներին կազմվել են ստուգումների տարեկան ծրագրերը: Սակայն, ուսումնասիրելով վերջին 2 տարվա ընթացքում տարեկան ծրագրում ընդգրկվող ուսումնական հաստատությունները և դրանց ռիսկայնության հաստիճանը՝ բացահայտվել են ռիսկի հաշվարկման մեթոդներում որոշակի թերություններ:
Մասնավորապես՝ ոլորտային ռիսկի գործող չափանիշներով տարբեր ոլորտների ոլորտային ռիսկի միավորների տարբերությունը չնչին է: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն՝ ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները, …, որոնք առավել ռիսկային են:
Հետևաբար, անհրաժեշտություն կա սահմանելու ոլորտային ռիսկի գնահատման այնպիսի չափանիշներ, որոնք օբյեկտիվորեն կարտացոլեն հենց ոլորտի ռիսկայնության մակարդակը:
Բացի այդ, գործող չափանիշներում ոլորտային ռիսկը ընդհանուր ռիսկի մեջ 300 միավորից գնահատվում է առավելագույնը ընդամենը 50 միավոր: Այսպիսով, ստացվում է, որ հաստատությունները ստուգումների տարեկան ծրագրում ներառվում են հիմնականում անհատական ռիսկային միավորի շնորհիվ:
3. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է շտկել մեթոդաբանությունում առկա թերությունները, որի արդյունքում ստուգումների տարեկան պլանը կկազմվի ավելի արդյունավետ և առավելագույնս կուղղվի դեպի ավելի ռիսկային ուսումնական հաստատություններ:
Այդ նպատակով ներկայացված նախագծում պահպանելով հաստատությունների ռիսկային միավորների ընդհանուր հանրագումարը՝ 300 միավոր, փոփոխվել է ոլորտային և անհատական ռիսկային միավորների համամասնությունը. Ոլորտային ռիսկի առավելագույն միավոր է սահմանվել 100-ը:
Ինչպես նաև փոփոխվել են ոլորտային ռիսկի չափանիշներից 2-ը: Գործող «ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշը» և «ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշի փոփոխման չափանիշը» չափորոշիչների փոխարեն նախատեսվում են «ոլորտի մանկավարժական աշխատողների միջին թիվը» և « տեսչական մարմնի կողմից վերջին 3 ուսումնական տարիների ընթացքում ոլորտի ուսումնական հաստատություններում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների միջին թիվը» չափորոշիչները:
Միաժամանակ որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատման չափանիշները, իսկ ռիսկայնության առավելագույն միավոր է սահմանվել նախկին 100-ի փոխարեն 50-ը:
Ինչպես նաև մանրամասն նկարագրվել է ուսումնական հաստատությունների ռիսկի գնահատման համար կիրառվող տվյալների բազայում պարունակվող տեղեկատվությունը:
Այսպիսով՝ վերը նշված փոփոխությունների արդյունքում տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության նոր տարբերակում կունենանք ոլորտային ռիսկերի ակնառու տարբերություն, ինչը հստակ կառանձնացնի բարձր, միջին և ցածր ռիսկային ուսումնական հաստատությունները և ստուգումների տարեկան ծրագիրը ավելի կհապատասխանի օրենսդրության պահանջներին:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Կրթության տեսչական մարմնի կողմից համատեղ:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի կրթության ոլորտում առավել ռիսկային տնտեսավարող սուբյեկտների բացահայտումը և Տեսչական մարմնի կողմից իրականացվող պլանային ստուգումների բնականոն ընթացքը:
6.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
7.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եվ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություննե.
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
-
Քննարկվել է
08.11.2021 - 23.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 4652
Տպել