Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
25.10.2021
Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների նկատմամբ Նախագծով նախատեսված պարտականությունից բացառություն նախատեսելը խտրականությունից զերծ մնալու և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների խախտում է։ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն․ «Բոլորը հավասար են օրենքի առջև»։ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն․ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Նախագծի հեղինակները նշում են, որ բացառությունը նախատեսվել է «օբյեկտիվ հիմքով» և այդ հիմքը այն է, որ վերը նշված սուբյեկտների պաշտոնը ընտրովի է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: Անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի պաշտոնի տեսակը համաճարակաբանական որևէ միջոցառման և պետության առողջապահական քաղաքականության հետ։ Հաշվի առնելով վերը արտահայտված դիրքորոշումները՝ Առաջարկում ենք․ 1. հետ կանչել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծըֈ