Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 19.10.2021 16:57:27 Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 14.10.2021 թ. իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ներքոստորագրյալ կազմակերպությունները ներկայացնում են մի շարք դիտարկումներ և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության, ներպետական ոլորտային օրենսդրության և միջազգային լավագույն փորձի վերլուծության վրա: 1. Սույն թվականի մարտին հանրային քննարկման դրված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված դիտարկումներով առաջարկ էր ներկայացվել բացառելու պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության մաս չկազմող որևէ տեղեկության գաղտնագրումը՝ նույնիսկ ամենացածր գաղտնիության աստիճանին համապատասխան: Մասնավորապես, առաջարկվել էր նախագծից հանել «ծառայողական գաղտնիք» հասկացությունը՝ գաղտնիության «գաղտնի» աստիճանը թողնելով որպես բացառապես պետական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության ամենացածր աստիճան (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 68-73 էջերում,https://bit.ly/2PSZgjQ ։): Թեև վերախմբագրված նախագծով ամբողջությամբ հանվել են «ծառայողական գաղտնիք» հասկացությունը և դրան առնչվող կարգավորումները, այնուամենայնիվ, փոխարենը, նախագծով ներմուծվել է նոր՝ «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» հասկացությունը, որը բնորոշվում է հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, անվտանգությանը, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»: Գտնում ենք, որ ներմուծված իրավակարգավորումը ամբողջությամբ անընդունելի է և պարարտ հող է ստեղծում տեղեկատվության հայեցողական և ոչ իրավաչափ սահմանափակման համար: Այսպես, եթե գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները պետք է առնվազն վերաբերեն Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներին, և առկա պետք է լինի դրանց տարածմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնաս հասցնելու հավանականությունը, ապա առաջարկվող փոփոխությամբ որպես տեղեկատվութան սահմանափակման չափանիշ ի թիվս այլոց նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին բացասաբար անդրադառնալու հավանականությունը: Նման իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու անորոշ շրջանակի տեղեկություններ, որոնք նույնիսկ չեն հանդիսանում պետական գաղտնիքի մաս: Փաստացի ստեղծվում է տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու լայն իրավասություն և այն լայնորեն չարաշահելու հնարավորություն, նշված հասկացության քողի տակ գաղտնագրելու ցանկացած՝ պետական մարմնի համար հրապարակման առումով անհարմար, ոչ ցանկալի տեղեկատվություն: Գտնում ենք, որ այս իրավակարգավորումը ուղղակիորեն հակասում է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Սահմանադրությամն պահանջներին: Բացի այդ, մի կողմ թողնելով կարգավորման իրավաչափությունը, գտնում ենք, որ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին բացասաբար անդրադառնալու չափանիշով տեղեկությունների դասումը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դուրս է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներից (նախագիծը այս հասկացության շրջանակներում ենթադրում է նաև պետական գաղտնիքի հետ որևէ առնչություն չունեցող տեղեկությունների ներառում): Ավելին, Նախագծով հաշվի առնված չեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները և պահանջները, որոնք պարտադիր են նաև հանրային նշանակության կազմակերպությունների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների համար: 2. Ըստ Նախագծի՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառված կամ սպառնացող վնասի չափից սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ` 1) «Հատուկ կարևորության», 2) «Հույժ գաղտնի», 3) «Գաղտնի»: Նշվածի հետ մեկտեղ, սակայն, ոչ գործող օրենքը և ոչ էլ Նախագիծը չեն սահմանում որեւէ հստակ չափորոշիչ, որով հնարավոր կլիներ որոշել տեղեկատվության կարևորության, ինչպես նաեւ դրա տարածման հետևանքով պատճառվելիք ծանրության աստիճանը, իսկ Նախագծի 14-րդ հոդվածով պետական գաղտնիք պարունակող բոլոր տեղեկությունների գաղտնագրելու համար առհասարակ սահմանվում է միեւնույն առավելագույն ժամկետը՝ մինչեւ 30 տարի: • Ելնելով վերոգրյալից և հիմնվելով միջազգային փորձի վերլուծության վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 69-75 էջերում,https://bit.ly/2PSZgjQ։)՝ առաջարկում ենք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ գաղտնիության աստիճաններ սահմանող 4-րդ հոդվածում սահմանել տեղեկությունները դրանց համաձայն դասակարգելու չափորոշիչները՝ նախատեսելով, որ. - հատուկ կարեւորության աստիճանին համապատասխան պետք է գաղտնագրվեն այն տեղեկությունները, որոնց չարտոնված բացահայտումը կարող է առանձնապես ծանր վնաս հասցնել կամ անդառնալի հետեւանքներ ունենալ ՀՀ ազգային անվտանգության համար. - հույժ գաղտնի աստիճանին համապատասխան պետք է գաղտնագրվեն այն տեղեկությունները, որոնց չարտոնված բացահայտումը կարող է ծանր կամ դժվար վերականգնելի վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը. - գաղտնի աստիճանին համապատասխան պետք է գաղտնագրվեն այն տեղեկությունները, որոնց չարտոնված բացահայտումը կարող է էական վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը: 3. Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին (տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում) կարող են դասվել այդ թվում հետևյալ տեղեկությունները՝ - պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին (մաս 3, «գ» կետ), - պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փոր¬ձակոնստրուկտորական աշխատանքների մասին (մաս 3, «դ» կետ), - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին (մաս 3, «զ» կետ): Հաշվի առնելով «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացության չափազանց լայն լինելը՝ դրա տակ հնարավոր է հասկանալ, ցանկացած պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական վերազինմանը չվերաբերող տեղեկություն: Նմանապես, «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փոր¬ձակոնստրուկտորական աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Գտնում ենք, որ այս առումով միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների (այդ թվում՝ արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի) մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է համարվել անձի տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Չի ընդունվել Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունները թեև ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը, սակայն, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ կամ նյութեր, և այս կապակցությամբ վերոնշյալ տեղեկությունների տարածման նկատմամբ որոշակի ժամանակահատվածով սահմանափակումներն իրավաչափ են և պայմանավորված են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, քաղաքական և տնտեսական շահերի, իրավակարգի պահպանության, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերին պաշտպանության անհրաժեշտությամբ: Չի ընդունվել Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունները առնչվող կարգավորումները դուրս չեն «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից քանի որ նշված տեղեկություններում, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ կամ նյութեր և այդպիսի մի շարք տեղեկությունների համադրմամբ հնարավոր է բացահայտի պետական գաղտնիք կազմող տեղեկությունը: Չի ընդունվել Հարկ է նշել, որ առաջարկությունն էականորեն չի տարբերվում նախագծով առաջարկվող սահմանումից, համաձայն որի տեղեկությունների գաղտնիության աստիճանները որոշելու համար հիմք է հանդիսանալու պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կարևորությունը, բնույթը, դրանց տարածման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը պատճառված կամ սպառնացող վնասի չափը, այս կապակցությամբ նախապատվությունը տրվել է գործող խմբագրությանը: Չի ընդունվել Նախապատվությունը տրվել է նախագծի ներկայիս խմբագրությանը, քանի որ դրանում առավել նպատակային են արտացոլված պետության կողմից պահպանության ենթակա տեղեկությունները:
2 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 19.10.2021 17:05:34 Վերջապես ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու՝ օրենքով սահմանված հնարավորությունն առհասարակ չի կարող գնահատվել որպես համաչափ՝ տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակմամբ հետապնդվող նպատակներին: Դրանից բխում է, որ կառավարության որոշմամբ գաղտնագրել հնարավոր է պետության ցանկացած ֆինանսական ցուցանիշների մաս կազմող տեղեկատվություն: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Նշված տեղեկությունների գաղտնագրումը չի կարող համարվել տեղեկատվության մատչելիության իրավաչափ սահմանափակում, ուստի այն անհրաժեշտ է հանել նախագծից կամ սահմանել այդպիսի սահմանափակման հստակ և բացառիկ նախապայմաններ: • Հիմնվելով միջազգային փորձի վերլուծության վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 82-86 էջերում, https://bit.ly/2PSZgjQ )՝ առաջարկում ենք նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը վերաշարադրել, դրանում օգտագործվող «պաշտպանական պատվեր» բառակապակցությունը փոխարինելով «սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների, օբյեկտների պատվերներ» բառերով. • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «կամ տնտեսական» բառերը կամ փոխարենը, որպես գաղտնագրման ենթակա տեղեկություն նախատեսելով այժմ Կառավարության թիվ 173 որոշման 15-րդ կետում շարադրված դրույթը՝ «պատերազմի ժամանակ ՀՀ տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները». • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ դրանք փոխարինելով «ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա» բառերով: 4. Ողջունելի է Նախագծի 9-րդ հոդվածում առաջարկված առանձին լրացումների կատարումը, որոնց արդյունքում ցանկում ներառվել են նաև հանցագործությունների վիճակագրության մասին տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության բարձրաստի¬ճան պաշտոնատար անձանց առողջության վերա¬բերյալ տեղեկությունները: Նախագծով ցանկում ներառվել են նաև պետության կողմից քաղաքացիներին, պաշտո¬նատար անձանց, կազմա¬կերպություն¬ներին տրա¬մադրվող արտոնությունների և սոցիալական երաշ¬խիքների մասին տեղեկությունները, ինչը ևս գնահատվում է դրական: Այնուամենայնիվ, նախորդիվ ներկայացված առաջարկների մի մասը տեղ չի գտել հոդվածի նոր խմբագրության տեքստում: Մասնավորապես, պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկում կրկին չի ներառվել այլ պետությունների իրավաստեղծ փորձում լայնորեն կիրառվող մի շարք այլ կարևոր տեղեկություններ, մասնավորապես. - մարդկանց անվտանգությանն ու առողջությանն ինքնին վտանգ չներկայացնող, սակայն բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները, - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները: Միևնույն ժամանակ, նախագծում տեղ գտած «առողջապահության բնագավառ», «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» ձևակերպումները կարող են հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման ու տեղեկատվության ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, քանի որ դրանց տառացի մեկնաբանման պարագայում կարող ենք հասկանալ, որ խոսքը վերաբերում է բացառապես այդ ոլորտներում իրականացվող գործողություններին, ծրագրերին և չի վերաբերում բնակչության առողջության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկություններին: Օրենքում տեղ գտած «քաղաքացիներ» եզրույթը տեսական հնարավորություն է թողնում պետական գաղտնիքի շարքին դասելու այլ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը լրջագույն խնդիր է առաջին հերթին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված՝ այդ թվում քաղաքացիության հիմքով խտրականության արգելքի հիմնարար դրույթի տեսանկյունից: Այս եզրույթը փոխարինվել է «մարդկանց» եզրույթով միայն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում: Նախագծի 9-րդ հոդվածից հանվել են սահմանափակման ոչ ենթակա ներքոգրյալ տեղեկությունները. - իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները, - այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա, - արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունները: Հաշվի առնելով նշված տեղեկությունների հանրային կարևորության աստիճանը՝ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը հետընթաց քայլ է գործող իրավակարգավորումների համեմատությամբ, և նշված դրույթների խմբագրությունն այս մասով ենթակա է վերականգնման: • Հիմք ընդունելով նշվածը և միջազգային լավագույն փորձը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 92-93 էջերում,https://bit.ly/2PSZgjQ)՝ առաջարկում ենք ընդլայնել նախագծի 9-րդ հոդվածով սահմանված՝ պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկը՝ դրանում ներառելով. - բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «1» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «մարդկանց անվտանգությանը և առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները», - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները, - բնակչության առողջության, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «2» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «տնտեսության, բնության և շրջակա միջավայրի, բնակչության առողջության վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները»։ • Օրենքի 9-րդ հոդվածի «3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների, հանցագործությունների վիճակագրության մասին տեղեկությունները»: • Վերականգնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով սահմանված դրույթները: 5. Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և արդիականության սկզբունքներին համապատասխան: (….) Գաղտնագրման հիմնավորվածությունը դա յուրաքանչյուր տեղեկության համապատասխանությունն է գերատեսչական ցանկին` ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից»: Ինչպես և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, նախագիծը ևս ընդհանրական կերպով սահմանում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, հիմնարկների պարտականությունը՝ հիմնավորելու տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու անհրաժետությունը (հոդված 11, 2-րդ մաս), սակայն միևնույն ժամանակ չի ամրագրում պաշտոնատար անձանց հստակ պարտականությունը՝ տեղեկությունները գաղտնիքների շարքին դասելիս նշելու տեղեկատվությունը գաղտնագրելու և հատկապես կոնկրետ ժամանակահատվածով գաղտնագրելու պատճառ հանդիսացող հիմքերը: Պաշտոնատար անձի կողմից տեղեկությունը գաղտնագրելը խիստ մեխանիկորեն՝ ուղղակի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխանության ստուգման միջոցով, այդ գործընթացում որևէ ուղեկցող հիմնավորում նշելու պարտականության բացակայությունը անառարկելիորեն նպաստում է կամայականության և տեղեկությունները գաղտնի պահելու չափից շատ դեպքերի թվի մեծացմանը: Հակառակը, նման պարտականության սահմանման դեպքում տեղեկությունը պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը պարտավորված կլինի յուրաքանչյուր առանձին դեպքում իրապես գնահատել կոնկրետ տեղեկատվության կոնկրետ ժամանակահատվածում կամ մինչև կոնկրետ պայմանի վրա հասնելը հրապարակման հետևանքով որոշակի վնասի առաջացման հնարավորությունը: Սա բխում է նաև միջազգային չափորոշիչներից և միջազգային լավագույն իրավաստեղծ փորձից (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 102-103 էջերում, https://bit.ly/2PSZgjQ): Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Չի ընդունվել Նախապատվությունը տրվել է նախագծի ներկայիս խմբագրությանը, քանի որ դրանում առավել նպատակային են արտացոլված պետության կողմից պահպանության ենթակա տեղեկությունները: Մասամբ է ընդունվել Նախապատվությունը տրվել է նախագծի ներկայիս խմբագրությանը: Չի ընդունվել Նախագծով առաջարկվող գաղտնագրման կարգը հնարավորիս հստակ է, տեղեկությունները գաղտնա-գրվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերին համապատասխան, որոնք ենթակա են վերանայման ոչ ուշ քան յուրաքանչյուր 5 տարին մեկ: Կատարվել է լրացում` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասով:
3 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 19.10.2021 17:11:36 • Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում սահմանել պաշտոնատար անձանց պարտականությունը տեղեկություններ գաղտնագրելիս յուրաքանչյուր տեղեկատվության մասով նշել գաղտնագրման տևողությունը, գաղտնազերծման հստակ ժամանակը կամ պայմանը, ինչպես նաև տեղեկությունը գաղտնագրելու (այդ թվում գաղտնիության այդ աստիճանի շնորհման և տևողության մասով) անհրաժեշտության հիմնավորումը: ՀՀ կառավարությանը առաջարկվում է նաև մշակել և ընդունել հիմնավորումը յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության կրիչին կցելու կարգը: 6. Գործող օրենքի պես, նախագծի 11-րդ հոդվածով ևս սահմանվում է, որ պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, և որ «գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք»: Վերջին դրույթը սահմանվել է Սահմանադրական դատարանի 06.03.2012 թ. թիվ ՍԴՈ-1010 որոշման կայացման արդյունքում, որով Սահմանադրական դատարանը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ գործող 12-րդ հոդվածի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը գտել է, որ գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, և դրանց ոչ հրապարակային բնույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ և խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Սահմանադրական դատարանի դիրքորոշումից ակնհայտ բխում է, որ իրավաչափ կարող է համարվել ցանկում ներառված կոնկրետ տեղեկության, սակայն ոչ ամբողջ ցանկի իմպերատիվ գաղտնագրումը: Եվ չնայած նշված որոշման կայացումից հետո օրենսդիրը նախաձեռնել է փոփոխություն օրենքում, փոփոխված դրույթի ներկայիս խմբագրությունը, ինչպես և նախագծում կիրառված ձևակերպումը կրկին համահունչ չէ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշմանը, ինչպես նաև չի համապատասխանում որոշակիության չափանիշին՝ գործնականում հնարավորություն ստեղծելով գերատեսչական ցանկում գոնե մեկ անուն պաշտպանված տեղեկության առկայության պարագայում գաղտնագրել ոչ թե այդ տողը, այլ ցանկն ամբողջությամբ, ինչն էլ տեղեկատվության տնօրինող պետական մարմինների մեծամասնությունը գործնականում իրականացնում է (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 95, https://bit.ly/2PSZgjQ): Արդյունքում հանրությունը հասանելիություն չի ունենում այն նորմատիվ-իրավական ակտին և այն չափանիշներին, որոնց հիման վրա իրականացվում է տեղեկատվության գաղտնագրումը, ինչը հակասում է նաև միջազգային չափորոշիչներին (տե՛ս հաջորդ ենթաբաժնում): Նշված խնդրին առաջնային լուծում տալու համար անհրաժեշտ է գաղտնազերծել բոլոր գաղտնագրված ընդլայնված գերատեսչական ցանկերը՝ ինքնին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող տվյալներ պարունակող տողերի բացառությամբ: Ինչ վերաբերում է պետական մարմինների՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակման՝ օրենքով սահմանված իրավասությանը, կարծում ենք, որ այն խիստ խնդրահարույց է: Առաջին հերթին՝ նման իրավասությամբ փաստացի բոլոր գործադիր մարմիններին օժտելը մեծացնում է տեղեկատվության չարդարացված գաղտնագրման հնարավորությունը և ներկայիս օրենքով սահմանված՝ այդ ցանկերը գաղտնագրելու իրավական հնարավորության պայմաններում: Միևնույն ժամանակ նման իրավակարգավորումը չի ապահովում պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պետության միատեսակ և համաչափ (տեղեկատվության ազատության սահմանափակման համաչափության տեսանկյունից) քաղաքականություն վարելու իրական հնարավորությունը: Յուրաքանչյուր գործադիր մարմին իրականացնում է պետության քաղաքականությունն ու գործառույթներն իրեն վերապահված ոլորտում, իսկ ազգային անվտանգության ապահովման, այդ թվում՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանությունը այս մարմինների ճնշող մեծամասնության համար ընտրովի (ֆակուլտատիվ) պարտականություն է, որի քաղաքականության մշակումը (այդ թվում՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերի մշակումը) նպատակահարմար չէ թողնել յուրաքանչյուր այդպիսի մարմնի հայեցողությանը՝ անկախ նրանից, որ այդ քաղաքականությունը մշակելիս գերատեսչությունները այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն օրենքով և Կառավարության որոշմամբ նախանշված սահմաններով: Պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ընդլայնված ցանկեր կազմելու, կազմելիս լիազորությունները չարաշահելու, այդ ցանկերն ինքնին գործնականում գաղտնագրելու խնդիրների արդիականության մասին է խոսում թե՛ դատական և թե՛ իրավակիրառ պրակտիկան (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները՝ էջեր 96-99, https://bit.ly/2PSZgjQ): Գերատեսչությունների կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ընդլայնված ցանկեր մշակելիս լիազորությունները չարաշահելու իրական վտանգը գործնականում փաստվում է նաև որոշ հասանելի ցանկերի ուսումնասիրությամբ, որը ցույց է տալիս, որ դրանցում հաճախ ընդգրկվում են այնպիսի տեղեկություններ, որոնք կա՛մ որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ընդգրկված տեղեկությունների տեսակների սահմաններում, կա՛մ հնարավոր է տեղավորել դրանց չափազանց լայն և ոչ ազգային անվտանգության ապահովման նպատակի համատեքստում մեկնաբանման արդյունքում (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջեր 98-99, https://bit.ly/2PSZgjQ): Վերոգրյալի հետ մեկտեղ գործնականում տեղեկություն հայցողները բախվում են նույնիսկ գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների շրջանակից դուրս տեղեկություններ գաղտնագրելու դեպքերի (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 99, https://bit.ly/2PSZgjQ): Խնդիրն արձանագրել է նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին 2018 թ. տարեկան հաղորդման մեջ: • Առաջարկում ենք, այդ թվում հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 100 էջում, https://bit.ly/2PSZgjQ), նախագծից հանել այն դրույթները, որոնցով սահմանվում է պետական մարմինների իրավասությունը՝ մշակելու գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը և դրանից բխող հարակից դրույթները: Նախատեսել, որ պետական մարմինները տեղեկություններ գաղտնագրելիս պետք է հիմք ընդունեն այդ տեղեկությունների համապատասխանությունը Կառավարության սահմանած գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկին: Միևնույն ժամանակ Կառավարության սահմանած՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը պետք է շարունակի մնալ հրապարակային ամբողջությամբ, իսկ դրանում առկա տեղեկությունների վերնագրերը չպետք է հասցվեն այն աստիճան մանրամասնության, որ ինքնին պարունակեն այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Չի ընդունվել Առաջարկությունը կքննարկվի և ըստ անհրաժեշտության հաշվի կառնվի նախագծից բխող այլ իրավական ակտերի մշակման ընթացքում: Չի ընդունվել Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելու պետական մարմինների իրավասությունը հանելու դեպքում խնդիրներ կառա-ջանան տեղեկությունների գաղտնագրման գործընթացում, բացի այդ թե գործող օրենքով և թե նախագծով սահմանված են պետական գաղտնիքի շարքին դասելու ենթակա տեղեկությունները և գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելիս դրանցում ներառվում են պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են ըստ էության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում առավել մանրամասնորեն ներառվում են նաև Կառավարության կողմից սահմանված ցանկից բխող անհրաժեշտ տեղեկությունները:
4 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 19.10.2021 17:22:09 7. Նախագծի 14-րդ հոդվածով սահմանվում են գաղտնագրված տեղեկությունների՝ որպես այդպիսիք պահպանելու ժամկետները: Սահմանվում է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են` մինչև 30 տարի՝ առանց որևէ կերպ տարբերակելու ժամկետները գաղտնիության աստիճանից ելնելով: Միևնույն ժամանակ չի նախատեսվել հնարավորություն տեղեկությունը գաղտնագրելու ոչ միայն հստակ ժամանակահատվածով, այլ մինչև որոշակի պայմանի/իրադարձության վրա հասնելը: Չի սահմանվել նաև դրույթ, որը կպարտավորեցնի կիրառողին առաջնորդվել տեղեկատվության նվազագույն անհրաժեշտ սահմանափակման սկզբունքով: • Նման երկար ժամկետներ սահմանող կարգավորումը չի բխում միջազգային փորձից և տեղեկատվության ազատության կանխավարկածից: Հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 74-75 էջերում, https://bit.ly/2PSZgjQ) ՝ առաջարկում ենք վերանայել սահմանված ժամկետները՝ սահմանելով պահպանության հետևյալ առավելագույն ժամկետները. «Հատուկ կարևորության» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 20 տարի, «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 10 տարի, «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 5 տարի։ • Հաճախ տեղեկատվության գաղտնագրման անհրաժեշտությունը կարող է փոխկապակցված լինել կոնկրետ իրադարձության կամ պայմանի հետ, ուստի արդյունավետ չի կարող համարվել նման դեպքերում ևս տեղեկությունը գաղտնագրել կոնկրետ ժամկետով, ինչը կբերի այն անհիմն կերպով հնարավորինս երկար ժամկետով գաղտնագրելուն: Ուստի առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները մինչև որոշակի պայմանի (իրադարձության, հանգամանքի) վրա հասնելը գաղտնագրելու հնարավորություն սահմանող դրույթով, ինչը ևս կիրառվում է մի շարք պետություններում (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 80 էջում, https://bit.ly/2PSZgjQ)։ • Առաջարկում ենք նաև նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները հնարավոր և իրապես անհրաժեշտ նվազագույն ժամկետով գաղտնագրելու՝ պաշտոնատար անձանց պարտականությունը սահմանող դրույթով: 8. Նախագծի 14-րդ հոդվածը սահմանում է, որ պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը` այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Այդպիսով, ըստ էության անփոփոխ է մնացել գործող օրենքի 15-րդ հոդվածի դրույթը և փաստացի օրենքը վերանայման պարտականությունը սահմանել է գերատեսչական ցանկերում ընդգրկված և ոչ կոնկրետ գաղտնագրված տեղեկությունների մասով, այնինչ առավել կարևոր է հենց կոնկրետ տեղեկությունները շարունակական գաղտնի պահելու անհրաժեշտության պահպանման պարբերական վերանայումը: Այսպես, հնարավոր է և նույնիսկ առավել հավանական, որ գերատեսչական ցանկերում ընդգրկված գաղտնագրման ենթակա տեղեկատվության կոնկրետ տեսակը 5 տարվա ընթացքում կորցրած չլինի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից այն գաղտնի պահելու արդիականությունը, սակայն այդ արդիականությունն այլևս չպահպանի այդ տեսակի մեջ մտնող կոնկրետ տեղեկատվությունը: • Հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 109 էջում, https://bit.ly/2PSZgjQ)՝ առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝ գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածության պարբերական վերանայման պարտականություն սահմանող դրույթի փոխարեն սահմանել մարմինների՝ գաղտնագրված տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտության/հիմնավորվածության՝ առնվազն 5 տարին մեկ անգամ վերանայելու պարտականությունը սահմանող դրույթ: 9. Նախագծի 15-րդ հոդվածով, որպես տեղեկությունները գաղտնազերծելու հիմք է նախատեսվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որոնց հետևանքով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է ոչ նպատակահարմար, սակայն չի նախատեսվում այդ հիմքով տեղեկությունները գաղտնազերծելու՝ պատասխանատու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը: Ստեղծվում է իրավիճակ, երբ օբյեկտիվ հանգամանքի փոփոխությամբ տեղեկությունը գաղտնի պահելու անհրաժեշտության վերացման դեպքում պաշտոնատար անձն ունի ընդամենը այն գաղտնազերծելու իրավասություն, հայեցողություն, սակայն ոչ իմպերատիվ պարտականություն (հատկապես հաշվի առնելով այն, որ օրենքը ի սկզբանե չի նախատեսում որոշակի հանգամանքի վրա հասնելով պայմանավորված տեղեկությունների գաղտնագրման ժամկետի սահմանում): Գործնականում իրավիճակն այնպիսին է, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն ունեցող մարմիններից շատերն ուղղակի չեն իրականացնում գաղտնազերծում, որոշները տեղեկությունները գաղտնազերծում են սահմանված ժամկետից ուշ (Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» կողմից կատարված հարցումներին ի պատասխան՝ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվացքների ու Ֆինանսների նախարարությունները, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանները, Նախագահի աշխատակազմը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, Կադաստրի պետական կոմիտեն, Կենտրոնական բանկը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն հայտնել են, որ երբևէ գաղտնագրված տեղեկություններ չեն գաղտնազերծել։ Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնել է, որ տեղեկությունները որոշ դեպքերում գաղտնազերծում է սահմանված ժամկետից ուշ։ Տե՛ս նաև «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տարեկան հետազոտությունները:), իսկ օբյեկտիվ հանգամանքների փոփոխության արդյունքում տեղեկություններ գաղտնազերծելու ընթացակարգն առհասարակ չի կիրառվում (Հարցված բոլոր մարմինները (նախարարություններ, մարզպետարաններ և այլ գերատեսչություններ) հարցումներին պատասխանելու դեպքում հայտնել են, որ նման հիմքով գաղտնազերծում երբևէ չեն իրականացրել:): Այս իրավիճակի հիմնական պատճառներից հաստատապես կարելի է նշել անկախ վերահսկող մարմնի բացակայությունը: • Հիմք ընդունելով վերոգրյալն ու հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 105 էջում, https://bit.ly/2PSZgjQ)՝ առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել որոշակի պայմանի վրա հասնելով կամ տեղեկատվության հետագա գաղտնի պահպանության անհրաժեշտությունը բացառող հանգամանքների ի հայտ գալով պայմանավորված տեղեկությունները գաղտնազերծելու՝ իրավասու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը սահմանող դրույթով: 10. Նախագծով հանվել է օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծելու և ծանոթանալու համար բաց դառնալու կամ ըստ անհրաժեշտության ոչնչացնելու վերաբերյալ դրույթը: Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ենթակա լինելու վերաբերյալ դրույթը վերաձևակերպվել է հանձնման հայեցողության սահմանմամբ ՝ այսպիսով նախատեսելով գործող՝ առանց այդ էլ խնդրահարույց կարգավորումների համեմատությամբ առավել վատթար կարգավորում: 11. Նախատեսվել է դրույթ համաձայն որի՝ պահպանման ժամկետները լրացած և գաղտնազերծման կամ Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ոչ ենթակա տեղեկությունները ոչնչացվում են` բացառելով դրանց բովանդակության մասնակի կամ ամբողջական վերականգնման հնարավորությունը: Այսպիսով, հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ կարող են հանձնվել «ըստ անհրաժեշտության»: Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը) տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով: • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում, https://bit.ly/2PSZgjQ): Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Չի ընդունվել Նախապատվությունը տրվել է գործող խմբագրությանը: Պահպանության ժամկետները փոփոխելու և պահպանության ժամկետները երկարացնելու կարգերը համապատասխանում են արդի իրողություններին: Պետական գաղտնիքի պահպանության համար առանձին ժամկետներ սահմանված չեն, ինչը չի խոչընդոտում որպեսզի սահմանվեն այլ ժամկետներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և հիմքերի առկայությամբ գաղտնազերծվեն ավելի վաղ: Կառավարության կողմից միայն մեկ անգամ մինչև 5 տարի ժամկետով երկարաձգելու վերաբերյալ առաջարկությունը նույնպես ընդունելի չէ, քանի որ որոշակի հանգամանքներով պայմանավորված կարող է անհրաժեշտություն առաջանալ պահպանության ժամկետը մեկ անգամից ավել 5 տարի ժամկետով երկարաձգել: Չի ընդունվել Նշված կոնկրետ տեղեկատվության արդիականության կորստի դեպքում օրենքի նախագծով նախատեսված է դրույթ դրանց գաղտնազերծման վերաբերյալ: Չի ընդունվել Նախագծով ներկայացված կարգավորումները հստակ են և դրանք լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն չկա: Չի ընդունվել Կան դեպքեր, երբ օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում են, սակայն դրանց հրապարակայնացումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին և նշված տեղեկությունները պետք է ոչնչացվեն: Բացի այդ, առաջարկվող կարգավորումները նախագծով նախատեսելը նպատկահարմար չէ: Չի ընդունվել Տեղեկությունները գաղտնազերծվելուց հետո ծանոթանալու համար բաց կլինեն` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:
5 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 19.10.2021 17:22:59 12. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու համար: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը, լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 111 էջում, https://bit.ly/2PSZgjQ): • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ: 13. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում (ՀՀ քրեական օրենսգրքի 299, 302, 306 և 307 հոդվածներ): Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն՝ գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը: Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ): • Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին) (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում, https://bit.ly/2PSZgjQ): Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Չի ընդունվել Տեղեկությունների գաղտնազերծման նախաձեռնությունը պետք է բխի դրանք գաղտնագրող մարմինների կողմից, այլ ոչ թե ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների կողմից` ելնելով օրենքի պահանջներից: Չի ընդունվել Անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նշված անձինք կենթարկվեն ոչ թե վարչական, այլ կարգապահական պատասխանատվության: