Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Oրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, պաշտպանելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, ինչպես նաև գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, հիմնարկների, ֆիզիկական անձանց լիազորությունները, գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտակա­նու­թյուն­­ները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմա­նա­փակումները, ինչպես նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Oրենքի գործողության ոլորտը

 

  1. Սույն օրենքի դրույթները ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, հիմնարկների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից, որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարելու պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, ինչպես նաև սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից:
  2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում սույն օրենքով չնախատեսված դրոշմագիր ունեցող տեղեկությունների և նյութերի վրա:

 

Հոդված 3.

Oրենքում գործածվող հասկացությունները

 

  1. Սույն օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկություններ)` ցանկացած տեղեկություն կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից և որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը  կամ շահերին,

2) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակցող պետություններին և կազմակերպություններին,

3) սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն` Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, անվտանգությանը, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,

4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային)` (այսուհետ` նաև տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են, որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների, գործընթացի կամ այլ ձևերով,

5) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում` պետության պաշտպանության տակ գտնվող և գաղտնիք պարունակող տեղեկությունների անօրինական հրապարակում կամ հոսակորուստ,

6) հրապարակում` սույն օրենքով գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը կամ ցանկացած այլ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեն,

7) հոսակորուստ` պետության պաշտպանության տակ գտնվող և գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պաշտպանության կամ պահպանության համար պատասխանատու անձանց անզգուշության կամ դիտավորության հետևանքով, այդպիսի տեղեկությունների արտահոսք կամ կորուստ,

8) գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,

9) գաղտնազերծում` տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ օրենքով սահմանված կարգով սահմանափակումների վերացում,

10) պետական գաղտնիքի պաշտպանություն՝ լիազոր մարմնի կողմից օգտագործվող միջոցների ու մեթոդների համակարգված կիրառում` գաղտնի տեղեկությունները, նյութերը և դրանց կրիչները պաշտպանելու, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների հրապարակումը և հոսակորուստը կանխելու համար,

 11) պետական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական, ծրագրային և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ապահովմանը,

12) գաղտնիության աստիճան՝ տեղեկությունների կարևորությունը, դրանց տարածմամբ հնարավոր հետևանքների առաջացումը և տեղեկության մատչելիության սահմանափակումը բնութագրող ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,

13) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու և այն օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով տրված թույլտվություն,

14) գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված տեխնիկական, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,

15) գաղտնիության դրոշմագիր` վավերապայմաններ, որոնք դրվում են տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում են տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,

16) գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում` այդպիսի տեղեկությունների հավաքումը, պահպանումը, փոխանցումը, տարածումը, գաղտնազերծումը և ոչնչացումը,

17) գաղտնի տեղեկություններին առնչվել՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու, կամ առանց դրանց) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է այդպիսի տեղեկությունների ստեղծման, ամրագրման, համակարգման, հավաքման, վերամշակման, փոխանցման, փոխանակման, տեղափոխման, պահպանման, պաշտպանության, օգտագործման, ծանոթացման, հաշվառման, գաղտնիության աստիճանի փոփոխման, գաղտնազերծման, արխիվացման, ոչնչացման կամ այլ գործողություններ կատարելու հետ:

 

Հոդված 4.    

Գաղտնիության աստիճանները

  1. Ելնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառված կամ սպառնացող վնասի չափից սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`

1) «Հատուկ կարևորության»,

2) «Հույժ գաղտնի»,

3) «Գաղտնի»:

  1. Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:
  2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով պատճառվող հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

 

Հոդված 5.

 Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունը, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանությունն ու պահպանությունը

 

  1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների և այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության վավերացված կամ հաստատված միջազգային պայմանագրերով:
  2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները պաշտպանվում ու պահպանվում են պետության կողմից:

 

Հոդված 6.

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումը այլ պետություններին և միջազգային կազմակերպու­թյուններին

 

  1. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցման, ինչպես նաև նշված տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 7.

 Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթները

  1. Հայաստանի Հանրապետության նախագահը`

1) որոշում է  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց  գործառույթները,

2) իր իրավասությունների սահմանում իրականացնում է տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում այլ գործառույթներ:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) հաստատում և հրապարակում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը,

2) հաստատում է տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը,

3) սահմանում է գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցները,

4) ձեռնարկում է միջոցներ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պահպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ և սահմանված կարգով որոշումներ է ընդունում պետական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններին փոխանցելու հնարավորության մասին,

 5) որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները,

6) սահմանում է պետական գաղտնիքի տեղեկակիրների հետ իրավաբանական անձանց, հիմնարկների և ֆիզիկական անձանց կողմից աշխատանքների իրականացման կարգը,

7) հաստատում է պետական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը,

8) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հաշվառման, պահպանման և փոխանցման կարգը,

9) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ, հիմնարկներում գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանումների գործունեության կարգը,

10) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմանափակումները,

11) սահմանում է «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև պաշտոնավարումից հետո որոշակի ժամանակահատվածի ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, որոշակի պետություններ այցելելու ընթացակարգը,

12) սահմանում է տեղեկությունների գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը մշակելու և հաստատելու, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու և դրանք փոփոխելու կարգը,

13) սահմանում է գաղտնի տեղեկակիրները պահպանելու, պահպանման ժամկետները երկարաձգելու  և գաղտնազերծելու կարգը,

14) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ, հիմնարկներում գաղտնի գործավարության կազմակերպման կարգը,

15) սահմանում է գաղտնի տեղեկությունների գործավարության և այդպիսի տեղեկություններ պարունակող արտադրանքի թողարկման,  պահպանության հետ կապված աշխատանքների իրականացման համար նախատեսված շինությունների ու այլ տարածքների պահպանման կազմակերպման կարգը,

16) սահմանում է գաղտնի տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարող Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ, հիմնարկներում անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը,

17) սահմանում է գաղտնի տեղեկություններ պարունակող արտադրանքի ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

18) սահմանում է տեղեկակիրների բազմացման ու պատճենահանման կարգը,

19) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաև գործուղման և անձնական նպատակով օտարերկրյա պետություներ այցերի ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

20) սահմանում է համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկությունները կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ օգտագործելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը,

21) սահմանում է գաղտնիության ռեժիմի խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը,

22) սահմանում է մշտական հիմունքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող աշխատակիցներին տրվող  աշխատավարձի հավելումների չափերն ու տրման կարգը,

23) սահմանում է գաղտնի տեղեկակիրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա կատարվող նշումների տեսակները և դրանց իրականացման կարգը,

24) սահմանում է  պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը,

25) սահմանում է գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ստուգողական աշխատանքներ իրականացնելու կարգը,

26) սահմանում է պահպանման ժամկետները լրացած, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծելու, դրանք պետական արխիվ հանձնելու կամ ոչնչացնելու կարգը,

27) սահմանում է պետական մարմիններին ոչ ենթակա կազմակերպությունների` սույն օրենքից բխող լիազորությունները:

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները`

1) ապահովում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության  բնագավառի օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա հիմնարկներում և կազմակերպություններում,

2) իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ստորաբաժանումների ստեղծումը կամ պատասխանատու անձանց նշանակումը և գործունեությունն իրենց ենթակա հիմնարկներում և կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման  և պատասխանատու աշխատակիցների պաշտոնների նշանակման կամ ազատման մասին,

3) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության համակարգի ձևավորման և գործող համակարգի կատարելագործման վերաբերյալ կարող են մշակել առաջարկություններ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը,

4) իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում այլ գործառույթներ:

  1. Սահմանադրական դատարանը, դատական, քննչականև դատախազական մարմիններն ապահովում են պետական գաղտնիքի պաշտպանությունն իրենց գործունեության ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ

 

Հոդված 8.

Պետական  գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկությունները

 

  1. Պետական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.

1) ռազմական բնագավառում`

ա. զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, գործողությունների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման, աշխարհազորի կիրառման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության, ինչպես նաև ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումների մասին,

բ. ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին,

գ. հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հատուկ կարգ ունեցող օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, դրանց իրական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին,

ե. ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին,

2) արտաքին հարաբերությունների բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը,

բ. ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը,

3) տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի, նյութական՝ պետական և զորահավաքային պահուստների կառուցվածքի, փաստացի չափի և դրանց տեղաբաշխման մասին,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքների օգտագործման մասին,

գ. պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, մատակարարումների, դրանց արտադրական կարողությունների առկայության և զարգացման մասին, այդ նպատակով հիմնարկների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին,

դ. պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանա­­կություն ունեցող գիտահետազոտական և փոր­ձակոնստրուկտորական աշխատանքների մա­սին,

ե. քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին,

զ. Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին,

4) հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեու­թյան բնագավառում`

ա. հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեու­թյան ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները,

բ. հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց մասին,

գ. կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, դրանց վերլուծության մեթոդների ու միջոցների, հատուկ նշանակության տեղեկատվական վերլուծական համակարգերի, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի հարձակում­ներից պաշտպանվածության մասին,

դ. պետական գաղտնիքի պահ­պանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին,

ե. ահաբեկչության հակազդման և որոշակի անձանց նկատմամբ պետական պաշտպանության միջոցներ կիրառելու մեթոդների, եղանակների վերաբերյալ,

զ. ահաբեկչության հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,

է. գաղտնի տեղեկության պահպանության մեթոդների ու միջոցների մասին,

ը. պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին՝ եթե դրանք կարող են գաղտնազերծել վերոհիշյալ տեղեկությունները,

թ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության մասին,

ժ. կադրերի պատրաստման մասին, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

 

Հոդված 9.

 Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները

 

  1. Արգելվում է պետական գաղտնիքի շարքին դասել`

1) մարդկանց անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները,

2) տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները,

3) քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, հանցագործությունների վիճակագրության մասին տեղեկությունները,

4) պետության կողմից քաղաքացիներին, պաշտո­նատար անձանց, կազմա­կերպություն­ներին տրա­մադրվող արտոնությունների և սոցիալական երաշ­խիքների մասին տեղեկությունները,

5) Հայաստանի Հանրապետության բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց առողջության վերա­բերյալ տեղեկությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

 

Հոդված 10.

Գաղտնագրման սկզբունքները

 

  1. Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և արդիականության սկզբունքներին համապատասխան:
  2. Գաղտնագրման օրինականությունը դա գաղտնագրվող տեղեկությունների համապատասխա­նության ապահովումն է սույն օրենքի պահանջներին:
  3. Գաղտնագրման հիմնավորվածությունը դա յուրաքանչյուր տեղեկության համապատասխանությունն է գերատեսչական ցանկին` ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից:
  4. Գաղտնագրման արդիականությունը դա տեղեկությունների ստացման (մշակման) պահից կամ մինչ այդ դրանց տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:

 

Հոդված 11.

Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելը

 

  1. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասվում են` ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության:
  2. Գաղտնագրման սկզբունքներին համապատասխան` տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու անհրաժեշտության հիմնավորումը դրվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, հիմնարկների վրա, որոնք ստացել (մշակել) են այդ տեղեկությունները:
  3. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
  4. Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որում նշվում են նաև տեղեկություններից յուրաքանչյուրը տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները:
  5. Պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, որոնցում ներառվում են պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են:
  6. Գերատեսչական ցանկերում նշվում են նաև դրանցում ներառված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Այդ ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը համաձայնեցվում են ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմնի հետ և հաստատվում են պետական մարմինների համապատասխան ղեկավարների կողմից: Գերատեսչական ցանկերի, դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների մեկ օրինակը ուղարկվում է ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմնին:
  7. Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12.

Տեղեկությունների գաղտնագրումը

 

  1. Տեղեկությունների գաղտնագրումը Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավա­բանական անձանց, հիմնարկների կողմից ստացված (մշակված) տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիսանում այդ տեղեկությունների համապատասխանությունը տվյալ մարմիններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերին:
  3. Ստացված (մշակված) տեղեկությունները գործող գերատեսչական ցանկում ընդգրկված տեղեկությունների հետ ներկայացնելու անհնարինության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը` ենթադրվող գաղտնիության աստիճանին համապատասխան և տասնհինգօրյա ժամկետում գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկում լրացում (փոփո­խու­թյուն) կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել նշված ցանկը հաստատող պաշտո­նա­տար անձին:
  4. Գործող ցանկը հաստատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամսյա ժամկետում կազմակերպել ստացված առաջարկությունների կամ իրենց կողմից ստացված (մշակված) և նախապես գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը և որոշում ընդունել գործող ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու կամ տեղեկություններին նախապես տրված գաղտնիության դրոշմագրերը հանելու վերաբերյալ:

 

Հոդված 13.

Տեղեկության նկատմամբ  Հայաստանի  Հանրապետության կազմակեր­պությունների, իրավաբա­նական անձանց, հիմնարկների և քաղաքացիների սեփականության իրավունքի սահմանափակումը

  

  1. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք իրավասու են կազմակերպությունների, իրավաբանական անձանց և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման մասին որոշումներ ընդունել, եթե դրանք պարունակում են պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ: Նշված տեղեկատվության գաղտնագրումն իրականացվում է տեղեկատվության սեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատասխան մարմնի նախաձեռնությամբ` հատուցելով դրա հետևանքով սեփականատիրոջը հասցվող վնասը: Փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի միջոցներից և դրա չափը որոշվում է տեղեկության սեփականատիրոջ և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի պաշտպանության տակ անցնում է այդ տեղեկությունը: Պայմանագրում նախատեսվում է նաև տեղեկության սեփականատիրոջ պարտավորությունը` տեղեկությունը չտարածելու վերաբերյալ:
  2. Պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու դեպքում տեղեկության սեփականատերը գրավոր նախազգուշացվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տարածելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին և հարցը ենթակա է լուծման դատական կարգով:
  3. Տեղեկության սեփականատերն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել պաշտոնատար անձի գործողությունները:
  4. Տեղեկության գաղտնագրման պահից դրանում ընդգրկված տեղեկության սեփականատերը համարվում է պետությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

Հոդված 14.

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ժամկետները

 

  1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են` մինչև 30 տարի:
  2. Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը` այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Նշված մարմինների ղեկավարները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների` որպես գաղտնիք պահպանության, նախկինում սահմանված ժամկետները` յուրաքանչյուր անգամ 5 տարի ժամկետով:
  3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետով, եթե դրանց համար առանձին ժամկետներ սահմանված չեն:
  4. Գաղտնիության դրոշմագիր ունեցող իրավական ակտերը, որպես գաղտնիք պահպանվում են նրանց գործողության ընթացքում և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է դրանց գործողությունը դադարելու օրվանից:

 

Հոդված 1

  • Քննարկվել է

    04.10.2021 - 19.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14114

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

19.10.2021

12. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու համար: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը, լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 111 էջում, https://bit.ly/2PSZgjQ): • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ: 13. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում (ՀՀ քրեական օրենսգրքի 299, 302, 306 և 307 հոդվածներ): Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն՝ գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը: Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ): • Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին) (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում, https://bit.ly/2PSZgjQ): Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

19.10.2021

7. Նախագծի 14-րդ հոդվածով սահմանվում են գաղտնագրված տեղեկությունների՝ որպես այդպիսիք պահպանելու ժամկետները: Սահմանվում է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են` մինչև 30 տարի՝ առանց որևէ կերպ տարբերակելու ժամկետները գաղտնիության աստիճանից ելնելով: Միևնույն ժամանակ չի նախատեսվել հնարավորություն տեղեկությունը գաղտնագրելու ոչ միայն հստակ ժամանակահատվածով, այլ մինչև որոշակի պայմանի/իրադարձության վրա հասնելը: Չի սահմանվել նաև դրույթ, որը կպարտավորեցնի կիրառողին առաջնորդվել տեղեկատվության նվազագույն անհրաժեշտ սահմանափակման սկզբունքով: • Նման երկար ժամկետներ սահմանող կարգավորումը չի բխում միջազգային փորձից և տեղեկատվության ազատության կանխավարկածից: Հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 74-75 էջերում, https://bit.ly/2PSZgjQ) ՝ առաջարկում ենք վերանայել սահմանված ժամկետները՝ սահմանելով պահպանության հետևյալ առավելագույն ժամկետները. «Հատուկ կարևորության» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 20 տարի, «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 10 տարի, «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 5 տարի։ • Հաճախ տեղեկատվության գաղտնագրման անհրաժեշտությունը կարող է փոխկապակցված լինել կոնկրետ իրադարձության կամ պայմանի հետ, ուստի արդյունավետ չի կարող համարվել նման դեպքերում ևս տեղեկությունը գաղտնագրել կոնկրետ ժամկետով, ինչը կբերի այն անհիմն կերպով հնարավորինս երկար ժամկետով գաղտնագրելուն: Ուստի առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները մինչև որոշակի պայմանի (իրադարձության, հանգամանքի) վրա հասնելը գաղտնագրելու հնարավորություն սահմանող դրույթով, ինչը ևս կիրառվում է մի շարք պետություններում (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 80 էջում, https://bit.ly/2PSZgjQ)։ • Առաջարկում ենք նաև նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները հնարավոր և իրապես անհրաժեշտ նվազագույն ժամկետով գաղտնագրելու՝ պաշտոնատար անձանց պարտականությունը սահմանող դրույթով: 8. Նախագծի 14-րդ հոդվածը սահմանում է, որ պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը` այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Այդպիսով, ըստ էության անփոփոխ է մնացել գործող օրենքի 15-րդ հոդվածի դրույթը և փաստացի օրենքը վերանայման պարտականությունը սահմանել է գերատեսչական ցանկերում ընդգրկված և ոչ կոնկրետ գաղտնագրված տեղեկությունների մասով, այնինչ առավել կարևոր է հենց կոնկրետ տեղեկությունները շարունակական գաղտնի պահելու անհրաժեշտության պահպանման պարբերական վերանայումը: Այսպես, հնարավոր է և նույնիսկ առավել հավանական, որ գերատեսչական ցանկերում ընդգրկված գաղտնագրման ենթակա տեղեկատվության կոնկրետ տեսակը 5 տարվա ընթացքում կորցրած չլինի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից այն գաղտնի պահելու արդիականությունը, սակայն այդ արդիականությունն այլևս չպահպանի այդ տեսակի մեջ մտնող կոնկրետ տեղեկատվությունը: • Հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 109 էջում, https://bit.ly/2PSZgjQ)՝ առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝ գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածության պարբերական վերանայման պարտականություն սահմանող դրույթի փոխարեն սահմանել մարմինների՝ գաղտնագրված տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտության/հիմնավորվածության՝ առնվազն 5 տարին մեկ անգամ վերանայելու պարտականությունը սահմանող դրույթ: 9. Նախագծի 15-րդ հոդվածով, որպես տեղեկությունները գաղտնազերծելու հիմք է նախատեսվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որոնց հետևանքով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է ոչ նպատակահարմար, սակայն չի նախատեսվում այդ հիմքով տեղեկությունները գաղտնազերծելու՝ պատասխանատու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը: Ստեղծվում է իրավիճակ, երբ օբյեկտիվ հանգամանքի փոփոխությամբ տեղեկությունը գաղտնի պահելու անհրաժեշտության վերացման դեպքում պաշտոնատար անձն ունի ընդամենը այն գաղտնազերծելու իրավասություն, հայեցողություն, սակայն ոչ իմպերատիվ պարտականություն (հատկապես հաշվի առնելով այն, որ օրենքը ի սկզբանե չի նախատեսում որոշակի հանգամանքի վրա հասնելով պայմանավորված տեղեկությունների գաղտնագրման ժամկետի սահմանում): Գործնականում իրավիճակն այնպիսին է, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն ունեցող մարմիններից շատերն ուղղակի չեն իրականացնում գաղտնազերծում, որոշները տեղեկությունները գաղտնազերծում են սահմանված ժամկետից ուշ (Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» կողմից կատարված հարցումներին ի պատասխան՝ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվացքների ու Ֆինանսների նախարարությունները, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանները, Նախագահի աշխատակազմը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, Կադաստրի պետական կոմիտեն, Կենտրոնական բանկը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն հայտնել են, որ երբևէ գաղտնագրված տեղեկություններ չեն գաղտնազերծել։ Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնել է, որ տեղեկությունները որոշ դեպքերում գաղտնազերծում է սահմանված ժամկետից ուշ։ Տե՛ս նաև «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տարեկան հետազոտությունները:), իսկ օբյեկտիվ հանգամանքների փոփոխության արդյունքում տեղեկություններ գաղտնազերծելու ընթացակարգն առհասարակ չի կիրառվում (Հարցված բոլոր մարմինները (նախարարություններ, մարզպետարաններ և այլ գերատեսչություններ) հարցումներին պատասխանելու դեպքում հայտնել են, որ նման հիմքով գաղտնազերծում երբևէ չեն իրականացրել:): Այս իրավիճակի հիմնական պատճառներից հաստատապես կարելի է նշել անկախ վերահսկող մարմնի բացակայությունը: • Հիմք ընդունելով վերոգրյալն ու հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 105 էջում, https://bit.ly/2PSZgjQ)՝ առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել որոշակի պայմանի վրա հասնելով կամ տեղեկատվության հետագա գաղտնի պահպանության անհրաժեշտությունը բացառող հանգամանքների ի հայտ գալով պայմանավորված տեղեկությունները գաղտնազերծելու՝ իրավասու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը սահմանող դրույթով: 10. Նախագծով հանվել է օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծելու և ծանոթանալու համար բաց դառնալու կամ ըստ անհրաժեշտության ոչնչացնելու վերաբերյալ դրույթը: Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ենթակա լինելու վերաբերյալ դրույթը վերաձևակերպվել է հանձնման հայեցողության սահմանմամբ ՝ այսպիսով նախատեսելով գործող՝ առանց այդ էլ խնդրահարույց կարգավորումների համեմատությամբ առավել վատթար կարգավորում: 11. Նախատեսվել է դրույթ համաձայն որի՝ պահպանման ժամկետները լրացած և գաղտնազերծման կամ Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ոչ ենթակա տեղեկությունները ոչնչացվում են` բացառելով դրանց բովանդակության մասնակի կամ ամբողջական վերականգնման հնարավորությունը: Այսպիսով, հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ կարող են հանձնվել «ըստ անհրաժեշտության»: Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը) տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով: • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում, https://bit.ly/2PSZgjQ): Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

19.10.2021

• Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում սահմանել պաշտոնատար անձանց պարտականությունը տեղեկություններ գաղտնագրելիս յուրաքանչյուր տեղեկատվության մասով նշել գաղտնագրման տևողությունը, գաղտնազերծման հստակ ժամանակը կամ պայմանը, ինչպես նաև տեղեկությունը գաղտնագրելու (այդ թվում գաղտնիության այդ աստիճանի շնորհման և տևողության մասով) անհրաժեշտության հիմնավորումը: ՀՀ կառավարությանը առաջարկվում է նաև մշակել և ընդունել հիմնավորումը յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության կրիչին կցելու կարգը: 6. Գործող օրենքի պես, նախագծի 11-րդ հոդվածով ևս սահմանվում է, որ պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, և որ «գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք»: Վերջին դրույթը սահմանվել է Սահմանադրական դատարանի 06.03.2012 թ. թիվ ՍԴՈ-1010 որոշման կայացման արդյունքում, որով Սահմանադրական դատարանը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ գործող 12-րդ հոդվածի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը գտել է, որ գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, և դրանց ոչ հրապարակային բնույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ և խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Սահմանադրական դատարանի դիրքորոշումից ակնհայտ բխում է, որ իրավաչափ կարող է համարվել ցանկում ներառված կոնկրետ տեղեկության, սակայն ոչ ամբողջ ցանկի իմպերատիվ գաղտնագրումը: Եվ չնայած նշված որոշման կայացումից հետո օրենսդիրը նախաձեռնել է փոփոխություն օրենքում, փոփոխված դրույթի ներկայիս խմբագրությունը, ինչպես և նախագծում կիրառված ձևակերպումը կրկին համահունչ չէ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշմանը, ինչպես նաև չի համապատասխանում որոշակիության չափանիշին՝ գործնականում հնարավորություն ստեղծելով գերատեսչական ցանկում գոնե մեկ անուն պաշտպանված տեղեկության առկայության պարագայում գաղտնագրել ոչ թե այդ տողը, այլ ցանկն ամբողջությամբ, ինչն էլ տեղեկատվության տնօրինող պետական մարմինների մեծամասնությունը գործնականում իրականացնում է (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 95, https://bit.ly/2PSZgjQ): Արդյունքում հանրությունը հասանելիություն չի ունենում այն նորմատիվ-իրավական ակտին և այն չափանիշներին, որոնց հիման վրա իրականացվում է տեղեկատվության գաղտնագրումը, ինչը հակասում է նաև միջազգային չափորոշիչներին (տե՛ս հաջորդ ենթաբաժնում): Նշված խնդրին առաջնային լուծում տալու համար անհրաժեշտ է գաղտնազերծել բոլոր գաղտնագրված ընդլայնված գերատեսչական ցանկերը՝ ինքնին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող տվյալներ պարունակող տողերի բացառությամբ: Ինչ վերաբերում է պետական մարմինների՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակման՝ օրենքով սահմանված իրավասությանը, կարծում ենք, որ այն խիստ խնդրահարույց է: Առաջին հերթին՝ նման իրավասությամբ փաստացի բոլոր գործադիր մարմիններին օժտելը մեծացնում է տեղեկատվության չարդարացված գաղտնագրման հնարավորությունը և ներկայիս օրենքով սահմանված՝ այդ ցանկերը գաղտնագրելու իրավական հնարավորության պայմաններում: Միևնույն ժամանակ նման իրավակարգավորումը չի ապահովում պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պետության միատեսակ և համաչափ (տեղեկատվության ազատության սահմանափակման համաչափության տեսանկյունից) քաղաքականություն վարելու իրական հնարավորությունը: Յուրաքանչյուր գործադիր մարմին իրականացնում է պետության քաղաքականությունն ու գործառույթներն իրեն վերապահված ոլորտում, իսկ ազգային անվտանգության ապահովման, այդ թվում՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանությունը այս մարմինների ճնշող մեծամասնության համար ընտրովի (ֆակուլտատիվ) պարտականություն է, որի քաղաքականության մշակումը (այդ թվում՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերի մշակումը) նպատակահարմար չէ թողնել յուրաքանչյուր այդպիսի մարմնի հայեցողությանը՝ անկախ նրանից, որ այդ քաղաքականությունը մշակելիս գերատեսչությունները այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն օրենքով և Կառավարության որոշմամբ նախանշված սահմաններով: Պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ընդլայնված ցանկեր կազմելու, կազմելիս լիազորությունները չարաշահելու, այդ ցանկերն ինքնին գործնականում գաղտնագրելու խնդիրների արդիականության մասին է խոսում թե՛ դատական և թե՛ իրավակիրառ պրակտիկան (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները՝ էջեր 96-99, https://bit.ly/2PSZgjQ): Գերատեսչությունների կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ընդլայնված ցանկեր մշակելիս լիազորությունները չարաշահելու իրական վտանգը գործնականում փաստվում է նաև որոշ հասանելի ցանկերի ուսումնասիրությամբ, որը ցույց է տալիս, որ դրանցում հաճախ ընդգրկվում են այնպիսի տեղեկություններ, որոնք կա՛մ որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ընդգրկված տեղեկությունների տեսակների սահմաններում, կա՛մ հնարավոր է տեղավորել դրանց չափազանց լայն և ոչ ազգային անվտանգության ապահովման նպատակի համատեքստում մեկնաբանման արդյունքում (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջեր 98-99, https://bit.ly/2PSZgjQ): Վերոգրյալի հետ մեկտեղ գործնականում տեղեկություն հայցողները բախվում են նույնիսկ գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների շրջանակից դուրս տեղեկություններ գաղտնագրելու դեպքերի (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 99, https://bit.ly/2PSZgjQ): Խնդիրն արձանագրել է նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին 2018 թ. տարեկան հաղորդման մեջ: • Առաջարկում ենք, այդ թվում հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 100 էջում, https://bit.ly/2PSZgjQ), նախագծից հանել այն դրույթները, որոնցով սահմանվում է պետական մարմինների իրավասությունը՝ մշակելու գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը և դրանից բխող հարակից դրույթները: Նախատեսել, որ պետական մարմինները տեղեկություններ գաղտնագրելիս պետք է հիմք ընդունեն այդ տեղեկությունների համապատասխանությունը Կառավարության սահմանած գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկին: Միևնույն ժամանակ Կառավարության սահմանած՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը պետք է շարունակի մնալ հրապարակային ամբողջությամբ, իսկ դրանում առկա տեղեկությունների վերնագրերը չպետք է հասցվեն այն աստիճան մանրամասնության, որ ինքնին պարունակեն այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Տեսնել ավելին