«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը
1) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում սահմանված է գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների), դրանց դադարեցման, տեղեկատվության տրամադրման վարույթների հարուցման և ավարտման՝ ավարտական փաստաթղթերի տրամադրման երկու ռեժիմ՝ էլեկտրոնային և թղթային (հոդվածներ 17, 24, 26, 26.1, 27, 31, 32, 33 և այլն)։ Քանի որ Կադաստրի կոմիտեի գործառույթների շրջանակներում իրականացվում են մեծաքանակ և ոչ նույնական վարույթներ, անընդհատ մեծանում են թղթային արխիվների ծավալները։ Հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերը պահվում են անժամկետ։ Միևնույն ժամանակ ոչ էլեկտրոնային վարույթների պարագայում մեծ է մարդկային ազդեցության գործոնը, որը երբեմն հանգեցնում է սխալի։
2) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց անվանացանկը՝ վերջիններիս համաձայնությամբ: Նման կարգավորման պարագայում բացակայում է որակավորման վկայական ստացած անձանց հետ որևէ կապի միջոց հրապարակելու իրավական հիմքը, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով, 8-րդ հոդվածով։
3) Գործող կարգավորումների պայմաններում Կադաստրի կոմիտեի տեղեկատվության տրամադրման լիազորությունների ծավալը չի համապատասխանում անշարժ գույքի ռեգիստրի տվյալների մատչելիության սկզբունքին. բացակայում են բաժանորդագրության միջոցով տեղեկատվության հասանելիության ապահովման, էլեկտրոնային օրթոֆոտոհատակագծերի, ազգային ատլասների, աշխարհագրական անվանումների և տեղեկատու բառարանների տրամադրման վերաբերյալ նորմեր:
2.Առկա իրավիճակը
1) Առկա կարգավորումների պայմաններում դեռևս գերակշռում են «թղթային» վարույթները։ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացման և դրանով պայմանավորված մարդկային գործոնի նվազեցման, թղթային արխիվների կրճատման համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ։ Ընդ որում այդ փոփոխությունները անհրաժեշտ է կատարել փուլային տարբերակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, դրանց տարածվածության մակարդակին համընթաց, որպեսզի անհամաչափորեն չսահմանափակվի այն անձանց իրավունքները, որոնք անհասանելի կամ դժվար հասանելի են համապատասխան միջոցները։
2) Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց ծառայություններից օգտվելը դյուրինացնելու համար անհրաժեշտ է ստեղծել մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ որակավորման վկայական ստացած անձանց տվյալները, այդ թվում՝ նրանց հետ կապի միջոցները։ Գործող կարգավորման պարագայում ծառայությունների շահառուները զրկված են պահանջվող տեղեկությունները մեկ մատչելի աղբյուրից ստանալու հնարավորությունից։ Այդ պատճառով Կադաստրի կոմիտեն հաճախ ստանում է զանգեր վերը նշված տեղեկությունները տրամադրելու խնդրանքով, ինչը անհարկի ծանրաբեռնում է կոմիտեին։
3) Գործող կարգավորումների պայմաններում Կադաստրի կոմիտեն լիազորված չէ տրամադրել էլեկտրոնային օրթոֆոտոհատակագծեր, ազգային ատլասներ, աշխարհագրական անվանումների տեղեկագրեր և տեղեկատու բառարաններ, ինչպես նաև բաժանորդագրության միջոցով ապահովել քարտեզագրական մոդուլի հասանելիությունը:
Առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակներն են՝ օգտատերերի քանակի ավելացում, աշխատանքի պարզեցում, շահառուների ֆինանսական միջոցների խնայողություն։
- Մշակված նախագծի հիմնական նպատակներն են՝
1) խթանել էլեկտրոնային վարույթների ծավալների աճին,
2) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում համալրել պահանջվող տեղեկատվությունը։
ա. Առաջին նպատակի իրագործման համար նախատեսվում է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող և այլ փաստաթղթեր էլեկտրոնային ներկայացնելու պարտականությունը դնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների վրա։ Նման բնույթի կարգավորման հիմնական դրդապատճառն այն է, որ համապատասխան փաստաթղթեր տրամադրող սուբյեկտների մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) ունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ բարդությունների կատարել նրանց վերապահվող պարտականությունը։ Դա նաև հնարավորություն է ստեղծում պարզեցնել գրանցման և տեղեկատվության տրամադրման վարույթները՝ դիմումատուներին ազատելով մեծաքանակ փաստաթղթերի հավաքագրման, հերթագրման և ներկայացման պարտականությունից (դիմումատուն կոմիտե պետք է ներկայացնի ընդամենը իրավասու սուբյեկտների տրամադրած էլեկտրոնային փաստաթղթերի անհատականացման տվյալները), ինչն էլ ինքնաբերաբար կբեռնաթափի Կադաստրի կոմիտեի ծանրաբեռնվածությունը։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հնարավորությունները և էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունը, նախատեսվում է, որ նրանք Կադաստրի կոմիտե կարող են դիմել և անհրաժեշտ ծառայություններից օգտվեն էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության խթանման համար նաև նախատեսվում է, որ միասնական տեղեկանքը կարող է պահանջվել և տրամադրվել միայն էլեկտրոնային եղանակով։
բ. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում նախատեսվում է, որ լիազոր մարմինը քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց համաձայնությամբ պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս անվանացանկը և նրանց կողմից տրամադրված կապի միջոցները։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածում, այն է «Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձվող վճարների չափերը», առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները.
- 18-րդ կետից հետո լրացվում են 18.1), 18.2), 18.3), 18.4) ենթակետերը, քանի որ շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա թեմատիկ քարտեզագրական նյութերի և աշխարհագրական անվանումների տեղեկագրերի և տեղեկատու բառարանների պահանջարկ կա:
- 26-րդ կետը այն է՝ «Ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝ ամսական 5000 ՀՀ դրամ» առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ լրացնելով նաև 15 օրով և մեկ տարով բաժանորդագրման հնարավորություն՝ հաշվի առնելով օգտատերերի պահանջարկը և շուկայի ուսումնասիրության արդյունքները:
- Լրացվել է 29-րդ կետ՝ նախատեսելով, որ քարտեզագրական մոդուլի տարածական տվյալների հասանելիությունը կարող է ապահովվել բաժանորդագրման միջոցով, ինչը թույլ կտա անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը ապահովել առավել կարճ ժամկետներում և կհանգեցնի գների նվազեցման:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում:
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ:
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրերից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:
-
Քննարկվել է
17.09.2021 - 02.10.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 5229
Տպել