Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

 

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ

ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      ՀՀ կառավարությունը որոշում է՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիր՝ համաձայն N 1 հավելվածի,
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի,
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածաշրջանում ընկերությունների ծառայությունների ու տեղական բովանդակությամբ տվյալների պահոցի ստեղծմանն ուղղված՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափ՝ համաձայն N 3 հավելվածի:

                                                                                                                                                      Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության

2017 թ.  -------------- --- -ի

N     -Ն արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ

ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

  1. ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
    1. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը էլեկտրոնային կառավարման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցել։ Մասնավորապես, տեղեկատվական համակարգեր են ներդրվել մի շարք պետական կառավարման մարմիններում, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց հնարավորություն են ընձեռել իրենց գործառույթները պետության հետ իրականացնել էլեկտրոնային եղանակով, ինչը իր հետ հետևյալ առավելություններն է բերում.

1) Պետական ծառայությունների որակի բարձրացում,

2) Ծախսերի նվազում,

3) Թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազում։

  1. Ներկայումս այս բարեփոխումների հաջորդ փուլը նախագծելու և իրականացնելու աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես, կառավարությունը հանձնարարել է պետական կառավարման մարմիններին ներկայացնել իրենց բնագավառներում թվայնացման ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա թվայնացման միասնական ուղղությունների մշակման համար։ Այս զարգացումների հրամայականը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

1) Պետական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում և ծախսերի նվազում,

2) Պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն,

3) Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, որը թելադրում է պետական ամպի (government cloud) ձևավորում, որտեղ կտեղափոխվեն պետական տեղեկատվական համակարգերը և ծառայությունները,

4) Այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակների անդամ է և, մասնավորապես, մասնակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ձևավորմանը և ԵՄ Արևելյան գործընկերոության թվային տնտեսության նախաձեռնությանը։

  1. ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  2. Հաշվի առնելով վերոնշյալը, թվայնացման հաջորդ փուլը առավել արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով առաջարկվում է ստեղծել տվյալների մշակման ժամանակակից կենտրոն։ Կենտրոնի ստեղծման նպատակներն են.
  • Սահմանել խաղի ընդհանուր կանոններ, ձևավորել թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափանիշներ ու ստադարտներ,
  • Ստեղծել համակարգ, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին կկարողանա օգտվել կենտրոնի կարողություններից անհրաժեշտ չափով,
  • Ձևավորել թափանցիկ և մրցակցային միջավայր ընկերությունների համար,
  • Արդյունավետ կերպով ներդնել տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության միջոցներ։
  1. Կենտրոնը համապատասխանելու է հետևյալ չափանիշներին և սկզբունքներին.
  • Ամբողջականացում. նախագծի իրականացման տրամաբանությամբ, որոշակի ժամանակահատվածում, բոլոր պետական մարմինները, բացառությամբ հատուկ ծառայությունների և որոշ ուժային կառույցների, կտեղափոխեն իրենց տեղեկատվական համակարգերը և ծառայությունները կենտրոնի պահոցներ։
  • Ծավալայնացում (scalability). մշակված կառուցվածքը կապահովի առավել ճկունություն, ինչը հնարավորություն կտա առանց լրացուցիչ զգալի ծախսերի օգտվել անհրաժեշտ հզորություններից սարքավորումների և ծառայությունների առումով։
  • Մրցակցություն. նկատի ունենալով, որ ստեղծվելիք համակարգում պետական կառավարման մարմինները շարունակելու են կառավարել իրենց համակարգերը, հաշվի առնելով սահմանված ընդհանուր ստանդարտները, իսկ մյուս կողմից համակարգի գործարկումը կապահովի թափանցիկության բարձր աստիճան, ուստի վերջինս ծառայություններ մատուցողների համար շուկա մուտք գործելու լայն հանարավորություն կընձեռի։
  • Միասնական մոտեցումներ. մեկ միասնական համակարգի գործարկումը թույլ կտա առկա մոտեցումների և կիրառվող տեխնոլոգիաների բազմազանությունը փոխարինել մեկ՝ ընդունելի մոդելով, ինչը նաև կապահովի տարբեր համակարգերի արդյունավե փոխգործելիությունը և տվյալների կրկնօրինակման բացառումը։
  • Անվտանգություն. այն պարագայում, երբ ներկայումս իրականացվում են համակարգերի անվտանգության ապահովման միջոցառումներ բազմազան և տարանջատված համակարգերի վրա, ինչը նաև բարձրացնում է ռիսկերը, ուստի մեկ միասնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա այդ աշխատանքները կենտրոնացնելու և ռիսկերը հասցնելու նվազագույնի։
  • ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
  1. Կենտրոնի ստեղծումը կարող է ապահովել նշանակալի տնտեսական արդյունքներ.
    • հնարավորություն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար,
    • լրացուցիչ պետական եկամուտների աղբյուր,
    • Հայաստանի հեղինակության աճ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հարթակում,
    • արտասահմանյան կապիտալի մշտական հոսք դեպի հայկական տնտեսություն։
  2. Նման զարգացումները կբերեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի գրավչության մակարդակի բարձրացմանը և համապատասխանաբար տնտեսության ազատության գործակցի բարելավմանը:

 

  1. ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
  2. Կենտրոնը ձևավորելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ։ Այս առումով պետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) մշակել և ընդունել պետական տեղեկատվական համակարգերի և ծառայությունների՝ դեպի ամպային տեխնոլոգիաներ անցման ժամանակացույց,

բ) դիտարկել և նպատահարմարության դեպքում ընդունել համապատասխան օրենսդրություն,

գ) հնարավորությունների սահմաններում տրամադրել կենտրոնի շենքը և անհրաժեշտ ենթակառուցվածքը,

դ) քննարկել տարբերակված էլեկրտաէներգիայի սակագների տրամադրման հնարավորությունը,

ե) հնարավորության դեպքում նախատեսել նաև երկրորդ կենտրոնի ստեղծում, որը կհանդիսանա պահուստային կենտրոնը և կապահովի տվյալների անվտագությունը: Պահուստային կենտրոնը և հիմնական պահոցը կտեղակայվեն աշխարհագրորոն տարբեր վայրերում,

զ) կենտրոնի դեպքում պետք է համապատասխանի «Tier 4» մակարդակին, իսկ անհնարինության դեպքում առնվազն «Tier 3» մակարդակին:

  1. Ներդրող(ներ)ը պարտավորվում են իրականացնել կենտրոնի հիմնման հետ կապված ֆինանսական ծախսերը և ապահովել կենտրոնի անխափան շահագործումը՝ համաձայն պետության հետ համաձայնեցված չափանիշներին։

 

  1. ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
  2. Կենտրոնի հիմնման գործընթացը առավել արդյունավետ կերպով ապահովելու և լավագույն լուծումները ներդնելու նպատակով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Կենտրոնի հզորությունների և անվտանգության չափանիշների սահմանում.

ա) Այս նպատակով առաջարկվում է նախաձեռնել քննարկումներ, ներառելով շահագրգիռ մարմիններին և փորձագետներին։  Քննարկումների ընթացքում կիրականացվի առկա պահանջների և հեռանկարային զարգացման վերաբերյալ վերլուծություն, որի արդյունքում կձևավորվի Կենտրոնի ստեղծման վերաբերյալ միասնական տեսակետ՝ նշելով պահանջները, զարգացման հեռանկարները, ծավալը և այլ հարցեր:

2) Ներդրողների ներգրավման նպատակով քննարկումների վարում.

ա) Ձևավորված միասնական տեսակետի հիմքով քննարկումներ կիրականացվեն ոլորտի առաջատար անդրազգային և տեղական կազմակերպությունների հետ, որի արդյունքում իրենց կառաջարկվի ներկայացնել ծրագրի իրականացման վերաբերյալ իրենց տեսլականը։  Ներկայացված տեսլականների հիման վրա կմշակվի ծրագրի իրականացման մրցութային փաթեթ, և կհայտարարվի բաց մրցույթ։

3) Մրցույթի արդյունքների ամփոփում և հաղթողի ընտրություն.

ա) Հաղթողին ընտրելուց հետո բանակցություններ կվարվեն, համագործակցության ձևաչափը, կենտրոնի տեխնիկական կարողությունները և այլ հարցերը պարզաբանելու և կողմերի պարտավորությունները ճշտելու նպատակով, ինչի արդյունքում կստորագրվի համագործակցության պայմանագիր։

                                                                                                                                                   

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության

2017 թ.  -------------- --- -ի

N     -Ա արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Հ/Հ

Միջոցառումը

Կատարման ժամկետը

Կատարման պատասխանատուներ

Հնարավոր ֆինանսավորման 
աղբյուրը և անհրաժեշտ 
միջոցները

Ակնկալվող արդյունքները

1.

Կենտրոնի հզորությունների և անվտանգության չափանիշների սահմանում

2017 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Ֆինանսվորում չի պահանջում

Քննարկման արդյունքում ձևավորվի Կենտրոնի ստեղծման վերաբերյալ միասնական տեսակետ՝ նշելով պահանջները, զարգացման հեռանկարները, ծավալը և այլ հարցեր

2.

Ներդրողների ներգրավման նպատակով քննարկումների վարում

2018 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Ֆինանսվորում չի պահանջում

Ձևավորված միասնական տեսակետի հիման վրա քննարկումներ իրականացնել ոլորտի առաջատար անդրազգային և տեղական կազմակերպությունների հետ և ձևավորել  վերջիներիս կողմից ներկայացված տեսլականը, որի հիման վրա մշակել ծրագրի իրականացման մրցութային փաթեթ, հայտարարել բաց մրցույթ։

3.

Մրցույթի արդյունքների ամփոփում և հաղթողի ընտրություն

2018 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Ֆինանսվորումչի պահանջում

Մրցույթի արդյունքում համագործակցության պայմանագրի մշակում և ստորագրում

 

 

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության

2017 թ.  -------------- --- -ի

N     -Ն արձանագրային որոշման

ՁԵՎԱՉԱՓ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ գործարար միջավայր ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և համակարգերի միասնական թվայնացմանը։ Այս գործընթացի հրամայականն է տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի հիմնումը և գործարկումը։ Վերջինիս անհրաժեշտությունը բխում է ինչպես ներկայիս միջազգային միտումներից, այնպես էլ Հայաստանում՝ պետական համակարգերի թվայնացման ներկա զարգացումների տրամաբանությունից։
  3. Կենտրոնի հիմնման նախագիծը գրավիչ հնարավորություն կհանդիսանա օտարերկրյա ուղղակի ներդրողների համար, կապահովի լրացուցիչ պետական եկամուտներ, կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հարթակում, կապահովի արտասահմանյան կապիտալի մշտական հոսք դեպի հայկական տնտեսություն, կբարձրանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի գրավչության մակարդակը և համապատասխանաբար տնտեսության ազատության գործակիցը: Կենտրոնը նաև հնարավորություն կտա.

ա) նկատելիորեն կրճատել պետական մարմինների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և շահագործման հետ կապված ներկա ծախսերը,

բ) բարձրացնել պետական ծառայությունների և համակարգերի թվայնացման աշխատանքների արդյունավետությունը,

գ) սահմանել խաղի ընդհանուր կանոններ և ձևավորել որոշակի ստանդարտներ ամբողջ պետական տեղեկատվական համակարգի համար,

դ) առավել արդյունավետ կերպով ապահովել պետական տեղեկատվական համակարգերի անվտանգությունը,

ե) ձևավորել բարենպաստ միջավայր հայկական էլեկտրոնային բովանդակության ստեղծման և համացանցում տարածման համար,

զ) ստեղծել համակարգ, որը քաղաքացիներին ու գործարարներին նոր ծառայություններ մատուցելու հնարավորություն կընձեռի, ինչպես նաև կխթանի տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ուղղությունների զարգացմանը Հայաստանում։

 

  1. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
  2. Տվյալների մշակման կենտրոնը պետք է ձևավորվի հետևյալ սկզբունքներով.

ա) Պետական տեղեկատվական տեխնալոգիաների համակարգի տարածվածություն. յուրաքանչյուր նախարարություն/գերատեսչություն շարունակելու են պլանավորել և կառավարել իրենց համակարգերը,

բ) Համակարգի գործունեության հիմքում ընկած տեղեկատվական տեխնալոգիաների ընկերությունների համար մրցակցային պայմանների ապահովում,

գ) Նախարարությունների և գերատեսչությունների կողմից քաղաքացիներին և ընկերություններին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում։

  1. Անվտանգության անհրաժեշտ մակարդակը և ծառայությունների անխափան տրամադրումը ապահովելու համար նպատակահարմար է հիմնել առնվազն երկու կենտրոն, որոնցից մեկը կլինի հիմնական, իսկ երկրորդը կկատարի պահուստայինի դեր։ Կենտրոնները պետք է լինեն աշխարհագրորեն միմիանցից հեռու նկատի ունենալով անվտանգության պահանջները։
  2. Առաջին կենտրոնը առաջարկվում է հիմնել Երևանում, հաշվի առնելով ենթակառուցվածքների և անհրաժեշտ մասնագիտական ռեսուրսների կուտակումը։ Կենտրոնը հիմնվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ։ Մասնավորապես, պետությունը պարտավորվում է ապահովել հետևյալ գործոնները.

ա) Համապատասխան տարածքի տրամադրում (այս նպատակով դիտարկվում է «ՀՀՌԾ» ՓԲԸ-ի վարչական շենքում գտնվող 1140 քմ. տարածքը),

բ) Անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:

գ) Նպատակահարմարության դեպքում հնարավոր է նաև դիտարկել էլեկտրաէներգիայի տարբերակված սակագնի սահմանում, որի անհրաժեշտությունը կորոշվի մասնավոր ներդրողի հետ բանակցությունների արդյունքում։

  1. Ակնկալվում է, որ մասնավոր ներդրողը կհամալրի կենտրոնը անհրաժեշտ սարքավորումներով, ծրագրային ապահովումով և կիրականացնի կենտրոնի ընթացիկ կառավարումը և զարգացումը։
  2. Կենտրոնը իր գործունեությունը նախատեսում է ծավալել հետևյալ երեք ուղղություններով.

ա) Պետական հատված,

բ) Ծառայություններ մասնավոր հատված,

գ) Ծառայությունների արտահանում:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

ՄԱՍՆԱՎՈՐ

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

 

 8.Պետական հատվածի հետ հետագա համագործակցությունը կարող է իրականացվել երկու հնարավոր ուղղություններով.

ա) Պետությունը հանդիսանում է ծառայությունների գնորդ։  Այս դեպքում անհրաժեշտ է իրականացնել պահանջվող ծառայությունների ծավալի հաշվարկ, որից հետո պետությունը ներդրողից կգնի համապատասխան ծառայություններ։  Ակնկալվում է, որ պետության կողմից ՏՏ նպատակներով ծախսերը զգալիորեն կնվազեն։  Սակայն այս դեպքում կարող է նվազել համակարգի անվտանգությունը, նկատի ունենալով, որ պետությունը չի հանդիսանա համակարգի սեփականատեր։

բ) Պետությունը ներդրողից ձեռք է բերում ծառայությունների անհրաժեշտ ծավալ, որոշակի հավելավճարով, որի չափը առնվազն հավասար է պետության կողմից այդ նպատակներով ներկայումս ծախսվող գումարին։  Այն պահից, երբ վճարած հավելավճարի չափը հավասարվում է ներդրված գումարին, պետությունը դառնում է կենտրոնի համասեփականատեր և շարունակում է տնօրինել իր հատվածը, միաժամանակ եկամուտ ստանալով ամբողջ կենտրոնի գործունեությունից։

  • Քննարկվել է

    09.08.2017 - 31.08.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9145

Տպել