ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ կաշառք ստանալու կամ կաշառք տալու դեպքերի բացահայտման համար էական նշանակություն ունի «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելը: Սույն օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների հիման վրա ստացված տվյալների ապացուցողական նշանակությունը կարևորվում է նրանով, որ այն տրամադրում է արժեքավոր տեղեկատվություն հանցագործության կատարման վերաբերյալ:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող է անցկացվել կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Նույն օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է, որ քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար` բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:
Նախևառաջ վերոշարադրյալից բխում է, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ն չի կարող իրականացվել այնպիսի ենթադրյալ հանցավոր արարքների բացահայտման նպատակով, որոնք կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործություն չեն համարվում: Այլ կերպ ասած` համապատասխան դեպքերում քննարկման առարկա օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելը չի կարող համարվել իրավաչափ:
Ասվածը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկայից առ այն, որ գաղտնի բնույթի վերահսկողական միջոցառումներ իրականացնելիս իշխանության չարաշահումը բացառելու համար որպես նվազագույն երաշխիք պետք է ապահովվի, ի թիվս այլնի, օրենքում այն հանցագործությունների բնույթը հստակ սահմանելը, որոնք կարող են հիմք ծառայել միջամտության թույլտվություն ստանալու համար: Հետևաբար հանցագործությունների շրջանակի տարածական մեկնաբանումը կհանգեցնի նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի իրավունքների և օրինական շահերի խախտման:
Վերոգրյալի համատեքստում ակներև է, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ն չի կարող իրականցվել կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների դեպքում, ինչպիսիք են համարվում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, կամ վերջիններիս ապօրինի վարձատրություն տալու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու հանցագործություները:
Պետք է նշել, որ նման դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը Կ.Ժաժոյանի վերաբերյալ որոշման մեջ՝ արձանագրելով, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ն չի կարող իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայությունը բացահայտելու նպատակով: Նշված դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ հակառակ պարագայում «ապօրինի վարձատրություն ստանալ» և «կաշառք ստանալ» եզրույթները կնույնանան, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է իրականացվել բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար:
Ըստ էության ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու կամ վերջիններիս ապօրինի վարձատրություն տալու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու հանցակազմերը «կաշառք ստանալու» կամ «կաշառք տալու»հանցակազմից տարբերվում են միայն հանցագործության սուբյեկտով և իրենց բովանդակությամբ չափազանց նման են կաշառք տալու և ստանալու հանցակազմերին, մասնավորապես՝ վերջիններս իրենց հանրային վտանգավորության աստիճանով որևէ կերպ չեն զիջում «կաշառք ստանալու» կամ «կաշառք տալու» հանցակազմին, ուստի արդարացված չէ մի դեպքում օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառում նախատեսելը, իսկ մյուսում՝ ոչ:
Բացի այդ, անհրաժեշտ է նշել նաև, որ հիշյալ հանցագործությունները ունեն լատենտային բնույթ և դրանց բացահայտման համար էական դերակատարում կարող է ունենալ տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ-ում կատարված քրեական գործերի 2020 թվականի վիճակագրության համաձայն՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու փաստով բացահայտվել է ընդամենը 10 դեպք:
Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն տալու փաստով 2020 թվականին որևէ դեպք չի գրանցվել:
Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու դեպքերով 2020 թվականին ևս չի գրանցվել որևէ դեպք:
Գործնականում Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման առկայության պայմաններում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները զրկված են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու կամ վերջիններիս ապօրինի վարձատրություն տալու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու հանցագործությունները բացահայտելու նպատակով իրականացնել «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:
Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարել փոփոխություն, որը հնարավորություն կտա «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը անցկացնել նաև ոչ միայն հիշյալ, այլ նաև ՀՀ քրեական օրենսգրքում առկա պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու կամ վերջիններիս ապօրինի վարձատրություն տալու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու հանցագործությունների դեպքում: