Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվում է երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային որոշակի պարտականությունների լիարժեք իրականացման (երեխայի կարծիք արտահայտելու և լսված լինելու, լավագույն շահի առաջնահերթության, ընտանիքում ապրելու և այլն), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության առանձին ձևերի կանոնակարգման, երեխաների բացահայտման, ուղղորդման, երեխաների հետ առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակեցման, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի, իրավական անորոշության, ինչպես նաև տեխնիկական վրիպակների կարգավորման համար:

Հայաստանի Հանրապետության սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ «1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

  1. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  2. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
  3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:»:

Երեխայի իրավունքների սահմանադրաիրավական պաշտպանության ամրագրումը կարևոր քայլ էր Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում, սակայն հետագա քայլերը ոչ բավարար էին՝ ամրագրված դրույթներն ամբողջական իրականացնելու համար: Այս կարգավորումից ակնհայտ է, որ միայն երեխայի տարիքով չէ որոշվում նրա կարծիք արտահայտվելը, այլ պարտադիր է նաև նրա հասունության մակարդակը, որը կարող է անդրադառնալ այդ կարծիքը հաշվի առնելու հանգամանքի վրա:

Երեխաների լավագույն շահն ամրագրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում 2017թ.-ից, երբ լրամշակվեց Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածը: Այդ փոփոխությունից հետո չեն մշակվել հստակ չափորոշիչներ կամ չափանիշներ, որոնք իրավակիրառողի մոտ կձևավորեն հմտություններ երեխայի լավագույն շահը հաշվի առնելու առնչությամբ, ինչը գործնականում տարաբնույթ մեկնաբանման և երեխային վերաբերող որոշ հարցերի առնչությամբ հավելյալ կարգավորումների անհրաժեշտություն առաջացրեց: Ավելին, նույն օրենսգրքում առկա որոշ նորմեր չեն անդրադարձել լավագույն շահի առանձնահատկություններին նախատեսված գործընթացների շրջանակներում՝ փաստացի այդ նորմերը չդարձնելով երեխայազգայուն և երեխայակենտրոն ու խոչընդոտելով այդ նորմի լիարժեք իրականացմանը:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության սահմանադրության 37-րդ և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածները սահմանում են երեխայի լսված լինելու իրավունքը, որի իրականացումը գործնականում ևս բարդություններ է առաջացնում: Առավել ևս, որ այս երկու հոդվածներն ունեն որոշակի հակասություններ, որոնց շտկման առնչությամբ արդեն նախաձեռնվել է սույն օրենսդրական փոփոխությունը:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինն օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի: Սակայն, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում: Այսինքն, ստացվում է, որ տարիքային հատկանիշը որոշ դեպքերում բավարար է կարծիքը հաշվի առնելու համար՝ անտեսելով երեխայի հասունությունը: Ընդ որում, քննարկվող հարցի առնչությամբ այստեղ հիմնականում միայն նշված է երեխայի՝ ծնողներից որևէ մեկի հետ ապրելու և հարազատների հետ շփվելու հարցի առնչությամբ երեխայի կարծիքի հաշվի առնելը:

Եթե երեխան անկախ տարիքից, հասել է զարգացման այն աստիճանին, որ կարող է գիտակցված որոշումներ կայացնել և արտահայտվել, ապա դա պետք է որոշվի՝ երեխայի նկատմամբ անհատական մոտեցում դրսևորելով և նրա անհատական հատկանիշները հաշվի առնելով՝ կշռադատելով երեխայի կարծիքը և այն օգտագործելով երեխային վերաբերող որոշումներ կայացնելիս:

Նման մասնակի, չհամակարգված և դրվագային մոտեցումները չեն ապահովում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և չեն ապահովում երեխայի լավագույն շահի իրացումը պրակտիկայում:

Նախագծում ամրագրված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար ուղղակիորեն մատնանշված այն առաջարկությունները, որոնք առկա են միջազգային կազմակերպությունների զեկույցներում, այլ նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կոնվենցիաների դրույթները: Դրանցից են «Երեխայի իրավունքների մասին» և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիաները, ինչպես նաև դրանց մեկնաբանությունները և ուղեցույցները: Մասնավորապես՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը ստանձնել է հետևյալ պարտականությունները, որոնց իրականացման վերաբերյալ դեռ առկա են բացեր՝

  • Հոդված 3 – երեխայի լավագույն շահերով առաջնորդվելը ցանկացած դեպքում,
  • Հոդված 13 - սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը,
  • Հոդված 21 – որդեգրումից առաջ խնամակալության հանձնելու հարցի հնարավորությունը և այլն:

Վերը նշված իրավանորմերի մեկնաբանությունները տրված են համապատասխան ուղեցույցերում /հոդված 3-ի, 13-ի և այլ հոդվածների վերաբերյալ/:

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև երեխաների առանձին խմբերի՝ առանց ծնողական խնամքի մնացած, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում խնամվող, խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն ստացող, որդեգրման ենթակա և այլն, իրավունքների արդյունավետ պաշտպանությամբ և նրանց մասնակցությամբ տարաբնույթ գործընթացների հստակեցման հետ:

Այսպես, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են այն երեխաները, ում ծնողները մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ծնողական իրավունքները սահմանափակվել են, ծնողները ճանաչվել են անգործունակ կամ անհայտ բացակայող, կամ ովքեր խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից կամ ծնողական խնամքը բացակայում է, և այդ դեպքում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների վրա։

Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության թերություններին և մասնակի արդյունավետ լինելուն անդրադարձել են թե՛ պետական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ միջազգային ու հասարակական կազմակերպությունները: Պատահական չէ, որ 2017թ,-ին Մարդու իրավունքների պաշտպանը՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ իր արտահերթ զեկույցում ամրագրել է բազմաթիվ թերություններ, ներառյալ՝ օրենսդրական: Այս հարցին նույնպես անդրադարձ է կատարվել սույն Նախագիծը:

21.12.2017թ.-ին Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում իրականացված փոփոխությունները բարելավվեցին համապատասխան օրենսդրությունը, սակայն ամբողջությամբ չկարգավորեցին որոշ հարցեր, օրինակ՝ ընտանիքի վերամիավորման, որդեգրման ընթացքում որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի համադրման ընդհանուր պայմանների և փուլերի, որդեգրման և խնամատարության համար խոչընդոտ հանդիսացող պայմանների, որդեգրման դեպքում երեխայի՝ իր ծնողներին ճանաչելու իրավունքի, փաստացի խնամակալությանը և հոգաբարձությանն ու բազմաթիվ այլ հարցերի առնչությամբ:

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, մասնավորապես՝ Երեխայի իրավունքների մասին հռչակագիր, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ, 18-րդ, 21-րդ հոդվածներում, Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրումների բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայի 1-ին, 4-րդ հոդվածներում և այլն։ Երեխայի համար լավագույնն իր կենսաբանական ընտանիքում պատշաճ խնամք և դաստիարակություն ստանալն է: Պետությունը պարտավոր է ապահովել, որ երեխան ստանա պատշաճ դաստիարակություն ու խնամք իր կենսաբանական ընտանիքում, իր կենսաբանական ծնողների հետ, միայն դրա անհնարինության դեպքում պետք է քննարկվեն խնամքի այլընտրանքային ձևերը՝ նախապատվությունը տալով ընտանեկան կապերին փոխարինող այլ ընտանեկան միջավայրում տեղավորելուն։ Խնամքի այդպիսի այլընտրանքային ձևերից են որդեգրումը և խնամատար ընտանիքներում երեխաների խնամքը։

Որդեգրման և խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի ինստիտուտների օրենսդրական կարգավորումները, քաղաքականությունները և պրակտիկան պետք է հիմնվեն այն հիմնական սկզբունքների վրա, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից և միջազգային չափանիշներից։ Օրենսդրական կարգավորումները պետք է լինեն որոշակի՝ կամայականություններից խուսափելու համար, սակայն միևնույն ժամանակ ճկուն՝ ընձեռելով անհատականացման և տարբերակման սկզբունքը կիրառելու հնարավորություն: Այս համամասնությունը երբեմն լուծվում է համապատասխան լիազորող նորմեր սահմանելով:

Բացի այդ, կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ են իրականացվել երեխայի և սոցիալական պաշտպանության ոլորտում, ինչը հանգեցրել է նոր դերակատարների առաջացման, նրանց գործառույթների վերանայման, համագործակցության անհրաժեշտության և այլ հարցերի: Օրինակ, ստեղծվել է միասնական սոցիալական ծառայությունը և դրա տարածքային կենտրոնները, որոնք իրականացնելու են ընտանիքի սոցիալական գնահատումը, որը հաշվի է առնվելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելիս, իսկ այդ հարցին անդրադարձ Հայաստանի Հանրապետության գործող ընտանեկան օրենսդրությունը չի իրականացնում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի, խնամակալության և հոգաբարձության մարմինների և հանձնաժողովների ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնել են գործնական այն խնդիրները, որոնք ի հայտ են գալիս երեխաների պաշտպանության ոլորտում, մասնավորապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, և հատկապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության հարցում: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսդրության վերանայումը պայմանավորված է նաև այն փաստով, որ առկա գործնական բացերը հնարավոր չէ կարգավորել առանց օրենսդրական փոփոխությունների և համապատասխան լիազորող նորմերի նախատեսման, ինչը կհանգեցնի հետագայում համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանների ընդունման կամ վերանայման: 

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը չծանրաբեռնելու, որոշ ընթացակարգային, գործառութային և տեխնիկական հարցեր սահմանելու համար Նախագծում ներկայացվում են համապատասխան լիազորող նորմեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համապատասխան ակտերի ընդունման առնչությամբ, որոշ փոփոխություններ կիրականացվեն արդեն գործող ենթաօրենսդրական ակտերում:

2. Ընթացիկ վիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգն ու պաշտպանության իրացումն էական բարելավումներ է գրանցել վերջին տարիներին, սակայն դրանք ոչ ամբողջական են և երբեմն պահանջում են ճկուն լուծումներ կամ կարգավորումներ:

Երեխայի հիմնարար իրավունքների իրացումը պետք է հանդիսանա երեխայի առօրյան, հետևաբար այնպիսի իրավունքներ ինչպիսիք են երեխայի կարծիք արտահայտելու և լսված լինելու, լավագույն շահի առաջնահերթության, ընտանիքում ապրելու և այլ իրավունքներ պետք է իրականացվեն համատարած, իսկ երեխաների որոշ խմբերի առնչությամբ պետք է մանրամասնվեն առանձնահատկություններ այդ երեխաների անհատական կարիքներից ելնելով իրավունքների իրացումն առավել արդյունավետ դարձնելու համար:

Երեխաների հատուկ խմբեր՝ առանց ծնողական խնամքի մնացած, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում խնամվող, խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն ստացող, որդեգրման ենթակա և այլն, ունենալով հատուկ պաշտպանության կարիք պահանջում են հատուկ իրավակարգավորումներ, երբեմն էապես տարբերավող այն կարգավորումներից, որոնք կիրառվում են բոլոր երեխաների առնչությամբ: Այս կարգավորումները պետք է բխեն երեխայի լավագույն շահից, անհատական կարիքներից ու նրա իրավունքների գերակայությունից:

Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության գործընթացում առկա է հստակ դերաբաշխման հիմնահարց, տեղեկատվության փոխանակման մասնակիություն, որդեգրման գործընթացում օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի միջև անհամապատասխանություն, ինչն անդրադառնում է թե՛ երեխաների որդեգրման, թե՛ խնամատար ընտանիքների վիճակագրության վար: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում 2010-2020թթ.-ի ընթացքում երեխաների որդեգրման վիճակագրությունը հետևյալն է. 2010թ.-ին որդեգրվել է 141 երեխա, 2011թ.-ին` 124, 2012թ.-ին՝ 88, 2013թ.-ին՝ 83, 2014թ.-ին՝ 63, 2015թ.-ին՝ 112, 2016թ.-ին՝ 81, 2017թ.-ին՝ 59, 2018թ.-ին՝ 49, 2019թ.-ին՝ 27, իսկ 2020թ.-ին՝ 33:

Ինչպես երևում է վիճակագրությունից, 2017թ.-ի օրենսդրական փոփոխություններից հետո երեխաների որդեգրման դեպքերն էապես նվազել են և ունեն նվազման միտում: Նվազել են նաև օտարերկրյա որդեգրման դեպքերը, մասնավորապես՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից 2010թ.-ին որդեգրվել է 66 երեխա, 2011թ.-ին` 58, 2012թ.-ին՝ 42, 2013թ.-ին՝ 44, 2014թ.-ին՝ 27, 2015թ.-ին՝ 56, 2016թ.-ին՝ 41, 2017թ.-ին՝ 29, 2018թ.-ին՝ 24, 2019թ.-ին՝ 8, իսկ 2020թ.-ին՝ 1:

Այս վիճակագրությանը զուգահեռ պետք է փաստել, որ երեխաների զգալի մաս իր խնամքն ու դաստիարակությունն է ստանում դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում, ինչը պահանջում է կանոնակարգել նաև այդ հաստատությունների գործունեությունը՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և սահմանելով այդ կազմակերպությունների համար լիցենզավորման գործընթաց՝ սահմանելով նվազագույն չափանիշներ և չափորոշիչներ երեխայի խնամքի և դաստիարակության տրամադրման համար, որը կիրառելի կլինի թե՛ պետական, թե՛ մասնավոր կազմակերպությունների ու հաստատությունների համար:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում խնամակալության և հոգաբարձության մարմինը շարունակում է համագործակցել նրա ծնողի հետ` հնարավորության դեպքում երեխային ծնողներին վերադարձնելու համար: Ըստ էության այլ մարմիններ ևս պետք է ընդգրկված լինեն այդ գործընթացում, և պետք է հստակեցնել, որ մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները և օրինական ներկայացուցիչները՝ օրինակ՝ հաստատության ղեկավարը, նույնպես պետք է ունենա որոշակի դերակատարում:

Հաշվի առնելով համայնքի սոցիալական աշխատողների դերի ընդլայնումը, պետք է պատասխանատվություն սահմանել համայնքի սոցիալական աշխատողի համար, ով աջակցելու է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին որդեգրման և խնամատարության նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, այն դեպքում, երբ ներկայումս նրանք որևէ առնչություն այդ գործընթացին չունեն՝ չնայած հանդիսանում են այդ ընտանիքի հետ մշտական աշխատանքներ իրականացնող մասնագետներ:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը չի սահմանում այն, որ խնամակալության և հոգաբարձության մարմինները բացահայտում են փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, և մինչև նրանց կարգավիճակի ճանաչումն անհրաժեշտ է իրականացնել տարաբնույթ գործողություններ: Հետևաբար, նրանք պետք է օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնեն այդ երեխաների սկզբնական հաշվառումը և, ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքից՝ մարզպետարաններ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան ներկայացնեն այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման վերաբերյալ նախնական եզրակացություն։

Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ միայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար է կազմվում անհատական սոցիալական ծրագիր, այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունն առկա է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բոլոր երեխաների առնչությամբ, հետևաբար պահպանելով համապատասխան լիազորող նորմն այն ընդլայնվելու է, որպեսզի կիրառելի լինի նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բոլոր երեխաների նկատմամբ:

Ծնողական իրավունքների սահմանափակման կամ զրկման հայցը դատարան ներկայացնելը դրվում է մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի վրա, սակայն խնամակալության և հոգաբարձության մարմնից բացի, նաև պարտադիր է երեխայի օրինական ներկայացուցչի, ներառյալ՝ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի մասնակցությունը, որտեղ ժամանակավորապես գտնվում է երեխան: Բացի այդ, ծնողական իրավունքից զրկման համար հիմք են այն դեպքերը, երբ ծնողը տառապում է քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ կամ քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նման կարգավորումը հնարավորություն չի ընձեռում անհատական մոտեցում դրսևորել և խարանում է քրոնիկ հոգեկան հիվանդություն ունեցող անձանց, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, այդ իսկ պատճառով Նախագծով նախատեսվում է այդ հիմքերը դիտել որպես ծնողական իրավունքի սահմանափակման հիմք, որից հետո, եթե անձը չփոխի իր վարքագիծն ու վերաբերմունքը երեխայի նկատմամբ՝ միայն այդ դեպքում անձին հնարավոր կլինի զրկել ծնողական իրավունքից:

Ծնողական իրավունքների չարաշահման տարբեր դրսևորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հստակեցնել, որ ծնողական իրավունքները սահմանափակված ծնողն ունի երեխայի հետ կապ ունենալու արգելք, որը կարող է վիճարկել դատական կարգով։ Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ։

Քանի որ փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման հիմնական գործառույթն իրականացվում է համայնքում, ապա անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական ամրագրումը, որ այդ երեխաների հայտնաբերման պատասխանատուն համայնքի սոցիալական աշխատողն է, ում այդ հարցում աջակցում են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ և դրանց պաշտոնատար անձինք:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, հատկապես՝ առանց ծնողական խնամքի մնացած, երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տեղեկատվության ուղղորդման մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում համակարգված, իսկ որոշ դեպքերում` նաև կարգավորված չեն, և իրականացվում են այնքանով, որքանով դրանք առնչվում են կոնկրետ դերակատարների հիմնական գործառույթներին: Այդ ամենը հանգեցնում է երեխայի իրավունքների պաշտպանության նվազ արդյունավետությանը, խախտման դեպքերի չբացահայտելուն, իսկ բացահայտման դեպքում այն կարող է չստանալ պատշաճ ուղղորդում և արձագանք, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ամրագրել համապատասխան կարգը սահմանող լիազորող նորմ, իսկ կարգը հետագայում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը դեռ կազմակերպվում է դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում, որոնց ծառայություններից դեռ ամբողջությամբ հրաժարվել հնարավոր չէ, իսկ հաշվի առնելով, որ փակ և կիսափակ հաստատություններում երեխաները կարող են ենթարկվել բռնության, շահագործման, չարաշահման, ներառյալ՝ սեռական, նրանց իրավունքները կարող են ոտնահարվեն, չապահովվեն դրանց նվազագույն շեմերը և առհասարակ վտանգ ստեղծվի երեխայի կյանքի և առողջության համար, օրենքով սահմանված կարգով պետք է սահմանվի երեխայի խնամքի և դաստիարակության լիցենզավորման գործընթաց բոլոր այն կազմակերպությունների համար, ներառյալ՝ մասնավոր և բարեգործական, որոնք տրամադրում են երեխայի խնամքի և դաստիարակության ծառայություններ: Այս հարցը խիստ կարևոր է երեխաների բարօրության տեսանկյունից, և անտրամաբանական է, որ կրթական ցանկացած ծառայություններ մատուցող կազմակերպությունները, ներառյալ՝ նախակրթարանները պետք է ստանան համապատասխան լիցենզիա, իսկ երեխայի խնամք և դաստիարակություն իրականացնողները՝ ոչ:

Օրենսդրորեն ընդլայնվելու են այն հանցագործությունները, որոնք խոչընդոտելու են որդեգրմանը կամ խնամատարությանը: Ավելին շեշտվելու է, որ եթե անձը դատապարտվել է մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, նա չի կարողանա հանդիսանալ որդեգրող կամ խնամատար ծնող: Այս փոփոխությունը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2022 թվականի հուլիսի 1-ից: Այսինքն այն օրվանից, երբ ուժի մեջ է մտնելու 2021թ.-ի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որը դատվածության մարմամբ կամ հանմամբ վերացնում է միայն քրեաիրավական հետևանքները: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գործող խմբագրությունը սահմանում է, որ դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները, իսկ այլ սահմանափակումները թողնում ոլորտային օրենսդրական կարգավորումներին (ներկա դրությամբ էլ դատվածության հանելը կամ մարելն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու՝ դատավորի, դատախազի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոններ զբաղեցնելու համար):

Բացի այդ, դատվածություն չունեցող անձի կողմից երեխա որդեգրելու գործընթացը պետք է դադարեցվի, եթե մինչև որդեգրման մասին վճռի կայացումը կամ խնամատարության պայմանագրի կնքումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձի կամ խնամատար ծնողի ընտրությունը, հաշվառումը, որակավորումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:

 Երեխայի որդեգրման և որդեգրման գործընթացի գաղտնիքն արդյունավետորեն պաշտպանելու համար վերանայվում է այդ գաղտնիքը կրող անձանց շրջանակը՝ սահմանելով համապատասխան տեղեկատվություն հրապարակելու արգելքը:

Սահմանափակվում է կենսաբանական ծնողի մասնակցությունը խնամատարության պայմանագրի կնքման գործընթացում, և ի թիվս առկա սահմանափակումների ավելացվում է, որ պայմանգրի կողմ չի հանդիսանում այն ծնողը, ով դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում, կամ եթե երեխան գտնվում է դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում:

Հաշվի առնելով խնդիրների և բացերի բազմազանությունը՝ դրանց լուծումները կներկայացվեն հաջորդիվ՝ ելնելով նաև կարգավորման նպատակից և բնույթից:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի միջոցով կկարգավորվեն վերը նշված և այլ օրենսդրական բացերն ու կիրականացվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացում, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվեն տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները:

Մասնավորապես Նախագծով նախատեսվում են հետևյալ կարգավորումները՝

  1. Համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը միջազգային օրենսդրությանը՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, օրինակ՝ կարծիք արտահայտելու և լսված լինելու իրավունքը՝ որոշ դեպքերում չսահմանափակվելը 10 տարեկան լինելով՝ առանց հաշվի առնելու նրա հասունության աստիճանը,
  2. Ամրագրել երեխայի լավագույն շահերի պարտադիր ապահովումը նրան վերաբերող որոշ հարցերում, ներառյալ՝ որդեգրման ու խնամատարության դեպքում, ոչ թե դեկլարատիվ հայտարարելով, որ երեխայի շահն առաջնային է, այլ սահմանելով համապատասխան նորմեր, օրինակ՝ համադրման փուլերը, երեխայի անվան ընտրությունն իր համաձայնությամբ և այլն,
  3. Սահմանել որդեգրման դեպքում համադրման ընդհանուր դրույթներ, երկու փուլեր և որոշ այլ կարգավորումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ դրանք հետագայում առավել մանրամասնելու նպատակով,
  4. Սահմանել, որ քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ կամ քրոնիկ հոգեկան հիվանդություններով տառապելը, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, չպետք է հիմք հանդիսանա միանգամից ծնողական իրավունքներից զրկման համար, այլ պետք է նախևառաջ հանգեցնի ծնողական իրավունքի սահմանափակման, որից հետո, եթե անձը չփոխի իր վարքագիծն ու վերաբերմունքը երեխայի նկատմամբ՝ զրկել այդ իրավունքից,
  5. Ամրագրել, որ ծնողական իրավունքներում սահմանափակված անձին կարելի է զրկել երեխայի հետ կապ հաստատելուց (տեսակցելուց), եթե այդ շփումն ու կապը չեն բխում երեխայի լավագույն շահից,
  6. Փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման հիմնական պատասխանատու սահմանել համայնքի սոցիալական աշխատողին, հետևաբար՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառումը՝ համապատասխան տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ, որը հասանելի է լինելու մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին,
  7. Ամրագրել լիազորող նորմ, որով կսահմանվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունն ու երեխաների ու նրանց վերաբերյալ տեղեկատվության ուղղորդման կարգը,
  8. Սահմանել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում կազմակերպելու համար օրենքով սահմանված կարգով լիցենզավորման կարգ՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելով այլ իրավական ակտերում,
  9. Երեխայի որդեգրման և որդեգրման գործընթացի գաղտնիքն արդյունավետորեն պաշտպանելու համար վերանայել այդ գաղտնիքը կրող անձանց շրջանակը, սահմանել համապատասխան տեղեկատվություն հրապարակելու արգելքը,
  10. Սահմանափակել կենսաբանական ծնողի մասնակցությունը խնամատարության պայմանագրի կնքմանը, եթե ծնողը դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում կամ եթե երեխան գտնվում է դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում,
  11. Սահմանել, որ երեխան խնամատարության չհանձնվի, եթե նրա խնամքի և դաստիարակության առավել նախապատվելի տարբերակն է որդեգրումը՝ ելնելով նրա լավագույն շահից, ինչպես նաև եթե ակտիվորեն իրականացվում է կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման գործընթացը,
  12. Հստակեցնել որդեգրման և խնամատարության նկատմամբ վերահսկողության որոշ առանձնահատկություններ,
  13. Մանրամասնվել է երեխայի կարծիքը գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ ներկայացնելը և այն, որ երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմինները և կազմակերպությունները, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը կամ պետք է լսեն այդ կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան, մանկավարժ կամ սոցիալական աշխատողի,
  14. Սահմանվում է, որ դատարանը ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում կարող է անդրադառնալ նաև որոշ հարցերին (ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելու հարցին, ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու դեպքում երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս նրա իրավունքների և պարտականությունների շրջանակին, ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հարցին, ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և նրան բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու հարցին),
  15. Նախատեսվում է որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի գործունեությունը, դրա կողմից երեխայի առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրման կարգը և գործառույթները հաստատվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,
  16. Առանձնացվել է օտարերկրյա որդեգրման առանձնահատկությունները՝ սահմանելով «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի որոշ լիազորություններ և ամրագրելով լիազորող նորմ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատելու է օտարերկրյա որդեգրման այլ առանձնահատկությունները, հավատարմագրված կազմակերպությունների ընտրության, դրանց ներկայացվող պահանջների, հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեության կարգը,
  17. Սահմանվել է օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար հավատարմագրված կազմակերպությունններին ներկայացվող պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմին ներկայացվող փաստաթղթերը, այդ մարմնի կողմից կիրառվող սահմանափակումները, ինչպես նաև հավատագրման կասեցման կամ դադարեցման դեպքերը և այլ հարցեր,
  18. Սահմանվել է փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը և այն, որ համայնքի սոցիալական աշխատողը, փաստացի առանց ծնողական խնամքի երեխա հայտնաբերելու դեպքում նրան ուղեկցում է խնամքի և դաստիարակության աջակցության կամ ժամանակավոր խնամքի կենտրոն, որի ղեկավարը ստանձնում է երեխայի փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը, կամ կազմակերպում է երեխայի խնամքը ճգնաժամային խնամատար ընտանիքում,
  19. Իրավական որոշակիություն մտցնել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում,
  20. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման ժամկետը սահմանվել է 18 ամիս,
  21. Ապահովվել կիրառվող եզրույթների միասնականությունը, վերացնել տեխնիկական վրիպակները և այլն:

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և լրացումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որում նախատեսվում է որդեգրման վարույթի առանձնահատկություններ, և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որտեղ սահմնվում է, որ դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելը հնարավոր կլինի միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: Վերը նշված երկու օրենսդրական փոփոխությունները և լրացումները նույնպես ներկայացվում են սույն Նախագծին կից:

Այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

Նախագիծն ընդունելուց հետո վեցամսյա ժամկետում ընդունվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության այն որոշումները և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանները, որոնք բխում են սույն Նախագծից:

Իրականացվելու են նաև համապատասխան փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության առակա որոշումներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններում:

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների մասնակցությամբ:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, բարելավել երեխայի մասնակցությամբ պրակտիկան, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն երեխայի որդեգրման և խնամատարության որոշ հարցեր, ինչպես նաև կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:

 

 

 

  • Քննարկվել է

    08.07.2021 - 26.07.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7055

Տպել

Առաջարկներ`

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ

26.07.2021

Նախագծի 4-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները թեև մեկ քայլ առաջ են գործող իրավակարգավորման համեմատ, սակայն խտրական են այնքանով, որ ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողական պարտականությունները կատարելու անկարողության կամ երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը վտանգելու հիմքով կապում են անձի՝ ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության և հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու հետ։ Այսպիսով, անձի հոգեկան և ֆիզիկական առողջությունը ներկայացվում է որպես ծնողական իրավունքների սահմանափակման հիմք, ինչը հակասում է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվեցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններին (տես՝ https://www.ohchr.org/Documents/Issues/Disability/SDG-CRPD-Resource/IndicatorsPDF/article-23-indicators-en.pdf) և ՄԻԵԴ նախադեպային իրավունքից (տես՝ մասնավորապես CÎNȚA v. ROMANIA գործով ՄԻԵԴ որոշումը)։ Հաշվի առնելով նաև ՀՀ առկա համակարգային խնդիրները երեխայի լավագույն շահը որոշելու, խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության առումով, առաջարկում ենք․ Նախագծի 4-րդ հոդվածից հանել "1) ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության պատճառով, 2) հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու պատճառով։" նախադասությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.07.2021

Նախագծի 4-րդ հոդվածի՝ ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ կարգավորումը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 5-րդ և 23-րդ հոդվածներին։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով»։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ հավասարության և անխտրականության մասին ընդհանուր մեկնաբանություն 6-ում (CRPD/C/GC/6) նշում է. «Հաշմանդամություն ունեցող ծնողները հաճախ դիտվում են որպես անկարող իրենց երեխաների մասին հոգ տանելու տեսանկյունից: Երեխային ծնողներից բաժանելը երեխայի կամ ծնողների կամ երկուսի հաշմանդամության հիմքով խտրականություն է և խախտում է 23-րդ հոդվածը»։ Կոմիտեն Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (CRPD/C/ARM/CO/1) իր մտահոգությունն է հայտնել Ընտանեկան օրենսգրքի դրույթների վերաբերյալ, «որով տարբեր խանգարումներ ունեցող մարդիկ չեն կարող որդեգրել երեխաներ, ստանձնել ծնողական իրավունքներ, ինչպես նաև, որ այն խոչընդոտում է անգործունակ ճանաչված մարդկանց ամուսանանալ»։ Կոմիտեին մտահոգել է նաև այն, որ բացակայում են հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին տրամադրվող ծառայությունները։ Կոմիտեն Հայաստանին առաջարկել է «ձեռնարկել միջոցներ (ներառյալ օրենսդրության ուժը կորցրած ճանաչելը), որոնք անհրաժեշտ են վերացնելու համար ամուսնության, ընտանիքի և ծնողական իրավունքների մասով խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ»: Հաշվի առնելով փոփոխությունների այս հնարավորությունը՝ առաջարկում ենք նախագծից ոչ միայն հանել 4-րդ հոդվածի՝ խանգարման հիմքով սահմանափակում նախատեսող դրույթը, այլ նաև Ընտանեկան օրենսգիրքը կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով վերանայել նախագիծը կամ լրացնել հաշմանդամություն ունեցող ծնողների նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների վերաբերյալ դրույթներով։

Karine Badalyan

21.07.2021

1. 134.1 հոդվածի 1-ին կետում <<կարող է սահմանվել փաստացի խնամակալություն և հոգաբարձություն>> բառերից հետո առաջարկում եմ ավելացնել՝ <<համաձայն սույն հոդվածի 2-րդ կետի>> բառերը։ 2-րդ կետից եզրակացնում ենք, որ մինչև փաստաթղթավորումը երեխան կարող է գտնվել միմիայն պետության խնամքի ներքո՝ այսինքն՝ աջակցության կամ խնամքի կենտրոնում կամ կարող է հանձնվել ճգնաժամային խնամատարության։ 2. Առաջարկում եմ 134․1 հոդվածի 2-րդ կետում <<փաստացի առանց ծնողական խնամքի>> բառերից հետո ավելացնել <<մնացած՝ այդ թվում ընկեցիկ >> բառերը։

Տեսնել ավելին