ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.«Համատիրության մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-333 օրենքի (այսուհետև՝ Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում՝
- գ) ենթակետից հանել «, եթե համատիրության կանոնադրությամբ սույն լիազորությունները վերապահվել են վարչությանը» բառերը։
- «ե» պարբերությունից հետո լրացնել նոր՝ հետևյալ խմբագրությամբ պարբերություններով․
«զ) հաստատում է համատիրության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,
է) hամատիրության կառավարչի գործունեության կասեցման դեպքում նշանակում է ժամանակավոր կառավարիչ, որն իրավասու է իրականացնելու սույն օրենքով կառավարչին վերապահված լիազորությունները։
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21․ Համատիրության գործունեության մասին հաշվետվությունը
- Համատիրությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է գործունեության մասին տարեկան հաշվետվություն, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.
1) Համատիրության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում).
2) նախագահի, կառավարչի անունը ազգանունը.
3) համատիրության անդամների քանակը
4) հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը.
5) հաշվետու տարվա ընթացքում հրավիրված վարչության նիստերի քանակը
6) տարեկան մուտքերի (դրամական և (կամ) գույքային) ընդհանուր գումարը.
7) օգտագործված և/կամ ծախսված դրամական միջոցների չափը.
8) հաշվետու տարվա վերջի դրությամբ դրամական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն
9) վարձու աշխատողների թիվը
10) համատիրության մեջ ընդգրկված շենքերի, շինությունների քանակը և դրանց հասցեները
- Համատիրությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 15-ը, Համատիրությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի (այսուհետև՝ Համակարգ) անձնական էջի միջոցով և իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:
- Համատիրությունը Համակարգի անձնական էջում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի չի լրացնում, իսկ դրանց վերաբերող փոփոխությունները ինքնաշխատ եղանակով թարմացվում են:
- Համատիրությունների կողմից Համակարգի անձնական էջում հաշվետվությունը հաստատելու դեպքում, այն հրապարակվում է Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am), որը հասանելի է յուրաքանչյուրին:
- Սույն հոդվածով նախատեսված հաշվետվության ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետև՝ Լիազոր մարմին):
- Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը պահպանվում է Համատիրության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:»
Հոդված 4․ Օրենքը լրացնել նոր 21.1-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 21.1․ Համատիրության գործունեության վերահսկողությունը
- Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լիազոր մարմինը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:
- Համատիրության կողմից սույն օրենքի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել համատիրության ձեռնարկած միջոցառումներով, Լիազոր մարմինը համատիրությանն առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները:
3․ Համատիրությունը պարտավոր է սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի պատճառաբանված պահանջով և սահմանված ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր.»
Հոդված 5․ Օրենքը լրացնել նոր 31.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 31.1 Համատիրության գործունեության կասեցումը
- Համատիրության կառավարչի գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել Լիազոր մարմնի որոշմամբ: Լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված` նշելով այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի խախտումը հիմք է Համատիրության կառավարչի գործունեությունը կասեցնելու համար։
- Լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնելու Համատիրության կառավարչի գործունեությունը, եթե առկա է օրենքի կոպիտ խախտում.
- Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով` կոպիտ խախտում է համարվում՝
1) սույն օրենքի 21.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում խախտումները չվերացնելը.
2) սույն օրենքի 21.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` Լիազոր մարմնի պահանջը չկատարելը.
3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը:
- Կասեցման հիմքերը վերացնելու նպատակով Լիազոր մարմինը սահմանում է ժամկետ: Համատիրության կառավարչի կողմից կասեցման հիմքերը վերացվելու վերաբերյալ ապացույցները ներկայացվում են Լիազոր մարմին: Լիազոր մարմինը որոշում է կայացնում Համատիրության կառավարչի գործունեության կասեցումը վերացնելու մասին, եթե ներկայացված ապացույցների հիման վրա եզրահանգման է գալիս կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու մասին:
5․ Լիազոր մարմնի կողմից Համատիրության կառավարչի գործունեությունը կասեցված լինելու ժամանակատվածում Համատիրության կառավարումը իրականացվում է է վարչության կամ ժողովի որոշմամբ նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից։»
Հոդված 6․ Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր 3․1 և 3․2 մասերով հետևյալ բովանդակությամբ.
«3․1. Լիազոր մարմինը Համատիրության հարկադիր լուծարման պահանջով կարող է դիմել դատարան, եթե` Համատիրության կառավարչի գործունեությունը սույն օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցվել է և կասեցման ժամանակահատվածում կասեցման հիմքը չի վերացվել։
«3․2. Լիազոր մարմնի` Համատիրության հարկադիր լուծարման պահանջը պետք է լինի պատճառաբանված` նշելով այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի խախտումը հիմք է Համատիրության լուծարման համար, ինչպես նաև ներկայացնելով խախտման փաստը հաստատող ապացույցներ:»
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«4․ Մինչև սույն օրենքով նախատեսված՝ համատիրությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի շահագործումը, համատիրությունների կողմից հաշվետվությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/) :»
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: