ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկավորման բնագավառում պետական հովանավորչական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ, որը թելադրվում է առևտրային բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքներով, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ գյուղատնտեսությունում բազմաթիվ տնտեսավարողների գործունեության համար:
Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման արդյունավետ միջոցներից է գյուղատնտեսությունում տնտեսավարողների վարկավորման մատչելիության բարձրացումը և վարկավորման պայմանների բարելավումը: Գյուղատնտեսական մթերքների արտադրության, մթերման, վերամշակման, գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, արտադրական կարողությունների ընդլայնման, նոր արդիական տեխնոլոգիաների կիրառման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խիստ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնական և շրջանառու միջոցներ: Դրա ապահովման արդյունավետ մեխանիզմներից է նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման միջոցով վարկերի մատչելիության բարձրացումը: Վերջինս հնարավորություն կընձեռի ընդլայնել գյուղացիական տնտեսությունների կարողությունները, բարձրացնել ոլորտի մրցունակությունը, նպաստել գյուղական համայնքների ամրապնդմանը, բարելավել գյուղական բնակչության կենսապայմաններն ու կյանքի որակը, բարձրացնել երկրի պարենային անվտանգության մակարդակը:
Ոլորտին տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացման ներկայիս գործող ծրագրերում կիրառվող մեխանիզմները և պայմանները հնարավորություն են տալիս լուծելու միայն գյուղատնտեսությունում տնտեսավարողների ընթացիկ խնդիրներ:
Ներկայումս խնդիր է վարկավորման պայմանների, մասնավորապես՝ վարկավորման ժամկետների, տրամադրվող վարկի գումարի ավելացման, սուբսիդավորվող տոկոսադրույքի մեծածցմամբ ապահովել՝
- վարկերի մատչելիության մակարդակի էլ ավելի բարձրացումը,
- վարկերի նպատակաուղղումը տնտեսությունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, տնտեսավարողների ուսուցմանը,
- վարկառու տնտեսությունների հաշվառումը (ռեգիստրի վարումը),
- տրամադրվող վարկերի արդյունավետության գնահատումը:
Նշված պայմանների ապահովումն էլ պայմանավորել է վարկիերի տոկոսադրույքների սուբսիդավորման ներկայիս ծրագրի վերանայումը և նոր մեխանիզմներով ծրագրի իրականացումը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները: Ներկայումս գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և հողաբաժինների մասնատվածությունը, խոշոր ապրանքային տնտեսությունների ցածր տեսակարար կշիռը, գյուղատնտեսությունում գործող տնտեսավարողների համատեղ գործունեության ոչ բավարար ընթացքը, արտադրական և շուկայական (ֆինանսական) ենթակառուցվածքների թերզարգացվածությունը: Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրներից է նաև տնտեսավարողների վարկավորման մատչելիության ցածր մակարդակը:
Առևտրային բանկերի կողմից հիմնականում տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով, դրանք գրեթե անմատչելի են արտադրատեխնիկական բարդ պայմաններ ունեցող և իրացման դժվարություններ ունեցող բազմաթիվ տնտեսավարողների համար, ուստի պետական հովանավորչական քաղաքականության իրականացումն անհրաժեշտ պայման է հանդիսանում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների հզորացման, արտադրության ծավալների ընդլայնման և գյուղատնտեսական արտադրության մրցունակության բարձրացման համար։ Դրա հետ մեկտեղ կարևորագույն խնդիր է վարկերի նպատակայնության մակարդակի բարձրացումը, վարկերի գումարի և վարկավորման ժամկետների ավելացման միջոցով դրանց նպատակաուղղումը տնտեսությունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսավարողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի» համաձայն հանրապետությունում 2011 թվականի ապրիլի 1-ից իրականացվել է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: Տրամադրվել են հայկական դրամով 14 % տոկոսադրույքով վարկեր մինչև 3.0 մլն դրամ գումարով 2 տարի մարման ժամկետով: Սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին, իսկ հանրապետության առավել կարիքավոր թվով 225 համայնքների վարկառունների վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը: Սկսած 2015 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 349-Ն որոշմամբ հանրապետության բոլոր համայնքների համար սահմանվել է տոկոսադրույքների 6 տոկոսային կետին համարժեք մասի սուբսիդավորում:
Յուրաքանչյուր տարի ծրագիրն իրականացվել է երկու փուլով հանրապետության բոլոր համայնքներում: Ինչպես մայր գումարի մարման, այնպես էլ տոկոսադրույքի վճարման համար արտոնյալ ժամկետ է սահմանվել առնվազն 6 ամիս: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 127.5 հազար միավոր վարկ 106.4 մլրդ դրամ գումարով: Սուբսիդավորված գումարը կազմել է շուրջ 5.1 մլրդ դրամ:
Կարգավորման նպատակը և բնույթը: Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և արդյունքում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանումն ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցումը:
Ծրագրով ներկայացվում են դրա իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխա-տակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորություններ կապահովվեն ագրոտեխնիկական պահանջների կատարման, անասնապահությունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունավետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման, տնտեսությունների խոշորացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար.
Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է: