ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___2021 թվականի N - Ա
««ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հավանություն տալ ««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
- Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1111 հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 1112-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ համարվում են, մասնավորապես՝
1) գրական ստեղծագործությունները (պատմվածք, վեպ, վիպակ, էսսե, բանաստեղծություն և այլն).
2) համակարգչային ծրագրերը, որոնք պահպանվում են ինչպես գրական ստեղծագործությունները.
3) գիտական ստեղծագործությունները (գիտական հոդված, զեկույց, դասախոսություն, աշխատություն և այլն).
4) դասախոսությունները, ելույթները, քարոզները, ուղերձները և նմանատիպ այլ ստեղծագործություններ.
5) տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
6) պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները.
7) դրամատիկական և երաժշտա-դրամատիկական ստեղծագործությունները (պիես, օպերա, օպերետա, բալետ, լիբրետո և այլն).
8) լուսանկարչական և նման միջոցներով ստացված ստեղծագործությունները.
9) տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը).
10) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
11) ճարտարապետական ստեղծագործությունները, այդ թվում` քաղաքաշինական և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
12) դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ստեղծագործությունները.
13) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, ճարտարապետությանը և այլ բնագավառներին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները, եռաչափ ներկայացումները և այլն.
14) գիտական, ուսումնական կամ այլ բնույթի զեկույցները, շնորհանդեսները և այլն.
15) այլ ստեղծագործությունները, որոնք բավարարում են օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 1113-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1113. Ստեղծագործությանմասերը, ածանցյալ և կազմածո ստեղծագործությունները
- Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝ սույն օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող ստեղծագործությունների մասերը, դրանց անվանումները, ածանցյալ և կազմածո ստեղծագործությունները, մասնավորապես՝
1) այլ ստեղծագործությունների վերամշակումները (մշակումները, անոտացիաները, ռեֆերատները, ամփոփումները, տեսությունները, բեմականացումները, դաշնակումները և գիտության, գրականության ու արվեստի այլ նմանատիպ ստեղծագործությունները).
2) թարգմանությունները.
3) տվյալների բազաները և այլ կազմածո ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության և (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են:
- Ածանցյալ ստեղծագործությունները պահպանվում են հեղինակային իրավունքով` անկախ այն ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հանգամանքից, որի վրա դրանք հիմնված են կամ որը ներառում են:»:
Հոդված 4. Օրենսգրքի 1114-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 3-րդ կետում «ժողովրդական բանահյուսության և արվեստի» բառերը փոխարինել «ֆոլկլորի» բառով.
- 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 5. Օրենսգրքի 1117-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Հոդված 1117. Համահեղինակներ
- Եթե երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործությունը կազմում է անբաժանելի ամբողջություն, այդպիսի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է այդ անձանց համատեղ (համահեղինակներ)։
- Համահեղինակությամբ ստեղծված և անբաժանելի ամբողջականություն համարվող ստեղծագործության նկատմամբ իրավունքների կառավարումը պատկանում է բոլոր համահեղինակներին համատեղ: Ընդ որում համահեղինակներից ոչ մեկը չի կարող մերժել իր համաձայնությունը ստեղծագործության օգտագործման համար, եթե չի ներկայացրել դրա օգտագործման ոչ նպատակահարմարության մասին հիմնավոր պատճառաբանություն, կամ չի կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք որևէ կերպ վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել մյուս համահեղինակների շահերին:
- Ստեղծագործության օգտագործումից ստացվող օգուտները համահեղինակների միջև բաշխվում են նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան: Պայմանագրի բացակայության դեպքում բաշխումը կատարվում է ստեղծագործության ստեղծման գործում նրանցից յուրաքանչյուրի իրական ներդրմանը համապատասխան: Եթե հնարավոր չէ որոշել համահեղինակներից յուրաքանչյուրի իրական ներդրումը, ապա բաշխումը կատարվում է համահավասար։»:
Հոդված 6. Օրենսգրքի 1121-րդ հոդվածում՝
- 2-րդ մասի 1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու, ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակության իրավունք).».
- 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ստեղծագործությունը քաղաքացիական շրջանառության մեջ դնելու իր ընդունած որոշումից հրաժարվելու՝ (հետկանչի իրավունք), եթե տվյալ ստեղծագործությունն այլևս չի համապատասխանում իր համոզմունքներին, կամ քաղաքացիական շրջանառության շարունակումը բացասական ազդեցություն կունենա իր հեղինակության վրա, պայմանով, որ նա կհատուցի ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները: Սույն կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տվյալների բազաների, տեսալսողական ստեղծագործությունների, կազմածո ստեղծագործությունների, կոլեկտիվ ստեղծագործությունների և ծառայողական ստեղծագործությունների վրա:»:
Հոդված 7. Օրենսգրքի 1124-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես՝
1) Ստեղծագործության նյութականացված ձևով օգտագործումը, որը ներառում է՝
ա. ստեղծագործության վերարտադրությունը (վերարտադրության իրավունք).
բ. ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).
գ. ստեղծագործության վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունքը).
դ. ստեղծագործության փոխատվությունը (փոխատվության իրավունք):
2) Ստեղծագործության ոչ նյութականացված ձևով օգտագործումը (հանրությանը հաղորդում), որը ներառում է՝
ա. ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).
բ. ստեղծագործության հաղորդումը հանրությանը հնչյունագրի կամ տեսագրության միջոցով (հանրությանը հաղորդելու իրավունք հնչյունագրի կամ տեսագրության միջոցով).
գ. ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).
դ. ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).
ե. ստեղծագործության վերահեռարձակումը և մալուխով վերահաղորդումը (վերահեռարձակման և մալուխով վերահաղորդման իրավունք).
զ. ստեղծագործության երկրորդային հեռարձակումը (երկրորդային հեռարձակման իրավունք).
է. ստեղծագործության մատչելի դարձնելը հանրությանը (հանրությանը մատչելի դարձնելու իրավունք):
3) Ստեղծագործության վերափոխված ձևով օգտագործումը, որը ներառում է ստեղծագործության թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք):
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հեղինակն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների տարածումը Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք հեղինակի կողմից կամ նրա համաձայնությամբ քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր:»:
Հոդված 8. Օրենսգրքի 1129-րդ հոդվածի 4-րդ մասում «ֆիլմերի» բառը փոխարինել «տեսագրությունների» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 1132-րդ հոդվածի 2-րդ մասում «հեղինակության իրավունքը» բառերից հետո հանել «, անվան իրավունքը» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 1133-րդ հոդվածում՝
- 2-րդ մասի «հեղինակության իրավունքը,» բառերից հետո հանել «անվան իրավունքը,» բառերը.
- 3-րդ մասի «հեղինակության իրավունքի,» բառերից հետո հանել «անվան իրավունքի,» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 1135-րդ հոդվածի 1-ին մասում «պայմաններ» բառից հետո հանել «, որոնք կողմերը կհամարեն էական» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 1139-րդ հոդվածի 1-ին մասում «ֆիլմերի ամրագրումների,» բառերը փոխարինել «տեսագրությունների» բառով:
Հոդված 13. Օրենսգրքի 1140-րդ հոդվածում՝
- 1-ին մասի «ֆիլմի առաջին ամրագրման» բառերը փոխարինել «տեսագրության» բառով.
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տեսագրության նկատմամբ իրավունքը պատկանում է տեսագրություն արտադրողին:»:
Հոդված 14. Օրենսգրքի 1141-րդ հոդվածում՝
- վերտառության «Հնչյունագիր» բառից հետո լրացնել «և տեսագրություն» բառերը.
- 1-ին մասի «Հնչյունագիր արտադրողների» բառերը փոխարինել «Հնչյունագիր կամ տեսագրություն արտադրողները» բառերով, իսկ «է դրվել» բառերը փոխարինել «են դրվել» բառերով.
- 1-ին մասի 3-րդ կետում «հնչյունագրի» բառից հետո լրացնել «կամ տեսագրության» բառերը:
Հոդված 15. Օրենսգրքի 1142-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կատարողի գույքային իրավունքները ծագում են կատարման պահից և գործում են 50 տարի։ Սակայն,եթե`
1) կատարման ամրագրումը, բացի հնչյունագրում ամրագրվածից, այդ ժամանակահատվածում օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ օրինական ճանապարհով հաղորդվել է հանրությանը, ապա պահպանության ժամկետը գործում է առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը հաղորդելու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) ` 50 տարի։
2) հնչյունագրում ամրագրված կատարումը օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ օրինական ճանապարհով հաղորդվել է հանրությանը այդ ժամանակահատվածում, ապա պահպանության ժամկետը գործում է առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը հաղորդելու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) ` 70 տարի։».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները գործում են ամրագրման պահից և գործում են 50 տարի։ Սակայն եթե`
1) այդ ժամանակահատվածում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս է ընծայվել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները գործում են 70 տարի` առաջին այդպիսի լույսընծայման պահից.
2) սույն մասի 1-ին կետում նշված ժամկետում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս չի ընծայվել, սակայն օրինական ճանապարհով հաղորդվել է հանրությանը, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները գործում են 70 տարի` առաջին անգամ հանրությանը հաղորդելու պահից։».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Տեսագրություն արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի։ Եթե այդ ժամանակահատվածում տեսագրությունն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հաղորդվել է հանրությանը, ապա տեսագրություն արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը հաղորդելու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։