Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Քննիչների գործունեության անկախությունն ու ինքնուրույնությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ քննիչներն իրականացնում են կիսադատական (կվազիդատական) գործառույթ, մասնավորապես՝ քրեական գործի վարույթը կարճելով (ինչը ենթադրում է նրանց ինքնուրույնության և անկախության լրացուցիչ երաշխիքների ապահովում), անհրաժեշտություն է առաջանում քննիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու կարգում նախատեսել լրացուցիչ երաշխիքներ:
Քննիչների կողմից կիսադատական գործառույթի իրականացման մոտեցումը պաշտպանել են խորհրդային և հետխորհրդային հեղինակավոր դատավարագետներ, մասնավորապես պրոֆեսոր Մ.Ստրոգովիչը, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Լ.Գոլովկոն և այլն:
Մ. Ստրոգովիչը դեռ 1957թ.-ին դեմ է եղել քննչական մարմինների՝ ներքին գործերի նախարարությանը փոխանցելու գաղափարին, քանի որ նախաքննությունը համարել է արդարադատական, այլ ոչ թե ոստիկանական գործառույթ, և նշել է, որ այն չի կարող կենտրոնացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում:[1]
Արդի դատավարագիտությունում ընդունված է այն մոտեցումը, որ մինչդատական վարույթում քրեական վարույթի կարճումը և քրեական հետապնդման դադարեցումն օժտված է կիսադատական բնույթով[2]:
Առանձին հայ դատավարագետներ նույնպես գտնում են, որ քննիչներն իրականացնում են կա՛մ արդարադատություն, կա՛մ կիսադատական գործառույթ:
Առաջին կարծիքի հեղինակներն իրենց մոտեցումը հիմնավորում են այն հանգամանքով, որ քրեական արդարադատություն իրականացվում է երկու ձևով՝ անձին արդարացնելով կամ մեղավոր ճանաչելով: Անձին մեղավոր կարող է ճանաչել միայն դատարանը, իսկ արդարացնել՝ ոչ միայն դատարանը, այլ նաև հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը:[3]
Երկրորդ կարծիքի հեղինակները գտնում են, որ քննչական մարմիններն իրականացնում են կիսադատական բնույթի գործառույթ, որին օտար է վարչաիրավական ենթակայությունը: Դատավարագիտության մեջ ընդունված է այն մոտեցումը, որ մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելը և քրեական հետապնդումը դադարեցնելը օժտված է կիսադատական բնույթով:
Եթե գործն ըստ էության լուծող ակտ է համարվում այն դատավարական փաստաթուղթը, որով որոշվում է անձի մեղավորությունը կամ անմեղությունը, ապա պետք է ընդունել, որ քննիչի կողմից արդարացնող (անմեղության) հիմքով քրեական գործի վարույթը կարճելով և քրեական հետապնդումը դադարեցնելով վերահաստատվում է անձի անմեղությունը, ուստի կարելի է նշել, որ արդարացնող (անմեղության) հիմքով քրեական գործի վարույթը կարճելը և քրեական հետապնդումը դադարեցնելը գործն ըստ էության լուծող ակտեր են: Ասվածից չպետք է եզրակացնել, որ այս դեպքում նախաքննության մարմինը իրականացնում է արդարադատություն, քանի որ մինչդատական վարույթն արդարացնող հիմքով կարճելու դատավարական ընթացակարգը չի համապատասխանում արդարադատության դատավարական ձևին:
Այսպիսով, քննչական մարմինը քրեական արդարադատության համակարգում իրականացնում է կիսադատական գործառույթ, ինչը ենթադրում է անկախության և դատավարական ինքնուրույնության բարձր աստիճան: Քննիչի իրականացրած կիսադատական գործառույթը և դրանից բխող անկախության և ինքնուրույնության սկզբունքները պահանջում է քննիչի կարգավիճակի միասնականություն ոչ միայն դատավարական հարաբերություններում, այլև աշխատանքային և ծառայողական հարաբերությունների այլ ոլորտներում:
Քննիչների նկատմամբ լրացուցիչ երաշխիքներ սահմանող կարգով քրեական հետապնդում հարուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գործող կարգով քրեական հետապնդման դեպքում բավականին վնաս է պատճառվում պետությանը, ինչպես նաև սահմանափակվում են ֆիզիկական անձանց իրավունքներն ու ազատությունները: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2014-2017թթ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի 13 ծառայողի ծառայողական լիազորությունները կասեցվել են, որոնցից 6-ը հետագայում վարույթի կարճման և արդարացման հիմքերով կրկին անցել են իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը: Հիշյալ 6 ծառայողներից 2-ի նկատմամբ դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, 1-ի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ևս 3 ծառայող դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացվել է: Հիշյալ 6 ծառայողներից 4-ի նկատմամբ քրեական գործ հարուցվել է դատախազի զեկուցագրի հիման վրա, իսկ 2-ի նկատմամբ՝ ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա: Վերջիններիս ծառայողական լիազորություններն ընդհանուր 1274 աշխատանքային օր (մոտավորապես 3,5 տարի) տևողությամբ կասեցվել է, որի ընթացքում նրանց վճարվել է ընդհանուր 24.483.168 ՀՀ դրամ աշխատավարձ:
Լրացուցիչ երաշխիքներ սահմանող կարգով քրեական հետապնդումը նորություն չէ ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի համար: ՀՀ օրենսդրությամբ լրացուցիչ երաշխիքներ սահմանող կարգով քրեական հետապնդում հարուցելուն վերաբերող իրավակարգավորումներ արդեն իսկ նախատեսված է առանձին կատեգորիայի անձանց համար: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազը քրեական հետապնդում է հարուցում հետևյալ սուբյեկտների նկատմամբ.
- դատավորների[4],
- դատախազների[5],
- պատգամավորների[6],
- Սահմանադրական դատարանի անդամի[7],
- նոտարի[8],
- մարդու իրավունքների պաշտպանի[9],
- անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու, եթե մերժվում է օտարերկրյա պետության կամ միջազգային դատարանի հանձնման մասին խնդրանքը, սակայն բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու[10]:
Քննիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը տարբեր պետություններում ստացել է տարբեր իրավակարգավորում, սակայն նույնպես ունի լրացուցիչ երաշխիքներ սահմանող ընթացակարգ: Նկատի ունենալով, որ քննչական կոմիտեներ ստեղծվել են Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այդ պետությունների օրենսդրությունն առավել համահունչ է Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտը կարգավորող օրենսդրության հետ:
Մասնավորապես, Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4682–րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «դատախազի, քննչական ստորաբաժանման պետի, քննիչի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվում է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի նախագահի կամ նրանց պարտականությունները կատարող անձանց կողմից:
Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 448–րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ «շրջանի, քաղաքի դատախազի և նրանց հավասարեցված դատախազների, շրջանի, քաղաքի քննչական մարմնի ղեկավարի և քննիչի, ինչպես նաև փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ՌԴ սուբյեկտի քննչական մարմնի ղեկավարի կողմից, իսկ վերադաս դատախազների, վերադաս քննչական մարմինների քննիչների և ղեկավարների նկատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալների կողմից:
Քանի որ Հայաստանի Հանրապետությունում նախաքննություն իրականացնող մարմիններ են ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ քննչական ստորաբաժանումներ կան նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, քննիչների կարգավիճակի միասնականությունն ապահովելու և անհիմն տարբերակված մոտեցումը բացառելու նպատակով՝ համապատասխան լրացումներ առաջարկվել է իրականացնել ոչ միայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, այլ նաև «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքների նախագծերով առաջարկվում է ապահովել քննիչների անձեռնմխելիությունն այնքանով, որքանով դա բխում է արդարադատության շահերից և անկախ քննչական մարմիններ/ ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտությունից, և նախատեսել քննիչների նկատմամբ լրացուցիչ երաշխիքներ սահմանող կարգով քրեական հետապնդում հարուցելու իրավակարգավորում՝ հավասար պայմաններ ստեղծելով դատական և կիսադատական այլ մարմինների հետ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում քննիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու լիազորությունը կվերապահվի բացառապես ՀՀ գլխավոր դատախազին՝ ապահովելով նրանց անձեռնմխելիությունը, դրանով իսկ ոչ միայն կերաշխավորվի քննիչների անկախությունը, այլ նաև կտնտեսվի պետության ֆինանսական և մարդկային ռեսուրսները:
[1] Строгович М. С. О дознании и предварительном следствии и о едином следственном аппарате. Соц. Законность. 1957. Номер 5. էջ 22:
[2] Курс уголовного процесса. Под ред. Л.В.Головко. М.: Статус, 2016. էջ 771:
[3] Քրեական դատավարության տեսության և պրակտիկայի հարցեր. Եր.: 1996, էջ 23, Независимость судей в Республике Армения: судоустройственные и уголовно-процессуальные гарантии. Ер.: 2001, էջեր 7-16:
[4] Տես՝ ՀՀ Դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մաս, որի համաձայն դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում գլխավոր դատախազը, իսկ տվյալ դատավորի նկատմամբ գործը դատական քննության փուլում գտնվելու դեպքում նրան կալանավորելու համաձայնություն տալու մասին առաջարկ ներկայացնելու հարցով` գործը քննող դատարանը: Գլխավոր դատախազը կամ գործը քննող դատարանը Արդարադատության խորհրդին են ներկայացնում դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող նյութերը:
[5] Տես՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մաս, որի համաձայն՝ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալները:
[6] Տես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մաս, որի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրաեկան հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին; Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
[7] Տես՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը:
[8] Տես՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մաս, որի համաձայն՝ նոտարի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
[9] Տես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մաս, որի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին; Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
[10] Տես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 9-րդ մաս, որի համաձայն՝ եթե մերժվում է անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում և դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնում է օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից և ընդունում է իր վարույթ այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը` սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
06.07.2017 - 26.07.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
ՀՀ քննչական կոմիտե
Դիտումներ` 11006
Տպել