Լրամշակման փուլում է
«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 18-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ____________ 2021 թ. ____ – Ն
ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ ԵՎ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդված 2-րդ մասի 25-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N18-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թ.
__________ N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ ԵՎ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, գետաողողատային տարածքում գտնվող հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետ կապված հարաբերությունները:
- Գետաողողատներում գտնվող հանքավայրերը համարվում են գետի ողողատային տիպի հանքավայրեր, որոնց պաշարները պարբերաբար ընթացող վարարումների արդյունքում՝ կախված գետում ջրի տարեկան միջին ծախսից, կուտակի դիրքից և քանակից, վերականգնվում են որոշակի չափով:
- Ընդերքօգտագործողը գետաողողատներում գտնվող հանքավայրերից՝ ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումը պետք է իրականացնի՝
1) ողողատահունից ջրհոսքի բացակայության պայմաններում,
- գետերի միջվարարումների փուլում՝ վերականգնված պաշարների որակի և քանակի փաստագրումից հետո,
- առանց գետի հունի ափագծի խախտման, գետի ջրի աղտոտման (պարզության պղտորում, քիմիական կազմի փոփոխություն) և գետի ջրում առկա կենդանական ու բուսական տեսակների վնասման,
- գետի (բացառությամբ Արաքս գետի) ափից 5 մետր հեռավորության վրա,
- Արաքս գետի ափից՝ 20 մետր, իսկ վերջինիս ափի երկայնքով կառուցված արգելաթմբերից դեպի ափ ուղղությամբ՝ 10 մետր հեռավորության վրա՝ կանխելով և բացառելով արգելաթմբերի վնասումը:
- Միջվարարումների փուլում մինչև արդյունահանման աշխատանքներ սկսելը սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների հավաստումը պետք է իրականացվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կազմված համապատասխան արձանագրությամբ:
- Ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումը գետերի հուներից արգելվում է:
- Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից՝ ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացվում է գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ:
- Սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն և հողամասի հատկացում չի պահանջվում:
- 8. Սույն կարգի 6-րդ կետով պահանջվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցվում են հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացվում են ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմին, արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմին, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմին ու բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին:
- 9. Սույն կարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան՝ հանքավայրի շահագործման աշխատանքների դադարեցման պարագայում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման աշխատանքների իրականացումն արգելվում է, մինչ գետի հունի վիճակի և կայունության բնականոն վիճակի վերականգնումը, որի հավաստումը պետք է իրականացվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կազմված համապատասխան արձանագրությամբ:
- 10. Գետաողողատներում գտնվող հանքավայրերից՝ ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման ծավալները չեն կարող գերազանցել արդյունահանման նախագծով սահմանված հանքի տարեկան արտադրողականության ծավալները:
- 11. Սույն կարգի պահանջների պահպանման պետական վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
- 12. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վրա՝ սույն կարգի 3-րդ կետի
1) 1-2-րդ ենթակետերի դրույթները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո,
2) 4-րդ և 5-րդ ենթակետերը՝ կիրառվում են գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման աշխատանքների ընթացքում առաջացող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
09.02.2021 - 25.02.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5373
Տպել