Նախագծով հաստատվող կանոններով սահմանվում են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկարագիրը, դրա պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների դասակարգման ընթացակարգը, որը ներառում է քաղաքաշինական, հակահրդեհային և սանիտարական նորմերի պահանջների ապահովմանն ուղղված կազմակերպչական և տեխնիկական համալիր միջոցառումներ, որոնց ժամանակին չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շենքին, շենքի շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
Բացի այդ, սահմանվում են նաև շենքի կառուցվածքային տարրերի շահագործման, Ներշենքային ինժեներական համակարգերի շահագործման, ինժեներական սարքավորումների ու սարքերի շահագործման կանոնները:
Ակնկալվում է, որ կանոնների հաստատմամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից շենքերի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների մասով կցուցաբերվեն միասնական մոտեցումներ և որ ամենակարևորն է, առնվազն պարտավորված կլինեն նվազագույն պարտադիր իրականացման աշխատանքների մասով չցուցաբերել անգործություն:
Նախատեսվում է նաև կանոնները հաստատվելուց հետո դրանք օգտագործել բազմաբնակարան շենքի կառավարման և վերահսկողություն իրականացնող մարմինների համար ուսումնական դասընթացների մշակման համար: