Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

  • Քննարկվել է

    24.11.2020 - 09.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6083

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.12.2020

Նախագիծը կարգավորում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի յուրաքանչյուր դեպքում բուժաշխատողի կողմից արձանագրության կազմման և Հատուկ քննչական ծառայությանը տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի տնօրենին ներկայացնելու ընթացակարգ, սակայն Նախագիծը չի պարունակում հնարավոր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի ենթարկված անձի պաշտպանության որևէ երաշխիք։ Ստացվում է՝ մինչև արձանագրության հիման վրա հարուցվող քրեական գործի վերջնական լուծումը՝ ազատությունից զրկված անձը վերադառնալու է նույն միջավայրը, որտեղ ենթարկվել է հնարավոր խոշտանգմանը կամ վատ վերաբերմունքի այլ ձևի, մինչդեռ քրեական գործի քննությունը կարող է տևել շատ երկար։ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք։ Ձեռնարկվում են միջոցներ՝ ապահովելու հայցվորի և վկաների պաշտպանությունն ընդդեմ վատ վերաբերմունքի կամ ահաբեկման՝ որպես նրա բողոքի կամ վկայության հետևանքի»։ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) իր զեկույցներում անդրադարձել է արգելանքի տակ գտնվող անձանց հետ դաժան վերաբերմունքի դեմ ուղված երաշխիքներին։ Մասնավորապես, ԽԿԿ-ի թիվ CPT/Inf (2013) 29 զեկույցի 80-րդ կետի համաձայն՝ «Համապատասխան իշխանությանը վատ վերաբերմունքի մասին վկայող բժշկական ապացույցների հաղորդումը պետք է զուգորդվի արդյունավետ միջոցներով՝ պաշտպանելու այն անձին, ով տվյալ զեկույցի սուբյեկտն է, ինչպես նաև այլ ազատազրկված անձանց։ Օրինակ, բանտի աշխատակիցները, ովքեր ենթադրաբար ներգրավված են եղել վատ վերաբերմունքի դրսևորման մեջ, պետք է փոխադրվեն այնպիսի պարտականությունների կատարմանը, որոնք չեն պահանջում ամենօրյա շփում բանտարկյալների հետ՝ մինչև հետաքննության արդյունքների հայտնի դառնալը։ Եթե հնարավոր վատ վերաբերմունքը կապված է բանտակիցների գործողությունների հետ, ապա տվյալ ազատազրկված անձի համար պետք է գտնել այլընտրանքային կացարան։ Բնականաբար, եթե զեկույցը վերաբերում է իրավապահների կողմից հնարավոր վատ վերաբերմունքին, ապա տվյալ անձը ոչ մի դեպքում չպետք է վերադարձվի նրանց պահպանությանը։ Ընդհանուր առմամբ, ԽԿԿ-ն գտնում է, որ նպատակը պետք է լինի վերջ դնել բանտարկյալներին հետաքննական նպատակներով իրավապահ մարմիններին վերադարձնելու գործելակերպին։ Մասնավորապես, տվյալ անձի ցանկացած հետագա հարցաքննություն, որը կարող է անհրաժեշտ լինել, պետք է անցկացվի բանտի տարածքում »։ Ստամբուլյան արձանագրության 4-րդ գլխի 126-րդ կետի համաձայն՝ «Եթե դատաբժշկական արձանագրությունը հաստատում է խոշտանգման դեպքը, ապա ազատազրկված անձը չի կարող վերադառնալ ազատազրկման վայր և պետք է կանգնի դատախազի կամ դատարանի առջև՝ կալանավորման հետագա պայմանների որոշման համար»։ Վերոգրյալից բխում է, որ այն դեպքերում, երբ բժշկի կողմից արձանագրվում է ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման հետևանք հանդիսացող մարմնական վնասվածք կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատ, ապա ազատությունից զրկված անձի պաշտպանությունը դառնում է պարտադիր, որը ենթադրում է կալանավորման կամ պատժի կրման պայմանների փոփոխություն մինչև քրեական գործի քննությամբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման փաստի հաստատումը կամ հերքումը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք սահմանել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման ենթարկված անձի անվտանգության և անձնական պաշտպանության գործուն երաշխիքներ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.12.2020

Անդրադառնալով նաև արձանագրության կազմման դեպքերին, նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածի 16.2 կետի համաձայն՝ «16.2. Արձանագրության ձևաթուղթը կազմվում է, եթե՝1) ըստ կալանավորված անձի կամ դատապարտյալի բանավոր կամ գրավոր հայտարարության՝ մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը հետևանք է ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման, կամ 2) բժշկական զննության արդյունքում բուժաշխատողի մոտ առկա է կասկած, որ կալանավորված անձի կամ դատապարտյալի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը հետևանք է նրա նկատմամբ ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման»: Վերոգրյալից բխում է, որ Նախագծով սահմանվել է արձանագրություն կազմելու երկու դեպք՝ երբ անձամբ ազատությունից զրկված անձն է հաղորդում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման մասին և երբ վերջինիս հետևանք հանդիսացող վնասվածքը կամ գանգատը հայտնաբերում է բժիշկը։ Հարկ է նշել, որ չեն բացառվում դեպքերը, երբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման մասին տեղեկություն հայտնի նաև երրորդ անձը, դիցուք՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի ենթարկված անձի բարեկամը կամ այդ անձի հետ անազատության մեջ գտնվող մեկ այլ անձ։ Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 16.2-րդ կետի 1-ին ենթակետում «կալանավորված անձի կամ դատապարտյալի» բառերից հետո ավելացնել «երրորդ անձի» բառերը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.12.2020

Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «16.1. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի բացահայտման նպատակով քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է ենթարկվել բժշկական զննության. 1) քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի ժամանակ. 2) պլանային, ըստ անհրաժեշտության կամ կանխարգելիչ բժշկական զննության ժամանակ. 3) խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի կապակցությամբ բուժաշխատողին կամ հոգեբանին դիմելու կամ ենթադրյալ բռնության ախտանիշներ (ֆիզիկական կամ հոգեբանական) հայտնաբերվելու դեպքում. 4)պատժախուց տեղափոխելիս կամ վերադառնալիս. 5)պլանային կամ չնախատեսված խուզարկություններից հետո. 6)հացադուլ հայտարարելուց կամ այն դադարեցնելուց հետո. 7) այլ դեպքերում, երբ հնարավոր է, որ ազատությունից զրկված անձը ենթարկվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի»: ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1176 և թիվ ՍԴՈ-1449 որոշումներով արձանագրել է, որ օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2004թ. դեկտեմբերի 21-ի` «Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի» գործով հաստատել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն տա կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր տվյալ գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ (Busuioc v. Moldova”, application №. 61513/00, 21/12/2004, para. 52. Available at https://www.5rb.com/wp-content/uploads/2013/10/Busuioc-v-Moldova-ECHR-21-Dec-2004.pdf ; 15 նոյեմբերի 2011 թ. ՍԴՈ-997 որոշում, կետ 5:): Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով ամրագրված վերոնշյալ կարգավորումը չի բավարարում ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության, ինչպես նաև Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների մեջբերված որոշումներով նախատեսված մատչելիության և կանխատեսելիության որակներին այն հիմնավորմամբ, որ «կարող է ենթարկվել» ձևակերպումը բավարար չափով հստակ չի և գնահատողական հասկացություն է, իսկ գնահատման չափանիշները նախատեսված չեն Նախագծով։ Մասնավորապես, նշված ձևակերպմամբ դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական զննությունը Հոդված 1-ում նշված բոլոր 7 դեպքերում կրում է ոչ թե պարտադիր, այլ հայեցողական բնույթ, մինչդեռ բժշկական զննության ենթարկելու հայեցողության չափորոշիչներ Նախագիծը չի պարունակում։ Նախ և առաջ անհրաժեշտ ենք գտնում անդրադառնալ նշված 7 դեպքերից առաջինին՝ քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի ժամանակ պարտադիր բժշկական զննություն իրականացնելու հարցին։ «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն կանոնների» կանոն 24-ի համաձայն՝ «Բանտ ընդունելիս և հետագա անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր բանտարկյալի պետք է ենթարկել բժշկական զննության, պարզելու համար նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մեկուսացնելու բանտարկյալներին, եթե ենթադրվում է, թե նրանք տառապում են որևէ վարակիչ հիվանդությամբ, բացահայտել բանտարկյալների վերադաստիարակմանը խոչընդոտող մարմնական կամ մտավոր թերությունները և որոշել նրանց ֆիզիկական հնարավորություններն աշխատանքի հարցում»: Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Կոմիտեի CPT/Inf(93)12 զեկույցում նույնպես շեշտվում է բժշկական զննության իմպերատիվ պահանջը։ Համաձայն զեկույցի 33-րդ կետի՝ «Ազատազրկման վայր մուտք գործելուն պես՝ բոլոր ազատազրկված անձինք պետք է անհապաղ ենթարկվեն բժշկական զննման տվյալ հիմնարկի բժշկական անձնակազմի կողմից» (CPT standards, Strasbourg, December 2010, p. 28.): Ակնհայտ է, որ վերը նշված կարգավորումների համաձայն՝ քրեակատարողական մարմին անձի մուտքը և ելքը պարտադիր պետք է ուղեկցվեն պարտադիր բժշկական զննությամբ։ Որևէ շեղում կամ բացառություն նշված կանոնից նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ անկախ վերը հիշատակված հայեցողության չափանիշների ամրագրման հանգամանքից, քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի ժամանակ բժշկական զննություն չիրականացնելը չի կարող պայմանավորվել որևէ հանգամանքով։ Հարկ է նշել նաև, որ բժշկական զննություն պետք է իրականացվի նաև կալանավորված անձի` այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում (Устранение стимулов применения пыток: Базовое исследование и практическое руководство для региона ОБСЕ, c. 102, հասանելի է՝ https://www.osce.org/files/f/documents/4/7/471720.pdf)։ Մասնավորապես, պարտադիր բժշկական զննություն պետք է իրականացվի նաև պատժախուց և մենախուց տեղափոխվելու և այնտեղից վերադարձի ժամանակ։ Յուրաքանչյուր նոր հաստատություն տեղափոխվելիս նման պարտադիր բժշկական զննություններն ստեղծում են «անցակետերի համակարգ», որը նվազագույնի կհասցնի խոշտանգումների չհաշվառված դեպքերի թիվը և անհնարին կդարձնի մեղադրանքի և պատասխանատվության փոխանցումը տարբեր կալանավայրերի և իշխանությունների միջև (Report of the Special Rapporteur on torture and other cruel, inhuman or degrading treatment or punishment, Study on the phenomena of torture, cruel, inhuman or degrading treatment or punishment in the world, including an assessment of conditions of detention [Доклад Специального докладчика по вопросу о пытках и других жестоких, бесчеловечных или унижающих достоинство видах обращения и наказания «Изучение феномена пыток, жестокого, бесчеловечного или унижающего достоинства обращения или наказания в мире, включая оценку условий содержания под стражей], A/HRC/13/39/Add. 5, п. 126.) Նախագծի 1-ին հոդվածում պատժախուց տեղափոխվելիս և վերադառնալիս բժշկական զննության անցկացումը կրկին դիտվում է ոչ պարտադիր, հայեցողություն ենթադրող միջոց, իսկ մենախուց տեղափոխվելու և մենախցից վերադառնալու կապակցությամբ բժշկական զննության անցկացման պահանջ, առհասարակ, Նախագիծը չի պարունակում։ Հարկ է նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված մնացած դեպքերում պարտադիր բժշկական զննության անցկացման վերաբերյալ իրավակարգավորումներ առկա չեն, սակայն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորման վտանգի դեպքում բժշկական զննության անցկացման հարցում հայեցողության դրսևորումը կհանգեցնի խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի չբացահայտմանն ու նշված դեպքերի կրկնությանը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 16.1 կետով սահմանված «կարող է ենթարկվել» բառերը փոխարինել «պարտադիր պետք է ենթարկվի» բառերով, իսկ 16.1 կետի 4-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4) պատժախուց կամ մենախուց տեղափոխելիս կամ վերադառնալիս»։

Տեսնել ավելին