Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
09.12.2020
Նախագիծը կարգավորում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի յուրաքանչյուր դեպքում բուժաշխատողի կողմից արձանագրության կազմման և Հատուկ քննչական ծառայությանը տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի տնօրենին ներկայացնելու ընթացակարգ, սակայն Նախագիծը չի պարունակում հնարավոր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի ենթարկված անձի պաշտպանության որևէ երաշխիք։ Ստացվում է՝ մինչև արձանագրության հիման վրա հարուցվող քրեական գործի վերջնական լուծումը՝ ազատությունից զրկված անձը վերադառնալու է նույն միջավայրը, որտեղ ենթարկվել է հնարավոր խոշտանգմանը կամ վատ վերաբերմունքի այլ ձևի, մինչդեռ քրեական գործի քննությունը կարող է տևել շատ երկար։ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք։ Ձեռնարկվում են միջոցներ՝ ապահովելու հայցվորի և վկաների պաշտպանությունն ընդդեմ վատ վերաբերմունքի կամ ահաբեկման՝ որպես նրա բողոքի կամ վկայության հետևանքի»։ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) իր զեկույցներում անդրադարձել է արգելանքի տակ գտնվող անձանց հետ դաժան վերաբերմունքի դեմ ուղված երաշխիքներին։ Մասնավորապես, ԽԿԿ-ի թիվ CPT/Inf (2013) 29 զեկույցի 80-րդ կետի համաձայն՝ «Համապատասխան իշխանությանը վատ վերաբերմունքի մասին վկայող բժշկական ապացույցների հաղորդումը պետք է զուգորդվի արդյունավետ միջոցներով՝ պաշտպանելու այն անձին, ով տվյալ զեկույցի սուբյեկտն է, ինչպես նաև այլ ազատազրկված անձանց։ Օրինակ, բանտի աշխատակիցները, ովքեր ենթադրաբար ներգրավված են եղել վատ վերաբերմունքի դրսևորման մեջ, պետք է փոխադրվեն այնպիսի պարտականությունների կատարմանը, որոնք չեն պահանջում ամենօրյա շփում բանտարկյալների հետ՝ մինչև հետաքննության արդյունքների հայտնի դառնալը։ Եթե հնարավոր վատ վերաբերմունքը կապված է բանտակիցների գործողությունների հետ, ապա տվյալ ազատազրկված անձի համար պետք է գտնել այլընտրանքային կացարան։ Բնականաբար, եթե զեկույցը վերաբերում է իրավապահների կողմից հնարավոր վատ վերաբերմունքին, ապա տվյալ անձը ոչ մի դեպքում չպետք է վերադարձվի նրանց պահպանությանը։ Ընդհանուր առմամբ, ԽԿԿ-ն գտնում է, որ նպատակը պետք է լինի վերջ դնել բանտարկյալներին հետաքննական նպատակներով իրավապահ մարմիններին վերադարձնելու գործելակերպին։ Մասնավորապես, տվյալ անձի ցանկացած հետագա հարցաքննություն, որը կարող է անհրաժեշտ լինել, պետք է անցկացվի բանտի տարածքում »։ Ստամբուլյան արձանագրության 4-րդ գլխի 126-րդ կետի համաձայն՝ «Եթե դատաբժշկական արձանագրությունը հաստատում է խոշտանգման դեպքը, ապա ազատազրկված անձը չի կարող վերադառնալ ազատազրկման վայր և պետք է կանգնի դատախազի կամ դատարանի առջև՝ կալանավորման հետագա պայմանների որոշման համար»։ Վերոգրյալից բխում է, որ այն դեպքերում, երբ բժշկի կողմից արձանագրվում է ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման հետևանք հանդիսացող մարմնական վնասվածք կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատ, ապա ազատությունից զրկված անձի պաշտպանությունը դառնում է պարտադիր, որը ենթադրում է կալանավորման կամ պատժի կրման պայմանների փոփոխություն մինչև քրեական գործի քննությամբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման փաստի հաստատումը կամ հերքումը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք սահմանել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևի դրսևորման ենթարկված անձի անվտանգության և անձնական պաշտպանության գործուն երաշխիքներ։