Հիշել նախագիծը

«Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈւ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Չնայած հարկադիր կատարման ոլորտում վերջին տասնամյակների ընթացքում իրականացված մի շարք բարեփոխումներին՝ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա է հարկադիր կատարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման և պատշաճ որակի ապահովման հրատապ անհրաժեշտություն։

Հարկադիր կատարման ներկայիս համակարգում հարկադիր կատարողին կատարողական վարույթի արագ ու առավելագույն պատշաճ կերպով իրականացման համար առանձին հարկադիր կատարողների խրախուսման առկա գործիքակազմերը բավարար չեն՝ համարժեք արձագանքելու համար հարկադիր կատարողների առանձին ջանասիրությանը, կատարողական վարույթի առանձին տեսակների համար կատարողական ծախսերի չափերը հաստատուն են՝ անկախ կոնկրետ կատարողական վարույթով կատարված կատարողական գործողություններից, կատարված աշխատանքի, կատարողական վարույթի տևողության, բարդության, հարկադիր կատարողի կողմից գործադրված ջանքերի և կատարողական ծախսի ու հարկադիր կատարողի վարձատրության միջև առկա չէ ուղիղ համեմատական կապ։ Ընդ որում, հիշատակվող խնդիրները չեն կարող լուծվել պետական համակարգի մյուս օղակներից առանձին, և դրանց հաղթահարումը հնարավոր է միայն կա՛մ պետական ողջ համակարգում վարձատրության բարձրացմամբ և վարձատրության չափի վերանայմամբ, ինչը պահանջում է պետական բյուջեից ահռելի ֆինանսական ծախսեր, կա՛մ այլընտրանքային համակարգի ներդրմամբ։

Այդպիսի այլընտրանքային համակարգ կարող է հանդիսանալ մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտը, որը իրենից ներկայացնում է մրցակցային համակարգ, այն է՝ յուրաքանչյուր հարկադիր կատարողի հաջողությունը և եկամտաբերությունը ուղիղ համեմատական է իր գործունեության արդյունավետությանը, ինչն էլ իր հերթին մշտական մոտիվացվածության խթան է:

Մասնավոր հարկադիր կատարման մրցակցային բնույթը և բարձր եկամտաբերությունը թույլ են տալիս հարկադիր կատարման մասնավոր համակարգում ներգրավել մասնագիտական առավել բարձր պատրաստվածություն և կարողություններ ունեցող սուբյեկտների, ինչն ապահովում է հարկադիր կատարման մասնավոր համակարգի գործունեության որակական ավելի բարձր մակարդակ և շարունակական աճ։

Հարկադիր կատարման մասնավոր համակարգը հնարավորություն է տալիս նաև թեթևացնել պետական բյուջեի բեռը: Նախ, մասնավոր հարկադիր կատարման սուբյեկտների գործունեության արդյունքում պատճառված վնասի հատուցման այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են վնասի հատուցման նախնական պարտադիր ապահովագրությունը, պահուստային որոշակի ֆոնդերի առկայությունը և այլն, թույլ են տալիս կիրառել վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման առավել պարզեցված ընթացակարգեր և էականորեն թեթևացնել վնասի հատուցման հարցում պետական բյուջեի բեռը։ Բացի այդ, մասնավոր հարկադիր կատարման սուբյեկտներն ինքնուրույն և սեփական միջոցներով են կազմակերպում իրենց և իրենց գրասենյակների գործունեությունը, ինչը ենթադրում է վերջիններիս կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովում, գրասենյակի գործունեության կազմակերպում և այլն, ինչն իր հերթին պետության համար ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային ռեսուրսների խնայողության և առավել արդյունավետ օգտագործման հնարավորություն է ստեղծում։ Բացի դրանից, հարկադիր կատարման մասնավոր համակարգն ինքնաֆինանսավորվող է, և ավելին, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտներ, հարկադիր կատարման մասնավոր սուբյեկտներն իրենց գործունեության արդյունքում ստացվող շահույթից պետությանը վճարում են հարկեր, ինչն ապահովում է մասնավոր համակարգի միջոցով հարկադիր կատարման արդյունքում պետական բյուջեի եկամուտների ավելացում։

Այսպիսով, մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտը, այլընտրանքի առկայություն ապահովելով, մի կողմից էականորեն կարող է բարձրացնել հարկադիր կատարման համակարգի արդյունավետությունն ընդհանրապես, մյուս կողմից՝ առանձին մասնավոր հարկադիր կատարողների գործունեության արդյունավետությունը՝ առավել բարձր և կայուն եկամտաբերության շնորհիվ ապահովելով մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի ներգրավումը։

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Կարգավորման նպատակը հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է՝ մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտի ներդրման միջոցով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

        Հայեցակարգը մշակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտի բարեփոխման, արդյունավետության բարձրացման և գործունեության կազմակերպման կատարելագործման նպատակով Արդարադատության նախարարի 15․01․2020թ․ N 13-Ա հրամանի (փոփոխված Արդարադատության նախարարի 04․06․2020թ․ N 205-Ա հրամանով) հիման վրա ձևավորված աշխատանքային խմբի կողմից։

  • Քննարկվել է

    20.11.2020 - 05.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7238

Տպել

Առաջարկներ`

Ա Հարությունյան

04.12.2020

Ներկայացված նախագծի հիմնավորումները բացարձակապես չեն արտահայտում և բավարար չափով հիմնավորում հայեցակարգի ներդրման նպատակը, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։ Հայեցակարգը մակերեսային է, անհրաժեշտ չափով վերլուծված և հիմնավորված չէ։ Հարկադիր կատարման ծառայությունը օժտված է լեգիտիմ հարկադրանքի իրավունքով, ինչն էլ ապահովում է վերջինիս դերն ու նշանակությունը պայմանավորված արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների, պետության պոզիտիվ պարտականության ապահովման գործառույթում։ Պետությունը չի կարող իր իր լեգիտիմ հարկադրանքի իրավունքը զիջել որևէ մասնավոր կազմակերպության։

Գուրգեն Գրիգորյան

27.11.2020

Միանշանակ դեմ եմ այս ծիծաղելի հիմնավորումներով նախագծին: Սա նույնն է, թե, պայմանական, նման լիազորթւոյւններով օժտել մասնավոր պահնորդական ծառայությանը, որ վերջինս ապահովի ՀՀ անունից կայացվող դատական ակտերի հարկադիր կատարումը: Այս խայտառակ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում կազմաքանդվելու է դատական ակտի հարկադիր կատարման ինստիտուտը, արդարադատության իրականացումը դառնալու է անիմաստ, քանի որ չի լինելու պետության պոզիտիվ պարտավորթյուն՝ դատական ակտի կյանքի կոչման ուղղությամբ: ԴԵՄ ԵՄ:

Տիրայր Վարդազարյան

27.11.2020

Փոփոխությունն անընդունելի է

Տեսնել ավելին