Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Սնդիկի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, ինչի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:

Հոդված 2. Օրենքի կարգավորման ոլորտը և սահմանափակումները

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սնդիկի, սնդիկի միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության վրա:
  2. Օրենքի գործողությունը չի տարածվում`

1) սնդիկի կամ սնդիկի միացությունների այն քանակների վրա, որոնք օգտագործվելու են լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային ստանդարտ.

2) սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են այնպիսի արտադրանքներում, ինչպիսիք են ոչ սնդիկային մետաղները, հանքաքարերը կամ հանքանյութերը, այդ թվում` ածուխը, կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը և ոչ կանխամտածված հետքաքանակները քիմիական արտադրանքում:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) սնդիկ՝ տարրական սնդիկ (Hg(0), Քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համապատասխան համարը 7439-97-6)։

          Հղումները «սնդիկին» ներառում են այլ նյութերի հետ սնդիկի խառնուրդներ, այդ թվում` սնդիկի համաձուլվածքներ, որտեղ սնդիկի խտությունը կազմում է ընդհանուր կշռի առնվազն 95 տոկոսը.

            2) սնդիկի միացություններ՝ ցանկացած նյութ` բաղկացած սնդիկի ատոմներից և այլ քիմիական տարրերի մեկ կամ ավել ատոմներից, որոնք կարելի է բաժանել տարբեր բաղադրիչների միայն քիմիական ռեակցիաների միջոցով:

Սույն օրենքի իմաստով սնդիկի միացություններն են՝ սնդիկի (I) քլորիդը (կալոմել), սնդիկի (II) օքսիդը, սնդիկի (II) սուլֆատը, սնդիկի (II) նիտրատը, կինաբարը և սնդիկի սուլֆիդը.

            3) սնդիկային թափոններ՝ նյութեր կամ առարկաներ, որոնք.

             ա.բաղկացած  են սնդիկից կամ սնդիկի միացություններից.

              բ. պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ կամ

             գ. աղտոտված են սնդիկով կամ սնդիկի միացություններով.

Այս սահմանումն իր մեջ չի ներառում մակաբացման ու դատարկ ապարները և լցակույտերը, որոնք առաջանում են հանքարդյունահանման  ընթացքում (բացառությամբ սնդիկի առաջնային արդյունահանման), եթե դրանք չեն պարունակում սնդիկ և սնդիկային միացություններ այն քանակությամբ, որը գերազանցում է Կոնվենցիայի Կողմերի համաժողովի կողմից սահմանված շեմային արժեքները:

            4) սնդիկի հավելիչով արտադրանք՝ արտադրանք կամ արտադրանքի բաղադրիչ, որը պարունակում է սնդիկ կամ սնդիկի միացություն, որն ավելացվել է կանխամտածված.

            5) սնդիկի առաջնային արդյունահանում՝ արդյունահանում, որի ժամանակ հիմնական արդյունահանվող նյութը սնդիկն է.

            6) Կոնվենցիա՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիա.

            7) Լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին։

 

 

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՆԴԻԿԻ,  ՍՆԴԻԿԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՆԴԻԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆՎԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 4. Կառավարության լիազորությունները սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում

  1. Սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում կառավարության լիազորություններն են՝
    1) Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգի սահմանումը.
    2) սնդիկով կամ սնդիկի միացություններով աղտոտված վայրերը հայտնաբերելու և դրանք գնահատելու ռազմավարության հաստատումը.
    3) ատամնալիցքերի համար ամալգամի օգտագործման դադարեցման ուղղությամբ միջոցառումների ծրագրի հաստատումը:

 

Հոդված 5. Լիազոր մարմնի լիազորությունները սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում

  1. Սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում լիազոր մարմնի լիազորություններն են՝
    1) Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգի մշակումը.
    2) Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման համաձայնություններ տալը և ստանալը.
    3) սնդիկով կամ սնդիկի միացություններով աղտոտված վայրերը հայտնաբերելու և դրանք գնահատելու ռազմավարության մշակումը։

 

 

Հոդված 6. Առողջապահության բնագավառի կառավարման լիազորված մարմնի լիազորությունը սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում

 

  1. Սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում առողջապահության բնագավառի կառավարման լիազորված մարմնի իրավասությունն է`
    1) ատամնալիցքերի համար ամալգամի օգտագործման դադարեցման ուղղությամբ միջոցառումների ծրագրի մշակումը:

 

Հոդված 7. Սնդիկային թափոնների կառավարումը

 

  1. Սույն օրենքով կարգավորվող թափոնների նկատմամբ կիրառվում են «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայի համապատասխան սահմանումները:
  2. Սնդիկային թափոնները կառավարվում են էկոլոգիապես անվտանգ եղանակով՝ հաշվի առնելով Բազելի կոնվենցիայի ղեկավար սկզբունքները և «Թափոնների մասին» օրենքի պահանջները:

 

 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍՆԴԻԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

Հոդված 8. Սնդիկի արդյունահանման արգելքը

  1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի արդյունահանումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո:

 

Հոդված 9.  Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը

  1. Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումն արգելվում է՝ բացառությամբ՝
    1) Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող Կողմը  Լիազոր մարմնին տրամադրել է գրավոր համաձայնություն և սնդիկն օգտագործելու է Կոնվենցիայով թույլատրված տեսակի կիրառման կամ  էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակներով.
    2) Կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքերի, եթե ներմուծող կողմը Լիազոր մարմնին տրամադրել է գրավոր համաձայնություն, այդ թվում՝ հավաստում այն մասին, որ ներմուծող կողմը ձեռնարկել է միջոցներ՝ ապահովելու համար մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանությունը և իր կողմից սնդիկն օգտագործվելու է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նպատակներով:
  1. Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը

  1. Սնդիկի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է միայն Լիազոր մարմնի գրավոր համաձայնության առկայության դեպքում:
  2. Սնդիկի ներմուծում Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում Կոնվենցիայի կողմ չհանդիսացող այն երկրից, եթե ոչ անդամ կողմը չի ներկայացնում Լիազոր մարմնին հավաստում առ այն, որ սնդիկը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 5-րդ մասի «b» կետով սահմանված, անթույլատրելի ճանաչված աղբյուրներից չէ:
  3. Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 11. Սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման սահմանափակումները

  1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի հավելիչով հետևյալ արտադրանքի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը.

1)  կուտակիչներ, բացառությամբ արծաթացինկային  կլոր կուտակիչների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է, և օդացինկային կլոր կուտակիչների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է.

2) անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով.

3) փոքր չափի լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ և լամպի անոթում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ.

4) խողովակաձև լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար.

ա. մինչև 60 վատտ հզորությամբ եռագույն լյումինոֆորով և լամպում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ.

բ. մինչև 40 վատտ հզորությամբ հալոֆոսֆատային լյումինոֆորով և լամպում 10 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ.

5) բարձր ճնշման սնդիկային լամպեր ընդհանուր լուսավորության համար.

6) սառը կաթոդային լյումինեսցենտային լամպեր և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպեր էլեկտրոնային դիսփլեյների համար.

ա. կարճ (մինչև 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.

բ. միջին (500 միլիմետրից ավել մինչև 1 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.

գ. երկար (1 500 միլիմետրից ավել), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.

7) կոսմետիկ միջոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում` մաշկը բացացնող օճառներ և քսուքներ՝ բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ և որի համար առկա չեն արդյունավետ և անվտանգ կոնսերվանտ-փոխարինիչներ.

8) պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ.

9) ոչ էլեկտրոնային հետևյալ չափիչ սարքավորումները՝

ա. բարոմետրեր

բ. հիգրոմետրեր

գ. մանոմետրեր

դ. ջերմաչափեր

ե. սֆիգմոմանոմետրեր:

Սույն մասից բացառություն են կազմում ոչ էլեկտրոնային չափիչ այն սարքավորումները, որոնք տեղադրված են մեծածավալ սարքավորումներում, կամ որոնք օգտագործվում են բարձր ճշգրտության չափումների համար, եթե չկան սնդիկ չպարունակող ընդունելի այլընտրանքներ:

  1. Արգելվում է հավաքովի արտադրանքում սնդիկի հավելիչով այնպիսի արտադրանքի ներառումը, որոնց արտադրությունը, ներմուծումը և արտահանումն արգելված է սույն հոդվածով:
  2. Սույն հոդվածը չի տարածվում՝

1) քաղաքացիական պաշտպանության և ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանքի,

2) հետազոտությունների, սարքերի չափաբերման համար, որպես չափանմուշ օգտագործվող արտադրանքի,

3) փոխարինման համար ընդունելի սնդիկ չպարունակող  այլընտրանքների բացակայության դեպքում՝ անջատիչների և ռելեների, էլեկտրոնային դիսփլեյների համար սառը կատոդային լյումինեսցենտային լամպերի և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպերի, չափիչ սարքավորումների,

4) ավանդական կամ կրոնական արարողություններում օգտագործվող արտադրանքի,

5) թիոմերսալը որպես կոնսերվանտ պարունակող պատվաստանյութերի վրա:

 

 

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՆԴԻԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 12. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականություները

 

  1. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք իրավունք ունեն՝
    1) սույն օրենքին և Կառավարության սահմանած կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել սնդիկ:
  1. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք պարտավոր են՝
    1) Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել սնդիկ սույն օրենքին և կառավարության որոշման պահանջներին համապատասխան.
    2) չարտադրել, չներմուծել, չարտահանել Հայաստանի Հանրապետությունում արգելված սնդիկի հավելիչով արտադրանք:

 

Հոդված 13. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ է մտնելուց հետո՝ երեքամսյա ժամկետում։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 94.2-րդ հոդվածով.

«Հոդված 94.2. Սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության կամ ներմուծման կամ արտահանման սահմանափակումները չպահպանելը

  1. Սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության կամ ներմուծման կամ արտահանման սահմանափակումները չպահպանելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    29.09.2020 - 19.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7783

Տպել