Հիշել նախագիծը

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին»

Հայաստանի Հանրապետության

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 64-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.   

«3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե`

ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին.

բ) գործարքը և/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է Ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:

Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ: Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ:

Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:».

  • 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում «Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող» բառերը փոխարինել «բաց» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ մասին»

Հայաստանի Հանրապետության

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 152-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, ինչպես նաև 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «ավելի քան 75» բառերը փոխարինել «50 և ավելի» բառերով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «75» բառը փոխարինել «50 և ավելի» բառերով:

Հոդված 2. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մտնելը թողարկողի բաժնային արժեթղթով որևէ դասի արժեթղթերի առնվազն 50, բայց ոչ ավելի քան 75 տոկոսի սեփականատեր հանդիսացող անձը պարտավոր է արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել մեկ տարվա ընթացքում մեկ կամ ավելի գործարքի հետևանքով տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 5 տոկոսը ձեռք բերելու դեպքում:
  • Քննարկվել է

    08.07.2020 - 23.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5698

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

09.07.2020

Առաջարկում եմ շրջանառությունից հանել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություն կատարելու նախագիծը հետևյալ պատճառներով. - բացակայում է որևէ հիմնավորում փոփոխություն կատարելու մասին: Մասնավորապես ինչ նպատակ է հետապնդում արժեթղթերի ավելի քան 75 տոկոս սեփականատեր համապատասխան տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել, սահմանել 50 տոկոս սեփականատերով: - սույն առաջարկը ավելի քան նսեմացնում է փոքր բաժնետերերի իրավունքը և առաջացնում է մենաշնորհային շուկա: - առաջարկը նվազեցնում է փոքր ներդրողների ներգրավումը: - բացակայում է «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ազդեցության գնահատումը:

Արտակ Պողոսյան

09.07.2020

Առաջարկում եմ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի ողջ տեքստում «Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող» բառերը փոխարինել «բաց» բառով», ինչպես առաջարկվել է կատարել փոփոխություն նախագծի 2-րդ հոդվածով: Օրինակ, նման փոփոխության կարիք ունի Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը, և 75-րդ հոդվածի 1-ին մասը:

Արտակ Պողոսյան

09.07.2020

Ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասով առաջարկվող փոփոխությունը՝ «5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:»: առաջարկում եմ շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանման գրավոր եզրակացության հիման վրա ժողովը ձայների մեծամասնությամբ:»: Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծով ներկայացված փոփոխությունը փակուղի է բերում որոշում կայացնելը: Քանի որ, 3-րդ մասով սահմանվում է, որ Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի մասնակցել քվեարկությանը, իսկ տվյալ դեպքում բոլոր Շահագրգռվածություն ունեն: Ուստի ոչ ոք չի կարող մասնակցել քվեարկությանը: Իմ կողմից առաջարկվող փոփոխությամբ հավասար պայմանների դեպքում ժողովի կողմից որոշումը կայացվում է հիմք ընդունելով անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանման գրավոր եզրակացության հիման վրա, ինչը ապահովում է անաչառ որոշման կայացմանը:

Տեսնել ավելին