ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմամբ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. փետրվարի 27-ի թիվ 246-Լ որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառման իրականացմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Փոքր բաժնետերերի պաշտպանության ոլորտում ներկայումս առկա է հետևյալ իրավիճակը`
- բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է միայն հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունների վրա, ինչի արդյունքում մինչև և ներառյալ հիսուն բաժնետեր ունեցող բաց բաժնետիրական ընկերություններում ծանուցման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ,
- շահագրգռվածության առկայությամբ այն գործարքների վերաբերյալ, որտեղ՝
ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքը հավասար է ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին,
բ) գործարքը և/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից կամ
գ) խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել,
որոշումներն ընդունվում են ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ, սակայն հստակեցված չէ շահագրգռվածություն ունեցող բաժնետիրոջ ներգրավվածության աստիճանը նման որոշումների ընդունման գործընթացում, մասնավորապես՝ վերջինիս՝ որոշումների վերաբերյալ քննարկումներին մասնակցության կամ քվեարկությանը ներկայության թույլատրելիությունը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Փոքր բաժնետերերի պաշտպանությանն ուղղված կարգավորումների կատարելագործում:
4.Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը մշակվել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու և արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացն ապահովելու նպատակով:
Նախագծով սահմանվում է, որ.
- Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը.
- Բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների վրա՝ անկախ բաժնետերերի քանակից:
Միաժամանակ, ցուցակված արժեթղթերով կազմակերպությունների համար սահմանված է յուրաքանչյուր անձի արժեթղթերի տիրապետության շեմ` 75 տոկոս, որի դեպքում նա պարտավոր է տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել: Առաջարկվում է այդ շեմը փոխարինել 50 տոկոսով:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
6.Ակնկալվող արդյունքը
Նախագծով ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը և արդյունքում գրանցել Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթաց: