Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի  համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների թվով 14 ստուգաթերթեր, որոնք, սակայն, չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը։ Ուստի անհրաժեշտ է որոշման համապատասխան հավելվածները լրացնել առանձին բնագավառների վերահսկողության ստուգաթերթերով։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել հետևյալ բնագավառների ստուգաթերթերը.

  • «Տարրական, հիմնական և միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
  • «Բաղնիքների գործունեության և սպորտային օբյեկտների գործունեության հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
  • «Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն»,
  • «Դեղերի մեծածախ իրացման վերահսկողություն»,
  • «0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն»,
  • «18 տարեկանից բարձր անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն մեծահասակների և խառը տիպի պոլիկլինիկայում»,
  • «Դպրոց-նախադպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, տրանսպորտային հավաքակայանների վարորդների բուժզննման կետերում»,
  • «Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան բժշկի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն»,
  • «Մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում Առողջապահության բնագավառում այլ գործունեության վերահսկողություն: Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում։»,
  • «Մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում. Արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն» ,
  • «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն»:

«Ստուգումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Նշված պահանջը ապահովելու նպատակով նախագիծը մշակող մարմնի կողմից նախապես իրականացվել է ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջների ռիսկայնության գնահատում։ Այնուհետև, մշակված ստուգաթերթերը տնտեսավարող սուբյեկտների մոտ անցել են նախնական փորձարկում (որոշ դեպքերում՝ մեկից ավելի տնտեսավարողների մոտ) կամ դրանք քննարկվել են ոլորտի մի քանի  տնտեսավարող սուբյեկտների շրջանում, որոնց ընթացքում արձանագրվել և հաշվի են առնվել վերջիններիս դիտողություններն ու առաջարկությունները, ինչի  արդյունքում ստուգաթերթերում ներառվել են ոլորտի առավել ռիսկային հարցերը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

 

  • Քննարկվել է

    01.07.2020 - 16.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6313

Տպել