Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                      ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2020 թվականի N - Լ 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱ­ՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցա­ռումների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելված­ի,
  • հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցա­ռումների ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելված­ի
  1. Սահմանել որ՝
  • սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են 18 տարեկանից բարձր տարիքի անձանց շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների վրա,
  • սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումների ծրագրում ներառված պատասխանատու մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 1-ը, յուրաքանչյուրն իր մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
  1. Սույն որոշման 2-րդ կետում նշված պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների՝ նախորդ տարում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը տեղադրել պաշտոնական կայքէջում:

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020---- թվականի

--------------- --- ի N --Լ որոշման 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱ­ՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցա­ռումների ծրագրի (այսուհետ՝ նաև միջոցառումների ծրագիր) մշակումը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներից: Մասնավորապես, Կոնվենցիայի 19-րդ հոդվածն անդրադառնում է անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի ապահովմանը: Այս հոդվածի հիմքում ընկած է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքը՝ բոլոր մարդիկ ծնվում են հավասար արժանապատվությամբ, իրավունքներով, բոլոր մարդկանց կյանքն ունի հավասար արժեք:
  2. Վերոնշյալ հոդվածի համաձայն՝ պետությունը պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, համայնքում ներառվելու իրավունքն իրացնելու համար, ապահովի, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնուրույն ընտրելու իրենց բնակության վայրը, ստանան համայնքում ապրելու և ներառվելու, այդ թվում՝ համայնքից չմեկուսացվելու համար անհրաժեշտ անհատական ծառայություններ: Այդ ծառայությունները պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի՝ անկախ նրա առողջական խնդրի տեսակից, բնակության վայրից, սեռից և այլն։ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի մեկնաբանություններում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) նշում է, որ այդ իրավունքը որևէ դեպքում չի կարող սահմանափակվել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար։ 18 տարեկանից բարձր անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվողների գերակշիռ մասը հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք են, որոնք ավելի խոցելի են իրենց իրավունքները պաշտպանելու տեսանկյունից:
  3. Կոնվենցիայի կատարման Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (կետ 32) Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել երկրում ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացի, ինչպես նաև համայնքում անկախ ապրելուն ուղղված ծառայությունները կամ աջակցությունը սահմանափակ լինելու առնչությամբ: Միաժամանակ, Կոմիտեն հանձնարարել է արագացնել ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես, նախաձեռնել համապատասխան իրավական միջոցներ, հատկացնել ռեսուրսներ համայնքային ծառայությունները զարգացնելու նպատակով, որոնք պայմաններ կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու համար: Կոմիտեն նաև կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը այս գործընթացում:
  4. Կոմիտեն նաև անկախ կյանքի և համայնքում ներառվելու մասին N 5 (2017 թ.) ընդհանուր մեկնաբանությունում նկատում է, որ չնայած անցած տասնամյակում 19-րդ հոդվածի իրականացման հարցում առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ, հոդվածի նպատակների լիարժեք իրականացմանը խոչընդոտներ են հանդիսանում հետևյալ գործոնները.
  • գործունակության իրավունքից զրկելը՝ այն փոխարինելով կյանքի վերաբերյալ որոշումների կայացմամբ (կամ ֆորմալ օրենսդրությամբ և պրակտիկաներով, կամ դե ֆակտո),
  • համայնքում անկախ ապրելու համար սոցիալական աջակցության և պաշտպանության մեխանիզմների ոչ բավարար լինելը ,
  • անձնական աջակցության և անհատականացված օժանդակության իրավական դաշտի կարգավորումների և ֆինանսական հատկացումների ոչ բավարար լինելը,
  • ֆիզիկական և նորմատիվային ինստիտուցիոնալացումը, ներառյալ երեխաների դեպքում և հարկադիր բուժումն իր բոլոր ձևերով,
  • ապաինստիտուցիոնալացման ռազմավարությունների և պլանների բացակայությունը և ինստիտուցիոնալ խնամքի վրա շարունակական ներդրումները,
  • համայնքում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը խոչընդոտող բացասական վերաբերմունքը, խարանը և կարծրատիպերը և առկա աջակցող ծառայությունների մատչելիությունը,
  • համայնքում անկախ ապրելու իրավունքի վերաբերյալ առկա են սխալ պատկերացումներ,
  • հասանելի, ընդունելի, գնի առումով էժան, մատչելի և հարմարվող ծառայությունների, շենքերի ու շինությունների, մասնավորապես` տրանսպորտի, բժշկական, կրթական ծառայությունների, հասարակական տարածքների, բնակարանների, թատրոնների, կինոթատրոնների, ապրանքների և ծառայությունների, հասարակական շենքերի ոչ բավարար լինելը,
  • Կոնվենցիայի 19-րդ հոդվածի կատարման նկատամամբ մշտադիտարկման մեխանիզմների ոչ բավարար լինելը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացուցիչ կազմակերպությունների մասնակցությունը,
  • ընդհանուր բյուջեի հատկացումներում հաշմանդամության հանգամանքի ոչ բավարար չափով հաշվի առնելը,
  • ոչ պատշաճ ապակենտրոնացումը, որը հանգեցնում է տեղական իշխանությունների և համայնքում անկախ կյանքի անհավասար հնարավորություններին։
  1. Ինչպես բարեփոխմանը միտված այլ կարգավորումները, այնպես էլ սույն միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք, երեխաները, կանայք և աղջիկները պետք է հնարավորություն ունենան ակտիվ մասնակցություն ունենալ համայնքային կյանքին, ապրեն ընտանիքի և հասարակական կյանքի լիարժեք անդամ լինելու զգացումը, մասնակցեն մշակույթի, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման առաջընթացին:
  2. Միջոցառումների ծրագրի իրականացման համար խթանիչ գործոն կարող է հանդիսանալ նաև հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը: Ընդ որում, նրանց ներգրավվածությունը կարող է դիտարկվել ինչպես իրազեկման աշխատանքների համատեքստում, այնպես էլ որպես ծրագիրն իրականացնողներ՝ պետության կողմից պատվիրակված ծառայությունների շրջանակում:
  3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված բոլոր գործողությունների ենթատեքստում պետք է տեսնել ոչ թե օգնելու կամ աջակցելու, այլև մարդու՝ որպես հասարակության լիիրավ անդամի իրավունքներն ապահովելու գաղափարը:

 

 

  • Քննարկվել է

    13.03.2020 - 30.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9016

Տպել

Առաջարկներ`

Vardan Vardanyan

13.03.2020

Շնորհակալություն, նախագիծը իրավաչափ է, բայց ուզում եմ անել դիտարկումներ մասնավորապես այն մասին, որ դպրոցներում, մանկապարտեզներում և մյուս ուսումնական հաստատություններում շատ_շատ են բողոքներն այն մասին, որ մասնավորապես հոգեկան խանգարում ունեցող երեխաները խաթարում են առողջ երեխաների առօրյան, անառողջ մթնոլորտ ստեղծում ուսումնական հաստատություններում։ Ուստի նախագծի հեղինակին իմ և բազմաթիվ ինձ հարազատ քաղաքացիների անունից խնդրում եմ նշում կատարել նաև այն մասին, թե վերոնշյալ ձեր քայլերի ընթացքում ինչպես, ինչ ռեսուրսներով է ապահովվելու ՀՀ առողջ, հաշմանդամություն չունեցող, հոգեկան խնդիրներով չտառապող երեխաների և մյուս քաղաքացիների առօրյան։ Հարգանքով՝ Վարդան Վարդանյան

Տեսնել ավելին