<<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
<<Փախստականների և ապաստանի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքի համաձայն ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ոչ բոլոր դեպքերում պետք է դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն ստանալու համար, վերը նշված եզրակացության առկայության հանգամանքը սահմանված չէ որպես պարտադիր պայման` ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար, ինչպես նաև նախատեսված չեն հստակ ժամկետներ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության տրամադրման համար:
Մասնավորապես, <<Փախստականների և ապաստանի մասին>> օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին դիմում է միայն ՀՀ անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու նպատակով, սակայն հնարավոր են դեպքեր, երբ ապաստան հայցողը ՀՀ մուտք գործած լինի օրինական ճանապարհով, սակայն վտանգ ներկայացնի ՀՀ ազգային անվտանգության համար: Օրենսդրական նման կարգավորումը հնարավորություն է ընձեռնում ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու: Միաժամանակ, Օրենքով ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացության առկայությունը սահմանված չէ որպես պարտադիր պայման միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար, ինչը հնարավորություն է տալիս միգրացիայի հարցերով լիազոր մարմնին ապաստանի տրամադրման հարցով կայացնել որոշում` առանց հաշվի առնելու ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի դիրքորոշումը, որի արդյունքում կարող է ապաստան տրամդրվել այն անձանց, որոնք ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ են ներկայացնում: Բացի այդ, Օրենքով նախատեսված չեն հստակ ժամկետներ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից վերը նշված եզրակացության տրամադրման համար:
Նախագծի ընդունումը նաև պայմանավորված է Օրենքում որոշակի խմբագրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը` նախատեսելով, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին, ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար, պետք է դիմի ոչ միայն ՀՀ անօրինական մուտք գործած ապաստան հայցողների պարագայում, այլ նաև այն դեպքում, երբ ապաստան հայցողը ՀՀ մուտք գործած կլինի օրինական ճանապարհով, և վերը նշված եզրակացության առկայությունը կհանդիսանա պարտադիր պայման միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար:
Միաժամանակ, առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում` սահմանելով, որ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացությունը տրվում է միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումն ստանալուց հետո երկու ամսվա, իսկ արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին կդիմի ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար ՀՀ մուտք գործած ցանկացած ապաստան հայցողի պարագայում, ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից տրամադրված վերը նշված եզրակացության առկայությունը կսահմանվի որպես պարտադիր պայման` միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի հարցով որոշում կայացնելու համար, կսահմանվեն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության տրամադրման հստակ ժամկետներ, ինչպես նաև կկատարվեն որոշակի խմբագրական փոփոխություններ:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Քննարկվել է
11.03.2020 - 26.03.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 7960
Տպել