Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը, տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայում պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը որոշ գործառույթների մասով իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով` Կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև Արդարադատության նախարարի և այլ մարմինների համատեղ հրամանների հիման վրա: Փաստաթղթաշրջանառության նման կարգով են իրականացվում նաև պարտապանի և նրա գույքի վերաբերյալ որոշ պետական մարմիններին հարցումների իրականացումը: Նման ոչ միասնական և չհամակարգված կարգավորումները՝ նախատեսված տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ակտերով, ազդում է փաստաթղթաշրջանառության համակարգի արդյունավետության վրա, պարունակում է այդ ակտերում հնարավոր հակասությունների առկայության ռիսկեր, փաստաթղթաշրջանառության գործընթացը դարձնում է ոչ համակարգված և ոչ միասնական չափանիշներով իրականացվող:

Այս առումով մինչև 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխությունները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:

2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով հստակեցվել է, որ նշված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով, իսկ Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանելու է Կառավարությունը:

Բացի այդ, կատարված փոփոխություններով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարման ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մյուս կողմից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով 88-րդ հոդվածը լրացվել է 4.1 մասով՝ հնարավորություն ընձեռելով անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն էլեկտրոնային եղանակով ուղարկելու, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորությունը, որի կարգը ևս սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթա՛րջանառույան և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը մեկ միասնական իրավական ակտով սահմանելու համար՝ նոր լուծումներով և միասնական չափանիշներով:

Նոր կարգ սահմանելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է լինելու նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ, որոնցով կարգավորվել են այս կամ այն մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և հարցումների իրականացումը:

Վերոնշյալը վկայում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու և կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության մասին:

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը, տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվել են՝

  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը.
  • որպես վարչական մարմին հանդես եկող՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության կարգը.
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր կատարվող հարցումները և դրանց իրակականացման կարգը.
  • էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային հարցումների իրականացման հիմնական պայմանները, մասնավորապես՝ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (նրանց համապատասխան ստորաբաժանումների) կողմից համաձայնեցված և նրանց ղեկավարների կողմից հաստատված արձանագրություններով (տեխնիկական մասնագրերով) իրականացնելու հնարավորությունը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թ­յան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կող­մից:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է միասնական ակտով և չափանիշներով կարգավորել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային հարցումների հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    26.02.2020 - 15.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6948

Տպել

Առաջարկներ`

Վարդան Ալոյան

26.02.2020

Առաջարկում եմ ի պաշտոնե հանես եկող սուբյեկտ հանդիսացող սնանկության գործով կառավարիչների համար ևս ապահովել նման մեխանիզմ։

Տեսնել ավելին