ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «վԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՆԵՐԻ ընդունման մասին
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս, կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով (հատվածով) և հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։
Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար։
Հարկ է նշել, որ ս/թ հունվարի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել նշված խնդրի կարգավորման նպատակով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է նշված օրենսդրական փաթեթը՝ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով։
- Կարգավորման նպատակը և բնույթը:
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու քաղաքականություն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը։