Հիշել նախագիծը
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:45:16 | Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի մշակումը նախատեսված է եղել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (հետագա տեքստում` Ռազմավարություն) N 2 հավելվածի 2-րդ միջոցառմամբ: Այդ առնչությամբ հայտնում ենք, որ դեռևս 2019 թվականի սեպտեմբերի 2-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան Ռազմավարության նախագծի վերաբերյալ ներկայացված «Կարծիք, դիրքորոշում և առաջարկություններում» , անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի, ներառյալ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող կարգավորումներին, ներկայացրել էր ընդհանուր չափանիշներ, որոնք առավել նպատակահարմար էր կիրառել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող մարմինների, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համար անհրաժեշտ իրավական հիմքեր և նախադրյալներ ստեղծելու ժամանակ: Ուստի, նախքան Նախագծի առանձին կարգավորումներին անդրադառնալը, կաևոր ենք համարում արձանագրել, որ հանրային քննարկման ներկայացված Նախագծում մեր կողմից ներկայացված ընդհանուր չափանիշներից չեն պահպանվել հետևյալները. 1. Նախագծով երաշխավորված չէ Կոմիտեի փաստացի անկախությունը: Կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի արդյունավետությունը պահանջում է, որ այդ պայքարը ընթանա իրավունքի գերակայության միջավայրում և ապահովված լինի կայուն սահմանադրաիրավական հիմքով: Ըստ Նախագծի, Կոմիտեն չի դասվում Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմինների շարքին, այսինքն սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում չի երաշխավորվում այդ մարմինների անկախությունը, ինչպես նաև այն չի դասվում Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների շարքին: Կոմիտեն համարվելու է որպես օրենքով ստեղծված քննչական մարմին, որին անկախության երաշխիքներ տրվելու են միմիայն օրենսդրական կարգավորումների մակարդակում: Այսինքն, հակակոռուպցիոն մարմնի անկախության շրջանակների որոշումն ուղղակիորեն թողնվում է այդ պահի գործող քաղաքական իշխանության հայեցողությանը, քանի որ ունենում ենք այդ մարմնի անկախության շրջանակները նեղացնելու առավել պարզեցված և հեշտ ընթացակարգ: Ավելին, Նախագծում անկախությունը նախատեսված է միայն որպես գործունեության սկզբունք, մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ Նախագծում առկա մի շարք կարգավորումների համադրությունը վկայում է, որ տրվող անկախության երաշխիքները բավարար չեն, որպեսզի Կոմիտեն գործի անկախ և այդ կարգավորումներն իրենց մեջ Կոմիտեի գործունեությանը հնարավոր քաղաքական ազդեցությամբ ներազդելու և միջամտելու ռիսկեր են պարունակում: | Չի ընդունվել | Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության դիտարկումը պետք է կատարվի Հակակոռուպցիոն պայքար մղող ինստիտուցիոնալ համակարգի համատեքստում։ 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ ուղենշվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և դրա կազմավորման կարգը։ Համաձայն Հակակոռուպցիոն ռազմավարության այս համակարգը բաղկացած է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հակակոռուպցիոն մասնագիտացված դատարաններից և Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, հակառակ առաջարկությունում ներկայացված կարծիքի, Կոմիտեն օժտված է անկախության գործուն երաշխիքներով։ Նման դիրքորոշումը բխում է Նախագծի 7-րդ, 10-րդ, 19-րդ, 21-րդ հոդվածների կարգավորումներից։ 7-րդ և 10-րդ հոդվածների կարգավորման համաձայն Կոմիտեն գործում է անկախության և քաղաքական չեզոքության հիման վրա։ 19-րդ և 21-րդ հոդվածներով սահմանվում են Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների ընտրության կարգը։ Ըստ Նախագծի կազմվում են մրցութային հանձնաժողովներ, որոնք էլ ստուգում են թեկնածուների մասնագիտական և որակական հատկանիշները։ Սահմանված ընթացակարգ անցնելուց հետո էլ կատարվում է համապատասխան նշանակումը։ Այսպիսով Կոմիտեի ծառայողները նշանակվում են ոչ թե ինչ-որ մի մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ, այլ օրենքով սահմանված հատուկ ընթացակարգ անցնելու միջոցով։ Ինչպես արդեն նշեցինք Կոմիտեն քննչական մարմին է։ Սահմանադրության 178-րդ հոդվածի համաձայն․ «Քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը»: Քննչական մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Առաջարկությամբ նշվում է, որ Կոմիտեն ներառված չէ Սահմանադրության, ոչ՛ ինքնավար մարմինների, ո՛չ անկախ մարմինների շարքում, ինչը հանգեցնում է այս մարմնի անկախության նվազեցմանը։ Պետք է նշել, որ Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգում ինքնավար մարմնի կարգավիճակ տրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որն արդեն իսկ գործում է և իրականացնում է իր վրա դրված լիազորությունները։ Միաժամանակ, Սամանադրությամբ ամրագրված ինքնավար մարմինների վերաբերյալ դրույթների վերլուծությունիս հստակ բխում է, որ քննչական գործունեություն իրականացնող մարմինը չի կարող լինել ինքնավար մարմին, առավել ևս՝ կառավարվել կոլեգիալ հիմունքներով: Ընդ որում, հիշատակման է արժանի այն հանգամանքը, որ Սահմանադրության 122-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ինքնավար մարմինների լիազորությունները, անկախության երաշխիքները, անդամներին ներկայացվող պահանջները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով: Ուստի, այն պնդումը, որ ի տարբերություն ինքնավար մարմինների՝ քննչական մարմինների դեպքում անկախության երաշխիքներն առավել նվազ են, քանի որ դրանք սահմանվում են օրենքով, հիմնավորված չէ, քանի որ այս դեպքում ևս երաշխիքները սահմանվում են օրենքով: Այսպիսով համադրելով ՀՀ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգում ընդգրկված մարմինների վերաբերյալ կարգավորումները՝ կարելի է ասել, որ համակարգը կազմված է ինչպես իրեն հատուկ լիազորություններով օժտված հակակոռուպցիոն ինքնավար մարմնից, այնպես էլ հակակոռուպցիոն իրավապահ մարմնից, որը օժտված է նման լիազորություններով օժտված մարմիններին բնորոշ անկախության երաշխիքներով։ |
2 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:45:36 | 2. Նախագծով, Կոմիտեն, որպես հակակոռուպցիոն մարմին, ինտեգրված չէ զսպիչների և հակակշիռների համակարգում՝ ժողովրդավարական կառավարում ապահովելու համար: Այսինքն, Նախագծով լիովին պահպանված չեն Ջակարտայի սկզբունքներից ներքին և արտաքին հաշվետվողականությանը, հանրային հաղորդակցությունը և ներգրավվածությունը վերաբերող սկզբունքները։ Օրինակ, Նախագծով Կոմիտեն չունի մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից վերահսկողություն իրականացնելու ռեալ մեխանիզմ` հասարակական վերաhսկողության իրականացման խորհուրդ: Անհրաժեշտ է ստեղծել հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհուրդ, որը վերահսկողություն կիրականացնի Կոմիտեի գործունեության նկատմամբ: Անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում ամրագրել 4 մակարդակի վերահսկողություն. խորհրդարանական, հանրային, դատախազական, «դատական» («դատական» վերահսկողություն եզրույթը պայմանական է և նկատի ունենք, որ Կոմիտեի կողմից դատարան ուղարկված քրեական գործերը քննության են առնվելու հակակոռուպցիոն դատարանի կողմից, և կայացված դատավճիռը կծառայի որպես «վերահսկողության» գործիք՝ գնահատելու մարմնի իրավապահ գործառույթի իրականացումը)։ Ընդ որում, խորհրդարանական վերահսկողություն ասելով նկատի ունենք խորհրդարանում հաշվետվության ներկայացում և հարցուպատասխանի անցկացում, ինչը, իրապես հնարավորություն կտա ունենալ Կոմիտեի գործունեության իրական պատկերը՝ ներառյալ այն հիմնական խնդիրները որոնք կարող են առաջանալ։ | Չի ընդունվել | Նախագծի դրույթները բխում են վկայակոչված՝ Ջակարտայի հիմնարար սկզբունքերից։ Ներքին հաշվետվողականության շրջանակում, ըստ վերոնշված սկզբունքների, ՀԿԳ-ները պետք է մշակեն և հաստատեն պարզ կանոններ և ստանդարտ գործընթացներ, այդ թվում՝ մոնիթորինգային կարգապահական մեխանիզմներ՝ նվազեցնելու ՀԿԳ-ների կողմից անընդունելի վարքագիծը կամ լիազորությունների չարաշահումը։ Ջակարտայի սկզբունքների համաձայն ՀԿԳ-ները պետք է նաև տարեկան առնվազն մեկ անգամ պաշտոնապես հանրությանը զեկուցեն իրենց գործունեության մասին։ Սույն սկզբունքները իրենց արտացոլումն են գտել նախագծի 8-րդ, 33-36-րդ հոդվածներում։ Նախագծով սահմանված են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ վերահսկողության կայուն մեխանիզմներ։ |
3 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:46:02 | Նախագծի առանձին կարգավորումների վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալը. 3. Նախագծի 5-րդ հոդվածով թվարկվում են Կոմիտեի գործունեության հիմնական սկզբունքները, որոնց մեջ, ի թիվս այլ սկզբունքների, նշում է, որ Կոմիտեի գործունեությունը հիմնվում է մարդասիրության սկզբունքի վրա, ինչը կարծում ենք ենթակա է բացառման սկզբունքների շարքից` հաշվի առնելով նաև իրավունքի զարգացման միտումները։ Նախևառաջ, հարկ է ընդգծել, որ այս սկզբունքը կրում է խիստ վերացական բնույթ, ներկայումս գործող օրենսդրության մեջ այն ներառվել է խորհրդային ժամանակաշրջանի մոդելային օրենսգրքերից, և ներկայումս շրջանառության մեջ գտնվող նոր` քրեաիրավական ոլորտը կանոնակարգող օրենսգրքերը հրաժարվում են այդ սկզբունքից, քանի որ մարդասիրության կոնկրետ դրսևորումներն արտահայտված են օրենսդրի կողմից քրեաիրավական կոնկրետ կառուցակարգերով նախատեսված խրախուսական տարաբնույթ նորմերում։ Միաժամանակ, հարկ է նկատել, որ Նախագծի 6-րդ հոդվածը, որի վերտառության մեջ, ի թիվս այլնի, ներառված է նաև մարդասիրությունը, չի պարունակում դրա դրսևորման հասկացութային ձևը` ուղղված Կոմիտեի ծառայողի կողմից իր լիազորություններն իրականացնելիս այն պահպանելուն։ Ավելին, հաշվի առնելով Սահմանադրության 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների կարգավորումները, Նախագծի 6-րդ հոդվածի կարգավորումները սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է: | Չի ընդունվել | Նախագծով մարդասիրության սկզբունքն ամրագրվել է 6-րդ հոդվածով։ Հոդվածի երկրորդ մասի համաձայն․ «Հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել անձի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, հարգել անձի պատիվն ու արժանապատվությունը»: Ուստի, մարդասիրության սկզբունքը, որը նախագծում ստացել է վերոնշված բովանդակությունը, բխում է, թե՛ միջազգային իրավական ակտերից, և թե՛ ՀՀ սահմանադրությունից։ |
4 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:46:35 | 4. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի գործունեության սկզբունքներից է անկախությունը և քաղաքական չեզոքությունը, 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին, 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեն իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև իր կառուցվածքին, աշխատանքների կազմակերպման կարգին վերաբերող որոշումներն ընդունելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա: Թվում է, թե վերոնշյալ կարգավորումները, Կոմիտեին տրվող անկախության այն հիմնական և բավարար երաշխիքներն են, որոնք կբացառեն Կոմիտեի գործունեությանը ցանկացած ձևի միջամտությունն ու կերաշխավորեն գործունեության անկախությունը, բայց Նախագծի 20-րդ հոդվածի կարգավորումները հակառակն են ապացուցում: Այսպես, Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ, որը իրավասու է ընտրելու Կոմիտեի Նախագահի թեկնածուի, ով Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետք է նշանակվի ՀՀ վարչապետի կողմից: Այսինքն, ՀՀ վարչապետին իրավասություն է տրվում իր հայեցողությամբ Կոմիտեի նախագահի մրցութային հիմունքներով ընտրած թեկնածուներից մեկին ընտրել Կոմիտեի նախագահ: Նմանատիպ կարգավորումների առկայությունը հակասում է Ջակարտայի սկզբունքներին, որոնց համաձայն՝ հակակոռուպցիոն անկախ մարմինների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրա ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճություն ու իրավասությունը: ՀՀ վարչապետին հնարավորություն է տրվում քաղաքականապես չեզոք թեկնածուների փոխարեն Կոմիտեի նախագահ նշանակելու իշխանությունների համար ցանկալի թեկնածուի՝ մեծացնելով Կոմիտեի գործունեության վրա քաղաքական ազդեցություն ունենալու ռիսկերը: Բացի այդ՝ Նախագիծը նաև չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ է կատարվելու, երբ ՀՀ վարչապետը շարունակաբար չնշանակի մրցութային խորհրդի կողմից առաջադրված թեկնածուներին: Այդ առնչությամբ, մի կողմից հաշվի առնելով այն, որ Կոմիտեի նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ Կոմիտեն չի համարվում անկախ սահմանադրական մարմին, ինչպես նաև, ըստ ներկայացված Նախագծի այն նաև չի համարվում ինքնավար մարմին, մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի նշանակումն իր մեջ քաղաքական ազդեցության ռիսկեր է պարունակում, որը չի բխում միջազգային, այդ թվում՝ Ջակարտայի սկզբունքներից, գտնում ենք, որ մրցութային խորհրդի որոշմամբ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն պետք է նշանակվի Կոմիտեի նախագահ: | Չի ընդունվել | Նշված առաջարկի վերաբերյալ նախևառաջ հարկ է նշել, որ այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ցանկում անձինք կարող են ներգրավվել բացառապես տարբեր շահագրգիռ կողմերից բաղկացած մրցութային խորհրդի որոշմամբ՝ թափանցիկ մրցույթի արդյունքում, գալիս է փաստելու գործընթացի ապաքաղաքականությունը,անկողմնակալությունը, չեզոքությունը: Այսինքն, մրցութային խորհրդի կողմից առերևույթ քաղաքական հակվածություն ունեցող անձանց չընտրելու դեպքում նշանակող մարմինը որևէ հնարավորություն չի ունենա նրանց նշանակելու: Սույն կարգավորումը սահմանափակում է ՀՀ Վարչապետի հայեցողական լիազորությունը, նախ թեկնածուների շրջանակի հարցում և երկրորդ նշանակման հարցում։ Հարկ է նշել, որ նմանատիպ կարգավորումներ առկա են Եվրոպական մի շարք երկրներում։ Օրինակ՝ Ռումինիայի հակակոռուպցիոն մարմնի՝ Ազգային հակակոռուպցիոն վարչության ղեկավարը նշանակվում է Ռումինիայի նախագահի կողմից՝ Արդարադատության նախարարի ներկայացմամբ, Մագիստրոսների գերագույն խորհրդի խորհրդատվական եզրակացությունը ստանալուց հետո։ Լեհաստանում, Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի Բյուրոն զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ այդ թվում կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ ղեկավարը նշանակվում է Լեհաստանի վարչապետի կողմից և այլն։ |
5 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:46:49 | 5. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում, ինչպես նաև նույն ժամկետում հրապարակում է իր գործունեության մասին տեղեկատվություն: Նշված կարգավորումների առնչությամբ գտնում ենք, որ եթե Կոմիտեն տարեկան հաղորդում է ներկայացնելու Ազգային ժողովին և այդ հաղորդումը Ազգային ժողովում քննարկվելու է «Ազգային ժողովի կանոնակարգ օրենք» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, այսինքն այդ հաղորդման քննարկման ընթացքում այն ներկայացնողին ԱԺ պատգամավորները կարողանալու են հարցեր տալ, ապա Կառավարության անդամներին նույնպես պետք է իրավունք վերապահել Կառավարության նիստում Կոմիտեի տարեկան հաղորդումը ներկայացնողին ուղղել իրենց հարցերը: Բացի այդ, Ջակարտայի սկզբունքներին համապատասխան Կոմիտեի ներքին և արտաքին հաշվետվողականությունը, հանրային հաղորդակցությունը, ներգրավվածությունն ապահովելու համար, առաջարկում ենք, որպեսզի Կոմիտեն հաղորդում ներկայացնի նաև հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդին և խորհրդի անդամներին նույնպես հարցեր տալու իրավունք վերապահվի: | Ընդունվել է մասնակի | Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում արդեն իսկ ամրագրված է առաջարկվող կարգավորումը։ Մասնավորապես Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է հետևյալ բովանդակությամբ․ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում:» Նախագծով առկա կարգավորումները, ըստ էության ապահովում են Հակակոռուպցիոն Կոմիտեի թափանցիկությունը։ Բացի այն, որ կոմիտեն հաղորդում է ներկայացնում ՀՀ կառավարություն և Ազգային Ժողով, այն նաև պարտականություն է կրում ներկայացնելու հաշվետվություններ իր պաշտոնեական կայքէջում։ Նման պարագայում վերանում է Հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդին հաշվետվություն ներկայացնելու կառուցակարգ սահմանելու անհրաժեշտությունը, քանի որ նշված տեղեկատվությունը հասանելի է լինելու ոչ թե հասարակական կազմակերպությունների որոշ շրջանակի, այլ քաղաքացիական հասարակության լայն հատվածին։ Ինչ վերաբերում է խորհրդի անդամներին նույնպես հարցեր տալու իրավունք վերապահելուն, ապա պետք է նշել, որ ներկայումս էլ Հասարակական կազմակերպությունները զրկված չեն պետական բոլոր մարմիններին օրենքով սահմանված կարգով հարցեր հղելու՝ դրանց գործունեության վերաբերյալ։ Ընդ որում պետական մարմինները ՀՀ օրենսդրության համաձայն պարտավոր են պատասխանել կատարված հարցումներին։ |
6 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:47:04 | 6. Նախագծի 9-րդ հոդվածը վերաբերում է Կոմիտեի ֆինանսական ինքնուրույնությանը, որի համաձայն՝ Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Կոմիտեն իր բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Կոմիտեի տվյալ տարվա պետական բյուջեով Կոմիտեի ծառայողների և Կոմիտեի դեպարտամենտում ծառայողների աշխատավարձի միասնական ֆոնդի երկու տոկոսին հավասար պահուստային ֆոնդ, որից հատկացումները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշմամբ: Հաշվի առնելով, որ Կոմիտեի ծառայողները Նախագծի կարգավորումների համաձայն ստանալու են համեմատաբար բարձր աշխատավարձեր, ինչն էլ ենթադրում է, որ Կոմիտեի պահուստային ֆոնդի գումարի չափը փոքր չի լինելու, գտնում ենք, որ Կոմիտեի Նախագահը չպետք է իր միանձնյա որոշմամբ կարողանա հատկացումներ կատարել պահուստային ֆոնդից և առաջարկում ենք, որպեսզի Նախագծով նախատեսվի, որ նախքան պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելը, դրանց չափը պետք է համաձայնեցվի Կոմիտեի գործունեությունը վերահսկող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդի անդամների հետ: | Չի ընդունվել | Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ, որը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդի երկու տոկոսին: Հարկ է նշել, որ Նախագծով հստակ սահմանված է նշված ֆոնդի կիրառման պայմանները։ Ֆոնդի միջոցները կարող են կիրառվել, երբ Ա․ բյուջեով Կոմիտեին տրված ֆինանսական միջոցներով չեն նախատեսվել, կամ տրված ֆինանսավորումը չի բավարարել նման ծախսերի իրականացման համար, և Բ․ այդ ծախսերը բխում են Կոմիտեի բնականոն գործունեությունը ապահովելու անհրաժեշտությունից։ Սույն կարգավորումը սահմանում է պահուստային ֆոնդի կիրառման հստակ չափանիշներ, և դրանց խախտումը, կախված խախտման ծանրությունից, կարող է հանգեցնել կարգապահական կամ քրեական պատասխանատվության։ Ֆոնդից հատկացումների կատարումը Հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամների հետ համաձայնեցնելը ուղղակիորեն հակասում է Հակակոռուպցիոն Կոմիտեի ֆինանսական անկախության սկզբունքին։ |
7 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:47:21 | 7. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` Կոմիտեի նախագահն իրավասու է համապատասխան ստորաբաժանման միջոցով պարբերաբար իրականացնել Կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով։ Նշված դրույթը Նախագծով նախատեսվել է միջազգային փորձի հաշվառմամբ, սակայն կարծում ենք, որ Հայաստանում դրա արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ էր նախ խորքային վերլուծություն իրականացնել և ուսումնասիրել հայաստանյան իրավապահ մարմինների պրակտիկան: Նման կարգավորումը ընդունելի լինել չի կարող ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ գործառութային առումներով և լրջապես կարող է վտանգել կոմիտեի ծառայողների անկախությունը, որպես քննիչ հանդես եկող դատավարության մասնակցի դատավարական ինքնուրույնությունը` երաշխավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով։ Անհրաժեշտ է Նախագծով համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանել, հակառակ պարագայում, Կոմիտեի նախագահի կողմից այդ իրավասությունից օգտվելը կարող է դառնալ «գործիք» իր համար «ոչ ցանկալի» ծառայողներին աշխատանքից հեռացնելու համար։ Բացի այդ, հարց է առաջանում, թե նման եղանակով Կոմիտեի նախագահի առաքինության ստուգումը ո՞վ է իրականացնելու և ինչպե՞ս է վերահսկվելու այդ գործընթացը: | Ընդունվել է | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
8 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:47:37 | 8. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահն ունի երկու տեղակալ՝ հակակոռուպցիոն և օպերատիվ-հետախուզական հարցերով, որոնց Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում է վարչապետը։ Նախ անդրադառնալով Կոմիտեի նախագահի տեղակալներին իր առաջարկությամբ ՀՀ վարչապետի կողմից նշանակելու կարգավորումներին, հարկ ենք համարում նշել, որ Ջակարտայի սկզբունքների համաձայն՝ հակակոռուպցիոն մարմիններն իրենք պետք է լիազորություն ունենան հավաքագրելու և հեռացնելու իրենց անձնակազմի անդամներին, հետևաբար ՀՀ վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի տեղակալների նշանակումն ինքնին քաղաքական ազդեցության ռիսկեր կարող է իր մեջ պարունակել: Հետևաբար, առաջարկում ենք, որ Կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի Կոմիտեի նախագահը: Բացի այդ, հաշվի առնելով Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված Կոմիտեի լիազորությունները, առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված «հակակոռուպցիոն հարցերով տեղակալ» ձևակերպումը փոխարինել «կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության և նախաքննություն հարցերով» ձևակերպմամբ: | Ընդունվել է մասնակի | Նախագծով վերանայվել են Կոմիտեի Նախագահի տեղակալների վերաբերյալ կարգավորումները: Մասնավորապես, սահմանվել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ունի երեք տեղակալ, որոնք ևս ընտրվում են մրցութային հիմունքներով: Տեղակալների միջև լիազորությունների բաշխումը իրականացվում է Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահի կողմից: |
9 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:47:51 | 9. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, որի կազմում ընդգրկվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և երեք իրավաբան-գիտնական` կոմիտեի նախագահի որոշմամբ: Առաջարկում ենք, որ կարգապահական հանձնաժողովում ընդգրկվի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 2 ծառայող, մրցութային կարգով ընտրված 2 իրավաբան գիտնական և երկու մասնագիտական հասարակական կազմակերպությունների մասնագիտության իրավաբան ներկայացուցիչներ: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծում վերանայվել են կարգապահական հանձնաժողովի վերաբերյալ դրույթները, սահմանվել է Կոմիտեի ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոր կարգ: |
10 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:48:04 | 10. Միևնույն ժամանակ, առաջարկում ենք 9-րդ առաջարկով ներկայացված համանման կարգավորումներ սահմանել նաև Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում, որպեսզի Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով ձևավորված 7 հոգիանոց մրցութային հանձնաժողովի կազմում լինեն 2 իրավաբան գիտնական, 2 մասնագիտական հասարակական կազմակերպության իրավաբան ներկայացուցիչներ և 3 պետական ծառայողներ: Իրավաբան-գիտնականների և մասնագիտական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանձնաժողովի կազմում պետք է ներգրավվեն մրցութային կարգով: | Ընդունվել է մասնակի | Նախագծի 19-րդ հոդվածով սահմանվել է Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը: Ըստ այդմ նախատեսվում է ստեղծել մրցութային հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամից,որոնցից 3-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից նշանակված Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող,1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջադրած անձ, 1-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը: |
11 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:48:23 | 11. Բացի այդ, հաշվի առնելով, որ նույն հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել որակավորման հանձնաժողովի անդամ, իսկ Նախագծի 36-րդ հոդվածի 14-րդ մասում անդրադարձ է կատարվում որակավորման հանձնաժողովի իրավասություններին, մինչդեռ որակավորման հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ կարգավորումներ չկան, ուստի առաջարկում ենք Նախագծով համանման կարգավորումներ սահմանել նաև որակավորման հանձնաժողովի վերաբերյալ: | ԸՆդունվել է ի գիտություն | Որակավորման հանձնաժողովի վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: Առաջարկվող կարգավորումները նշված պարագայում չեն կարող ներդրվել: |
12 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:48:46 | 12. Նախագծի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը, որի լրանալուց հետո Կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը: Միևնույն ժամանակ Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը: Տվյալ համատեքստում չպարզաբանված է մնում այն հարցը, թե ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ չափորոշիչներ հաշվի առնելով է Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը սահմանվել 60 տարեկանը , և Կոմիտեի Նախագահին հայեցողական լիազորություն տրվել կամայականորեն երկարաձգելու կամ չերկարաձգելու նշյալ ժամկետը: Առաջարկում ենք թե՛ Կոմիտեի նախագահի, թե՛ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել նույն չափորոշիչները և ձեռնպահ մնալ Կոմիտեի նախագահին ավելորդ հայեցողական լիազորություններ տալուց: | Չի ընդունվել | Ինչպես նշված է առաջարկությամբ՝ կարգավորումն ընդունված մոտեցում է քննչական մարմինների պարագայում և միտում ունի մասնագիտացված կադրերին պահելու համակարգում: Միաժամանակ, նույն հիմնավորմամբ սահմանային տարիքը լրանալու դեպքում պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մեխանիզմ ներդրված է նաև քաղաքացիական ծառայողների համար: |
13 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:49:01 | 13. Նախագծի 18-րդ հոդվածում նախատեսված` Կոմիտեում պաշտոնի նշանակվելու պայմանները, համասեռ չեն։ Մասնավորապես, ըստ առաջադրված պայմանների` Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի պաշտոնին հավակնելու համար, ի թիվս այլի, հաշվառվում է նաև քրեական մասնագիտացմամբ դատավորի, ֆինանսաբանկային գործունեություն իրականացնող մարմնի, քրեական գործերով ներկայացուցչություն իրականացնող փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման փորձառությունը։ Մինչդեռ, մնացած պաշտոնների` հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի, պետի տեղակալի, բաժնի պետի դեպքում այդ մասնագիտական փորձառությունները հաշվի չեն առնվում: | Ընդունվել է մասնակի | Նախագծի 16-րդ և 17-րդ հոդվածներով կարգավորվում են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին ներկայացվող հիմնական պահանջները և պայմանները։ Ընդ որում, բացի ընդհանուր պահանջներից տարբեր պաշտոնների համար նախատեսվում են լրացուցիչ պահանջներ, ինչը պայմանավորված է պաշտոնների լիազորությունների և պարտականությունների տարբերություններով։ Միաժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին, ինչպես նաև այլ պաշտոններին ներկայացվող պահանջները վերանայվել են: |
14 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:49:38 | 14. Նախագծի 19-րդ հոդվածով սահմանված է Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին վերաբերող կանոնակարգումներ: Ըստ այդմ, նախատեսվում է, որ մրցութային հանձնաժողովը մրցույթն անցկացնում է փաստաթղթերի ուսումնասիրության, հարցազրույցի, բարեվարքության ստուգման և արդյունքների ստուգման փուլերով, սակայն որպես առանձին փուլ չի նախատեսվում մրցույթի ընթացքում գիտելիքների ստուգման գրավոր (թեստային) փուլ: Այդ առնչությամբ, հաշվի առնելով այն, որ Կոմիտեի ծառայողները համարվում են հանրային ծառայողներ և նրանց վրա տարածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի մի շարք դրույթներ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կոմիտեի դեպարտամենտում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվելու են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, որով նախատեսված է գրավոր (թեստային) փուլի անցկացում, ուստի առաջարկում ենք Կոմիտեում ծառայության անցնելու համար անցկացվող մրցույթում գրավոր (թեստային) փուլի անցկացումը նույնպես պարտադիր դարձնել: Համանման կարգավորումներ նախատեսվել նաև Կոմիտեի նախագահի մրցույթի համար։ | Ընդունվել է մասնակի | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մրցութային փուլերում ներառվել է նաև թեստավորման փուլը: Միաժամանակ, դեպարտամենտի վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից՝ սահմանելով, որ աջակցող ստորաբաժանման աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են: Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համար ևս թեստավորման պահանջ նախատեսելու վերաբերյալ առաջարկին՝ հայտնում ենք, որ նախագծով հստակ սահմանվում է վերջինիս ներկայացվող մասնագիտական գործունեության փորձի պահանջը։ Ուստի, այս պայմաններում նախագծով արդեն իսկ սահմանված փուլերը կարծում ենք լիարժեքորեն բավարար են գնահատելու հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի հմտությունները և կարողությունները: |
15 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:49:51 | 15. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահին նշանակում է վարչապետը՝ 8 տարի ժամկետով: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որևէ փաստարկ չի նշվում, թե ինչով է պայմանավորված Կոմիտեի նախագահի պաշտոնավարման ութամյա ժամկետի ընտրությունը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Նախագիծն ունի մի շարք համանման դրույթներ «Հատուկ քննչական ծառայության մասին» և «Քննչական կոմիտեի մասին» օրենքների հետ, հետևաբար, հարց է առաջանում, թե ի՞նչ հիմնավորմամբ է հենց պաշտոնավարման ժամկետի ընտրության հարցում տարբերակված մոտեցում որդեգրվել և նախապատվություն չի տրվել քննչական մյուս մարմինների ղեկավարների համար սահմանված են պաշտոնավարման ավելի կարճ՝ վեցամյա ժամկետին: Ավելին, պետք է նշենք, որ անգամ սահմանադրական կարգավորումների մակարդակում անկախ սահմանադրական մարմինների ղեկավարների, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, պաշտոնավարման ժամկետի հարցում նախապատվություն է տրվել վեցամյա ժամկետին: | Ընդունվել է | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
16 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:50:04 | 16. Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի կազմը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներից, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը հաստատում է Կառավարությունը: Նշվածի առնչությամբ առաջարկում ենք, որպեսզի հստակ նշվի, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ընտրությունը կատարվում է մրցութային հիմունքներով, որի անցկացման կարգը հաստատում է Կառավարությունը: Բացի այդ, առաջարկում ենք, որ մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու իրավունք ունենան միայն մասնագիտական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: | Ընդունվել է մասնակի | Նախագծով հստակեցվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցչին առաջադրվող պահանջները: Մասնավորապես սահմանվել է, որ Քաղաքացիական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում, հասարակական կազմակերպությունները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում մրցութային խորհրդում ներգրավվելու վերաբերյալ դիմում՝ դրան կցելով հակակոռուպցիոն ոլորտի փորձառությունը հավաստող փաստաթղթերը: Երկուսից ավելի հասարակական կազմակերպության դիմելու դեպքում նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել երկար փորձառություն ունեցող հասարակական կազմակերպության ներկայացուցչին: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն մրցութային խորհրդում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: |
17 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:50:17 | 17. Նախագծի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մրցութային խորհուրդը համարվում է ձևավորված դրանում առնվազն երեք անդամի ներգրավումից հետո: Առաջարկում ենք, որպեսզի մրցութային խորհրդի ձևավորման համար պահանջվող նվազագույն երեք անդամների կազմում պարտադիր ներգրավված լինեն մարդու իրավունքների պաշտպանի և մասնագիտական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, որից հետո միայն այն կհամարվի ձևավորված: | Չի ընդունվել | Նախագծով վերանայվել է Մրցութային խորհրդի ձևավորման կարգը: Միաժամանակ, Խորհրդի գործենեության արդյունավետության ապահովման տեսանկյունից նպատակահարմար չէ որևէ մարմնի ներկայացուցչի առաջադրմամբ դրա ձևավորումը պայմանավորելը: |
18 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:50:32 | 18. Նախագծի 21-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ մրցութային խորհուրդը հարցազրույցի փուլի ավարտից հետո՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական բնույթի եզրակացությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում բաց քվեարկության արդյունքում ընտրում է ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանող մրցույթում հաղթող ճանաչված առնվազն երկու մասնակից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու: Այդ առնչությամբ, հաշվի առնելով, որ վերոգրյալում մենք անդրադարձել ենք Նախագծով՝ Կոմիտեի նախագահի նշանակման առնչվող ռիսկային կարգավորումներին և առաջարկել ենք, որպեսզի մրցութային խորհրդի որոշմամբ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն միանգամից նշանակվի Կոմիտեի նախագահ, հետևաբար նաև առաջարկում ենք, որպեսզի մրցութային խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչի առավելագույն միավոր հավաքած մեկ թեկնածուի, իսկ միավորների հավասարության դեպքում անցկացնել մրցույթի հաջորդ փուլ: | Չի ընդունվել | Մրցութային խորհրդի ձևավորման՝ Նախագծով առաջարկվող կարգավորումներում հնարավոր ռիսկերը հասցված են նվազագույնի։ Վերոգրյալ առաջարկության շրջանակում արդեն իսկ անդրադարձել ենք վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի նշանակման հանգամանքով պայմանավորված ռիսկերի վերաբերյալ մտահոգություններին: Հարկ է նշել, որ մի շարք երկրներում ինչպիսիք են օրինակ՝ Ռումինիան, Մոլդովան, Ուկրանիան, Լիտվան, Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարն առհասարակ նշանակվում է գործադիր կամ օրենսդիր մարմինների կողմից։ |
19 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 14.02.2020 14:51:05 | 19. Նախագծի 21-րդ հոդվածի 11-ի մասի 6-րդ կետի համաձայն՝ մրցութային խորհուրդը հարցազրույցի փուլի ավարտից հետո՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական բնույթի եզրակացությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում բաց քվեարկության արդյունքում ընտրում է ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանող մրցույթում հաղթող ճանաչված առնվազն երկու մասնակից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու: Որոշակի վերապահումներ են առկա նաև հիշյալ կարգավորման վերաբերյալ, մասնավորապես, թե ինչպե՞ս են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները իրականացնելու Կոմիտեի ծառայողների բարեվարքության ստուգում, այն դեպքում, երբ Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվել է առանց բարեվարքության ստուգման թեսթն անցնելու։ | Ընդունվել է ի գիտություն | Կարծում ենք արդեն իսկ մի շարք պաշտոնների թեկնածուների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացված բարեվարքության ուսումնասիրությունը փաստում է Հանձնաժողովի կարողությունների մասին: |
20 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 14.02.2020 17:07:29 | Առաջարկ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի նշանակման, ազատման, գործունեության հաշվետվողականության վերաբերյալ իրավական մեխանիզմներ․ • Ներկայացված նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ վարչապետը 8 տարի ժամկետով՝ օրենքով սահմանված մրցույթով անցած թեկնածուներից։ Սկզբունքորեն չառարկելով վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի նշանակման ընթացակարգին, Կոմիտեի նախագահի հաշվետվողականության, պաշտոնից ազատման առումով գտնում ենք, որ նախագծում ներկայացված լուծումները խիստ թերի են և կրում են ձևական բնույթ։ Մասնավորապես՝ նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում։ Նման իրավակարգավորման դեպքում գրավոր հաղորդման քննարկում, դրա արդյունքում Կոմիտեի նախագահին անվստահություն հայտնելու իրավական մեխանիզմներ նախատեսված չեն։ Բացի այդ, Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը՝ 8 տարով համարում ենք չհիմնավորված երկար։ Առաջարկ․ 1․ Կոմիտեի նախագահի իրավունքներին և պարտականություններին նվիրված նախագծի 12-րդ հոդվածում նախատեսել, որ Կոմիտեի նախագահը կիսամյակային և տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդում է ներկայացնում ՀՀ ԱԺ։ Կոմիտեի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ՀՀ վարչապետի կամ ԱԺ 1/3-ի առաջարկությամբ՝ պաշտոնեական պարտականությունները չկատարելու, լիազորությունները գերազանցելու կամ հանցակազմի հատկանիշներ պարունակող իրավախախտում կատարելու, ինչպես նաև կիսամյակային և տարեկան հաշվետվությունը ԱԺ կողմից չհաստատելու դեպքում՝ ԱԺ քվեարկությամբ՝ պատգամավորների 2/3-ով։ 2․ Սահմանել, որ եռամսյակը մեկ Կոմիտեի կայքում տեղադրվում է գործունեության մասին հաշվետվությունը։ 3․ Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը սահմանել առավելագույնը 6 տարի ժամկետով՝ միևնույն անձի համար մեկ անգամից ոչ ավել ընտրվելու հնարավորությամբ։ • Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը և գործունեությունը․ Նախագահի պաշտոնում թեկնածուի ընտրության համար նախագծով նախատեսվում է ձևավորել մրցութային խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվեն կառավարության, ԱԺ, ԲԴԽ, ՄԻՊ և քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներ։ ՀՀ սահմանդրության 7-րդ գլխում ԲԴԽ որպես կառույց գործում է բացառապես ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ընտրության, վերջիններիս լիազորությունների դադարեցման և դատական իշխանության գործունեության հետ կապված այլ հարցերով։ Այս առումով ԲԴԽ մասնակցությունը Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում անթույլատրելի է, քանի որ քրեական գործերի քննության իմաստով Կոմիտեն հանդիսանում է քննության ընդհանուր գործընթացի առաջին փուլում գործունեություն իրականացնող նախաքննական կառույց, որին կարող է հաջորդել դատաքննությունը։ Այս առումով ընդհանուր գործընթացի երկու փուլերում ԲԴԽ ազդեցությունը պետք է բացառել՝ նախաքննության անկախության երաշխիքները չվնասելու նկատառումներից ելնելով։ Բացի այդ, նախագծով ԱԺ-ն ունենալու է մեկ ներկայացուցիչ։ ԱԺ-ում քաղաքական ուժերի հարաբերակցությունն այս խորհրդում արտահայտելու նպատակով նպատակահարմար է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ևս հնարավորություն ընձեռել մասնակցել հանձնաժողովի ձևավորմանը՝ համատեղ ներկայացնելով երկու թեկնածու։ Անհամաձայնության դեպքում այդ թեկնածուներին նշանակելու իրավասությունը փոխանցել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Առաջարկ․ Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում ընդգրկել կառավարության, նախագահի, ՄԻՊ կողմից առաջադրված մեկական թեկնածու, ԱԺ մեծամասնության կողմից առաջադրված մեկ թեկնածու, ԱԺ ընդդիմադիր ուժերից երկու թեկնածու, հակակոռուպցիոն ոլորտում վերջին 10 տարում գործունեություն ծավալող երկու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից համատեղ թեկնածուներին չներկայացնելու դեպքում լիազորությունը փոխանցել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ ՄԻՊ և ԱԺ առաջարկած թեկնածուները պետք է լինեն իրավաբան գիտնականներ՝ 5 տարվա աշխատանքային ստաժով։ | Ընդունվել է մասնակի | Հարկ է նշել, որ Նախագծում վերանայվել են Կոմիտեի կողմից իր գործունեության վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը։ Մասնավորապես, 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ․ «2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: 3. Հակակոռուպցիոն կոմիտեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, իր պաշտոնական կայքէջում հրապարակում է գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Տեղեկատվության կառուցվածքը, դրանում ներառվող հարցերի շրջանակը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:»։ Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետի առումով, հարկ է նշել, որ նախագծով սահմանվել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում: Վերընտրվելու հնարավորությունը նախատեսվել է այն միտումով, որ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցութային խորհրդում անդամներ առաջադրելու են հիմնականում այն մարմինները, որոնց ղեկավարներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից,նույնիսկ վերընտրվելու իրավունքի տրամադրման դեպքում քաղաքական կախվածության հնարավորությունը հնարավորին չեզոքացված է: Բացի այդ վերընտրվելու ցանկության դեպքում ևս անձը պետք է անցնի մրցութային ընթացակարգերով: Առաջարկության մյուս մասին անդրադառնալով, հարկ է նշել, որ ինչ վերաբերում է հանցագործություն կատարելու հիմքով լիազորությունների դադարեցմանը, նախագծով նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի շարքում, ի թիվս այլ հանդամանքների նշված է նաև. նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը. նրա նկատմամբ կայացված՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի կամ պատգամավորների 1/3-ի առաջարկությամբ՝ պաշտոնեական պարտականությունները չկատարելու, լիազորությունները գերազանցելու, ինչպես նաև կիսամյակային և տարեկան հաշվետվությունը ԱԺ կողմից չհաստատելու դեպքում՝ ԱԺ քվեարկությամբ՝ պատգամավորների 2/3-ով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնելու առաջարկին՝ հայտնում ենք, որ տվյալ մեխանիզմ առկայության դեպքում զգալիորեն կբարձրանա անձի՝ ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող խմբակցությունից կախվածությունը, ինչը լրջորեն կխոչընդոտի մարմնի անկախությանը: |
21 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 14.02.2020 17:07:29 | 2․ Կոմիտեի նախագահի տեղակալների հաստիքների նշանակման իրավական մեխանիզմներ․ Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվում է Կոմիտեի նախագահի տեղակալի երկու հաստիք՝ քննչական և օպերատիվ գծով։ Գտնում ենք, որ Կոմիտեում վերլուծական, կազմակերպչական, իրավական նախաձեռնությունների, կարգապահական պատասխանատվության, ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, վիճակագրության ոլորտի աշխատանքների համակարգման համար անհրաժեշտ է նախատեսել իրավական հարցերով տեղակալի հաստիք։ Առաջարկ․ Կոմիտեի նախագահի 3 տեղակալներին՝ քննչական, օպերատիվ-հետախուզական և իրավական հարցերով, նշանակում է ՀՀ վարչապետը։ Տեղակալների թեկնածուները անցնում են Կոմիտեի նախագահի թեկնածուի համար սահմանված մրցութային նույն ընթացակարգով։ | Ընդունվել է | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Սահմանվել է, որ Կոմիտե նախագահը ունի երեք տեղակալներ: Տեղակալների միջև աշխատանքի բաժանումը կատարվելու է Կոմիտեի նախագահի կողմից: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալները ևս նշանակվելու են մրցութային ընթացակարգերի արդյունքում՝ Կոմիտեի նախագահի առաջարկությամբ վարչապետի կողմից։ |
22 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 14.02.2020 17:07:29 | 3․ Կոմիտեի ծառայողների նշանակման իրավական մեխանիզմներ․ Կոմիտեի ծառայողների ընտրության համար նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվում է Կոմիտեի նախագահի կողմից ձևավորել հանձնաժողով 7 անդամով՝ 3 իրավաբան գիտնական, 3 պետական ծառայող, 1-ը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ Հարկ է նշել, որ նախագիծում առկա չեն առանձնահատուկ իրավակարգավորումներ օպերատիվ ծառայության աշխատակիցների թեկնածուների ընտրության համար, քանի որ նախագծով առաջարկվող վերոնշյալ հանձնաժողովի կազմով գաղտնի ծառայությունների աշխատակիցների ձևավորումն անհնարին է։ Բացի այդ, քննչական ծառայության համար առաջարկվող հանձնաժողովի կազմը ևս հստակ չէ։ Օրինակ 3 պետական ծառայող՝ հստակեցված չէ նրանց ներկայացվող պահանջները, կամ մեկը քաղաքացիական հասարակությունից՝ կարգավորված չէ ներկայացվող չափանիշները։ Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է, որ մրցութային գործընթացում Կոմիտեի ծառայողների թեկնածուները պետք է անցնեն մրցութային հետևյալ փուլերը՝ փաստաթղթերի ստուգման փուլ, հարցազրույցի փուլ, բարեվարքության ստուգման փուլ, որը ենթադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ ԿԿՀ) կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրում։ Գտնում ենք, որ Կոմիտեի ծառայողների թեկնածուները պետք է անցնեն նաև թեստավորում՝ գիտելիքների ամբողջական ստուգման նպատակով։ Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ բարեվարքության ստուգման փուլը նախատեսված է փաստաթղթերի ստուգման և հարցազրույցի փուլերից հետո։ Գտնում ենք, որ բարեվարքության ստուգման փուլը պետք է նախորդի թեստավորման և հարցազրույցի փուլերին և պետք է հստակեցվի նաև ԿԿՀ կողմից բարեվարքության ստուգման շրջանակներում ներառվող հարցերի շրջանակը։ Բացի այդ, ըստ վերոնշյալ ձևակերպման՝ ԿԿՀ եզրակացությունը կրելու է խորհրդատվական բնույթ։ Գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարանջատել այն հարցերի շրջանակը, որոնցով ԿԿՀ եզրակացությունը հիմք կհանդիսանա մրցույթին տվյալ թեկնածուի մասնակցությունը դադարեցնելու համար, ինչպես օրինակ՝ գույքային վիճակի ստուգման արդյունքում եզրակացությունը և հարցեր, որոնցով ԿԿՀ եզրակացությունը հիմք կհանդիսանա հարցազրույցի փուլ թեկնածուի մասնակցությունը թույլատրելու և այդ փուլում հարցերի միջոցով ճշգրտումներ կատարելու համար։ Առաջարկ․ 1․ Կոմիտեի օպերատիվ գաղտնի ծառայությունների աշխատակիցների ընտրությունը կատարել բացառապես ներքին կանոնակարգերի և իրավակարգավորումների շրջանակում ձևավորված ընթացակարգերով՝ առանց արտաքին միջամտության։ 2․ Կոմիտեի քննչական ծառայության աշխատակիցների ընտրության հանձնաժողովի կազմում ընդգրկել՝ ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ ներկայացրած մեկական իրավաբան գիտնականներ, Կոմիտեի նախագահի քննչական ծառայության ոլորտը համակարգող տեղակալին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված մեկ միասնական թեկնածու, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված չափանիշներին համապատասխանող քաղաքացիական հասարակության կառույցների 2 ներկայացուցիչներ։ 3․ Մրցութային գործընթացում նախատեսել նաև թեստավորման փուլ, իսկ բարեվարքության ստուգման փուլը նախատեսել փաստաթղթերի ստուգման փուլից հետո։ Միաժամանակ հստակեցնել ԿԿՀ եզրակացությամբ տրվող հարցերի պատասխանների այն շրջանակը, որոնք հիմք կհանդիսանան կամ մրցութային գործընթացին թեկնածուի մասնակցությունը դադարեցնելու կամ հարցազրույցի փուլ տեղափոխելու համար։ | Ընդունվել է մասնակի | 1.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 2. Նախագծում տարվել են աշխատանքներ հակակոռուպցիոն կոմիտեի մրցութային հանձնաժողովի կազմավորման կառուցակարգերը հստակեցնելու ուղղությամբ։ 3.Մրցութային փուլերում ներառվել է նաև թեստավորման փուլ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեստավորման փուլը, որպես կանոն, մասնակիցների մի ստվար հատված չի հաղթահարում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհարկի չծանրաբեռնելու նպատակով բարեվարքության ստուգման փուլն առավել նպատակահարմար է նախատեսել թեստավորման փուլից հետո: |
23 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 14.02.2020 17:07:29 | 4․ Կոմիտեի ծառայողների կարգավիճակի վերաբերյալ իրավակարգավորումներ Նախագծի 3-րդ հոդվածում նշված է, որ Կոմիտեում ծառայությունը պետական ծառայության տեսակ է։ Այս սահմանումը հակասում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետին, որտեղ պետական ծառայությունների շարքում ընդգրկված չէ քննչական ծառայությունը։ Բացի այդ, նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննչական ծառայությունների ղեկավարները, տեղակալները և քննիչները ինքնավար պաշտոններ են։ Այս ձևակերպումներից հետևում է, որ հստակեցման կարիք ունի բացառապես Կոմիտեում օպերատիվ բլոկի ծառայողների իրավական կարգավիճակի խնդիրը, քանզի որևէ իրավական կարգավորում ներկայացված նախագծով այս առումով նախատեսված չէ։ Առաջարկ․ 1․ Հստակեցնել նախագծի 3-րդ հոդվածը՝ նախատեսելով Կոմիտեում ծառայության օպերատիվ խմբի աշխատակիցների իրավական կարգավիճակը՝ համապատասխան փոփոխություն կատարելով նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում՝ նաև Կոմիտեի կարգավիճակը հստակեցնելու նպատակով։ | Ընդունվել է մասնակի | Նախագծի 3-րդ հոդվածով Կոմիտեում ծառայություն իրականացնող աշխատակիցների կարգավիճակը վերանայվել է։ Հստակեցվել է նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող աշխատակիցների և հետաքննիչների իրավական կարգավիճակը: Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: |
24 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 14.02.2020 17:07:29 | 5․ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ իրավակարգավորումներ Ներկայացված նախագծի 15-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեում կարգապահական խախտման գործերը քննվում են կարգապահական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է 7 անդամից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և 3 իրավաբան գիտնական՝ դարձյալ Կոմիտեի նախագահի որոշմամբ։ Գտնում ենք, որ Կոմիտեում կարգապահական հանձնաժողովի ձևավորումն ուստի նաև գործունեությունը ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է, քանի որ բոլոր անդամների նշանակումն իրականացնում է Կոմիտեի նախագահը, իսկ վիճակահանությամբ Կոմիտեի 3 ծառայող ընտրելը ևս ձևական բնույթ է կրում, քանի որ վերջիններս հանդիսանում են Կոմիտեի նախագահի անմիջական ենթակաները։ Բացի այդ, նախագծով սահմանված չէ կարգապահական խախտման դեպքերի ամբողջական շրջանակը՝ արդյոք դրանք ներառում են միայն քրեական գործերի քննության ընթացքում թույլ տված ընթացակարգային խախտումները, վարքագծի անթույլատրելի դրսևորումները (Կոմիտեում պետք է ընդունել նաև վարքագծի կանոնագիրք), թե նաև շահերի բախման վերաբերյալ սահմանված նորմերի խախտումները։ Հարկ է նշել, որ բարձրացված խնդիրը վերաբերում է նաև իրավապահ այլ մարմիններին, քանի որ այդ համակարգերում ևս նշված հարցի վերաբերյալ իրավակարգավորումները բացակայում են։ Ներկայացված նախագծով նախատեսված չեն նաև կարգապահական հանձնաժողովի՝ վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ որոշումները այլ սուբյեկտների կողմից ԿԿՀ բողոքարկելու հնարավորության վերաբերյալ իրավակարգավորումներ։ Հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ հանրային շահի տեսանկյունից վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ սահմանված նորմերի խախտումները կարող են անդրադառնալ նաև հանրային ծառայության բնագավառում պետության քաղաքականության հետ։ Նախագծով Կոմիտեի ծառայողի ատեստավորման գործընթացում նախատեսվում է նաև արտահերթ ատեստավորման ինստիտուտը, մասնավորապես՝ նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ Կոմիտեի ծառայողի ցանկությամբ։ Նախագծով նախատեսված չէ, թե ինչ հիմքով կարող է Կոմիտեի նախագահը նշանակել ծառայողի արտահերթ ատեստացիա, ինչը հայեցողական լայն հնարավորություններ և ծառայողի նկատմամբ սուբյեկտիվ մոտեցմամբ ճնշում բանեցնելու գործիքակազմ է ընձեռում Կոմիտեի նախագահին։ Առաջարկ․ 1․ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 7 անդամներից երեքին նշանակում են ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ մեկական թեկնածու սկզբունքով։ Եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն կարողանում ընտրել միասնական թեկնածու, ապա հանձնաժողովի անդամին նշանակելու լիազորությունը փոխանցվում է ԱԺ մեծամասնությանը։ Մյուս չորս անդամների նշանակման իրավասությունը պետք է վերապահել Կոմիտեի նախագահին՝ վիճակահանությամբ Կոմիտեի անդամների թվից ընտրելուց հետո։ Կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև հակակոռուպցիոն ոլորտում վերջին 5 տարում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության երկու կառույցների ներկայացուցիչներ։ 2․ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները և որոշումները պետք է տեղադրվեն Կոմիտեի պաշտոնական կայքում։ 3․ «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ՝ համապատասխանաբար քննիչների՝ (նաև դատախազների, դատավորների) վարքագծի կանոնների և շահերի բախման վերաբերյալ կարգապահական պատասխանատվության հարցով ներքին կարգապահական հանձնաժողովների որոշումները այլ սուբյեկտների կողմից մամուլի և տեղեկատվական այլ աղբյուրների հրապարակումների հիման վրա ԿԿՀ բողոքարկելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ 4․ Կոմիտեի նախագահի կողմից ծառայողի արտահերթ ատեստացիա նշանակել որպես կարգապահական վարույթի արդյունք՝ կարգապահական տույժ չնշանակելու դեպքում, եթե վարույթի արդյունքում պարզվում է, որ խախտումը էական չէ և կապված է ծառայողի մոտ մասնագիտական տեղեկատվության պակասի հետ։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների | Ընդունվել է մասնակի | Նախագծում վերանայվել են կարգապահական հանձնաժողովի վերաբերյալ դրույթները և սահմանվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոր ընթացակարգ: Միաժամանակ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը ևս վերանայվել են՝ ներառելով շահերի բախման, սահմանափակումների, անհամատեղելիության պահանջների, ինչպես նաև ներքին կարգապահական կանոնների խախտմանն առնչվող դրույթներ: Ինչ վերաբերում է այն Կոմիտեի նախագահի կողմից ծառայողի արտահերթ ատեստացիա որպես կարգապահական վարույթի արդյունք նշանակելու առաջարկին, եթե վարույթի արդյունքում պարզվում է, որ խախտումը էական չէ և կապված է ծառայողի մոտ մասնագիտական տեղեկատվության պակասի հետ՝ տեղեկացնում ենք, որ ատեստավորում անցկացվելու է երեք տարին մեկ անգամ։ Իսկ արտահերթ ատեստավորում կարող է իրականացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո։ Ատեստավորումն ուղղված է կոմիտեի ծառայողի մասնագիտական կարողությունները ստուգելուն և ծառայողական առաջխաղացումը ապահովելուն։ Ուստի, ատեստավորման կարգի մասին առաջարկվող կարգավորումը նպատակահարմար չէ կապել կարգապահական պատասխանատվության չենթարկելու հիմքերի բացակայության հետ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող կարգավորումները թույլ են տալիս մասնագիտական կարողությունները ստուգելու նպատակով իրականացնել արտահերթ ատեստավորում: |