ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշումից (այսուհետ՝ որոշում):
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2019 թվականի նոյեմբերի 20-ին ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի բաղադրատարրերից առաջինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով): Կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար Հանձնաժողովի կայացմանն ու գործունեությանը զուգահեռ անհրաժեշտ է ապահովել նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված մասնագիտացված մարմնի առկայությունը:
Ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններով պայմանավորված՝ հետաքննության և նախաքննության գործառույթները, կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործողությունները իրականացվում են տարբեր մարմինների կողմից, ինչն իր հերթին հանգեցնում է կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածության:
Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով միջազգային մի շարք կառույցների, ստանձնել է կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման գործող կառուցակարգեր ստեղծելու պարտավորություն:
Այսպես, Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Կոռուպցիայի դեմ կոնվենցիան» (այսուհետ՝ Կոնվենցիա), որն ընդունվել է 2003 թվականին և Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է դարձել 2007 թվականից, պարունակում է գործուն մեխանիզմներ, որոնք վերաբերում են նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների ստեղծմանը և դրանց լիազորությունների շրջանակին:
Կոնվենցիայի 36-րդ հոդվածով կոռուպցիայի բացահայտման մարմինների համար սահմանվել են որոշակի սկզբունքային դրույթներ:
Կոնվենցիայի 36-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի այնպիսի մարմնի կամ մարմինների կամ անձանց առկայությունը, որոնք մասնագիտացած են կոռուպցիայի դեմ պայքարում` իրավապահ միջոցների օգնությամբ: Մասնակից պետության իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան` այդպիսի մարմնին կամ մարմիններին կամ անձանց պետք է անհրաժեշտ անկախություն ապահովվի, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց գործառույթները առանց որևէ անհարկի ազդեցության։ Այդպիսի անձինք կամ այդպիսի մարմնի կամ մարմինների աշխատակիցները իրենց խնդիրների կատարման համար պետք է օժտված լինեն պատշաճ որակավորմամբ և պաշարներով:»
Այսպիսով, կարելի է առանձնացնել այն սկզբունքային դրույթները, որոնք պետք է բնորոշ լինեն կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմիններին: Նման մարմինները պետք է լինեն անկախ, զերծ մնան անհարկի ազդեցությունից, օժտված լինեն պատշաճ նյութատեխնիկական պայմաններով, իսկ աշխատակիցները ունենան բարձր որակավորում:
Հարկ է նշել նաև, որ միջազգային գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին բազմիցս բարձրացրել են նշված հարցը՝ պնդելով, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է:
Կոմիտեն՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով օժտված մասնագիտացված մարմին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ բաղադրատարրն է: Այն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հետագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանի և ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշումը՝ Նախագծով առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցին կոմիտե:
Նախ, անդրադառնալով միջազգային փորձին՝ հարկ է նշել, որ մի շարք պետություններ ստեղծել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության գործառույթով օժտված մարմիններ, որոնք, ընտրված մոդելների տարբերություններով հանդերձ, առաջնորդվում են միջազգայնորեն ընդունված սկզբունքներով:
Այսպես, Ուկրաինայում գործում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն: Համաձայն ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) մասին օրենքի առաջին հոդվածի՝ Բյուրոն պետական իրավապահ մարմին է, որը պատասխանատու է իր իրավասության հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման, քննության, բացահայտման, ինչպես նաև կանխարգելման համար: Բյուրոյի ղեկավար կազմն ու անդամները ընտրվում են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Միաժամանակ Բյուրոյի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության ապահովման նպատակով այն իր գործունեության մասին հաշվետվություններ է հրապարակում և հասարակությանը տեղեկացնում է իր կատարած աշխատանքի արդյունքների մասին: Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բյուրոի աշխատակիցնեը իրականացնում են և՛ օպերատիվ-հետախուզական գործունեություն, և՛ նախաքննություն:
Լատվիայում գործում է Կոռուպցիայի կանխարգելման և պայքարի բյուրո (այուհետ՝ Բյուրո)։ Վերջինս ունի գործունեության հիմնական երեք ուղղություններ` կանխարգելիչ, հետաքննական և կրթական։ Բյուրոն իրավասու է կիրառել վարչաիրավական` օրենքով նախատեսված կոռուպցիոն բնույթի իրավախախտումների համար, ինչպես նաև իրականացնել հետաքննական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու մեջ։
Կոսովոյում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության մարմինը Հակակոռուպցիոն գործակալությունը է: Գործակալությունն ունի երեք բաժին՝ քննչական վարչություն բաժին, կոռուպցիայի կանխարգելման վարչություն և կառավարման վարչություն։ Գործակալությունն իրավունք ունի նաև կոռուպցիոն հանցագործություններով հարուցված գործերով իրականացնել հետաքննություն:
Իսկ Սլովակիայում գործում է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն, որը ստեղծվել է 2004 թվականին։ Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն գործում է Ոստիկանության ուժերի ղեկավարության ներքո։ Այն հիմնականում հետաքննական գործակալություն է, սակայն ունի նաև կոռուպցիայի կանխարգելման լիազորություններ:
Նման մարմիններ գործում են նաև Բելգիայում՝ Կոռուպցիայի կանխարգելման կենտրոնական գրասենյակը, Խորվաթիայում՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության կանխարգելման գրասենյակը, Ռումինիայում՝ Ազգային հակակոռուպցիոն ծառայությունը, Մալթայում՝ Կոռուպցիայի դեմ մշտական հանձնաժողովը:
Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն համգամանքը, որ կոնկրետ երկրի փորձը կիրառելիս պետք է հաշվի առնել նաև այդ երկրի օրենսդրության ընդհանուր տրամաբանությունը, իրավական համակարգի կառուցվածքը և առանձնահատկությունները՝ համաձայն սույն Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների՝ Կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը, դրանց հայտնաբերման, բացահայտման, կանխման և խափանման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն, ինչպես նաև կազմակերպելու և իրականացնելու է այդ հանցագործությունների նախաքննությունը:
Հարկ է նշել, որ ի տարբերություն վերոնշյալ մի շարք երկրների, որտեղ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և՛ հետաքննությոնը, և՛ օպերատիվ-հետախուզական գործունեությունը, և՛ նախաքննությունը իրականացվում է միևնույն անձի կողմից, հաշվի առնելով հայրենական իրավական համակարգը՝ Նախագծով կոռուպցիոն հանցագործությունների քննության կենտրոնացվածությունը ապահովելու համար թեև հետաքննությոնը, օպերատիվ-հետախուզական գործունեությունը, նախաքննությունը իրականացվելու են մեկ մարմնի՝ Կոմիտեի կողմից, այնուամենայնիվ, չարաշահումներից խուսափելու, արագ և արդյունավետ քննություն ապահովելու համար դրանք իրականացվելու են տարբեր ստորաբաժանումների կողմից:
Այսպես, Կոմիտեն կազմված է լինելու կենտրոնական և տարածքային մարմիններից: Տարածքային մարմինները ձևավորվելու են աստճանաբար: Կենտրոնական մարմինը կազմված է լինելու օպերատիվ-հետախուզական գործունեության, քննչական և ներքին անվտանգության վարչություններից, ինչպես նաև միջազգային համագործակցության, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական, վերապատրաստման ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններից:
Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած նոր կադրերի ներգրավման և այլ մարմիններից մասնագիտացված կադրերի փոխանցման եղանակով:
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային և արտամրցութային կարգով:
Մասնավորապես, արդեն մասնագիտացված կադրերը՝ ՀՀ քննչական այլ մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչները, որոնք կբավարարեն Նախագծով ներկայացված պահանջները, պետք է մասնակցեն Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտադիր պետք է ստուգի վերջիններիս բարեվարքությունը: Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում Կոմիտեի նախագահը պետք է կատարի համապատասխան նշանակումները: Նշանակվելուց հետո փոխանցված կադրերը պետք է անցնեն լրացուցիչ վերապատրաստումներ:
Միաժամանակ, Կոմիտեի նոր կադրերը, որոնք կազմելու են հաստիքների մեկ երրորդը, համապատասխան ուսումնառության ծրագրի հաղթահարման արդյունքում նույնպես հնարավորություն են ունենալու պաշտոնի նշանակվելու:
Բոլոր դեպքերում Կոմիտեի թե՛ նոր, թե՛ արդեն մասնագիտացված կադրերը պարբերաբար անցնելու են վերապատրաստման դասընթացներ ՀՀ Արդարադատության ակադեմիայում:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների ընտրության մրցութային կարգին, որն անմիջականորեն ուղղված է Կոմիտեի անկախության երաշխիքների ապահովմանը: Ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ քննչական մարմինների, Կոմիտեի ղեկավարի կազմի և ծառայողների թեկնածուները ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում:
Այսպես, Կոմիտեի ղեկավար կազմի թեկնածուների ընտրության համար ձևավորվելու է մրցութային խորհուրդ(այսուհետ նաև` Խորհուրդ), իսկ Կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության համար՝ մրցութային հանձնաժողով (այսուհետ նաև` Հանձնաժողով):
Մասնավորապես, Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով Կոմիտեի նախագահը կազմավորելու է մրցութային հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմավորվելու է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, 3-ը` պետական ծառայողներ, իսկ 1-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ:
Նախագծով առաջարկվող մրցույթը թե՛ Կոմիտեի ղեկավար կազմի, թե ծառայողների թեկնածուների ընտրության դեպքում, կազմված է հետևյալ փուլերից.
փաստաթղթերի և մասնագիտական փորձառության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը համադրում է թեկնածուի համապատասխանությունը Նախագծով նախատեսված պահանջներին: Պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջների չբավարարելու դեպքում Հանձնաժողովն անձին չի թույլատրի մասնակցել մրցույթի հետագա ընթացքին: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքերում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
հարցազրույցի փուլ՝ Հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձևով ստուգվելու են մասնակցի մասնագիտական պատրաստվածությունը և գործնական կարողությունները: Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովը կազմելու է այն մասնակիցների ցանկը, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
բարեվարքության ստուգման փուլ՝ Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո՝ երեք օրվա ընթացքում, պետք է գրավոր դիմի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հարցազրույցի փուլը հաղթահարած թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով մեկշաբաթյա ժամկետում Հանձնաժողովին է ներկայացնելու թեկնածուների վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն:
արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրած խորհրդատվական եզրակացության հիման վրա մեկօրյա ժամկետում կարող է վերանայել թեկնածուների ցանկում ընդգրկված անձանց տվյալները և կազմել մրցույթում հաղթող ճանաչվածների վերջնական ցանկ: Մրցույթի վերջնական արդյունքները մեկօրյա ժամկետում հրապարակվելու են հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Մասնակցի իրավունքները ապահովելու նպատակով Նախագծով ամրագրվել է նաև մրցույթի արդյունքները գրավոր բողոքարկելու հնարավորություն:
Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացությունները ներկայացնելու է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ով մրցույթում հաղթող ճանաչված և առավել թվով ձայներ ստացած մասնակցին պետք է նշանակի համապատասխան պաշտոնում:
Ինչ վերաբերում է Կոմիտեի նախագահի ընտրությանը՝ հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվում է Կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորել մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվելու է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներից։ Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավում են երեք միջազգային փորձագետ։
Հաշվի առնելով Խորհրդի անաչառ և արդյունավետ գործունեության կարևորությունը, Նախագծով սահմանվում են նաև Խորհդի անդամին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, Խորհրդի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթությամբ, բարձր մասնագիտական և բարոյական հատկանիշներ ունեցող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից), ինչպես նաև միջազգային կազմակերպություններում:
Խորհդի աշխատանքների թափանցիկությունը ապահովելու համար դրա նիստերը լինելու են բաց քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար և միաժամանակ տեսաձայնագրվելու են:
Հարկ է նշել նաև, որ Կոմիտեի բոլոր աշխատակիցները նախքան նշանակվելն անցնելու են բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրություն:
Կոմիտեի գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ և հիմնված լինի հաշվետվողականության վրա: Այդ նպատակով Նախագծով առաջակվող կարգավորումների համաձայն՝ Կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնելու նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում, իսկ Կոմիտեն յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը, հրապարակելու է տեղեկատվություն իր գործունեության մասին:
Այսպիսով, Կոմիտեի՝ որպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության գործառույթով օժված նոր, իրավապահ մարմնի կազմավորումը ժամանակի հրամայականն է: Սույն Նախագիծը ուղղված է Կոմիտեի ձևավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծմանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Սույն Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը, որի տարր է կազմելու նաև Կոմիտեն, կնպաստի կոռուպցիայի, որպես հասարարակական արատավոր երևույթի հաղթահարմանը: