Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին»
-
13 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի պահանջներից, որով նախատեսվում է, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները միտված են լինելու բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:
2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.
Հայաստանում կարևոր հիմնախնդիր է բարձրագույն կրթության մատչելիությունը հասարակության տարբեր խավերի համար: Այսպիսով, բարձրագույն կրթության մեջ ընդհանուր ընդգրկվածության աճը և մատչելիության ապահովումը կարևոր մարտահրավեր է, ինչը նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի /ԵԲԿՏ/ նոր տասնամյակի գործողությունների ծրագրի հիմնական սոցիալական ուղություններից մեկն է:
ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 13-րդ կետի՝ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ուսանողների աջակցությունը հիմնականում պայմանավորված է ուսանողների առաջադիմությամբ և պարունակում է կարիքավորության և սոցիալապես խոցելիության վրա հիմնված ֆինանսավորման լծակներ։ Ուսանողների ֆինանսական աջակցության ծրագրերից է սոցիալապես խոցելի ուսանողների առանձին խմբերին ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման տրամադրումը։ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգով, համաձայն որի, պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է ոչ միայն Կառավարության կողմից հատկացված տեղերում ընդունված ուսանողներին, օրենքներով նախատեսված արտոնություններ ունեցողներին, նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով, այլ նաև ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է՝
- յուրաքանչյուր տարի նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող խմբերին` մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով, 5-10 միավորով բարձր՝ ուսման վճարի 60 տոկոսի չափով, 10-15 միավորով բարձր ուսման վճարի 70 տոկոսի չափով, 15-20 միավորով բարձր` ուսման վճարի 80 տոկոսի չափով, 20-ից բարձր՝ ուսման վճարի 100 տոկոսի չափով:
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և բուհում սովորողների ին՝ մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով, անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով:
Նախարարության նախաձեռնության արդյունքում ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշմամբ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով հատկացվել է 82.000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նշված գումարի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել
1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված 2018-2019 ուս. տարվա համար 31 ուսանող՝ 12.759.950 հազար դրամ և 2019-2020 ուս. տարվա համար՝ 25 ուսանող ՝ 12.200.000 հազար դրամ./ուսման վարձի լրիվ փոխհատուցում/
2) բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված 2018-2019 ուս. տարվա համար 510 ուսանող՝ մասնակի՝ 20 տոկոսի չափով ՝ 44.661.680 հազար դրամ և 2019-2020 ուս. տարվա համար՝ 569 ուսանող ուսման վարձի 10 տոկոսի չափով 24.914. 496 հազար դրամ:
Պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող ուսանողների շարքում երկու և ավելի երեխա ունեցողներին ընդգրկելը որոշ չափով ուղղված է նաև նախորդ ժամանակաշրջանում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելուն և ծնելիությունը խրախուսելուն, ինչպես նաև երիտասարդ և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելուն։
Հաշվի առնելով վերոնշյալ ցուցանիշները՝ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում /12004 Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում/ վերոնշյալ խմբերի սովորողներին ֆինանսական աջակցությունն ապահովելու համար:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետում առաջարկվող լրացմամբ նախատեսվել է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի շրջանակում առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողներին տրամադրել պետական կրթաթոշակ: Այս լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ բուհերում կրթաթոշակ տրամադրվում է անվճար համակարգ առաջին կուրս ընդունված ոչ բոլոր ուսանողներին: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, իսկ առաջին կուրսում դրա հավաստիքը ընդունելության մրցույթի արդյունքներն են: Կարգում ամրագրելով վերոնշյալ դրույթը՝ բոլոր բուհերի առաջին կուրսի ուսանողներին հնարավորություն կընձեռվի օգտվելու պետական կրթաթոշակ ստանալու իրավունքից:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշմամբ կարգավորվում են ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու մտադրություն ունեցող քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության պայմանները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու, ինչպես նաև տրված տարկետումը դադարելու հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն, որպես նպատակային ուսումնառություն, առանձին մրցութային կարգով ու պայմաններով բուհ ընդունված քաղաքացիները մինչև ուսումնառության ավարտը օգտվում են պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս: Երկրորդ և հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով /փոխատեղում/:
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նպատակային ընդունելության տեղերը ներառվում են ՀՀում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի ընդհանուր թվում, ինչպես նաև ֆինանսական միջոցներ նախատեսված չեն այդ տեղերում ընդունվածներին կրթաթոշակ հատկացնելու համար, գործող կարգում փոփոխություններ նախատեսելով՝ համապատասխան կարգավորվումներ կստատան ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների՝, փոխատեղման և կրթաթոշակ ստանալու հարաբերությունները՝ մինչև ուսումնառության ավարտը պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պայմանավորված:
Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ, ներկայացված փոփոխությունների արդյունքում պետությունը կցուցաբերի որոշակի ֆինանսական աջակցություն խոցելի ևս երկու խմբի ուսանողների, կապահովվի բարձրագույն կրթության ընդգրկվածության մեծացումը, սոցիալական տարբեր խմբերի համար հավասար մատչելիության և բարձրագույն կրթության մեջ ընդհանուր ընդգրկվածության բարձրացումը:
-
Քննարկվել է
23.01.2020 - 09.02.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9090
Տպել