«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ 68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ: Օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ՀՀ հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով, որի համաձայն` վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը պետք է սահմանի Կառավարությունը:
Օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ 43-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանող՝ Կառավարության որոշումը պետք է ընդունվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: