Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնց կարևորագույն առաքելությունը մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունն է։ Մարդու հիմնարար իրավունքների թվում է նաև տեղեկատվության ազատության իրավունքը, որի առնչությամբ կարգավորումներ են առկա մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։

Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, 2002 թվականին վավերացրել է «Մարդու իրավունքների մասին» եվրոպական կոնվենցիան, որի 10-րդ հոդվածը պաշտպանում է արտահայտվելու և տեղեկատվության ազատությունը։

1992 թվականին Հայաստանը /որպես ՄԱԿ-ի անդամ/ վավերացրել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», որի 19-րդ հոդվածում ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքներ ունենալու և արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու և տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն՝ լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից։

1993 թվականին Հայաստանը վավերացրել է նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, որի 19-րդ հոդվածն անդրադառնում է «սեփական կարծիք ունենալու» իրավունքին, դրա մեջ ընդգրկելով «անկախ պետական սահմաններից, ցանկացած տեսակի տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու» իրավունքը։

1998 թվականի հունիսի 25-ին Դանիայի Օրհուս քաղաքում Հայաստանի Հանրապետությունն ստորագրել և 2001 թվականի հունիսի 27-ին վավերացրել է Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա)։

Որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մասնակից պետություն՝ Հայաստանը 1992 թվականին պարտավորվել է հարգել «Հելսինկյան եզրափակիչ ակտում» և ԵԱՀԿ-ի հետագա հռչակագրերում արտացոլված չափանիշները, որտեղ ամրագրված է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ տեղեկատվության փոխանակման շրջանակներում պետությունների համագործակցության  եզրերը։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրության 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ (1) յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: (2) Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ (1) պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև: (2) Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին։ Այն ուժի մեջ է մտել 2003 թվականի նոյեմբերի 15-ին։ Օրենքի գործողությունն  ունի սուբյեկտային լայն շրջանակ և կարգավորում է ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, այնպես էլ հանրային նշանակության այլ կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց կողմից տնօրինվող տեղեկատվության հասանելիության կարգը և սահմանները, ինչպես նաև տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 1-ին մասը նախատեսում է տեղեկատվության տրամադրման սահմանափակումները, 3-րդ մասը նախատեսում է սահմանափակման ոչ ենթակա տեղեկատվության շրջանակը։ Մասնավորապես, նշյալ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝ 2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը։

Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են   հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։  

Քանի որ Օրհուսի կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասը ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով սահմանված մերժման հիմքը։

Էական է, որ տեղեկատվության ազատության իրավունքը շրջակա միջավայրին առնչվող հարցերի շրջանակում, չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, պետք է բացարձակ  չլինի, քանի որ շրջակա միջավայրի անվտանգության հարցը հանդիսանում է պետության առաջնային խնդիրներից մեկը, որն ունի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային  կարևորություն։ Ուստի, շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն տնօրինողը պետք է տիրապետի այնպիսի իրավական գործիքների, որոնց միջոցով  կարող է հավասարակշռել հանրային անվտանգությունն ու հայցող սուբյեկտի համար տեղեկատվության հասանելիությունը։

 

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոնշյալ խնդիրների կարգավորման, պրակտիկայում առկա իրավիճակի բարելավման նպատակով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է իրականացնել հետևյալ լրացումները՝

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կտրվի «բնապահպանական  տեղեկություն» հասկացության բովանդակությունը, որի միջոցով ավելի հստակ կլինի տեղեկատվության շրջանակը և նման տեղեկատվությունը երաշխավորված կլինի կամայական մեկնաբանությունների հնարավորությունից։

       Նախագծով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը լրացվում է նոր 1.1-ին մասով, որով Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետի պահանջը սահմանվում է ներպետական օրենսդրությամբ։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի  նախարարության կողմից։

4 Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունումը կնպաստի Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրարկմանը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին հնարավորություն կընձեռի  պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

  «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր անհրաժեշտ չէ ընդունել։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

  «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    02.12.2019 - 17.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10904

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

17.12.2019

Թեև հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակ մատչելիությունը բխում է ՀՀ վավերացված Օրհուսի կոնվենցիայի դրույթից, սակայն գտնում ենք, որ այն որոշակի պայմաններում պարունակում է նաև չարաշահման ռիսկ: Մասնավորապես, առկա է վտանգ, որ տեղեկատվություն տնօրինողը կարող է նշված տեղեկատվությունը թաքցնել հասարակությունից՝ նպատակ ունենալով անխոչընդոտ թույլատրել այդ նույն տեղանքներում շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցություն ունեցող կամ դրա համար վտանգ ներկայացնող եղանակներով հողերի օգտագործումը կամ օտարումը, այդ թվում օբյեկտների կառուցումը, շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցություններ ենթադրող գործողությունների իրականացումը և այլն: Նման պայմաններում անհրաժեշտ է առնվազն սահմանել հանրային վերահսկողական գործիքակազմ: Այդ նպատակով անհրաժեշտ է. 1/ նախատեսել, որ քննարկվող տեղեկատվության մատչելիության սահմանափակումը չի տարածվում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առնվազն 2 տարվա գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա /որպես ՀԿ-ների կողմից ստացված տեղեկատվության ոչ իրավաչափ հրապարակման երաշխիք հնարավոր է նախատեսել նաև համաչափ պատասխանատվություն/, 2/ ընդլայնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հասարակական կազմակերպությունների առկա իրավասուբյեկտության շրջանակը: Երկրորդ առաջարկը պայմանավորված է նրանով, որ հայցված տեղեկատվությունը ստանալն ինքնին ինքնանպատակ չէ և չի ապահովի հանրային վերահսկողության արդյունավետությունը, առաջին հերթին որովհետև այդ տեղեկատվությունը միևնույն է հասու չի լինի հասարակության լայն շերտին: Ուստի հանրությունն, ի դեմս ոլորտում գործունեություն ծավալող և փորձագիտական ներուժ ունեցող կազմակերպությունների, պետք է ունենա դատավարական իրավասուբյեկտություն վիճարկելու վարչական մարմնի ցանկացած գործողություն և որոշում, որով ենթադրաբար ոչ իրավաչափ միջամտություն է իրականացվում շրջակա միջավայրին, այդ թվում՝ հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերին: Ներկայիս խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումները թույլ չեն տալիս նման հայցով դատարան դիմել այն ՀԿ-ներին, որոնք չեն մասնակցել հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին, այնինչ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող գործունեության բոլոր հնարավոր տեսակների համար չէ, որ սահմանում է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության գնահատում և փորձաքննություն, հետևապես և դրանց վերաբերյալ հանրային քննարկումների անցկացում: Օրինակ, ըստ օրենքի անհրաժեշտ չէ համապատասխան փորձաքննություն և գնահատում իրականացնել մինչև 10 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման կապակցությամբ, այնինչ այդ միջամտությունը ևս կարող է էական բացասական ազդեցություն ունենալ այս կամ այն էկոհամակարգի, առանձին կենդանիների, բույսերի տեսակների կենսագործունեության վրա և այլն: Սակայն օրենքի տառացի մեկնաբանման դեպքում ստացվում է, որ նման դեպքերում հասարակական կազմակերպությունները, պայմանավորված հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներ չանցկացվելու, հետևապես և դրանց չմասնակցելու հանգամանքով զրկվում են այդ գործողությունները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից: Հիմք ընդունելով նշվածը, գտնում ենք, որ անհրաժեշտ է կատարել լրացում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6 հոդվածի 2-րդ մասում, ավելացնել 4-րդ կետ՝ այն շարադրելով հետևյալ կերպ. "Սույն մասի 2-րդ կետի պահանջը չի գործում այն դեպքերում, երբ օրենքով հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների անցկացում չի նախատեսվում":

Արամ Անտոնյան

02.12.2019

Քննարկել

Արամ Անտոնյան

02.12.2019

Քննարկել

Տեսնել ավելին