ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընթացիկ կարգավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ, ինչը ներկա իրավական կարգավորումներով հնարավոր չէ ապահովել:
Մասնավորապես, ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատելու մասին>> N 744-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ` Կարգ), որով ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգումն իրականացվում է միայն աշխատանքի ընդունման ժամանակ: Նման կարգավորումը բացառում է որոշակի պարբերականությամբ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքեր իրականացնող անձանց հուսալիության ստուգման գործընթացը: Բացի այդ, հուսալիության վերստուգման հնարավորություն նախատեսված չէ նաև այն դեպքում, երբ ստացվում են տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձանց հուսալիությունը:
Կարգով ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներ անձի մուտքի թույլտվության մերժման հիմք է նախատեսում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում առկա տվյալները վերջինիս կողմից կազմակերպված հանցավոր կամ ծայրահեղական խմբավորումների հետ կայուն կապերի մասին: Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ առկա են լինում անձի` հանցավոր խմբավորումների հետ առնչվելու վերաբերյալ այնպիսի տվյալներ, որոնք պարունակում են ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության սպառնալիքներ, սակայն դրանցով հնարավոր չէ հիմնավորել անձի` հանցավոր խմբավորումների հետ կայուն կապի առկայությունը:
Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում հարցումներ ուղարկել տարբեր մարմիններ, ինչպես նաև իրականացնել այլ ժամանակատար գործողություններ, ինչի պատճառով հաճախ խնդիրներ են առաջանում Կարգով սահմանված ժամկետները պահպանելիս:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է.
- սահմանել ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման հնարավորություն` 5 տարին մեկ պարբերականությամբ, կամ նշված ժամկետից շուտ, եթե ստացվել են այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կասկածի տակ են դնում վերջիններիս հուսալիությունը,
- որպես ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներ անձի մուտքի թույլտվության մերժման հիմք նախատեսել ահաբեկչական, ծայրահեղական կամ կազմակերպված հանցավոր խմբավորումներին (կազմակերպություններին) առնչություն ունենալու վերաբերյալ տվյալները,
- հուսալիության ստուգման բացասական եզրակացության հիմք նախատեսել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելը,
- սահմանել հուսալիության ստուգման ավելի երկար ժամկետներ,
- հուսալիության ստուգման ընթացքում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց վերաբերյալ բացասական եզրակացություն կայացվելու դեպքում նշված անձանց զրկել անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատելու իրավունքից և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծել:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կբարձրանա ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության ապահովման մակարդակը և կհստակեցվի տվյալ օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգուման ընթացակարգը:
-
Քննարկվել է
29.10.2019 - 13.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5022
Տպել