Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքն ամբողջությամբ իրացնելու, իրականացվող վարչարարությունը պարզեցնելու նպատակով։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է հետևյալում. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) ներկայիս խմբագրությամբ 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա ունեցող անձին իրավունք է վերապահված ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց նույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հայերեն լեզվով բացատրվելու և օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջների պահպանման։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի վերը նշված հոդվածի համատեքստում՝ «երեխա» հասկացության մեկնաբանությունը ներկայումս հնարավորություն չի ընձեռում ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին օգտվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից, այսինքն, վերջիններս ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար պետք է կարողանան բացատրվել հայերեն լեզվով և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվեն ՀՀ-ում։ Նշված հանգամանքը պրակտիկայում առաջացնում է խնդիրներ, մասնավորապես, ՀՀ քաղաքացի զավակներ ունեցող ծնողները բնակվելով իրենց զավակների հետ Հայաստանի Հանրապետությունում չեն կարողանում ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ամբողջ ծավալով իրացնել իրենց իրավունքները, այն պարագայում, երբ ակնհայտ է իրավական-ընտանեկան կապը վերջիններիս միջև։

Ելնելով վերոգրյալից, սույն նախագծով առաջարկվում է 13-րդ հոդվածի 2-րդ մասում «երեխա» բառից հետո լրացնել «(զավակ)» բառը՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց համար ևս սահմանելով առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի պահպանման ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։

Օրինագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է նրանում, որ օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանում են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված որոշ պետությունների։  

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ներկայումս առկա են  20.000-ից ավելի անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրեր, սակայն տարբեր հանգամանքներով պայմանավորված (ֆինանսական, անձնական և այլն) նշված անձինք չեն կարողանում ժամանել Հայաստանի Հանրապետություն՝ անձնագիրը ստանալու համար, մինչդեռ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնագիրը համարվում է ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ սույն նախագծով գործող օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասը լրացվում է նոր նախադասությամբ՝ որով նախատեսվում է ազգությամբ հայերին իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում։ Նշված հանգամանքով պայմանավորված գործող օրենքի 11-րդ մասը ճանաչվում է ուժը կորցրած։

Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությունները պայմանավորված են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Այսպես, Սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից, իսկ 7-րդ մասը սահմանում է, որ սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այսինքն, Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու սահմանափակում նախատեսում է բացառապես պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտության դեպքում, մինչդեռ «ՀՀ քաղաքացիության մասին» գործող օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիության դադարեցման դիմումը մերժելու այնպիսի հիմքեր, ինչպիսիք են անձի նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայություն, կամ պետության հանդեպ չկատարված պարտավորությունները ունենալը, որոնց առկայությունը ստուգվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, դատական դեպարտամենտ, զինվորական կոմիսարիատ, հարցումներ կատարելու միջոցով և նշված պետական մարմիններից պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում մերժվում է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը։

Վերոգրյալից ելնելով, կարծում ենք՝ վերը նշված յուրաքանչյուր ոլորում անձի կողմից չկատարած պարտականությունների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են համապատասխան պատասխանատվություն սահմանող նորմեր, ուստի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մերժումը պետության հանդեպ չկատարած հարկային կամ այլ պարտավորություններով պայմանավորելը առաջացնում է ոչ համաչափ մոտեցում՝ հակասելով ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին։

Ելնելով վերոգրյալից, սույն օրինագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ անձի նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճռի կամ վճռի առկայությունը՝ որպես քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը մերժելու հիմք ճանաչել ուժը կորցրած, իսկ նույն մասի 4-րդ կետում որպես պետության հանդեպ չկատարած պարտավորության հիմք սահմանել բացառապես «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և չկատարված պարտականությունը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, մնացած պարտականությունները չեն բխում Սահմանադրության 47-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջից։

Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի իրացումն ապահովելու նապատակով։ Այսպես, ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով։ Նշված դրույթն իր ամրագրում է գտել նաև «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում, որի պահանջն ապահովելու նպատակով օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար սահմանել է արտոնություն՝ օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվելու, հայերեն լեզվով բացատրվելու և Սահմանադրությանը ծանոթ լինելու պահանջից ազատելու վերաբերյալ։

Սույն նախագծով նախատեսվում է ազգությամբ հայերի կողմից պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար սահմանել նաև ընթացակարգային արտոնություն, մասնավորապես, օրենքով սահմանված դիմումների քննարկման վեցամսյա ժամկետի փոխարեն սահմանել եռամսյա ժամկետ և դիմումների քննարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն առանց  Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու անմիջապես ՀՀ վարչապետին ներկայացնելու հնարավորություն։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը.

Սույն օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը, մասնավորապես, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 3 ամիս։ Բացի այդ, ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում։ Միաժամանակ, անձի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի մերժման հիմքերը կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին։

  • Քննարկվել է

    28.10.2019 - 12.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8953

Տպել

Առաջարկներ`

Ann Ananian

12.11.2019

Զին․ ծառայության հետ կապված արգելքներ ստեղծելը չի ելնում պետության շահերից։ Ինչքանո՞վ է ելնում պետության անվտանգության շահերից պետության պաշտպանության գործը վստահել անձանց, ովքեր չեն ուզում այլևս ՀՀ քաղաքացի լինել և համապատասխան դիմում են ներկայացրել։ Կամ էլ նման անձանձ թույլ տալ մասնակցել ՀՀ կողմից իրականացվող ռազմական միջոցառումներին և այլն։ Եթե անձը դիմել է ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար, նամանավանդ այլ պետության հետ համաձայնություն ձեռք բերելու հետո, նրա մասնակցությունը ՀՀ կողմից իրականացվող ռազմական միջոցառումներին պետք բացառվի՝ ելնելով պետության անվտանգության շահերից։ Եվ սա պետք է օրենքով ամրագրել։ Նման անձանց պետք է ասել «ցտեսություն» որքան հնարավոր է շուտ, իսկ անձանց, ովքեր ՀՀ քաղաքացի են ուզում դառնալ ՝ «բարի գալուստ», և որքան հանարավոր է շուտ։

Sam Scap

12.11.2019

Այս օրենքը կարող է վնասել ՀՀ միջազգային իմիջին և ՀՀ շահերին։ Ստեղծվում է տպավորություն, որ մարդիկ ամեն կերպ ուզում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, իսկ պետությունն ամեն կերպ փորձում է դրան խոչընդոտել։ Այս օրենքով ստեղծվում են բարդություններ, որոնք համաչափ չեն և հակասում են քաղաքացիությունը փոխելու յուրաքանչյուր անձի իրավունքին /ՀՀ Սահմանադրություն, ՄԻԵԿ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր/։ Քաղաքացիությունից հրաժարվելը, ինչպես նաև պայմաններին բավարարող անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը պետք է լինի հնարավորինս հեշտ ընթացակարգով և առանց բարդացումների։ Ի՞նչ իմաստ ունի անձանց խոչընդոտել այս կամ այն երկրի քաղաքացի լինել՝ անձի կամքին հակառակ։ Հաշվառման կանգնելն ածանցյալ իրավունք է, ոչ թե ինքնուրույն։ Ինչպե՞ս կարելի է 16 տարեկան անձին խոչընդոտել ՀՀ քաղաքացիությունից դուրս գալ, ինչ է թե նա 2 տարի հետո զին. ծառայության կարող է զորակոչվել։ Սա ակնհայտորեն անհամաչափ խոչընդոտ է։ Նույն կերպ հնարավոր է, որ անձը պետք է բժ․ վերափորձաքննություն անցնի 2 կամ 3 տարի հետո։ Իսկ որոշ դեպքերում այս երկու իրադարձությունը իրար կարող են հաջորդել ու ի՞նչ կստացվի․ անձը 5 տարի չի՞ կարողանա փոխել իր քաղաքացիությունը /2 տարի մինչև 18 տարին լրանալը և 3 տարի մինչև բժ․ վերափորձաքննություն անցնելը/ այն էլ այնպիսի իրավիճակում, երբ վերջնականորեն պարզ էլ չէ՝ արդյոք նա ենթակա կլինի զորակոչման, թե ոչ՝ բժ․ և այլ հանգնամանքներից ելնելով։ Պարտականությունը, որը կարող է խոչընդոտել քաղաքացիությունից դուրս գալուն, պետք է լինի իրական և դիմելու պահին անմիջականորեն առկա, ոչ թե տարիներ հետո ապագայում վրա հասնելիք։

Artavazd Galatyan

30.10.2019

Kxndreinq anpayman nshel vor qaxaqaci lineluc baci karox en hrajarvel ayn andzinq evs ovqer unen orinakan bnakucyan card tvyal petucyunum! Shnorhakalucyun!

Տեսնել ավելին