Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ։

Ինչպես ուղղակիորեն բխում է հիշյալ դրույթից, քրեական դատավարության օրենսգիրքը հնարավոր է համարում միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը դադարեցնելը՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Հանրային ծառայության մեջ չգտնվող անձի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման՝ որպես դատավարական հարկադրանքի միջոցի առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու, թե անձը ներգրավված է հանրային ծառայության մեջ, թե ոչ։ Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման անհրաժեշտության դեպքում քննիչը՝ քննչական բաժնի ղեկավարի համաձայնությամբ, կամ հետաքննիչը՝ դատախազի համաձայնությամբ, նախաքննության կատարման վայրի դատարան են ներկայացնում համապատասխան միջնորդություն...»։

Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «Դատախազը, նրա տեղակւպր կամ ԲՀ-ի քննչական կոմիտեի նախագահը կամ ԲՀ-ի ազգային անվտանգության կոմիտեի նախագահը կամ նրանց  պարտականությունները կատարող անձը, ինչպես նաև քննիչը՝ դատախազի կամ նրա տեղակախ թույլտվությամբ կամ դատարանը իրավասու են դադարեցնել կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը, եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պաշտոնում մնալով, նրանք կարող են խոչընդոտել քրեական գործի մինչդատական վարույթին կամ դատական քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ՝ կապված այդ պաշտոնում մնալու հետ...»։

Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործի մինչդատական վարույթի ժամանակ քննիչ֊ դատավորը, ար հիմքեր ենթադրելու, որ պաշտոնում մնալով, նրանք կարող են խոչընդոտել քրեական գործի մինչդատական վարույթին կամ դատական քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ՝ կապված այդ պաշտոնում մնալու հետ՝ կալանքի ձևով խափանման միջոց ընտրելու հիմքերի բացակայության պայմաններում»։

Էստոնիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվում է դատախազի միջնորդության հիման վրա նախաքննության կատարման վայրի դատարանի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ, եթե շարունակելով աշխատանքը՝ նա կարող է շարունակել հանցանքի կատարումը կամ աշխատանքը շարունակելը կարող է վնասել քրեական դատավարությանը...»։

Նմանատիպ կարգավորումներ նախատեսված են նաև այլ երկրների օրենսդրությամբ։

Ինչ վերաբերվում է լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում աշխատավարձի վճարման կարգին, ապա այս մասով ոչ բոլոր հանրային ծառայողների աշխատավարձի վճարման կարգն է օրենսդրորեն ամրագրված: Ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, «Դատախազության մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությն մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ օրենքներով նախատեսվում են համապատասխան ծառայողների լիազորությունների կասեցման, ինչպես նաև վերջիններիս աշխատավարձի վճարման կարգը:

Ուստի, հաշվի առնելով վերոշարադրյալը, գործնականում անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենգրքի 152-րդ հոդվածով սահմանված հիմքերով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում սահմանել կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավարձի պահպանման չափն ու կարգը այն դեպքերի համար, որոնք ոլորտային օրենսդրությամբ նախատեսված չեն: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքերում տվյալ անձին վճարվող գումարի վերաբերյալ (որը կարող է լինել ինչպես աշխատավարձի որոշ մասի, այնպես էլ դրա համար հատուկ սահմանված նպաստի չափով) նախատեսված է միասնական, հստակ չափ, որը սակայն չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

  2.Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

Գործնականում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր դադարեցնել ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող, այնպես էլ հանրային ծառայության մեջ չգտնվող պաշտոններ զբաղեցնող անձանց (օրինակ՝ իրավաբանական անձի ղեկավար֊ կարգադրիչ կամ ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք և այլն) պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ։

Սույն նախագծով քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպում աշխատանքային օրենսգրքով նախատեսվում է սահմանել աշխատավարձի պահպանման միասնական չափ:

Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է, որ  կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած ժամանակահատվածի համար վճարումը կատարվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում, կապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հնարավորությունը և կսահմանվի տվյալ դեպքի համար աշխատավարձի վճարման չափը:

  • Քննարկվել է

    11.10.2019 - 26.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7687

Տպել

Առաջարկներ`

Աննա Բարիկյան

25.10.2019

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցման (կասեցման) իրավունքը վերապահել ոչ թե դատախազին կամ քննիչին (դատախազի համաձայնությամբ), այլ միայն դատարանին: Դատախազին կամ քննիչին վերապահելով այս լիազորությունը՝ հնարավորություն ենք տալիս նրանց որոշումներ ընդունել միաձնյա կամ երկկողմանի պայմանավորվածության հիման վրա: Առաջարկված տարբերակի դեպքում դատախազը կամ քննիչը դատախազի համաձայնությամբ կարող են դիմել դատարան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցման որոշումը կայացնելու համար: Առաջարկվում է դատարանին տալ օրենքով սահմանված ժամանակ միջնորդությունը քննելու համար: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված 107.1 հոդվածի 2-րդ մասի «Աշխատող» բառից հետո առաջարկվում է լրացնել «Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող» բառակապակցությունը: Սա կհստակեցնի, թե որ աշխատողի մասին է խոսքը գնում: Նույն հոդվածի 3-րդ մասի ուսումնասիրությունից հետո հարց է առաջանում, թե ինչպես է կարգավորվելու մասնավոր հատվածում աշխատողների աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանումը աշխատանքի ժամանակավորապես դադարեցման ժամանակ, քանի որ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում օգտագործվում է միայն «աշխատող» բառը: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացնել մասնավոր հատվածում աշխատողների աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանման վերաբերյալ դրույթներ: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել աշխատողների լիազորությունների կասեցման ժամանակ աշխատողների աշխատավարձի չափը և դրա հաշվարկման կարգը: Ամենակարևոր հարցը կայանում է նրանում, որ ոչ պետական հատվածում գործատուները արդյոք պատրաստ կլինեն վճարել աշխատավարձ այդ աշխատողներին այդ անորոշ ժամանակահատվածի համար (նախագծով սահմանվում է, որ աշխատողների լիազորությունների ժամանակավոր դադարումը կվերանա անհրաժեշտության բացակայության դեպքում): Իսկ 4-րդ մասում առաջարկվում է հստակ նշել օրենքով նախատեսված հիմքերը, որոնց առկայության դեպքում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել: Աշխատողի անմեղության փաստը հաստատվելուց հետո, աշխատողը ինչպես կարող է ստանալ աշխատանքային պայմանագրով սահմանված իր աշխատավարձի և փաստացի ստացած գումարի տարբերությունը: Անհրաժեշություն է առաջանում այս հարցը կարգավորող դրույթ ներառել օրենսդրությունում, քանի որ աշխատողը անմեղ է ճանաչվել և քրեական գործի բացահայտման ժամանակահատվածում նա գտնվել է անաշխատունակության մեջ և չի ստացել աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձը:

Տեսնել ավելին