ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ։
Ինչպես ուղղակիորեն բխում է հիշյալ դրույթից, քրեական դատավարության օրենսգիրքը հնարավոր է համարում միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը դադարեցնելը՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Հանրային ծառայության մեջ չգտնվող անձի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման՝ որպես դատավարական հարկադրանքի միջոցի առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու, թե անձը ներգրավված է հանրային ծառայության մեջ, թե ոչ։ Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման անհրաժեշտության դեպքում քննիչը՝ քննչական բաժնի ղեկավարի համաձայնությամբ, կամ հետաքննիչը՝ դատախազի համաձայնությամբ, նախաքննության կատարման վայրի դատարան են ներկայացնում համապատասխան միջնորդություն...»։
Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «Դատախազը, նրա տեղակւպր կամ ԲՀ-ի քննչական կոմիտեի նախագահը կամ ԲՀ-ի ազգային անվտանգության կոմիտեի նախագահը կամ նրանց պարտականությունները կատարող անձը, ինչպես նաև քննիչը՝ դատախազի կամ նրա տեղակախ թույլտվությամբ կամ դատարանը իրավասու են դադարեցնել կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը, եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պաշտոնում մնալով, նրանք կարող են խոչընդոտել քրեական գործի մինչդատական վարույթին կամ դատական քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ՝ կապված այդ պաշտոնում մնալու հետ...»։
Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործի մինչդատական վարույթի ժամանակ քննիչ֊ դատավորը, ար հիմքեր ենթադրելու, որ պաշտոնում մնալով, նրանք կարող են խոչընդոտել քրեական գործի մինչդատական վարույթին կամ դատական քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ՝ կապված այդ պաշտոնում մնալու հետ՝ կալանքի ձևով խափանման միջոց ընտրելու հիմքերի բացակայության պայմաններում»։
Էստոնիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվում է դատախազի միջնորդության հիման վրա նախաքննության կատարման վայրի դատարանի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ, եթե շարունակելով աշխատանքը՝ նա կարող է շարունակել հանցանքի կատարումը կամ աշխատանքը շարունակելը կարող է վնասել քրեական դատավարությանը...»։
Նմանատիպ կարգավորումներ նախատեսված են նաև այլ երկրների օրենսդրությամբ։
Ինչ վերաբերվում է լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում աշխատավարձի վճարման կարգին, ապա այս մասով ոչ բոլոր հանրային ծառայողների աշխատավարձի վճարման կարգն է օրենսդրորեն ամրագրված: Ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, «Դատախազության մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությն մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ օրենքներով նախատեսվում են համապատասխան ծառայողների լիազորությունների կասեցման, ինչպես նաև վերջիններիս աշխատավարձի վճարման կարգը:
Ուստի, հաշվի առնելով վերոշարադրյալը, գործնականում անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենգրքի 152-րդ հոդվածով սահմանված հիմքերով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում սահմանել կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավարձի պահպանման չափն ու կարգը այն դեպքերի համար, որոնք ոլորտային օրենսդրությամբ նախատեսված չեն: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքերում տվյալ անձին վճարվող գումարի վերաբերյալ (որը կարող է լինել ինչպես աշխատավարձի որոշ մասի, այնպես էլ դրա համար հատուկ սահմանված նպաստի չափով) նախատեսված է միասնական, հստակ չափ, որը սակայն չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:
2.Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը
Գործնականում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր դադարեցնել ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող, այնպես էլ հանրային ծառայության մեջ չգտնվող պաշտոններ զբաղեցնող անձանց (օրինակ՝ իրավաբանական անձի ղեկավար֊ կարգադրիչ կամ ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք և այլն) պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ։
Սույն նախագծով քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպում աշխատանքային օրենսգրքով նախատեսվում է սահմանել աշխատավարձի պահպանման միասնական չափ:
Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած ժամանակահատվածի համար վճարումը կատարվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում, կապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հնարավորությունը և կսահմանվի տվյալ դեպքի համար աշխատավարձի վճարման չափը: