ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ֆիզիկական անձանց ստացած ծառայությունների, աշխատանքների, ձեռք բերված և չվերադարձված ապրանքների տեսքով` ֆիզիկական անձանց ստացած բնամթերային եկամուտները` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտներ համարելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 14-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 27.07.2017թ. «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N904-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, հարկային մարմնի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու (եթե դրանք ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով) կամ մուտքագրելու (եթե դրանք ձեռք են բերվել հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին) մասին՝ կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով և հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը:
Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 72 ժամը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) տնօրինվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
ՀՀ կառավարության 27.07.2017թ. «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N904-Ն որոշմամբ հաստատված կարգի կիրառման արդյունքում ֆիզիկական անձինք` հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստանում են ծառայություններ, աշխատանքներ և ապրանքներ, որոնք` որպես բնամթերային եկամուտներ օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հարկման եկամտային հարկով:
Միաժամանակ, օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտներ են համարվում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, ինչպես նաև այդ մարմինների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումները:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակը` հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ձեռքբերված ծառայությունների, աշխատանքների, ապրանքների տեսքով ֆիզիկական անձանց բնամթերային ձևով ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման բազայից նվազեցնելն է:
Այդ նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են այդ ծառայությունները, աշխատանքները ստացած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում` հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ձեռքբերված ծառայությունների, աշխատանքների, ապրանքների տեսքով ֆիզիկական անձանց բնամթերային ձևով ստացված եկամուտները, որպես անհատույց ստացված ծառայություններ, աշխատանքներ և ակտիվներ, օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն կհամարվեն նվազեցվող եկամուտներ և եկամտային հարկով չեն հարկվի:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: