Արմեն Վարդանյան
13.08.2019
Նախագիծը ամբողջությամբ ենթակա է վերանայման՝ կիրառելիությունը, իրատեսությունը և արդյունքն ու արդյունավետությունը նախապես գնահատելու, փորձարկելու և հնարավոր խնդիրներից ու հետևանքներից խուսափելու գերակայությունից ելնելով: Ռիսկայնության գնահատման և ըստ ռիսկայնության դասակարգման ու դրա արդյունքներով աառավել նպատակային, հասցեական ու արդյունավետ ստուգումների համակարգ կիրառելու նպատակով անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում առաջնահերթության կարգով պետք է կատարվի վարակիչ հիվանդությունների կամ բույսերի կարանտին և վնասակար օրգանիզմների նկատմամբ գոտիավորում և համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կամ օբյեկտների դասակարգում՝ ըստ զոոսանիտարական կամ բուսասանիտարական համապատասխան կարգավիճակների, որոնք հստակ և հիմնավորված սկզբունքով թույլ կտան կատարել օբյեկտների ռիսկայնության գնահատում: Ռիսկայնության գնահատման համար պետք է խուսափել բարդ, անհասկանալի և անորոշ կամ երկակի նշանակության ձևակերպումներից կամ սահմանել դրանց հասկացությունները, դնել պարզ և հասկանալի մի քանի սկզբունք՝ որոշակի ոլորտային ռիսկի կամ անհատական ռիսկի համար սահմանել դրանց իրատեսական գնահատումը կատարելու հնարավոր բոլոր չափանիշները, չափորոշիչները, տալ դրանց իրատեսական, մասնագիտական, գործնական տեսանկյուններից և չափելի որակումները 1-10 կամ 1-100 բալ կամ միավոր կամ այլ տեսակի գնահատման մեխանիզմով, սակայն բոլոր չափորոշիչների գնահատման և չափելիության համար միևնույն սկզբունքով և մոտեցումներով: Անասնաբուժական վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնության գնահատումը և ըստ ռիսկայնության դրանց դասակարգումը պետք է և հնարավոր է կատարել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված պահանջների և սկզբունքների, այդ միջազգային կառույցի անդամ բազմաթիվ այլ երկրների կողմից կիրառվող պրակտիկայի, ինչպես նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ ընդունված իրավակարգավորումներին համապատասխան, մասնավորապես՝ հիվանդությունների նկատմամբ և գործող անասնաբուժական հսկողության համակարգի հիմքերի վրա կատարված զոնայավորման և ըստ զոոսանիտարական վիճակի՝ անասնաբուժական նշանակության օբյեկտների դասակարգման սկզբունքներով և պահանջներով, ինչի արդյունքում իրականացվում է ոչ միայն երկրի տարածքի գոտիավորումը՝ ըստ անասնահամաճարակային ապահովության, այլև յուրաքանչյուր գոտում կատարվում է անասնաբուժական նշանակության օբյեկտների դասակարգումը և զոոսանիտարական համապատասխան կարգավիճակի որոշումն ու գործունեության կանոնակարգումը կոմպարտմենտի սկզբունքով, դրանց արդյունքներով հսկողական և պետական վերահսկողական գործողությունների նպատակային կազմակերպումն ու արդյունավետ կատարումը: