«ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 թվականի N –Ն
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը` համաձայն Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի _____ N ___ որոշման
ԿԱՐԳ
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ
- Սույն կարգը կարգավորում է արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները:
- Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծումը, պահպանումը և նորացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող արյան դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն)` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա:
- Արյան բաղադրամասերի պետական պաշարները ստեղծվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից պլանային և անհետաձգելի փոխներարկումային բժշկական օգնության կարիքների անխափան ապահովման համար, ինչպես նաև շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման տրամադրման նպատակով:
- Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը և նրա կողմից նշանակված պատասխանատու անձը:
- Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման նպատակով բժշկական կազմակերպությունը «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված դոնորության կամավոր գործունեության սկզբունքի համաձայն հավաքագրում է արյան դոնորներ և ստեղծում արյան դոնորների ցանկ` համաձայն Ձև 1-ի:
- Արյան դոնորների ցանկը տարեկան երկու անգամ ճշգրտվում և թարմացվում է սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պատասխանատու անձի կողմից:
- Արյան բաղադրամասերի պետական պաշարների մեջ ներառվում են՝
- փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասեր,
- արյան հավաքման համար պարկեր,
- սառնարանային ցենտրիֆուգաներ,
- կշեռք-ճոճանակներ,
- արյան հավաքման պարկերի զոդիչներ,
- թեստ-համակարգեր, ազդանյութեր և անհրաժեշտ պարագաներ արյան փորձանմուշների հետազոտման համար,
- փոխներարկման համակարգեր,
- ծախսանյութեր (քլորհեքսիդինի սպիրտային լուծույթ, սկարիֆիկատոր, սպիրտային անձեռոցիկ, բժշկական սպեղանի, էթիլ սպիրտ, բինտ, բամբակ, ֆիզիոլոգիական լուծույթ) և վիրաբուժական գործիքներ,
- արյան բաղադրամասերի պահպանման համար նախատեսված հատուկ սառնարաններ և սառցարաններ,
- արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման համար հատուկ արկղեր (կոնտեյներներ)` սառցային շղթան ապահովելու համար և փոխադրամիջոցի համար նախատեսված սառնարաններ (12V),
- արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման համար համապատասխան ձայնային ու լուսային ազդանշաններով փոխադրամիջոցներ,
- արտակարգ իրավիճակներում արյան հավաքման և արյան բաղադրամասերի ստացման գործընթացն անխափան կազմակերպելու համար ինքնուրույն էլեկտրամատակարարման սարքեր:
- Արյան բաղադրամասերի պետական պաշարների մաս հանդիսացող արյան բաղադրամասերի (բոլոր խմբերի և ռեզուս պատկանելիության) նվազագույն չնվազող քանակը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Արյունաբանական կենտրոն) համար սահմանվում է առնվազն 80 միավոր, իսկ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանող մնացած բժշկական կազմակերպությունների համար` առնվազն 25 միավոր: Ընդ որում էրիթրոցիտային զանգվածի և թարմ սառեցված պլազմայի փոխհարաբերությունը պետք է լինի 1/3-ին:
- Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանող բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում Արյունաբանական կենտրոն` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված արյան բաղադրամասերի քանակների առկայության վերաբերյալ:
- Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված հաշվետվություններն ամփոփելուց հետո Արյունաբանական կենտրոնը եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
- Արյան բաղադրամասերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի N 03-Ն հրամանով հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում պահպանման կարգին համաձայն հատուկ սառցարաններում և սառնարաններում, ընդ որում էրիթրոցիտային զանգվածի պահպանման ժամկետը կախված է արյան հավաքագրման պարկում առկա կոնսերվանտից:
- Արյան բաղադրամասերի պետական պաշարները մշտապես նորացվում են հետևյալ ժամկետներում` պահպանելով դրանց չնվազող քանակները:
1) էրիթրոցիտաին զանգված` պիտանելիության ժամկետի 3/4 լրանալուց հետո,
2) թարմ սառեցված պլազմա` պիտանելիության ժամկետի 4/5 լրանալուց հետո,
3) արյան հավաքման, հետազոտման և փոխներարկման համար նախատեսված թեստ-համակարգերը, ազդանյութերը և ծախսանյութերը՝ պիտանելիության ժամկետի 2/3-ը լրանալուց հետո:
- Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված արյան բաղադրամասերի, թեստ-համակարգերի, ազդանյութերի և ծախսանյութերի պիտանելիության ժամկետները լրանալուց հետո պետական պաշարներն անցնում են բժշկական կազմակերպության տնօրինության տակ: Ընդ որում պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման գործընթացի ընթացքում արյան և դրա բաղադրամասերի պիտանելիության ժամկետները լրանալու հետ կապված ծախսերի համար պատասխանատու է բժշկական կազմակերպությունը:
- 14. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պատասխանատու անձը պարտավոր է վերահսկել սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված արյան բաղադրամասերի քանակների մշտական առկայությունը բժշկական կազմակերպությունում և պատասխանատու է հաշվետվությունների ներկայացման համար` սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերին համապատասխան:
- 15. Արյան բաղադրամասերի պետական պաշարներն անհատույց տրամադրվում են՝
1) խաղաղ պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված արյան բաղադրամասերի պետական պաշարներն անհատույց տրամադրման հայտի (Ձև 2) համաձայն,
2) ռազմական դրության և արտակարգ իրավիճակներ պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի գրության համաձայն:
Նախագծի շարունակությունը տես կից փաստաթղթում:
-
Քննարկվել է
15.04.2019 - 01.05.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7870
Տպել