Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

  • Քննարկվել է

    23.01.2019 - 07.02.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 121636

Տպել

Առաջարկներ`

Հակոբ Մանուկյան

07.02.2019

Նախագիծն ունի միայն ֆիսկալ քաղաքականություն, չկա ոչ մի ազատականացում... ԴԵՄ ԵՄ: ՀՀԿ-ն հասկացել էր իր եզությունը և հաշվապահներին հանեց աահ-ով հարկվողների ցանկից, իսկ դուք տանում եք նույն եզությանը

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

07.02.2019

առաջարկի շարունակություն՝ 1. Ռեգրեսսիվ հարկում Հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող համեմատաբար խոշոր (հարկման ընդհանուր համակարգում գործող) տնտեսվարողները իրենց ձեռքբերումների շոշափելի մասը (բիզնես կենտրոնում գրասենյակի վարձակալություն, ծրագրային լիցենզներ, ՏՏ ծառայություններ, վարչական բնույթի ծառայություններ) կատարում են ԱԱՀ վճարողներից, և կարողանում են կատարել ձեռքբերման ու իրացման գործարքների ԱԱՀ հաշվանց: Բացի դա, նրանք ծառայությունների զգալի մասը մատուցում են ԱԱՀ վճարող հանդիսացող հաճախորդների (որոնք կարող են ԱԱՀ-ն հաշվանցել, և ուստի ծառայությունների գնի մեջ ներառված ԱԱՀ-ի գումարը չեն դիտարկում որպես ծախս) կամ արտասահմանյան հաճախորդների (որոնց մատուցվող ծառայությունների մասով կիրառվում է ԱԱՀ 0 տոկոս դրույքաչափ), և ուստի համեմատաբար հեշտությամբ կարող են ԱԱՀ-ն հավելել իրենց բազային գներին: Արդյունքում նման տնտեսվարողների համար ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունը առավելագույնը կազմում է շրջանառության 5-7 տոկոս: Միաժամանակ շրջանառության հարկի դաշտում աշխատող իրավաբանական, հաշվապահական ու խորհրդատվական ծառայություններ մատուցողները գրեթե չունեն ԱԱՀ-ով ձեռքբերումներ (որպես կանոն կամ չեն վարձում գրասենյակ, կամ այն վարձում են անհատներից, և ԱԱՀ-ով հարկվող ծախսերի թվում ունեն միայն կոմունալ վճարները ու որոշ գրասենյակային ծախսեր), և արդյունքում նրանց համար ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունը կազմելու է շրջանառության մինչև 15 տոկոս՝ այսինքն շուրջ երկու անգամ ավել, քան ներկայումս ԱԱՀ դաշտում աշխատողներինը: Հատկապես անհատ փաստաբանների ու հաշվապահների դեպքում էլ ավելի մեծ տարբերություն է ձևավորվում շահութահարկի գծով, քանի որ չունենալով գրասենյակի վարձույթի ու աշխատողների վարձատրության ծախսեր, նրանք շրջանառության հարկ վճարելու են գրեթե ամբողջ շրջանառությունից՝ փաստացի շահութահարկի պարտավորություն ձևավորելով շրջանառության գրեթե 20 տոկոսի չափով: Ընդ որում, տվյալ դեպքում բարձր եկամտաբերությամբ բարձր հարկերը հիմնավորելը տեղին չէ, քանի որ չնայած տոկոսային առումով բարձր եկամտաբերության բացարձակ թվերի առումով խոսքը գնում է բավական ցածր գումարների մասին, և դրանց զգալի նվազումը անմիջապես ազդելու է համապատասխան անձանց կենսամակարդակի ու գնողունակության վրա՝ ինչը ընդհանուր բացասական հետևանքներ է ունենալու ամբողջ տնտեսության վրա: Ուստի չնայած ձևական առումով միասնական մոտեցման, փոփոխությունները հանգեցնելու են փաստացի «ռեգրեսիվ» հարկման հետ՝ երբ փոքր հասույթ ունեցողը վճարում է էապես ավելի շատ հարկ, քան մեծ հասույթ ունեցողը: Նման մոտեցումը հարկային քաղաքականության առումով անհեթեթ է: Մեր պետությունը իր ռազմավարական նպատակների թվում ունի ՓՄՁ զարգացումը, իսկ հարկային քաղաքականության առումով ընդունելի է պրոգրեսիվ, կամ առնվազն համահարթեցված մոտեցումը, բայց ոչ՝ ռեգրեսիվ հարկումը: 2. Ստվերի էական աճ ու հասույթի էքսպատրիացիա՝ հարկային մուտքերի նվազեցմամբ Ինչպես մանրամասն ներկայացվել է ոլորտի կազմակերպությունների կողմից ֆինանսների փոխնախարարի և տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի հետ հանդիպմանը, հարկերի բարձրացման դեպքում զգալի թվով իրավաբաններ, հաշվապահներ ու խորհրդատուներ մասամբ կգնան ստվեր, իսկ մասամբ իրենց եկամուտները կձևակերպեն այլ երկրներում (հեռու գնալ պետք չէ՝ հարևան Վրաստանում շատ հեշտ ընկերություն են բացում, վճարում են ավելի քիչ հարկ, ու բոլոր դրսի հաճախորդների գումարները այնտեղով են հա, առաջացած շահույթն էլ ամենայն հավանականությամբ Հայաստան հետ չեն բերում): Այսինքն ամենայն հավանականությամբ հարկային մուտքերի ավելացումը այդքան մեծ չի լինի, որքան կարելի է ակնկալել: 3. Մուլտիպլիկացվող բացասական ազդեցություն տնտեսության վրա Հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում բարեխիղճ հարկ վճարողները ստիպված կլինեն իրենց գները բարձրացնել՝ առնվազն ԱԱՀ չափով: Քանի որ շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարողները հիմնականում սպասարկում են այլ շրջանառության հարկով աշխատողներին, իրենց հաճախորդների համար սա փաստացի ծախս է լինելու: Եթե հաճախորդները համաձայնվեն նման թանկացմանը, ապա կիջնի իրենց եկամտաբերությունը (իսկ շատ ՓՄՁ-ների համար նույնիսկ հաշվապահին վճարվող ավել 10-20 հազար դրամը բավական էական են), իսկ եթե չընդունեն՝ կսկսեն աշխատել ստվեր գնացած անբարեխիղճ հաշվապահների ու փաստաբանների հետ, որոնք որպես կանոն ավելի ցածր որակ ունեն (բարձր որակ ունեցողը միշտ ձգտում է աճել, աշխատել լուրջ հաճախորդների հետ, ու պարզապես չի կարող ստվեր գնալ), որը էլ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ հաճախորդների համար (արդարության համար նշենք, որ վատ հաշվապահ ունենալը կարող է պետությանը ավել հարկային եկամուտ բերել՝ սխալներից առաջացող տույժերի ու տուգանքների տեսքով, բայց հուսով ենք կառավարությունը նման կերպով հարկային մուտքեր ավելացնելու նպատակ չունի): Ընդ որում, եթե հաշվապահ ունենալը գրեթե անխուսափելի է, ապա իրավաբանների ու խորհրդատուների ծառայությունները դեռ զգալի չափով ընկալվում են որպես «օպցիոնալ», և թանկացման դեպքում դրանցից ավելի քիչ կօտգվեն: Իսկ այդ ծառայությունները գործնականում մեծ կարևորություն ունեն բիզնեսի համար, քանի որ նպաստում են compliance-ին ու արդյունավետության բարձրացմանը: Այսինքն ինչքան քիչ են օգտվում իրավաբանական ու խորհրդատվական ծառայություններից (բնականաբար՝ որակյալ), այդքան տուժում է նրանց կայունությունն ու զարգացումը: Տնտեսական զարգացման նոր մակարդակի դուրս գալ հնարավոր չէ առանց որակյալ խորհրդատուների, իրավաբանների ու հաշվապահների ծառայությունների, ու դրանց թանկացումը անխուսափելիորեն խոչընդոտելու է տնտեսական զարգացմանը: Թեև այս առումով տնտեսական ազդեցությունը հեշտ չափելի չէ (գումարային արտահայտմամբ), բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնվի: Ամբողջ նշվածից բխում է, որ խնդրո առարկա փոփոխությունը (նախագծի 33 հոդված) միանգամայն սխալ է հարկային քաղաքականության ու պետության զարգացման առաջնահերթությունների տեսանկյունից, և տրամաբանական է միայն կարճաժամկետ առումով հարկային մուտքեր ավելացնելու առումով (նույնիսկ այս առումով երկար ժամկետում արդյունքը կարող է բացասական լինել՝ եթե հաշվի առնենք վերը նշված բացասական մուլտիպլիկատորները): Այն նաև ըստ էության խտրական է (լայն իմաստով), քանի որ փաստացի առկա է առանց որևէ էական հիմնավորման տարբերակում թիրախավորված 3 ոլորտի ու այլ ծառայությունների միջև, և նաև առկա է փաստացի ռեգրեսիվ հարկում: 4. Իրավական որոշակիության սկզբունք Եթե իրավաբանական ու հաշվապահական ծառայությունների հասկացությունը քիչ թե շատ հստակ է, ապա «խորհրդատվական ծառայություններ» եզրույթը հակասական մեկնաբանությունների տեղիք է տալիս: Գրեթե ցանկացած մտավոր ծառայության տեսակ (մարքեթինգային, ՏՏ, գիտահետազոտական, կառավարման և այլ) իր մեջ կարող է խորհրդատվության էլեմենտներ պարունակել: Ներկայումս հարկային օրենսգիրքը հատուկ կարգավորումներ է սահմանում «խորհրդատվական ծառայությունների» համար 2 դեպքում՝ ծառայությունների մատուցման վայրը ու եկամուտի ստացման աղբյուրը որոշելիս: Երկու դեպքում էլ խորհրդատվական ծառայությունների հետ նույն մոտեցումը սահմանված է նաև վերը նշված «հարակից» ծառայությունների հանդեպ: Ուստի դրանց տարանջատման խնդիր չի առաջանում: Բայց Նախագծի 33-րդ հոդվածի ուժով այս տարանջատումը դառնում է խիստ սկզբունքային, իսկ դրա ոչ հստակ լինելը նշանակում է իրավական որոշակիության բացակայություն, և հղի է շատ հստակ կոռուպցիոն ռիսկերով: Ամփոփելով ամբողջ վերոգրյալը միանգամայն հանգում ենք այն եզրակացությանը, որ Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսված փոփոխություններ՝ հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողների մասով սխալ հարկային քաղաքականության ակնհայտ դրսևորում են:

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

07.02.2019

Նախևառաջ անհրաժեշտ ենք համարում ողջունել Նախագծով շրջանառության հարկի շեմի վերականգնումը 115 միլիոն դրամի մակարդակում, քանի որ նման մոտեցումը ուղղակիորեն բխում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներից, ըստ որոնց ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններից է բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը: Հաշվի առնելով, որ նույն օրենքի մինչև 100 մլն դրամ հասույթ ունեցող ձեռնարկություններն որպես կանոն համարվում են գերփոքր, ուստի շրջանառության հարկի շեմի իջեցումը կհակասեր նման ձեռնարկությունների հանդեպ է բարենպաստ հարկային քաղաքականություն իրականացնելու համապատասխան պահանջին: Այն նաև խնդրահարույց կլիներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) 57-րդ և 58-րդ հոդվածներից բխող՝ հատկապես գերփոքր ձեռնարկություններին ԵՄ Փորք Բիզնեսի Ակտի պահանջներին համահունչ աջակցելու պարտավորության տեսանկյունից: Նմանապես ողջունելի է Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսվող այն փոփոխությունը, որի ուժով արտոնագրային հարկ վճարողներին, ինչպես նաև ակցիզային հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռնվում գործել շրջանառության հարկի ռեժիմով, հաշվի առնելով, որ համապատասխան անձանց շրջանակներում զգալի է գերփոքր ձեռնարկությունների թիվը (այդ թվում տնտեսության կայուն աճի համար կարևոր այնպիսի ոլորտներում, ինչպիսին է, օրինակ, գինեգործությունը): Միաժամանակ առավել քան խնդրահարույց է Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունները, որոնց ուժով շրջանառության հարկի համակարգում գործելու հնարավորությունից զրկվում են հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները: Հիմնական խնդիրը կապված է այն հանգամանքի հետ, որ փաստացի համապատասխան գործունեություն իրականացնող տնտեսվարողների գերակշիռ մասը հանդիսանում են գերփոքր ձեռնարկություններ («Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՀԸԳՀ իմաստով): Այս առումով առկա է հստակ տարբերություն շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունք չունեցող այլ անձանց հետ, որոնք որպես կանոն ի սկզբանե պետք է հանդիսանան միջին կամ խոշոր ձեռնարկություններ՝ նրանց կապիտալի հանդեպ պահանջներից և/կամ գործունեության բնույթից (այդ թվում՝ հատուկ լիցենզիաների ու թույլտվությունների պահանջներից) ելնելով (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ընկերություններ, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ, գրավատներ, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողներ, ներդրումային ֆոնդեր, ֆոնդերի կառավարիչներ, վճարահաշվարկային կազմակերպություններ, խաղատներ, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողներ, աուդիտորական կազմակերպություններ): Առաջարկվող փոփոխությամբ հաշվապահական, իրավաբանական ու խորհրդատվական ծառայություններ մատուցող գերփոքր ձեռնարկությունները փաստացի զրկվում են բարենպաստ հարկային քաղաքականությունից օգտվելու հնարավորությունից, իսկ իրենց հարկային բեռը կտրուկ ավելանում է: Այս առումով ոլորտի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը ֆինանսների փոխնախարար պարոն Պողոսյանի կողմից ներկայացվեց հիմնավորում առ այն, որ շրջանառության հարկը նախատեսված է որպես այլընտրանքային, այլ ոչ թե արտոնյալ հարկային ռեժիմ, մինչդեռ ըստ ՊԵԿ տվյալների շրջանառության հարկով աշխատողների հարկային բեռը մոտ 2-2,5 անգամ պակաս է, քան ընդհանուր հարկային համակարգով աշխատողներինը, ինչն, ըստ փոխնախարարի, հարկային քաղաքականության առումով սխալ է: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ համապատասխան հիմնավորումը (ավելին՝ համապատասխան փոփոխության որևէ հիմնավորում) չի ներկայացվել Նախագծի հետ օրենքով սահմանված կարգով, հարկ ենք համարում այս հիմնավորմանը (և առհասարակ խնդրո առարկա փոփոխության հիմնավորվածությանը) անդրադառնալ ըստ էության: Այսպես, եթե ընդունենք այն մոտեցումը, որ հարկային քաղաքականության տեսանկյունից շրջանառության հարկը նախատեսված է որպես այլընտրանքային, այլ ոչ թե արտոնյալ հարկային ռեժիմ (ինչը ինքնին վիճելի է՝ հաշվի առնելով ՓՄՁ և հատկապես գերփոքր ձեռնարկությունների հանդեպ բարենպաստ, այսինք՝ նաև որոշ չափով արտոնյալ հարկային քաղաքականություն վարելու պետության՝ վերը նշված պարտավորությունը), ապա այդ դեպքում էլ որևէ կերպ չի հիմնավորվում հատկապես իրավաբանների, հաշվապահների ու խորհրդատուների հանդեպ թիրախավորված անբարենպաստ մոտեցումը: Այն հիմնավորելու համար պարոն Պողոսյանը պնդեց, որ իրավաբանները, հաշվապահներն ու խորհրդատուները առավել բարձր եկամտաբերությունն ունեն, ու նրանք նաև առավել գրագետն են, ու ավելի հեշտ կկարողանան վարել հաշվապահություն ու տալ հաշվետվություններ ընդհանուր հարկային ռեժիմով: Առաջին պնդման մասով որևէ հստակ հաշվարկ չներկայացվեց, իսկ երկրորդ պնդումը ակնհայտ անվերաբերելի է այն պարզ պատճառով, որ հատկապես իրավաբանների ու խորհրդատուի դեպքում գրագիտության մակարդակը որևէ կապ չունի ընդհանուր հարկային ռեժիմով հաշվառում վարելու ունակության հետ, քանի որ վերջինս ամեն դեպքում պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ հաշվապահության ոլորտում, և բացի դա՝ որևէ անձի գրագիտության մակարդակի մասին որևէ կանխավարկած կառուցելը սոսկ նրա մասնագիտության հիման վրա միանգամայն անհիմն է: Վերադառնալով եկամտաբերության ենթադրյալ բարձր մակարդակի մասին պնդմանը, նույնիսկ եթե ենթադրենք, որ միջինում իրավաբանները, հաշվապահներն ու խորհրդատուներն ունեն առավել բարձր եկամտաբերություն, քան այլ տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարողները, դա ինքնին որևէ կերպ չի հիմնավորում նրանց համար շրջանառության հարկի համակարգում գործելու առաջարկվող արգելքը, հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ այս համակարգը հասանելի է մնում բոլոր այլ ՓՄՁ-ների համար: Նման թիրախավորումը ակնհայտ խտրական է: Նման մոտեցումը անկհայտ անհիմն է նաև հարկային քաղաքականության տեսանկյունից, քանի որ՝ 1. Փաստացի սահմանում է «ռեգրեսսիվ» հարկում (համեմատաբար փոքր հասույթ ունեցողի նկատմամբ արդյունավետորեն ավելի բարձր հարկային բեռ է սահմանում, քան մեծ հասույթ ունեցողի նկատմամբ): 2. Գործնականում մեծ հավանականությամբ կխթանի ստվերի էական աճ ու հասույթի էքսպատրիացիա, որի հետևանքով չի ապահովի հարկային մուտքերի ակնկալվող աճ: 3. Ի լրումն իրավաբանների, խորհրդատուների ու հաշվապահեների համար հարկային բեռի բարձրացմանը, կունենա նաև մուլտիպլիկացվող բացասական ազդեցություն տնտեսության վրա: 4. Հատկապես խորհրդատվական ծառայությունների մասով խախտում է իրավական որոշակիության սկզբունքի պահանջը: շարունակությունը հաջորդ առաջարկում

Տեսնել ավելին