«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման կարգի (այսուհետև` Կարգ) 5-րդ կետի «թ» ենթակետի՝ ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուրներից է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալները, որոնցից են քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին:
Հարկ է նկատել, որ ներկայիս կարգավորման պայմաններում բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցից որևէ այլ խափանման միջոցի կիրառման պարագայում ՍԷԿՏ համակարգի շահագործման հնարավորությունը բացակայում է, ինչը գործնականում կարող է խնդրահարույց իրավիճակների հիմք հանդիսանալ:
- Առկա իրավիճակը.
Համաձայն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով:
Վերոնշյալը փաստում է, որ բարձրագույն իրավաբանական ուժով օժտված իրավական ակտով սահմանվում է, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել հանցագործությունների կանխման կամ բացահայտման համար, իսկ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կարող է կիրառվել, եթե ապահովվի անձի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելը:
Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի (c) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Տ. Հակոբյանի վերաբերյալ ՎԲ-115/07 գործով արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` ««Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմը ՀՀ իրավունքի բաղկացուցիչ մասն է, և ՀՀ իրավասու դատարանները, անկախ անձին մեղսագրված հանցագործության ծանրության աստիճանից, լիազորված են քննարկել մեղադրյալին գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակելու հնարավորության հարցը»:
Այսինքն՝ բարձրագույն դատական ատյանն արձանագրել է, որ նույնիսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված լինելու փաստը չի կաշկանդում դատարանին անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը:
Ստացվում է, որ երբ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվում է գրավով, և անձը, փաստացի, դեռևս գտնվում է ազատության մեջ, որևէ գործիքակազմ առկա չէ մեղադրյալի կողմից սահմանի հատումը կանխելու համար:
Այսինքն, ներկայիս կարգավորումերով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում չի արտացոլվում անձի նկատմամբ գրավ խափանման միջոցի կիրառված լինելու հանգամանքը, և այն չի հանդիսանում ՍԷԿՏ համակարգի շահագործման հիմք, հետևաբար՝ վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն չի ընձեռնվում վերահսկել անձի տեղաշարժը այնպես, ինչպես անձի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու դեպքում:
Հարկ է նկատել, որ գրավի՝ որպես խափանման միջոցի կիրառման պարագայում ՍԷԿՏ համակարգում դրա մասին տեղեկատվության զետեղման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև օրենսդրական մակարդակով: Մասնավորապես, գրավի կիրառման դեպքում մեղադրյալի՝ առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության տեղաշարժի սահմանափակում ամրագրող նորմ է նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:
Վերոնշյալը փաստում է, որ այն դեպքում, երբ դատարանը կայացնում է որոշում գրավը որպես արդեն իսկ ընտրված կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ապա մեղադրյալը ցանկացած պարագայում այլ տեղանք մեկնելու դեպքում վարույթ իրականացնող մարմնից թույլտվություն ստանալու պարտականություն է կրում: Հակառակ պարագայում, դատախազը ձեռք է բերում գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ դատարան դիմելու իրավունք:
Այսպիսով, մեղադրյալը առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության չի կարող դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, բայց, միևնույն ժամանակ, բացակայում է օրենսդրական նշված նորմի իրացման հնարավորությունը, քանի որ, ինչպես նշվեց, ՍԷԿՏ համակարգում անձի նկատմամբ գրավ խափանման միջոցի կիրառված լինելու վերաբերյալ տվյալի բացակայությունը անձի սահմանային շարժը արգելափակելու հնարավորություն չի ընձեռում:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Քննարկվող կարգավորումը հնարավորություն է տալիս, ի թիվս այլ մարմինների, նախաքննություն իրականացնող մարմիններին դիմել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ կասկածյալի կամ մեղադրյալի տեղաշարժի նկատմամբ հսկողություն սահմանելու և վերջինիս կողմից սահմանի հատումը կանխելու նպատակով:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվությունից նախատեսել նաև դատարանի կողմից մեղադրյալին կալանքից գրավով ազատելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ որպես ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալ:
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից: