Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 «Քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականությունը չկատարելու դեպքում, եթե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալները հնարավոր չէ ձեռք բերել դատավարական այլ եղանակով, ապա քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ ստանալն օրենքով սահմանված կարգով կատարվում են հարկադրաբար` դատարանի որոշման հիման վրա՝ իրավունքների միջամտության համաչափության սկզբունքի պահպանմամբ։

Արգելվում են հարկադրաբար քննչական գործողություններ կատարելիս այնպիսի միջոցների և մեթոդների կիրառումը, որոնք կարող են առաջացնել ուժեղ ցավ:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 24-րդ կետում «խուզարկության» բառերից հետո լրացնել «, քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ նմուշները հարկադրաբար ստանալու» բառերը:

 

Հոդված 3.Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ  բովանդակությամբ 5.1-րդ կետով.

«5.1) դատարան է ներկայացնում քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ նմուշները հարկադրաբար ստանալու միջնորդություն.»:

 

Հոդված 4.  Օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում և 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում՝ «նմուշներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համեմատական հետազոտման համար այլ  նմուշներ.» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 188.1–րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1–րդ մասով.

«4.1 Վարույթն իրականացնող մարմինն անձին նախազգուշացնում է քննմանը, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականությունը չկատարելու դեպքում քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ ստանալը դատարանի որոշմամբ հարկադրաբար կատարելու մասին, ինչպես նաև պարզաբանում է քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականությունը չկատարելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:

Քննմանը, փորձաքննությանը ենթարկվելուց կամ նմուշներ տալուց հրաժարվելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է քննչական գործողություններին մասնակցելու պարտականությունը կատարելուց անձի հրաժարվելու մասին։

Քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ վերցնելը հարկադրաբար կարող են կատարվել միայն դատարանի որոշման հիման վրա։

Վարույթն իրականացնող մարմինը հանձնարարում է հետաքննության մարմնի աշխատակցին՝ օրենքով սահմանված կարգով և միջոցներով աջակցելու՝ քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելուն կամ նմուշները հարկադրաբար ստանալուն:

Եթե նմուշները հարկադրաբար ստանալն օբյեկտիվորեն անհնար է կամ դրանց իրականացումը կարող է հանգեցնել ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության խախտման, ապա բացառիկ դեպքերում, եթե այլ եղանակներով հնարավոր չէ ապացուցել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները, վարույթն իրականացնող մարմինը հանձնարարում է հետաքննության մարմնին գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալները ձեռք բերել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 297-րդ հոդվածում «խուզարկությունը,» բառից հետո լրացնել «քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելը կամ նմուշները հարկադրաբար ստանալը» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 283–րդ հոդվածի 4–րդ մասի երկրորդ պարբերությունում «խուզարկության» բառից հետո լրացնել «, քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ նմուշները հարկադրաբար ստանալու վերաբերյալ» բառերը։

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    30.11.2018 - 15.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9497

Տպել

Առաջարկներ`

A. D.

30.11.2018

«Արգելվում են հարկադրաբար քննչական գործողություններ կատարելիս այնպիսի միջոցների և մեթոդների կիրառումը, որոնք կարող են առաջացնել ուժեղ ցավ:» Ինչպես է որոշվելու` անձը ուժեղ ցավ զգացել է, թե ոչ? Հնարավոր չէ որոշել!!! Փաստորեն, մեռյալ դրույթ է։

Տեսնել ավելին