Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2014 թվականի մայիսի 19-ին: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) պետական համակարգի նոր մարմին է, որի ստեղծումը նորություն էր Հայաստանի Հանրապետության պետաիրավական համակարգում: Կոմիտեի ձևավորման և գործունեության ժամանակահատվածում պարզվեց, որ Օրենքում առկա են մի շարք բացթողումներ, հակասություններ, որոնք էապես ազդում են Կոմիտեի գործունեության արդյունավետության, տվյալ մարմնում ծագող վարչաիրավական և աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:
Նշված Օրենքի Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ պահին առկա ստորև նշված խնդիրների լուծմամբ:
- Կոմիտեի նախագահի տեղակալի այլ լիազորությունները սահմանելու անհրաժեշտությունը:
Գործող կարգավորման 13-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի նախագահի տեղակալի լիազորությունները՝ սակայն այն սահմանված է սպառիչ ցանկով: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրինակ՝ Կոմիտեի նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին» թիվ 779-Ա հրամանի համաձայն, յուրաքանչյուր տեղակալ իր համակարգման ոլորտին համապատասխան՝ հաստատում է վարչությունների կամ բաժինների ծառայողների միջև աշխատանքի բաժանումը՝ վարչության կամ բաժնի պետի կողմից հաստատված ցանկին համապատասխան: Ուստի, հաշվի առնելով Կոմիտեի նախագահի տեղակալի կողմից իրականացվող վերոնշյալ լիազորությունը, անհրաժեշտություն է առաջանում Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 1.1-րդ կետ՝ սահմանելով, որ Կոմիտեի նախագահի տեղակալը կատարում է աշխատանքի բաժանում իր համակարգման ներքո գտնվող քննչական ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև:
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկելու ընթացակարգի հստակեցում:
Օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը, որի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձն ի թիվս այլնի ներկայացնում է կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո իր մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները):
Նկատի ունենալով այն հանգամանքով, որ փաստացի լրացվում է ոչ թե անձնական քարտ, այլ անձնական թերթիկ, որի ձևանմուշն առկա է թե՛ գրախանութներում, թե՛ էլեկտրոնային տարբերակով համացանցում, ուստի անհրաժեշտություն է առաջանում հիշյալ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որպեսզի հակասություններ չառաջանան Օրենքում առկա ձևակերպման և Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձնի կողմից ներկայացրած «անձնական թերթիկ» ձևանմուշ ձևակերպման միջև:
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվից նշանակման ընթացակարգը սահմանող իրավական նորմերի հստակեցում:
Օրենքի 22.1-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվը, սակայն գործող օրենսդրությամբ առհասարակ կարգավորված չէ կադրերի ռեզերվում գտնվող ծառայողի պաշտոնի նշանակման ընթացակարգը, իսկ հավասարազոր կամ ավելի բարձր պաշտոնում նշանակելը պայմանավորված է այն հանգամանքով, որ կադրերի ռեզերվում ծառայողը գտնվում է ոչ իր մեղքով տեղի ունեցող կառուցվածքային կամ այլ փոփոխությունների հետևանքով, հետևաբար պայմանների վատթարացումը, այսինքն՝ ավելի ցածր պաշտոնի նշանակումը, արդարացված չէ: Սակայն, ծառայողի համաձայնությամբ նա կարող է նշանակվել նաև ցածր պաշտոնի:
Ուստի, անհրաժեշտություն է առաջանում կատարելու լրացում, ըստ որի Կոմիտեի նախագահը կադրերի ռեզերվում գտնվող Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարող է նշանակել հավասարազոր կամ ավելի բարձր պաշտոնում:
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցում:
Օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման ժամկետները, որի 7-րդ մասի համաձայն՝ ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է:
Նկատի ունենալով, որ առկա ձևակերպումը կրում է վերացական բնույթ, ուստի նման ձևակերպումից խուսափելու և իրավական որոշակիությունն ապահովելու հանգամանքով պայմանավորված առաջարկվում է «Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու» բառերը փոխարինել «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվելու» բառերով:
Բացի այդ, Օրենքի հիշյալ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
Ակամա ստացվում է, որ ծառայողի դասային աստիճանը կամ կոչումը, որը նա ստացել է այլ ծառայությունում, կարող է իջեցվել՝ ինչն անթույլատրելի է, քանի որ նման մոտեցումն իր մեջ պարունակում է պատժիչ տարրեր: Ավելին, նման պատժատեսակ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածով, որի համաձայն՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար անձին դատապարտելիս դատարանը, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, նրան կարող է զրկել հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից: Այսինքն նշված լրացուցիչ պատիժը կիրառելի է միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում: Այս իրավակարգավորմամբ ստացվում է, որ առանց դատական ակտի և առանց որևէ հիմնավորմամբ առհասարակ, անձը զրկվում էր դասային աստիճանից, ինչը հակասում է մարդու հիմնարար իրավունքներին:
Կամ այլ իրավիճակ. գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող անձն իր ցանկությամբ նշանակվում է Կոմիտեում այնպիսի պաշտոնի, որի համար առավելագույն դասային աստիճանը ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականն է, այսինքն կստացվի նրան աստիճանազրկելու ընթացակարգ, որը նույնպես կխախտի նշանակվող անձի իրավունքները:
- Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման տեսակների հստակեցում:
Կոմիտեի գործունեության ընթացքում քաղաքացիները, պետական այլ մարմինների ծառայողներն աջակցում են քննիչին վերջինիս լիազորությունների արդյունավետ իրականացմանը, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Կոմիտեի նախագահը՝ Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրի՝ շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ:
Առաջարկվում է հիշյալ հոդվածի 1-ին մասում «շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ» բառերը փոխարինել «սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 1-3-րդ և 7-րդ խրախուսման միջոցներով» բառերով:
Փոփոխությունը պայմանավորված է Օրենքում կիրառվող եզրույթների միասնականությունն ապահովելու պայմանով, քանի որ ինքնին կիրառվող խրախուսանքի միջոցները նույնն են: Բացի այդ Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել նաև մեդալով կամ կրծքանշանով, առավել ևս եթե այդ անձինք այլ գերատեսչությունների կամ կառույցների ղեկավարներ են:
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ պաշտոնի փոխադրելու հիմքերի նախատեսում:
Օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու իրավական հիմքերը: Սակայն, Օրենքը չի նախատեսում Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ պաշտոնի փոխադրելու ընթացակարգ: Ուստի, առաջարկվում է Օրենքում կատարել լրացում, ըստ որի Կոմիտեի նախագահը ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առանց Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ցանկության, կարող է նրան փոխադրել զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ առաջխաղացման կարգով՝ այլ պաշտոնի:
Նշված լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կոմիտեի նախագահը ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առանց Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ցանկության վերջինիս այլ պաշտոնի փոխադրելը նախատեսում է այն դեպքերի համար, երբ գործուղմամբ առկա ծանրաբեռնվածությունը, գործերի բաշխվածությունը կամ այլ հարցերը, կարգավորել հնարավոր չէ և այդ պայմաններում ծառայողական անհրաժեշտություն է առաջանում ծառայողին փոխադրել այլ պաշտոնի:
Այս հոդվածով կարգավորվելու են հավասարազոր կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի փոխադրելը:
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին գործուղելու հիմքերի հստակեցում:
Օրենքի 34-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գործուղման հետ կապված դրույթները, որտեղ առկա են ձևակերպումներ, որոնք հստակեցման կարիք ունեն: Ուստի, առաջարկվում է Օրենքի հիշյալ հոդվածի 1-ին մասում «գործուղվել» բառից հետո լրացնել «այլ քննչական մարմին» բառերը, իսկ «պատճառով» բառից հետո «կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով» բառերը: Իսկ 4-րդ մասում՝ «գործուղվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով այլ քննչական մարմին կամ մարզային ստորաբաժանման ներսում գործուղվելու դեպքերի» բառերը:
Հիշյալ լրացումները պայմանավորված են նրանով, որ Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք գործուղվում են Ազգային անվտանգության ծառայությունում կամ Հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ և բարդ գործերով կազմվող քննչական խմբերի կազմում քննություն իրականացնելու, ինչը երբեմն տևում է 1 տարուց ավել կամ կարող է անհրաժեշտություն առաջանա կասեցված գործով կամ մաս անջատված գործով իրականացնել նույնական քննություն, որի դեպքում տրամաբանական է և նպատակահարմար գործուղել նույն քննիչին, ով ոչ միայն ծանոթ է այդ գործին և առավել արդյունավետ կիրականացնի նախաքննությունը, այլ նաև կկարողանա պատճառահետևանքային որոշ վերլուծություններ իրականացնել հետագա ընթացքի առնչությամբ: Միևնույն մարզային ստորաբաժանման ներսում գործուղումների անհրաժեշտությունը պայմանավորված է նույն վարչության տարբեր բաժինների քննիչների ծանրաբեռնվածության անհավասարությամբ և քննության արդյունավետությունից ելնելով, որոշակի ժամանակահատվածով քննիչների գործուղմամբ այդ բաժնում քրեական գործ քննող քննիչների թվի ժամանակավոր ավելացմամբ:
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման ընթացակարգի հստակեցում:
Օրենքի 35-րդ հոդվածով կարգավորվում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորման կարգը, որի 6-րդ մասի 2-րդ կետը սահմանում է այն պաշտոնները, որոնցում նշանակված ծառայողներն Օրենքով սահմանված կարգով ատեստավորման ենթակա չեն:
Հարկ է նկատել, որ Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված են Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերի տեղակալների, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնները: Այստեղ հակասություն է առաջանում Օրենքի 35-րդ հոդվածի և 16-րդ հոդվածի դրույթների միջև, քանի որ Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերի տեղակալների և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնները համարժեք են Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթախմբում ընդգրկված մյուս պաշտոններին և հետևաբար Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերի տեղակալների և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններին համարժեք պաշտոններ զբաղեցնող անձինք ատեստավորման ենթակա չեն, ուստի առաջարկվում է հստակեցնել դրույթների միջև եղած հակասությունը և Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված ատեստավորման ոչ ենթակա անձանց մեջ ընդգրկել նաև հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին:
- Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կրթական ծրագրերին մասնակցության ապահովման վերաբերյալ դրույթների հստակեցում:
Օրենքի 36.1-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությունը կրթական ծրագրերի, որի 1-ին մասի երկրորդ և երրորդ նախադասությունները առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Աշխատանքային ժամերին Հայաստանի Հանրապետության տարածքում միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև հինգ օր տևողությամբ բացակայելու վերաբերյալ գործուղման հրամանը կայացնում է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: 5 օրից ավել ժամկետով կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրականացվող միջոցառումների դեպքում գործուղման հրամանը կայացնում է քննչական կոմիտեի նախագահը:»
Նշված լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համապատասխան թույլտվությունը ձևակերպվում է գործուղման հրամանի տեսքով, ինչով և պայմանավորված է հրամանի ձևաչափի ամրագրումը: Բացի այդ, գործուղման հրաման տրամադրելիս տարանջատված մոտեցում է դրսևորվում ոչ միայն ըստ ժամկետի (որն ընդ որում երկարացվում է 2-ից 5 օր տևողությամբ), այլ նաև ըստ տարածքի: Այսինքն, եթե կրթական վերապատրաստման այլ ծրագրեր, համաժողովներ կամ իրավաբանների մասնագիտական այլ հավաքներ տեղի ունենան Հայաստանի Հանրապետությունում և տևեն 5 օրից ոչ ավել (ինչը գործնականում առավել հաճախ է հանդիպում ԱՄՆ դեսպանատան, ԵԽ, ԵՄ, այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառոմների դեպքում), ապա գործուղման հրամանը տալու է Կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Եթե այդ միջոցառումները տևելու են 5 օրից ավել կամ լինելու են Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նման լիազորությամբ օժտված կլինի միայն Կոմիտեի նախագահը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծի ընդունմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի օրենսդրական հիմքերի հստակեցում: Մասնավորապես. կարևոր է ունենալ քննչական կոմիտեի վերաբերյալ կենսունակ իրավական ակտ, որը կարտահայտի Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բոլոր առանձնահատկությունները և կնպաստի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին վերաբերող օրենսդրության կատարելագործմանը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բնականոն գործունեության համար:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՏԵՂԵԿԱՆՔ
«« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
-
Քննարկվել է
23.11.2018 - 08.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
ՀՀ քննչական կոմիտե
Դիտումներ` 9397
Տպել