Հիշել նախագիծը

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված մարզերում տնտեսական ակտիվությունը խթանելու և զբաղվածությունը ընդլայնելու անհրաժեշտությամբ:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայումս գոյություն ունեն տնտեսվարողներին պետական աջակցության տրամադրման մի շարք մեխանիզմներ, որոնք գործում են պետական աջակցությունը վերադարձնելու կամ փոխհատուցման սկզբունքով: Սույն Նախագիծը էապես տարբերվում է արդեն իսկ գոյություն ունեցող մեխանիզմներից: Նախագծի ընդունումը նպատակ ունի պետական աջակցություն տրամադրել մարզերում  ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ շեշտը դնելով վերջիններիս և հաջողությունը, և անհաջողությունը կիսելու սկզբունքի վրա:  Այլ կերպ ասած, Նախագծի նպատակը տնտեսվարողին լրացուցիչ օգնության տրամադրումն է և ներդրումների խրախուսումը, և ոչ լրացուցիչ բեռի սահմանումը: Հետ վերդարձման պայմանները նախատեսված են միայն շահութաբերության որոշակի մակարդակ ապահովելու դեպքում, նպատակ ունենալով վերադարձված միջոցներով ապահովելու ծրագրի շարունակականությունը, իսկ տնտեսվարողի գործունեության դադարեցման և սնանկացման դեպքերում տրամադրված ֆինանսական միջոցների հետ վերդարձման կարգ սահմանելու դեպքում Նախագծով նախատեսվող օգնությունը կվերածվի 0% բանկային վարկի/ փոխառության:

Նախագծով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել նոր ստեղծվող կամ գործող արտադրության ընդլայնման նպատակով, ընդ որում պետական աջակցությունը կարող է լինել դրամային ֆինանսավորման և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման միջոցով:

Նախատեսվում է, որ ֆինանսական աջակցությունը կտրամադրվի բացառապես Ծրագրի իրականացման համար ձեռքբերվող (ներմուծվող) սարքավորումների արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 250.0 մլն (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամ: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Ծրագրի գործարկումից հետո՝ Ծրագիրն իրականացնողի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, հաշվետվությունը ներկայացնելուց հետո 1 ամսյա ժամկետում: Նախագծով սահմանվում են  Ֆինանսական աջակցության վերադարձման պայմաններ, ընդ որում սահմանվում է, որ վերջինս ենթակա չէ վերադարձման կազմակերպությունների լուծարման, գործունեության դադարեցման և սնանկացման դեպքերում:

Նախագծով նախատեսվող անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (տարածքներ, շենք շինություններ) կարող է օգտագործվել բացառապես Ծրագրի իրականացման նպատակով և չպետք է գերազանցի Ծրագրի արժեքի 30 տոկոսը: Անշարժ գույքը ենթակա է վերադարձման միայն Ծրագրի ավարտից հետո (կամ կազմակերպությունների լուծարման, գործունեության դադարեցման և սնանկացման դեպքերում):

Նախագծով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է բացառապես մշակող արդյունաբերության ոլորտում իրականացվող Ծրագրերի համար, բացառությամբ էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտների: Մշակող արդյունաբերության ոլորտն ընդգրկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ․N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի ցանկում ներառված ոլորտները:

Նախագծով պետական աջակցություն ստանալու համար անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում դիմում և սույն կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

Դիմումը ՀՀ վարչապետի աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ծրագիրը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ներկայացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն ու տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին (այսուհետ` ոլորտի լիազոր պետական մարմին)` կարծիքի և գնահատման: Նշված մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ Նախագծով սահմանված չափորոշիչների գնահատականները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով ստացված կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները, մշակում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում ՀՀ վարչապետի աշխատակազմ: Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը, որը համարվում է դրական 26 և ավելի միավոր ստանալու դեպքում։

ՀՀ վարչապետի աշխատակազմը համապատասխան որոշման նախագիծն ստանալուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է ՀՀ կառավարության նիստի քննարկմանը, իսկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՀՀ կառավարության որոշումն ստանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է անձին:

Պետական աջակցության տրամադրման վերաբերյալ ՀՀ կառավարության դրական որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը անձի հետ կնքում է պայմանագիր:

Պայմանագրով նախատեսվում են մոնիթորինգի իրականացման կարգն ու պայմանները, նախատեսվում են նաև Պայմանագրի դադարեցման հիմքերը: Անհրաժեշտ է նշել, որ մոնիթորինգի նպատակը շեղումներ բացահայտելն ու պայմանագիրը դադարեցնելը չէ, հետևաբար վերջինիս ընթացքում հայտնաբերված որոշակի թերություններ, որոնք ներառված չեն Պայմանագրի դադարեցման պայմաններում, չեն կարող հիմք հանդիսանալ Պայմանագրի դադարեցման համար (Օրինակ Նախագծով նախատեսվող կարգի 8-րդ կետում նշված ցուցանիշների շեղումները):

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձիք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխա­տակազմի կողմից և մշակման գործընթացում այլ ինստիտուտներ ու անձիք չեն ներգրավվել:

 

Ակնկալվող արդյունքը

Խթանել մարզերում տնտեսական ակտիվությունը, ընդլայնել զբաղվածությունը, օժանդակել նոր արտադարության (արտադրությունների) հիմնումը, առկա արտադրության ընդլայնմանը, աշխատատեղերի ստեղծմանը:

 

  • Քննարկվել է

    06.11.2018 - 21.11.2018

  • Տեսակ

    Պայմանագիր

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9348

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

17.11.2018

միաժամանակ կարծում եմ, որ նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել կառավարության 05.10.2017թ. <45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ> N 42 որոշմանը:

Նենսի Գևորգիան

17.11.2018

առաջարկում եմ խուսափել կառավարությանն անհարկի ծանրաբեռնելուց և գործուն մեխանիզմների առկայության պարագայում աջակցությունը տրամադրել նախարարի հրամանի միջոցով, որը կարող է հիմնվել նույն մարմինների գնահատականների վրա:

Նենսի Գևորգիան

17.11.2018

կարգի դրույթներն ըստ էության արտատպված են ԱԱՀ-ի երկարաձգման արտոնության տրամադրման կարգից, որը կարծում եմ բազմիցս ապացուցել է դրա ոչ արդարացվածությունը: ասվածի վկայությունն է այն, որ արտոնությունը տրամադրվում է գրեթե բոլոր դիմող տնտեսվարոներին, և առկա չէ թեկուզ մեկ դեպք, երբ նախարարության մոնիթորինգի արդյունքում արտոնությունը վերացվի:

Տեսնել ավելին