Նախագծով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել նոր ստեղծվող կամ գործող արտադրության ընդլայնման նպատակով, ընդ որում պետական աջակցությունը կարող է լինել դրամային ֆինանսավորման և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման միջոցով:
Նախատեսվում է, որ ֆինանսական աջակցությունը կտրամադրվի բացառապես Ծրագրի իրականացման համար ձեռքբերվող (ներմուծվող) սարքավորումների արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 250.0 մլն (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամ: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Ծրագրի գործարկումից հետո՝ Ծրագիրն իրականացնողի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, հաշվետվությունը ներկայացնելուց հետո 1 ամսյա ժամկետում: Նախագծով սահմանվում են Ֆինանսական աջակցության վերադարձման պայմաններ, ընդ որում սահմանվում է, որ վերջինս ենթակա չէ վերադարձման կազմակերպությունների լուծարման, գործունեության դադարեցման և սնանկացման դեպքերում: