Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2018 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, որոշման տեքստում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում և տեքստում «կառավարչական հիմնարկներ» բառերը փոխարինել «մարմիններ» բառով, իսկ «հիմնարկ» բառը «մարմին» բառով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման տեքստում և որոշման 1-ին կետով հաստատված տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով, «վարչություն» բառը՝ «Կոմիտե» բառով, իսկ «վարչության պետ» բառերը «Կոմիտեի նախագահ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման 3-րդ  կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սահմանել, որ պետական մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի (այսուհետ` գույք) օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է կարծիք` Պետական գույքի կառավարման կոմիտեի գույքի օտարման պայմանների և ձևի հիմնավորվածության մասին եզրակացությունը ստանալուց հետո: Ընդ որում Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ գույքի օտարման պայմանները և ձևը որոշում է ելնելով հետևյալ սկզբունքներից, եթե գույքի օտարման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ.

 1) պետական անշարժ գույքը ներկայացվում է օտարման՝ եթե

 ա. այն հիմնավորված է, ապահովում է որոշակի խնդրի արդյունավետ լուծում, չի խաթարում պետական մարմինների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը, կամ

բ. պետական գույքն օտարվում է ներդրումային ծրագրերի իրականացման և պետական ու համայնքային բյուջեների ավելացման նպատակով, կամ

գ. պետական գույքի օտարումը նախատեսված է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով,

2) պետական շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների) ներկայացվում է օտարման՝ եթե պետական մարմնի կամ կազմակերպության առաջարկությամբ օպտիմալացման արդյունքում առանձնացված գույքն ունի 70 տոկոսից ավելի մաշվածք, իսկ տրանսպորտային միջոցների համար` 50 տոկոսից ավելի մաշվածք (բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը հանձնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին` օտարման նպատակով:»,

4) որոշման 1-ին կետով հաստատված կարգի.

ա.  1-ին կետի 2-րդ պարբերությունից հանել «պետական մարմիններում» բառերը.

բ.  2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. Գույքի օտարումն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա, ընդ որում.

1) պետական անշարժ գույքն օտարվում է ուղղակի ձևով.

ա. գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին՝ առնվազն մեկ անգամ դասական աճուրդով կամ մրցույթով օտարման ներկայացնելուց և չօտարվելուց հետո, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

 բ. տվյալ գույքի վարձակալին, ընդ որում վարձակալներն ունեն գնման նախապատվության իրավունք,

2)  հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս՝

ա. ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ.

բ. ընտրվում է աճուրդով վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն,

3) շարժական գույքն ուղղակի եղանակով ներկայացվում է օտարման` առնվազն մեկ անգամ աճուրդով օտարման ներկայացնելուց և չօտարվելուց հետո, եթե գույքի օտարման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։»։

գ.  VI գլուխը  շարադրել նոր խմբագրությամբ՝

«VI. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ 

  1. Գույքի օտարման մասին իրավական ակտով նախատեսված լինելու դեպքում գույքի օտարումն իրականացվում է էլեկտրոնային աճուրդի եղանակով՝ էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով։
  2. Էլեկտրոնային աճուրդի համակարգը իր մեջ ընդգրկում է «Ինտերնետ»-ի տիրույթում http://www.e-auctions.am դոմենի անունով կայք, էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որոնք հեռարձակման, հեռահաղորդագրման և էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխադարձ տրամադրման ու էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ընթացքում ավտոմատ եղանակով ընտրում է աճուրդի հաղթողին:
  3. էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա է ցանկացած պետական գույք, այդ թվում անշարժ և շարժական, ինչպես նաև գույքային իրավունքներ (տարածքների վարձակալության տրամադրումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
  4. Էլեկտրոնային աճուրդը կազմակերպում և անցկացնում է էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը:
  5. էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում Կոմիտեի «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
  6. էլեկտրոնային աճուրդի կազմակերպչի ղեկավարը համակարգում հրամանի համաձայն գրանցում է օգտվողներին, ինչպես նաև համապատասխան հրամանով սահմանում է համակարգից օգտվողների գործառույթները։
  7. Համակարգից օգտվողներն են՝

1) համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլատվություն ունեցող անձինք,

2) աճուրդային հանձնաժողովը, որը հսկում է էլեկտրոնային աճուրդի անցկացման ամբողջ ընթացքը և համակարգի միջոցով հաղթողին ընտրելու հիման վրա, աճուրդի կայացման օրն, որոշում է ընդունում հաղթող մասնակցի վերաբերյալ, կազմում է այդ մասին արձանագրություն և ներկայացնում աճուրդի հաղթող մասնակցի ստորագրությանը, իսկ վճարումներն ամբողջությամբ կատարելուց հետո՝ կազմակերպչի ղեկավարի հաստատմանը: Աճուրդային հանձնաժողովը բաղկացած է առնվազն 5 անդամից, որի անդամ չի կարող համարվել աճուրդի համակարգողը,

3) աճուրդի համակարգողը, որը իրականացնում է համակարգում մասնակիցների գրանցումը և գրանցման հաստատումը, ապահովում է նաև համակարգի միջոցով մասնակիցներին տեղեկությունների սահմանված կարգի համաձայն տրամադրումը և ընդունումը:

  1. Աճուրդային հանձնաժողովը որոշում է կայացնում անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
  2. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է աճուրդի կազմակերպչի էլեկտրոնային կայքում www.e-auctions.am (այսուհետ՝ կայք)՝ 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն)։
  3. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի իրականացման սկիզբը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,

2) աճուրդի կազմակերպիչի անունը (անվանումը),

3) աճուրդի կազմակերպչի գտնվելու վայրը (հասցեն), էլեկտրոնային կայքի հասցեն,

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը,

5) աճուրդի պայմանները, այդ թվում՝ գույքի անվանումը, գույքի նկատմամբ սահմանափակումները, եթե գույքը առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), շահագործման պատմությունը և (կամ) արտադրման տարեթիվը, լուսանկարները, (անհրաժեշտության դեպքում՝ տեսաձայնագրությունները), գույքի մեկնարկային գինը, գույքը վարձակալության տալու դեպքում՝ այդ իրավունքների գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները,

6) աճուրդին գրանցվելու և մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը,

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը, 

8) էլեկտրոնային աճուրդի մասնակիցների գրանցման վերջնաժամկետը,

9) մասնակիցների կողմից գնային հայտերի ներկայացման սկիզբը, տարին, ամիսը, օրը և ժամը,

10) էլեկտրոնային աճուրդի տևողությունը՝ ժամ, րոպե, որի ընթացքում որոշվում է ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը:

11) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, նվազագույն գնային հավելումի չափը, ինչպես նաև գնման գնի վճարման կարգը և ժամկետները,

12) էլեկտրոնային աճուրդին մասնակցության վճարի մեծությունը, վճարման կարգը և ժամկետները,

13) գույքն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը,

14) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու կարգը,

15) գնորդի պարտավորությունները, մասնավորապես՝ հողի կադաստրային արժեքը վճարելու դեպքում՝ հողի կադաստրային արժեքը, վճարման կարգը և ժամկետները:

  1. Էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է համապատասխան իրավական ակտով, հաշվի առնելով անկախ գնահատողի տվյալ գույքի գնահատված շուկայական արժեքի մեծությունը, և որից սկսվում է յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը։
  2. Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ:
  3. Աճուրդին համակարգում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու դեպքում՝ ներկայացնում է անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝ անձնագիր (երկու դեպքերում էլ սկանավորված և ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ PDF ֆայլ), իրավաբանական անձի դեպքում նաև հիմնադիր փաստաթղթերը, իսկ լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր:
  4. Մասնակցի գրանցումից հետո, համակարգողը, ստուգում է մասնակցի կողմից գրանցման ընթացքում մուտքագրած տվյալներն ու ուղարկված ֆայլերը։ Ստուգման արդյունքում, եթե ամեն ինչ համապատասխանում է գրանցման կարգին, ապա համակարգողը հաստատում է տվյալ օգտվողի գրանցումը, եթե չի համապատասխանում, ապա մերժում է գրանցումը նշելով պատճառը, ինչի մասին մասնակիցն ավտոմատ ստանում է ծանուցում։
  5. Աճուրդին մասնակցելու համար համակարգում գրանցված անձը յուրաքանչյուր լոտի աճուրդին մասնակցելու համար լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով վճարում է աճուրդի նախավճարը և մասնակցության վճարը։
  6. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
  7. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը սկսվում է հրապարակային ծանուցման հրավերով սահմանված ժամին:
  8. Էլեկտրոնային աճուրդը չի կարող կազմակերպվել ժամը 15:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին: Եթե էլեկտրոնային աճուրդն սկսելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա էլեկտրոնային աճուրդը վերահայտարարված է համարվում տվյալ ոչ աշխատանքային օրվան հաջոդող աշխատանքային օրվա նույն ժամին:
  9. Աճուրդի ընդհանուր տևողությունը սահմանվում է 5 րոպե: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Եթե աճուրդի ընդհանուր տևողության ընթացքում որևէ քայլ կատարելու պահից հաշված 5-րդ րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, և վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցն ավտոմատ կարգով համակարգի միջոցով ընտրվում է հաղթող:
  10. Աճուրդի համակարգողն աճուրդային հանձնաժողովի կողմից հաղթող մասնակցի մասին որոշում կայացնելուց հետո, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը աճուրդի կայացման օրն համակարգի միջոցով ուղարկում է հաղթող մասնակցին, այն ստորագրելու և գնման գնի վճարման մասին համաձայնություն ստանալու համար։
  11. Աճուրդի հաղթող մասնակիցը գնման գնի վճարման պարտավորությունը սահմանված ժամկետում կատարելու մասին համաձայնությունը և ստորագրված աճուրդային արձանագրությունը, աճուրդի կայացման օրը մինչև աշխատանքային օրվա ավարտը, համակարգի միջոցով փոխանցում է կազմակերպչին:
  12. Կազմակերպիչը սույն կարգի 40-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև սահմանված ժամկետում գնման գնի վճարման մասին հավաստումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաղթող մասնակցին համակարգի միջոցով տրամադրում է ընդունման-հանձնման ակտը, անշարժ գույքի դեպքում՝ նաև առքուվաճառքի պայմանագիրը, հաղթող մասնակցի կողմից ստորագրությունը գույքի ընդունման-հանձնման ակտի, ինչպես նաև գույքի առքուվաճառքի պայմանագրի վրա դնելու համար:
  13. Էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման, մասնակիցների գրանցման, աճուրդի անցկացման և գույքի ընդունման-հանձնման գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով։
  14. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը վերադարձվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  15. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե.

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ,

2) աճուրդում հաղթած մասնակիցը չի ստորագրել աճուրդային արձանագրությունը կամ չի վճարել գնման գինը,

3) աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

  1. էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում աճուրդի կազմակերպչի կողմից էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կազմվելուց հետո, այդ մասին տեղեկատվությունը տեղադրվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում:
  2. Էլեկտրոնային աճուրդի համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում, աճուրդների անցկացումը կարող է կասեցվել, մինչև որ կվերացվեն տեխնիկական անսարքությունները, որոնց մասին աճուրդի կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին։ Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում կազմվում է տեղեկանք անսարքության պատճառների մասին և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում։
  3. Տեխնիկական անսարքությունները վերացնելուց հետո աճուրդը շարունակվում է նույն պայմաններով։
  4. Աճուրդի համակարգողն աճուրդի անցկացման ընթացակարգը, համակարգի տեխնիկական անսարքության դեպքում՝ այդ մասին տեղեկանքը, աճուրդով վաճառքի ենթակա լոտերի գնահատման հաշվետվությունները և աճուրդի արդյունքների մասին տեղեկատվությունը ներառում է էլեկտրոնային մատյանում:
  5. Էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով կազմակերպվում է նոր էլեկտրոնային աճուրդ:
  6. Էլեկտրոնային աճուրդը չկայանալու դեպքում կազմակերպիչը օտարման մասին իրավական ակտով սահմանված մեկնարկային գնի նվազման չափով և ժամկետներում կազմակերպում է նոր աճուրդներ։
  7. Եթե լոտ(եր)ի աճուրդը համարվում է չկայացած հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարելու պատճառով, ապա այդ դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով, հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազման։»։
  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝ էլեկտրոնային հրապարակային ծանուցման, մասնակիցների գրանցման, աճուրդի անցկացման և գույքի ընդունման-հանձնման կարգը։
  2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  • Քննարկվել է

    20.08.2018 - 07.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8500

Տպել