-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման որոշակի գործառույթներ պատվիրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտի կարգավորումն իրականացվում է պետության կողմից` պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարության) միջոցով, ինչը նշանակում է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում պետությունն է մշակում կարգավորման քաղաքականությունը, ինչպես նաև այդ քաղաքականության իրականացման մեխանիզմները:
Նախագծերով նախատեսվում է նաև ճշգրտել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը, ներկայումս գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն: Ներկայումս տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի ենթակա է շուրջ 1174 կազմակերպություն, որոնց գերակշիռ մասը (շուրջ 54%-ը) որևէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններն են: Բարեփոխումների նպատակն է նաև հստակեցնել նշված կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպությունների նկատմամբ:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում կներդրվի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հետևյալ հիմնական արդյունքերի ստացումը.
1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես՝ մասնագետների որակավորման և շարունակական զարգացման, ՖՀՄՍ-ների և Աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով.
2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար.
3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը՝ փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,
4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):
4.Կարգավորման առարկան.
Նախագծերի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:
-
Քննարկվել է
17.08.2018 - 01.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7790
Տպել