««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ խաղային օպերատորի նշանակալից մասնակցություն ունեցող հիմնադիրները, բաժնետերերը, փայատերերը կամ մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն ֆինանսական հաստատությունների կողմից իրականացված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության (այսուհետ՝ ՀՊՈՒ) արդյունքներին վերահսկող մարմնի ծանոթանալու մասով՝ անհրաժեշտության դեպքում անձամբ ներկայացնելով նման ուսումնասիրությունների արդյունքները:
Ձևակերպմամբ, մասնավորապես համաձայնության ստացմամբ կամ տեղեկությունները անձամբ ներկայացնելու ընթացակարգի սահմանմամբ, փորձ է արվել հաղթահարել ֆինանսական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձեռքբերման հետ կապված խոչընդոտները: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ ֆինանսական հաստատության իրականացրած ՀՊՈՒ-ի արդյունքները, բացի օրենսդրությամբ սահմանված ֆինանսական գաղտնիք կազմելը, պարունակում են սահմանափակ տարածման այլ տեղեկություններ, որոնց վերաբերյալ կարգավորումները նախատեսված են Օրենքով:
Այսպես, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն ՀՊՈՒ-ն հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի վերաբերյալ պատշաճ պատկերացում կազմելու նպատակով նրա ինքնության և գործարար բնութագրի վերաբերյալ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր) ձեռք բերելու ու վերլուծության գործընթաց է, որը ներառում է հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) նույնականացումը և ինքնության ստուգումը, գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի պարզումը, գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը: Միաժամանակ, Օրենքը կարգավորում է այնպիսի հարակից հարաբերություններ, որոնք անքակտելիորեն կապված են ՀՊՈՒ-ի հետ և չեն կարող Նախագծով ձևակերպված համաձայնության կամ անձամբ տրամադրման դեպքում առանձնացվել ՀՊՈՒ-ից և ներկայացվել որևէ երրորդ անձի: Օրինակ, Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) կասկածելիության չափանիշներին համընկնում հայտնաբերելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դիտարկի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հարցը: Այս գործընթացը ուղեկցվում է համապարփակ վերլուծության իրականացմամբ, որը գործնականում կազմում է ՀՊՈՒ-ի գործընթացի մաս և հաճախ ձևակերպվում է նույնական վերլուծության շրջանակներում: Միաժամանակ, Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն թույլատրվում է ՀՊՈՒ-ի (բացառությամբ նույնականացման և ինքնության ստուգման) չիրականացում, եթե առկա են կասկածներ ՓԼ/ԱՖ վերաբերյալ, և հաշվետվություն տրամադրող անձը ողջամտորեն կարծում է, որ ՀՊՈՒ-ի իրականացնելը կհանգեցնի հաճախորդին իր կասկածների բացահայտմանը։
Այսպիսով, ՀՊՈՒ-ի իրականացումը, իսկ երբեմն նաև դրա չիրականացումը կապվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականության հետ:
Այս առնչությամբ հարկ է նշել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին (ղեկավարներին) արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի մասին: Նման արգելքի պարագայում ՀՊՈՒ-ի արդյունքում ստացված տվյալների տրամադրմամբ հայտնի են դառնում այնպիսի տեղեկություններ, որոնց բացահայտումը արգելված է Օրենքով:
Բացի վերը նշվածը, կարծում ենք նման կարգավորման նախատեսումը նպատակահարմար չէ նաև այն պատճառով, որ փաստորեն հանձնաժողովի՝ սեփական վերլուծությունն իրականացնելու փոխարեն սահմանվում է դրա պատվիրակում մասնավոր հատվածին՝ ֆինանսական հաստատություններին՝ իրենց իրականացրած ՀՊՈՒ-ի տեսանկյունից, ինչը կարծում ենք ընդունելի մոտեցում չէ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծում առաջարկվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքից հանել հսկողության ենթակա անձանց համաձայնության հիման վրա ֆինանսական հաստատությունների կողմից ՀՊՈՒ-ի արդյունքների տրամադրման վերաբերյալ դրույթը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել ֆինանսական հաստատությունների կողմից ՀՊՈՒ-ի արդյունքների տրամադրումը:
6. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է, և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:
-
Տևողություն
06.04.2026 27.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 504
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: