Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը բնակարանային հասանելիության ապահովումն է բազմազավակ ընտանիքներին։

Ներկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխա ունեցող ընտանիքների համար իրականացվում է ընդամենը մեկ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր՝ 2020 թվականի մայիսի 14-ին ՀՀ կառավարության N 968-Լ որոշմամբ հաստատված՝ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2026 թվականների ծրագիրը»։ Սակայն ծրագրի շրջանակում պետական աջակցությունը միանվագ է, որի չափը կազմում է 500 հազ. դրամից մինչև 3 մլն դրամ, իսկ հիփոթեքային վարկի մարումներն իրականացվում են շահառուների կողմից։

Բազմազավակ ընտանիքներն առավել հաճախ են ենթարկվում ֆինանսական ճնշման։ Բնակարանի հասանելիությունն ու սեփական տուն ունենալը համարվում է ընտանիքի կայունության կարևոր հիմք այն բարելավում է կյանքի որակը, նվազեցնում սոցիալական լարվածությունը և ամրապնդում ընտանիքի կապը համայնքի հետ։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր, որը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին պետության աջակցությամբ՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ ձեռք բերել բնակարան կամ կառուցել իրենց սեփական տունը։

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների թիվն ըստ համայնքներից հավաքագրված նախնական տեղեկատվության կազմում է 643, որից՝ 390-ը ունեն 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա և 1 ընտանիք ունի 12 երեխա (ընտանիքների բաշխվածությունն ըստ մարզերի ներկայացված է սույն հիմնավորման N 1 հավելվածում)։

 

 

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծով առաջարկվում է իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր, ինչը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100 տոկոս սուբսիդավորմամբ։ Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։ Առաջարկվում է ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝

1)  անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ համապատասխան հողամասի ձեռքբերում, կամ

2)  գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։

Հաշվի առնելով նախագծով առաջարկվող ընտանիքների սեռատարիքային կազմն ու առանձնահատկությունները, առաջարկվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն բնակմակերես սահմանել 10 քմ, միաժամանակ հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի շուկայի մշտադիտարկման և գործարքների տվյալների հիման վրա ձևավորված տվյալները, 2025 թվականին մարզերում անշարժ գույքի միջին շուկայական գները տատանվում են 1 քմ արժեքը 150,000-450,000 դրամի միջակայքում։ Ըստ այդմ, միջինում 300,000 դրամ արժեքի դեպքում 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի համար նվազագույն բնակմակերեսը պետք է լինի 80 քմ (ներառյալ ծնողները), ուստի այդ ընտանիքին պետք է հատկացվի 24 մլն դրամ, ինչը 6 երեխաների դեպքում կազմում է յուրաքանչյուրի հաշվով 4 մլն դրամ։

 

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

 

4.    Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ առաջիկա 10 տարիների համար պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ (եթե N 1 հավելվածում ներառված բոլոր ընտանիքները դիմեն ծրագրին և նրանց 50 տոկոսը նախապատվությունը տա գյուղական բնակավայրերին), այդ թվում՝

·          16,770,582,270 դրամը 6 երեխա ունեցող 390 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (30 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 

·          7,174,082,487 դրամը 7 երեխա ունեցող 143 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (35 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 

·          4,357,484,624 դրամը 8 երեխա ունեցող 76 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (40 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 

·          1,677,058,240 դրամը 9 երեխա ունեցող 26 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (45 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 

·          358,345,775 դրամը 10 երեխա ունեցող 5 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (50 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 

·          157,672,142 դրամը 11 երեխա ունեցող 2 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (55 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 

·          86,002,986 դրամը 12 երեխա ունեցող 1 ընտանիքի հիփոթեքային վարկի մարման համար (60 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ)։

 

 

  • Քննարկվել է

    02.04.2026 - 17.04.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3857

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

12.04.2026

Բարև ձեզ, ես Գոհար Հակոբյանն եմ։ Տավուշի մարզից եմ, սակայն ներկայումս աշխատանքի բերումով բնակվում եմ Երևանում՝ վարձով։ Ունեմ 6 անչափահաս երեխա։ Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյոք մենք կարող ենք օգտվել պետության կողմից տրամադրվող բնակարանային կամ սոցիալական աջակցության ծրագրերից՝ բնակարան ձեռք բերելու նպատակով։ Տեղեկացնում եմ նաև, որ ամուսինս ունի հարկադիր կատարողական վարույթ։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

11.04.2026

Ես Մելինե Աբելյանս ունեմ 7 անչափահաս երեխա

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

10.04.2026

Հարգելի պարոն Թորոսյան, Ձեզ եմ դիմում մեծ հարգանքով և անկեղծ հավատով, որ իմ խոսքը կհասնի Ձեզ։ Սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բազմազավակ ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագրի համար։ Այդ նախաձեռնությունը շատ ընտանիքների համար հույսի և վստահության աղբյուր է դարձել։ Թույլ տվեք նաև կիսվել իմ պատմությամբ։ Ես ունեմ 4 անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ հաշմանդամություն ունեցող։ Մայր լինելը մեծ երջանկություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն, իսկ նման պայմաններում այն կրկնակի ծանր ու միաժամանակ ավելի զգայուն է դառնում։ Ամեն օր պայքարում ենք՝ մեր երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար։ Հենց այս պատճառով մեծ հույսով դիմում եմ Ձեզ՝ խնդրելով վերանայել կամ լրացնել ծրագիրը, որպեսզի այն ընդգրկի նաև այն ընտանիքները, որոնք ունեն 4 և ավելի երեխա, եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող երեխա։ Կարծում եմ՝ նման ընտանիքները ևս շատ մեծ աջակցության կարիք ունեն և արժանի են պետական հոգածության։ Իմ այս խնդրանքը գալիս է ոչ միայն որպես քաղաքացի, այլ որպես մայր, ով ցանկանում է իր երեխաների համար ավելի ապահով և կայուն ապագա։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ուշադրության, մարդկային վերաբերմունքի և կատարած աշխատանքի համար։ Խորին հարգանքով և հավատով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: